Հայաստան - 2009

«ԵԹԷ ԱՅՍՕՐ ԿՈՐՑՆԵՆՔ ՍՓԻՒՌՔԻ ՀԱՅ ՈՒՍՈՒՑՉԻՆ, ԿԸ ԿՈՐՑՆԵՆՔ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՄՇԱԿՈՅԹ ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ»

 Սոնա Աւագեանի հարցազրոյցը Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն, բանասիրական գիտութիւնների դոկտոր, Պրօֆ. Սուրէն Դանիէլեանի հետ

Որո՞նք են «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի գործունէութեան հիմնական ուղղութիւնը եւ նպատակները:

Կենտրոնը ստեղծուել է 1995 թ.: 2002-ից իրականացնում ենք հայրենի ուսուցիչների մէկամսեայ վերապատրաստութիւն` արեւմտահայ հանրակրթական առարկաներից` դասական եւ սփիւռքահայ գրականութիւն, լեզու, նաեւ` պատմութիւն: Մասնակիցների տարածքային շրջանակը ընդգրկուն է` ողջ Հայաստանը, բնականաբար` Արցախն իր շրջաններով:  Անցած տարիների ընթացքում վերապատրաստել ենք հայրենի 425 հայրենի ուսուցչի: Գաղտնիք չէ, որ մեր ուսուցիչները հիմնականում տկար են արեւմտահայերէնից. Դժուար են տրւում արեւմտահայ գրական բնագրերը, որոնք առանց այն էլ դպրոցական ծրագրերում շատ են «սեղմուած»: Բացառութիւնները, ի հա´րկէ, հաճելի են, բայց` շատ քիչ, իսկ սփիւռքահայ գրականութիւն նրանք պարզապէս չգիտեն: Ի՞նչ ենք սովորեցնում ուսանողներին «ժամանակակից հայոց լեզու» անուան տակ մեր համալսարաններում: Երկու գրական հայերէններ ունենք. արեւմտահայերէնը մի կողմ ենք նետել, սովորեցնում ենք նրան արեւելահայ գրականութիւն: Մինչդեռ ուսանողը արեւմտահայերէն պիտի լաւ իմանայ, որ կարողանայ հասկանալ Դուրեանի, Պարոնեանի, Զօհրապի, Վարուժանի, Շահնուրի լեզուն, բառային ճանաչողական համակարգը: Պիտի տանք լեզուական որոշակի պատրաստուածութիւն, մանաւանդ` բանասիրական բաժանմունքներում: Չենք անում:

Փարիզի «Մաշտոց» հայ լեզուի պաշտպանութեան միութիւնը եւ մենք մեզ մօտ արդէն վերապատրաստուած, մրցութային կարգով ընտրուած լաւագոյն ուսուցիչներին առաջարկում ենք մէկ տարի իրենց դպրոցներում անցնելու արեւմտահայ լեզուի, արեւմտահայ գրականութեան ծրագիր` 168 ժամով: Այս գործի գլուխ կանգնած է Սորբոնի Համալսարանի Պրօֆ., դոկտոր Հիլդա Գալֆայեան-Փանոսեանը, որը վերջերս Երեւանում հրատարակել է արեւմտահայերէնի ուսումնական ձեռնարկ` յատուկ մեր ուսուցիչների համար: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 50-ից աւելի դպրոցներում արդէն այդ ծրագիրն իրագործել ենք: Դրա քաղաքական նշանառութիւնը մեծ է: Նշանակում է` արեւմտահայ խօսքը հասնում է նրանց:

Տասը տարի շարունակ, 2000-ից սկսած` պարբերաբար կազմակերպում ենք սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստութեան մէկամսեայ դասընթացներ: Աշխատել ենք 30-ից աւելի երկրների հետ: Մեր խնդիրն է սփիւռքահայ ուսուցչին 120 ժամուայ ընթացքում իսկապէս մասնագիտական զօրութիւն տալ: Հիմնականում վերապատրաստութեան գալիս են Սուրիայից, Լիբանանից, Իրանից, ԱՊՀ երկրներից: Մեր դասընթացներին ներգրաւել ենք հանրապետութեան գիտական ու մանկավարժական ներուժը, հրաւիրել Սփիւռքի առաջատար մասնագէտներին: Անգամ այն ժամանակ, երբ պետութիւնը խորհրդանշական գումարներ էր տրամադրում դասընթացներին, մենք գտնում էինք ճանապարհներ ֆինանսական բացը գոցելու համար: Անգնահատելի են Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանի, Լոս Անճելըսի «Պոլսահայ Միութեան», անհատ բարերարների ներդրումները:

Մեզ մօտ մինչեւ հիմա վերապատրաստուել է 300 սփիւռքահայ ուսուցիչ, բայց այդ թիւը շատ յարաբերական է, որովհետեւ մեր դասախօսները յաճախ են մեկնում Սփիւռքի վարժարաններ կարճաժամկէտ ու երկարաժամկէտ կրթական ծրագրերով:

Երբեմն խզում է եղել մեր աշխատանքներում. Կրթութեան նախարարութեան հետ մենք ունեցել ենք, մեղմ ասենք, փոխըմբռնման պակաս:

Ո՞ր հարթութիւնում եւ ո՞ր խնդիրների առթիւ էք փոխըմբռնման պակաս ունենում:

Կազմակերպական խնդիրներում` նախարարութիւն-համալսարան գծի վրայ: Առաջին խզումը ժամանակին առաջ բերեց Կրթութեան Նախարար Սերգօ Երիցեանը, որը անդուլ ցանկութիւն էր ցուցաբերում սփիւռքահայ ուսուցիչների դասընթացները «յանձնելու» Կրթութեան Ազգային Ինստիտուտին, ինչը հակասում էր պետական քաղաքական ուղղութեանը: Մի տարի դա նրանց յաջողուեց, սակայն հիմնականում օգտուեցին դասախօսական մեր կազմից, գործադրեցին մեր ծրագրերը: Մէկ տարի անց Նախարարի պաշտօնը վերստանձնած Լեւոն Մկրտչեանը Կենտրոնին վերադարձրեց վերապատրաստութեան իրաւունքները: Նոյն իրավիճակը կրկնուեց այս տարի: Երեւի դա կապուած էր Կրթութեան նախարարութեան նոր վարքագծի հետ. Սպարտակ Սէյրանեանը իր նեղ շրջանակով (Կրթութեան նախարարութեան Սփիւռքի բաժնի հետ) «լռելեայն» որոշել էր վերապատրաստութիւնը երկրորդ անգամ «վերայանձնել» Կրթութեան Ազգային Ինստիտուտին, իսկ մեզնից միայն պահանջում էին մեր ծրագրերը, մեր ուսուցչական կազմը:

Ուսումնական ճանաչողութեան շրջանում մենք լայն ուշադրութիւն ենք դարձնում սփիւռքահայ ուսուցիչների` Հայաստանի ճանաչողական խնդրին, այսինքն` Հայաստանը տեսնեն, ճանաչեն, լինեն որտեղ հարկ է`Խոր Վիրապում, Գառնիում, Գեղարդում, Տաթեւում, նաեւ` Ղարաբաղում: Հաճախ սրանք աւելի ներգործուն, դաստիարակչական, ճանաչողական խնդիրներ են լուծում. գաղտնիք չէ, որ ուսուցիչներից շատերը առաջին անգամ են լինում Հայաստանում:

Այս տարի պետութիւնը ամբողջութեամբ վերապատրաստութեան ծաւալները վերցրեց իր վրա` 60 հազար դոլարին համարժէք հայկական դրամ, իսկ մինչ այդ շատ խորհրդանշական գումարներ էր տրամադրում: Օրինակ` մինչեւ նախանցեալ տարի մենք 1000 դոլար ենք ստացել պետական բիւջէից` առանձին տողով: Մնացած միջոցները անցած տարիներին հայթայթում էինք մենք:

Ձեր գնահատմամբ առ հասարակ սփիւռքահայերի մայրենի լեզուի իմացութիւնն ինչպիսի՞ն է:

Հիմնականում` վատ: Բայց մեղաւորութիւնը մերն է: Եթէ մենք արեւելահայեր ենք, բնական է, մեր մօտեցման արժէքը կրթամշակութային դաշտում չպիտի ելնի միայն արեւելահայի ընկալման իւրայատկութիւնից: Մենք պետութիւն ենք: Սփիւռքը, նշանակում է նաեւ լեզուն ու մշակոյթը պահել-պաշտպանելու խնդիրը այսօր նոյն պետութեան ռազմավարական ծրագրերի մէջ է: Բայց այն իրագործողները թերեւս թերանում են Սփիւռքում կրթական եւ մշակութային բազան զօրացնելու ուղղութեամբ տարուող աշխատանքներում: Սփիւռքը համալսարանական կրթութեամբ դասական իմաստով ուսուցիչ այլեւս գրեթէ չունի: Մենք այսօրուայ սփիւռքահայ ուսուցչի կրթական շէնքը չունենք: Ուրեմն` ի՞նչն ենք նորոգում, ի՞նչն ենք թարմացնում, եթէ չի տիրապետում իր առարկային եւ մանկավարժական-հոգեբանական հմտութիւններին:

Անհրաժեշտը, գլխաւորը այս պահին` Հայաստանում պէտք է բացել արեւմտահայ համալսարանական մասնագիտացումով հայագիտական բաժանմունք, այսինքն`ֆակուլտետ (նկատի ունեմ լեզուական, գրական, մշակութային, պատմական, առարկայական համակարգերը): Այլապէս, եթէ այսօր կորցնենք Սփիւռքի մասնագէտ հայ ուսուցչին, կը կորցնենք մի ամբողջ մշակոյթ ու ժողովուրդ:

Միւս խնդիրը վերաբերում է արեւմտահայ նոր աշխարհի եւ մշակոյթի հանդէպ մեր ընդհանուր վարքագծին: Արեւմտահայերը, որքան էլ դժուար էր, ժամանակի մէջ պաշտպանեցին դասական ուղղագրութիւնը` արեւմտահայերէնի համակարգը, իսկ «մենք»`արեւելահայերս, «նրանց» չաջակցեցինք. ընդհակառակը` տարբաժանելու քայլերը քաղաքական ենթախորք ստացան, խորհրդային շրջանում խզուեցին հայութեան երկու հատուածների միջեւ ուղիղ կապերը: Դասական ուղղագրութեան նկատմամբ վերաբերմունքը յաճախ նենգափոխւում եւ ուղղւում է արեւմտահայ մշակոյթի դէմ: Դու պիտի արեւմտահային հնարաւորութիւն տաս, որ ինքը պաշտպանի լեզուն եւ գրութեան ձեւը, ինչը մե~րն էր անցեալում. Թումանեանը, Չարենցը, Աբովեանը, Րաֆֆին, Տէրեանը, միւսները գրում էին այդպէս: Աբեղեանական այս գիրը քաղաքական խնդիր լուծեց աւելի, քան լեզուական: Արեւմտահայը պիտի ինքնութիւնը վերահաստատի նախ լեզուով ու կրթութեամբ: Հայաստանում արեւմտահայ արժէքների պաշտպանութիւն չկայ:

Ուրիշ ի՞նչ քայլեր էք առաջարկում Սփիւռքը պահելու համար:

Թուարկեմ միայն հնարաւոր գործնական քայլերը.

ա) Արդէն արեւմտահայ համալսարանական մասնագիտացումով բաժանմունք բացելու գերանհրաժեշտութեան մասին շեշտեցինք. տուր սփիւռքահային հնարաւորութիւն` կրթութիւն ստանալու Հայաստանում:

բ) Երեւանում կարելի է ունենալ արեւմտահայ ուսուցման ծրագրերով հիմնական եւ աւագ դպրոցներ:

գ) Միջպետական պայմանագրերի կարգաւորման եղանակով կարելի է դպրոցներ բացել Ռուսաստանի Դաշնութեան կենտրոնական քաղաքներում ՀՀ պետմիջոցներով:

դ) Արեւմտահայ վարժարանների ճակատագիրը ծանր խաչ է: Ասենք, Պուէնոս Այրէսում հայկական դպրոցները 8ն են, բայց Պետրոս Հաճեանի վկայութեամբ` պահելն է դժուար` ծրագրի ուսումնական բովանդակութեան, աշակերտին հայեցի մեծացնելու առօրեայ հարցերը ճնշում են: Վիճակը, բնականաբար, մխիթարական չէ միւս համայնքներում: Պետութիւն ես, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամ ես, գումարդ ուղղիր Սփիւռքի դպրոցին: Չեն ուղղում: Էլիտար շէնքե՞րն են կարեւորը, թէ՞ Սփիւռքի վարժարանները: Եթէ այսօր դու կորցրիր Սփիւռքի դպրոցների պաշտպանութիւնը, դու կորցնում ես մի ամբողջ մշակոյթ ու ժողովուրդ:

ե) Համախմբուածութեան գործնական աւելի կարեւոր առաջարկ. եթէ մենք ունենայի~նք ազգային շահերի քաղաքականութիւնը ներկայացնող ամենօրեայ համահայկական թերթ` դասական ուղղագրութեամբ, որոշակի ամփոփագրով, գունաւոր, շքեղ ներդիրներով` իսպաներէն, անգլերէն, ֆրանսերէն, եւ թերթը նոյն օրը լոյս տեսնէր Երեւանում, Մոսկուայում, Պէյրութում, Փարիզում, Լոս Անճելըսում եւ այլ քաղաքներում, Դուք գիտէ՞ք` դա ինչպէս կը փոխէր Սփիւռքի մթնոլորտը, կը բերէր ազգային խնդիրների ինչ գերկենտրոնացում, խտացում: Կը լինէր գրական, քաղաքական, մշակութային թերթ, պետական քաղաքականութեան, ազգային համախմբուածութեան գաղափարը կը կրէր իր մէջ:

Կամ «Հ1», «Արմենիա», «Շանթ» եւ առ հասարակ այն հեռուստաընկերութիւնները, որ հեռարձակւում են Հայաստանից, մի փոքր դուրս գային իրենց նեղլիկ գաղափարների սենեակներից ու շոուի, զաւեշտի հեռուստաընկերութեան յանձնառութիւնից, ստանձնէին ազգային շահի լուսաւոր գերակայութիւնը` գրականութեան, լեզուի, մշակոյթի բաց դասեր, ուսումնական ծրագրերի շարքեր, համահայկական քննարկումներ, հեռուստատեսային բանավէճի կամուրջներ, ինչքա˜ն բան կը շահէր այդ պարագային սփիւռքահայը:

Ըստ www.hetq.am կայքի