Սեւդա Սեւանը` Կենտրոնում, 2003

ՍԵՒԴԱ ՍԵՒԱՆԸ
« ՍՓԻՒՌՔ» ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

  2003 թ. «Զանակ-97» հրատարակչութիւնը լոյս ընծայեց Սեւդա Սեւանի «Ռոդոսթօ, Ռօդոսթօ...» ամբողջացած եռերգութիւնը` Մարգարիտ Թէրզեանի հրաշալի թարգմանութեամբ: 80-ական թթ., դեռ խորհրդային շրջանում, վէպի առաջին եւ երկրորդ հատուածները մեծ աշխուժութիւն էին առաջացրել բուլղար եւ հայ գրական-ընկերային շերտերում` առաջին հերթին ազատագրական պայքարի շեշտադրութիւններով:
  Նոր գրքի լոյսընծայման առընչութեամբ Ս. Սեւանին հիւրընկալեց նաեւ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը: Խ. Աբովեանի ան. Մանկավարժական Համալսարանի աւարտական բաժնի ուսանողներ Լուսինէ Վարդումեանը, Լուսինէ Տօնոյեանը, Արմինէ Գասպարեանը եւ Լուսինէ Մինասեանը վերհանեցին վէպի կերպարների հոգեաշխարհը, կրքերը, բախումները, ցաւ ապրեցին նրանց բոլորի չկայացած երջանկութեան համար:
  Հիւրին ողջունեցին եւ գրքի մասին խօսեցին Համալսարանի հայ գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, Պրօֆ. Աէլիտա Դոլուխանեանը, բանաստեղծ, ՀԳ Միութեան Վարչութեան քարտուղար Յովիկ Հովէեանը, արմատներով Ռոդոսթոյից, այժմ փարիզաբնակ, «Մաշտոց» Հայ լեզուի պաշտպանութեան Միութեան գործուն անդամ Հրայր Հրաչեանը, Գիտաուսումնական Կենտրոնի աշխատակից Էմմա Գասպարեանը, թարգմանչուհի Մ. Թէրզեանը, որոնք ընդգծեցին գեղարուեստական տարեգրութեան կառուցողական վարպետութիւնը, գրողի տաղանդը` անցեալ դարասկզբի հայ եւ բուլղար միասնական պայքարի դրուագների հմուտ մատուցման մէջ, պատմականի եւ մտայղացման ներհիւսման արդիւնաւէտ լուծումները: Գրքի աւարտական հատուածից ասմունքի վարպետ Սերգուշ Բաբայեանի ընթերցումը խոր տպաւորութիւն ձգեց ոչ միայն իր կատարողական ձիրքով, այլեւ լեփ-լեցուն սրահի վրայ առաջին հերթին վիպասանուհու անկեղծ պոռթկումի ներգործութեան առումով:
  Կենտրոնի տնօրէն, Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը իր ամփոփիչ խօսքում բարձր գնահատութիւններին զուգահեռ շնորհաւորեց արձակագրին` յատկապէս «Տէր Զօր» գրքում ընթերցողի հետ գրական եւ պատմական նիւթի, առաջադրութիւնների շուրջ երկխօսութեան գնալու գեղարուեստական հնարանքի համար, ինչն ստիպում է գրական գետնի վրայ նորովի խորհել պատմութեան, ժողովուրդների հաւաքական ճակատագրերի եւ անհատների փոխյարաբերութեան մասին:
  Շնորհակալական իր խօսքում Սեւդա Սեւանը կարեւորեց այսօրուայ երիտասարդութեան գնահատականը, օտարագիր գրականութեան առջեւ ծառացած խնդիրները, իսկ գեղարուեստական հարցադրումների շուրջ ծագած առողջ եւ աշխոյժ բանավէճի առթիւ յայտնեց իր անվերապահ գոհունակութիւնը. «Այն, ինչ ստացայ ես ձեզանից, վեր էր իմ սպասելիքներից: Այս կարճ ժամանակամիջոցում դուք, սիրելինե´րս, հասցրեցիք գրեթէ անհնարինը` կարդացիք, քննարկեցիք, կողմնորոշուեցիք: Բայց հասցրիք աւելին, քան այս բոլորը. դուք սիրեցիք Ռոդոսթօն, նրա բնակիչներին, նրա դժբախտ-երջանիկ մարդկանց, որոնց հանել-պեղել եմ իմ հոգուց: Ե´ս կամ նրանց մէջ: Նրանց միջոցով է, որ դուք հասկացաք, ուրեմն եւ սիրեցիք մի փոքր նաեւ ինձ: Սա ի´մ յաղթանակն է:
  Ահա´ թէ ինչու իմ երախտագիտութիւնն եմ յայտնում «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնին, այս հանդիպման կազմակերպչին` Պրօֆ. Սուրէն Դանիէլեանին եւ գլխաւորը քեզ, սիրելի իմ ուսանող- ընթերցող»:
  Վաղուց նման հանդիպումներ չէին եղել մանկավարժական համալսարանում: Իսկ ուսանողը այս հանդիպումից, անշո´ւշտ, շատ բան տարաւ` ճանաչում, սէր, գրողի անմիջական յորդաբուխ խօսք: