Տասնմէկերորդ դասընթացներ

Յունիսի 21 – Յուլիսի 10

2010 թուական

2010 թ. Յունիսի 21-ին «Սփիւռք» Կենտրոնում մեկնարկեց Գեղարքունիքի մարզի ուսուցիչների առաջին, իսկ Կենտրոնի պատմութեան մէջ` տասնմէկերորդ դասընթացը: Մանկավարժական համալսարանը մասնակիցների կեցութեան համար ստեղծել էր անհրաժեշտ պայմաններ. լուծուել էին կացարանի, սննդի, փոխադրամիջոցի հարցերը:

Այս դասընթացին մասնակցում էին 31 ուսուցիչներ` Գեղարքունիքի մարզից` 25, իսկ Արարատի, Արմաւիրի, Կոտայքի մարզերից եւ Երեւանից` 6: Պարապմունքները կանոնաւորապէս ընթանում էին շաբաթական 6 օր` օրական 8 ժամ բեռնուածութեամբ:

Արեւմտահայ եւ սփիւռքահայ գրականութեան դասաւանդումն իրականացրին հանրապետութեան` այս ոլորտի լաւագոյն մասնագէտներ Պրօֆ. Պրօֆ. Արծրուն Աւագեանը (ԵՊՀ), Սուրէն Դանիէլեանը («Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոն), Սամուէլ Մուրադեանը (ԵՊՀ), Սերժ Սրապիօնեանը (ԵՊՀ), Կենտրոնի մեթոդիստ Յովհաննէս Եղոյեանը: Արեւմտահայ լեզուի տեսական եւ գործնական ուսուցումն անցկացրին Պրօֆ. Հիլդա Գալֆայեան-Փանոսեանը (Ֆրանսիա, Սորբոնի Համալսարան), Արմէն Իւրնէշլեանը (Լիբանան, Պէյրութի Հայկազեան Համալսարան), Հայաստանից Սուսան Ղարիբեանը (ՀՊՄՀ դոցենտ) եւ Քնար Աբրահամեանը («Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի մեթոդիստ):

Պատուոյ դասախօսութիւններով հանդէս եկան ՀՀ Սփիւռքի Նախարար Հրանուշ Յակոբեանը, ՀՊՄՀ գրադարանապետ Տիգրան Պետրոսեանցը, սփիւռքահայ մտաւորական Յովսէփ Նալբանդեանը (ԱՄՆ):

Կենտրոնը ծրագրել էր կազմակերպել ուսուցիչների առօրեան նաեւ դասերից դուրս: Դասընթացի մասնակիցները Յունիսի 30-ին հիւրընկալուեցին ՀՊՄՀ գրադարանում, ծանօթացան գրադարանի առօրեային եւ համալսարանի պատմութեանը: Յունիսի 23-ին այցելեցին Ե. Չարենցի ան. Գրականութեան եւ Արուեստի թանգարան, իսկ Յուլիսի 7-ին` Սերգէյ Փարաջանովի տուն–թանգարան: Յուլիսի 2-ին ՀՀ Սփիւռքի նախարարութիւնում նրանց հիւրընկալեց Տկն. Հրանուշ Յակոբեանը: Յուլիսի 8-ին Հայաստանի Գրողների Միութիւնում ներկայ գտնուեցին Վազգէն Շուշանեանի «Ընտրանի» գրքի շնորհանդէսին, համալսարանից ստացան այս ժողովածուն եւ Զ. Խրախունու «Տօնազանգ» քերթողագիրքը: Կենտրոնում ուսուցիչների հետ երկխօսութեան բռնուեց բանաստեղծուհի Սոնա Վանը (ԱՄՆ), հայրենի բանաստեղծ Անատոլի Յովհաննիսեանը: Յուլիսի 5-ին մեր ուսուցիչներին արեւմտահայ բանաստեղծական հրաշալի ընտրանի ներկայացրեց ասմունքի վարպետ Սիլվա Իւզբաշեանը:

Ուսուցիչները դասընթացի օրերին հարստացան մասնագիտական եւ գեղարուեստական մի շարք գրքերով, խտասալիկներով: Յայտնի քաղաքական գործիչ Պարոյր Հայրիկեանը նուիրեց «Յարութիւն» շարժանկարը: Սոնա Վանը նրանց համար նախատեսել էր «Նարցիս» հանդէսի նմուշներ, բանաստեղծական խտասալիկներ, իր ամուսնու` ականաւոր բժիշկ Նուբար Ջանոյեանի գրքերից, «Լոյս» հանրագիտակների հեղինակ Յովսէփ Նալբանդեանը` 5-րդ եւ 6-րդ հատորները: Թոմ Սամուէլեանի (ԱՄՆ) անունից Կենտրոնը դասընթացի մասնակիցներին յանձնեց «Աւանդական ուղղագրութեան ուսուցման ձեռնարկ»ը, իսկ Սորբոնի Համալսարանի Պրօֆ. Հիլդա Գալֆայեանը նուիրաբերեց «Արեւմտահայ գրական լեզուի ուսումնական ձեռնարկ» դասագիրքը եւ «Մեսրոպեանը ազգային գոյութեան միասնութեան նախապայման» աշխատասիրութիւնը: «Սփիւռք» Կենտրոնը ուսուցիչներին նուիրեց նաեւ իր կազմած եւ հրատարակած «Սարոյեանի ճշմարտութեան ետեւից» յօդուածների ժողովածուն:

