ԱՐՄԷՆ ԱՇՈՏԵԱՆԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

  «Խորհրդային Հայաստանի դպրոցի յաջողութիւնները պայմանաւորուած էին Մանկավարժական Համալսարանի պատրաստած ուսուցիչներով: 90-ամեայ պատմութեան ողջ ընթացքում բուհը կրել է Հայաստանում կրթութեան ապահովման, մասսայականացման, կազմակերպման բարդ խնդիրը՝ նպաստելով այլ մարզերում եւս մանկավարժական բուհերի ստեղծմանը»,- Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդում կայացած նիստում յայտարարել է Հայաստանի Կրթութեան եւ Գիտութեան Նախարար Արմէն Աշոտեանը:
  Նա շնորհաւորել է պրօֆեսորադասախօսական կազմին, շրջանաւարտներին եւ ուսանողներին բուհի յոբելեանի առթիւ՝ նշելով, որ մեծ պատիւ է լինել հանրակրթական ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնող Մանկավարժական Համալսարանի մի մասնիկը. «Բուհն այսօր ոչ միայն բարձրագոյն ուսումնական հաստատութիւն է, երկրի խոշորագոյն կրթական կենտրոններից մէկը, այլեւ մի օջախ, որի հետ շաղկապուած են հանրակրթական ոլորտի բարեփոխումներն ու յաջողութիւնները»:
Արմէն Աշոտեանը կարեւորեց նաեւ Համալսարանի որդեգրած նոր ռազմավարութիւնը. «Ներկայում բուհն ապրում է ամենակարեւոր եւ դժուարին ժամանակներից մէկը՝ ընկղմուելով այն ռեֆորմների յորձանուտում, որում ներգրաւուած են կրթութեան բոլոր ոլորտները: Բուհը՝ յանձինս ռեկտոր Ռուբէն Միրզախանեանի, Կառավարման խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսեանի, կոլեկտիւի ջանքերով եւ ուսանողների ներգրաւմամբ ունի յաւակնոտ նպատակներ, իսկ արժանահաւատ արդիւնքների հասնելու համար ունեն սթափ պատկերացումներ»:
  Նախարարը վստահեցրեց՝ բուհն իր գործունէութեան շնորհիւ նախարարութեան կողմից մշտապէս արժանանում է յատուկ ուշադրութեան. կոլեկտիւի լաւ աշխատանքի շնորհիւ այստեղ իրականանում են պետութեան կողմից դրուող գերակայութիւններն ու կեանքի կոչւում առաջնահերթ բարեփոխումները:
  Միջազգային համագործակցութեան լայն դաշտ, ոչ միայն կրթական, այլեւ գիտահետազօտական առաջատար հաստատութիւն, առաջադէմ, ժամանակակից գիտելիքներով զինուած շրջանաւարտներ»,- այսպէս բնորոշեց Նախարար Արմէն Աշոտեանը՝ յետադարձ հայեացք նետելով 90-ամեայ պատմութիւն ունեցող Մանկավարժականի գործունէութեան վրայ:
Հանդիպման աւարտին Նախարարը երկարամեայ անբասիր գործունէութեան համար բուհի մի շարք դասախօսների յանձնեց պատուոգրեր:
  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, փիլիսոփայական գիտութիւնների դոկտոր, Պրօֆեսոր, Մետափիլիսոփայութեան, փոխակերպման տրամաբանութեան եւ փաստարկման տեսութեան միջազգային գիտահետազօտական ինստիտուտի նախագահ Գէորգ Բրուտեանը Նախարարին պարգեւատրեց «Դաւիթ Անյաղթ» մեդալով:

16 Նոյեմբեր, 2012