Գրադարանի կառուցուածքը


«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի ստեղծման սկզբից (1995 թ. Դեկտեմբեր) կազմաւորուել եւ սկսել է աշխատել գրադարան-ընթերցասրահը (ընթերցավարներ` Էմմա Գասպարեան (1997-2007) եւ Ռոզա Գէորգեան (2001-ից):

Գրադարանավարները մուտքագրում են ստացուող գրականութիւնը, դասդասում, գիտական կարգաւորման ենթարկում բաժինները, սպասարկում են ընթերցողներին, խնամք տանում գրքերի «երկարակեցութեան» համար, տնօրինում բազմաբնոյթ մամուլը, որը ստացւում է աշխարհի չորս կողմերից:
1996-ի Յունուարին մանկավարժական համալսարանի մայր գրադարանից առաջինը Կենտրոնի հաշուեկշռին փոխանցուեցին սփիւռքահայ եւ արեւմտահայ հեղինակների հայրենի հրատարակութեան 60 գրքեր:

Առաջին իսկ օրերից Կենտրոնի գրադարանի ստեղծման ակունքներում կանգնած է եղել երջանկայիշատակ Գարեգին Ա. Կաթողիկոսը, որը նուիրել է աւելի քան 120 օրինակ գիտական, հոգեւոր եւ գեղարուեստական արժեքաւոր գրականութիւն, այդ թւում` Յակոբ Օշականի ամբողջական հրատարակութիւնները:
Գրադարանային ֆոնդի աստուածաբանական բաժնում երկիւղածութեամբ են պահպանւում Գարեգին Ա. Կաթողիկոսի հրատարակած եւ Կենտրոնի տնօրէնին ընծայուած 17 օրինակ գրքերը`«Ծանիր զքեզ», «Հայ մարդը հայ գիրքին դիմաց», «Հող, մարդ, գիր», «Հոգեմտաւոր ճառագայթումներ» եւ ուրիշներ...
Ի դէպ, յիշատակուած վերջին ժողովածուն Կենտրոնի համար կրկնակի թանկ է. այն հրատարակուել է 1997 թ. Վեհափառ Տիրոջ յանձնարարականով եւ հանգամանալի առաջաբանով:
Օրէցօր հարստացող գրադարանում տասը եւ աւելի տարիների ընթացքում կենտրոնացաւ արեւմտահայ եւ սփիւռքահայ գրական, գիտական ու կրթամշակութային աւելի քան 4.500 կտոր գրականութիւն:
Նկատենք, որ այն ձեւաւորուել է մեծ մասամբ նուիրատուութիւնների միջոցով, որ կատարել ու կատարում են հայրենի եւ սփիւռքահայ բազմաթիւ գրողներ, ուուցիչներ, մտաւորականներ:

Նրանցից առաջինների շարքում դիտրոյթաբնակ Սեդա եւ Սարգիս Դէմիրճեաններն են (ԱՄՆ): Գրական թելերով մշտապէս կապուած լինելով Կենտրոնին` նրանք գրադարանը համալրել են հիմնականում սփիւռքահայ աւելի քան 140 գրական արժէքներով, որոնցից մեծ մասամբ օգտւում է ուսանողութիւնը:
Ս. Դէմիրճեանի կարծիքով` «...այս գրադարանը մեր ներկայութիւնն է պարզապէս Հայաստանի մէջ: Կը կարդան մեր գրուածքները, կը ճանչնան մեր արիւնը ու շիտակ կը սիրեն մեր գրական հարուստ սա աշխարհը: Ուրեմն, ինչո՞ւ իմ գիրքերս հոն չըլլան»:

Եւ իսկապէս, մանկավարժական համալսարանի ուսանողներին մեծապէս օգնում է անցեալ դարի 90-ական թթ. կէսերին Դէմիրճեան ամոլի կազմած «Սփիւռքահայ արդի գրականութիւն» երկհատոր ժողովածուն, ուր ընդգրկուած են սփիւռքահայ հեղինակների ծրագրային լաւագոյն նմուշներ, ընդ որում` պոլսահայ գրականութիւնը կազմում է առանձին հատոր:

2002 թ. Յուլիսին իրանահայ ազգային բարերար, «Սաթի» ընկերութեան հիմնադիր Լեւոն Ահարոնեանը Կենտրոնին է փոխանցել իրանահայ տպագրութեան շուրջ 35 անուն հայագիտական եւ գեղարուեստական արժեքաւոր գրքեր, որոնց մէջ` Աւետիս Ահարոնեանի` Թեհրանում վերատպուած տասնհատորեակի 3 շարքեր, Ստ. Մալխասեանցի քառահատոր բացատրական բառարանի 5 շարքեր: Դրանց զգալի մասը իբրեւ մրցանակ շնորհուել է տարբեր տարիների սփիւռքահայ լաւագոյն ուսուցիչների:

Հայրենիքում ազգանուէր գործի է լծուել «Ժողովրդային շարժում» կազմակերպութիւնը (նախագահ Վազգէն Պետրոսեան), որը Կենտրոնին 2001 թ. նուիրել է պատմական եւ գեղարուեստական 119 կտոր գրականութիւն:
Հայրենի անհատ նուիրատուներից յիշատակենք ՀՀ ֆինանսների նախարարութեան նախկին վարչութեան պետ Ֆելիքս Խանգելդեանին (65 օրինակ գիրք, որոնք Կենտրոնն իր հերթին յանձնեց համալսարանի ռոմանական լեզուների նորաստեղծ բաժանմունքին, քանի որ այդ գրքերի հեղինակները հիմնականում արտասահմանեան գրողներ էին):

Սփիւռքի հայ ուսուցիչներին ազգագրական ծէսեր դասաւանդող Հռիփսիմէ Պիկիչեանի ազնիւ միջամտութեամբ 2003 թ. Յուլիսին Ժիւլէթ, Մարի, Նուարդ Եղիայեանները (Թեհրան) հոգելոյս ծնողների յիշատակին ընթերցասրահին են յանձնել անձնական գրադարանից 40 օրինակ գիրք: Արժէ գնահատել նաեւ հայրենի նախկին ուսուցչուհի Իրինա Մուսաբեկեանի ազնիւ մօտեցումը. նա իր գրադարանից 24 օրինակ գիրք է յանձնել ընթերցասրահին, որոնց մեծ մասը Գրիգոր Զօհրապի տարբեր հրատարակութիւններ են:

Սիրոյ նոյն թելադրութեամբ իրենց եւ այլ հեղինակների բազմաթիւ գրքեր Կենտրոնի գրադարանին ուղարկել են Սեպուհ Արք. Սարգսեանը (Իրանի Հայոց Թեմի Առաջնորդ), Զարեհ Խրախունին, Ռոպէր Հատտէճեանը (Թուրքիա), Յակոբ Ասատուրեանը, Հենրիկ Անասեանը, Մայք Եուսուֆեանը, Լեւոն Խաչերեանը, Յովսէփ Նալբանդեանը, Արփիկ Չամրասը, Վաղարշակ Վարդանեանը (ԱՄՆ), Հայր Լեւոն Զէքիեանը, Հայր Յարութիւն Պզտիկեանը (Իտալիա), Արամ Սեփեթճեանը, Կարօ Առաքելեանը (Լիբանան), Անուշ Նագգաշեանը (Իսրայէլ), Վարուժան Աճէմեանը (Արգենտինա), Աղասի Ազիզեանը (Իրան), Հայաստանից` Լեւոն Անանեանը, Հենրիկ Բախչինեանը., Ֆելիքս Բախչինեանը, Գասպար Երիցեանը, Լեւոն Միրիջանեանը, Յովիկ Հովէեանը, Գագիկ Յարութիւնեանը, Գալուստ Սահակեանը, Լեւոն Տէր-Պետրոսնեանը, Վարդան Օսկանեանը եւ շատ ուրիշներ: Անպայմանօրէն պէտք է նշել Հայաստանի Հանրագիտարանի (գլխ. Խմբագիր Յովիկ Այվազեան) եւ «Տաթեւ» կրթահամալիրի (տնօրէն Սօկրատ Մկրտչեան) հետ համագործակցութեան արդիւնաւէտութեան մասին, որոնք պարբերաբար համալրում են գրադարանը նոր լոյս ընծայուած հատորներով:
Նկատենք, որ գրադարանը յաճախ են իրենց ուսումնասիրութիւններով կամ ստեղծագործութիւններով հարստացնում Կենտրոնում դասաւանդող մասնագէտները: Հարկ է նշել, որ իրենց նուիրատուութիւններն են կատարում նաեւ բանասիրական բաժանմունքի ուսանողները:
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը շարունակում է հաճելի աւանդոյթը` աչքի ընկած նուիրատուներին պարգեւատրելով պատուոգրերով եւ յատուկ շնորհակալագրերով:

Գրադարանն ստեղծել է քարտարան, ուր ըստ բաժինների դասակարգուած են գեղարուեստական, գրաքննադատական, լեզուաբանական, պատմական, արուեստի, փիլիսոփայութեան, աստուածաբանութեան, կրթական բաժինները:


***
Ընթերցասրահում առանձնացուած են անձեռնմխելի 4 ֆոնդեր, որոնց կից ներկայացւում են ամփոփ տեղեկութիւններ Գեղամ Սեւանի, Մանուէլ Բաբլոյեանի, Լեւոն Զաքարեանի եւ Ալեքսանդր Թոփչեանի` նուիրատուների կեանքի ու գրական գործունէութեան մասին:
1. 1991 թ. Մայիսին Երեւանում մահացաւ տաղանդաւոր արձակագիր եւ գրականագէտ Գ. Սեւանը: Յաջորդ տարիներին նրա գրադարանից մօտ 270 օրինակ գրքեր մաս առ մաս նուիրել է այրին` Զէփիւռ Սեւան-Տէրտէրեանը: Այդպէս, 1998-ի Մայիսին ձեւաւորուեց գրադարանի առաջին անձեռնմխելի «Գեղամ Սեւան» ֆոնդը, որի հանդիսաւոր բացմանը ներկայ էին գիտութեան եւ գրականութեան երեւելի դէմքեր: Ֆոնդի ստեղծումը լայն արձագանգ գտաւ նաեւ արտասահմանում:
2. 2000 թ. Հոկտեմբերին ստեղծուեց երկրորդ անձեռնմխելի ֆոնդը` ականաւոր մատենագէտ Մանուէլ Բաբլոյեանի անձնական գրքերից, որոնցից արեւմտահայ եւ սփիւռքահայ գրական-մշակութային, գիտական աշխարհին վերաբերող 240 օրինակ գիրք եւ պարբերական իրենց վերջնական հանգրուանը գտան Կենտրոնում: Գրքերը նուիրաբերեցին մատենագէտի այրին` Հանրային ռադիոյի երկարամեայ հաղորդավար Հեղինէ Բաբլոյեանը, եւ դուստրը` Նունէն:
3. Գրականագէտ-գրող Ալեքսանդր Թոփչեանը 2001 թ. ի վեր շարունակաբար Կենտրոնի գրադարանին յանձնում է սփիւռքահայ դասական եւ ժամանակակից հեղինակների ժողովածուներ: Նրա ֆոնդում արդէն կան աւելի քան 200 գրքեր` տրամադրուած անձնական գրադարանից: Նշենք, որ այն դեռեւս ամբողջացած չէ:
4. 2004 թ. Յուլիսին հանդիսաւորութեամբ բացուեց «Լեւոն Զաքարեան» ֆոնդը` 210 օրինակ գիրք, սփիւռքահայութեան հետ մշակութային կապի Կոմիտէի պաշտօնաթերթ «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի ամբողջական համալիր, որի հիմնադիրն ու անփոխարինելի խմբագրապետն է եղել ինքը տասնեակ տարիներ: Հարուստ ֆոնդը Կենտրոնին ի պահ են յանձնել նրա այրին` Տկն. Սուսանը, եւ որդին` ճանաչուած լեզուաբան Յովհաննէս Զաքարեանը:

Բոլոր անձեռնմխելի ֆոնդերում ընդգրկուած են ընդհանուր ծաւալով 920 անուն արեւմտահայ եւ սփիւռքահայ հեղինակների ծրագրային ժողովածուներ, հատորներ, որոնք տարիների ընթացքում համալրւում են: Եւ եթէ դրանց գումարենք պարբերականների, մամուլի հազուագիւտ հաւաքածուները, ապա ֆոնդերի որակական կշիռը նկատելիօրէն կը բարձրանայ:


***
Առաջին իսկ տարուանից «Ազգ» (Երեւան, խմբագիր` Յակոբ Աւետիքեան), «Գրական թերթ» (Երեւան, խմբագիր` Նորայր Ադալեան, աւելի ուշ շրջանում` Սամուէլ Կոսեան), «Նոր կեանք» (Լոս Անճելըս, խմբագիր` Գրիգոր Շէնեան), «Յառաջ» (Փարիզ, խմբագիր` Արփիկ Միսաքեան) թերթերի խմբագրութիւնները կանոնաւորապէս Կենտրոնին ուղարկում են պարտադիր օրինակներ իւրաքանչիւր համարից:
2005 թ. մի որոշ շրջան գրադարանում ստացւում էին Կահիրէի «Յուսաբեր» եւ Իսթանպուլի «Ակօս» պարբերականները: 2007 թ. սկզբից ընթերցասրահն ստանում է Թեհրանի «Ալիք» օրաթերթը (խմբագիր` Դերենիկ Մելիքեան):


***
Գրադարանն ունի նաեւ կրթական բաժին, ուր տեղ են գտել Սփիւռքում գործող հայկական վարժարանների տարեգրքերը, կրթական ծրագրերը, գործունէութեան, ուսուցչական եւ աշակերտական կազմի մասին շահեկան տեղեկութիւններ:

***
Անցած տարիներին Կենտրոնի ընթերցասրահում գնահատուել են աւելի քան 40 երկրներից ժամանած սփիւռքահայ մտաւորականներ, գրողներ, եկեղեցու ներկայացուցիչներ, դեսպաններ: Ընթերցասէր հանրութեան հետ հանդիպումներ են ունեցել Փիթեր Քաուին, Ալֆրէդ Միւլլերը, Երուանդ Ազատեանը, Արթուն Համալեանը, Վահագն Յովնանեանը, Վարդան Մատթէոսեանը, Արմէն Մեծատուրեանը (Արգենտինա), Սեւդա Սեւանը (Բուլղարիա), Զահրատը, Ռոպէր Հատտէճեանը, Զարեհ Խրախունին, Իգնա Սարըասլանը, Մկրտիչ Մարկոսեանը (Թուրքիա), Հայր Լեւոն Զէքիեանը, Հայր Յարութիւն Պզտիկեանը (Իտալիա), Անուշ Նագգաշեանը (Իսրայէլ), Արամ Սեփեթճեանը, Պէպօ Սիմոնեանը (Լիբանան), Մարգար Շարապխանեանը, Յակոբ Խաչիկեանը, Դաւիթ Էւերեկլեանը, Մանուէլ Քէօսէեանը (Կանադա), Թորոս Թորանեանը (Սուրիա), Գրիգոր Պըլտեանը, Հիլդա Գալֆայեանը (Ֆրանսիա):