Դասընթացներն աւարտուեցին գնահատութեան 4 փուլային նիշերով, որոնցով էլ ճանաչուեցին այս դասընթացի առաջատարները: «Սփիւռք» Կենտրոնի եւ Փարիզի «Մաշտոց» հայ լեզուի պաշտպանութեան միութեան համատեղ ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի 6 եւ Երեւանի, Կոտայքի մարզերի 3 ուսուցիչներ ցուցանիշների ամփոփման արդիւնքում հնարաւորութիւն ստացան ընդգրկուելու միջազգային կրթական ծրագրերում ու իրենց դպրոցներում այս Սեպտեմբեր ամսից դասաւանդելու արեւմտահայ լեզու եւ գրականութիւն` շաբաթական լրացուցիչ 4 ժամով:

Յուլիսի 10-ին ուսուցիչներին տրուեցին պետական նմուշի վկայագրեր: Վկայագրերի յանձնման արարողութեանը մասնակցեցին Խ. Աբովեանի ան. ՀՊՄՀ պրօռեկտոր Լաուրենտի Միրզոյեանը, Սփիւռքի նախարարութեան կրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարեանը, ԵՊՀ դասախօս Սերժ Սրապիօնեանը, դասաւանդած սփիւռքահայ մասնագէտներ Հիլդա Գալֆայեանը եւ Արմէն Իւրնէշլեանը, ՀՊՄՀ գրադարանապետ Տիգրան Պետրոսեանցը:

Փակման յիշարժան հանդիսութեանը «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն Սուրէն Դանիէլեանը հանգամանօրէն ներկայացրեց կատարուած աշխատանքը եւ շնորհաւորեց հայրենի ուսուցիչներին գիտելիքների վերազինման կապակցութեամբ` խորհուրդ տալով չբաւարարուել եղածով, ունեցածը բազմապատկել ինքնակրթութեամբ:

Խօսեցին նաեւ ուսուցիչները` յայտնելով իրենց գոհունակութիւնը ստացած գիտելիքների, հոգատար վերաբերմունքի եւ ջերմութեան վերաբերեալ:

Այսպէս, Ճամբարակի թիւ 4 դպրոցի ուսուցչուհի Յասմիկ Գաբրիէլեանը խոստովանում է. «Վերջին տասը տարում մասնակցել եմ մասնագիտական վերապատրաստութեան մի շարք դասընթացների, բայց անմիջապէս վրայ բերեմ, որ այս դասընթացը նախադէպը չունի հանրապետութիւնում: Մայրենիի ուսուցիչների համար արեւմտահայ արժէքների իւրացումը իսկապէս կենսական նշանակութիւն ունի: Մինչ այդ մեր գիտելիքները, ընդունենք, տարերային էին, ոչ կանոնակարգուած, թերատի, հիմնականում` ընթերցանութիւնից քաղուած: Միայն մէկ մտավախութիւն ունեմ. հնարաւոր է` այսքան յագեցած ծրագիր ունեցող, սակայն կարճ ժամանակում իրականացուող դասընթացը դժուարամարս լինի որոշ մասնակիցների համար»: Ճամբարակի թիւ 1 դպրոցի ուսուցչուհի Յասմիկ Դալէչեանն էլ խօսում է դասընթացի շարունակական ծրագրի մասին. «Մեզ առաջարկեցին իրական մրցակցութիւն, այսինքն` մրցոյթի արդիւնքում, յաղթելու դէպքում մեր դպրոցներում դասաւանդելու եւ միջազգային կրթական հիմնադրամներից մէկ ամբողջ ուսումնական տարի վարձատրուելու նոյնքան իրական հնարաւորութիւն: Սկզբից եւեթ բոլորիս համար ստեղծուած էին հաւասար մեկնարկային պայմաններ: Մեզնից իւրաքանչիւրը ձգտում էր յաջողութեան հասնել»: Մարտունու թիւ 3 դպրոցի ուսուցչուհի Ռուզան Սամուէլեանը գոհունակութեամբ  էր ընդունում  դասախօսների խնամուած ընտրութիւնը . «Դասընթացը նոր էր սկսուել, սակայն արդէն հասցրել էինք բաւական տեղեկութիւններ ստանալ: Ցանկանում եմ` շարունակական լինի այս դասընթացը»: «Առողջական խնդիրներ ունէի, բժիշկը նոյնիսկ ցանկանում էր արգելել դասընթացին մասնակցութիւնը, սակայն երբ ծանօթացայ ծրագրին, որոշեցի` ինչ գնով էլ լինի գալ: Հիմա տեսնում եմ` ինչքան եմ շահել: Ի~նչ լաւ որ եկայ»,- ասում է Վարդենիսի թիւ 2 դպրոցից` քառասուն տարուայ մանկավարժական փորձ ունեցող Սիրուշ Ամիրաղեանը:

2010 թուականի ամռան այս օրերին հայրենի ուսուցիչներն անցան «նիւթը` հոգի, իսկ կապարը` ոսկի դարձնելու» դժուարին, սակայն հաճելի ճանապարհը, նոր լոյսի տակ դիտեցին մայր լեզուի եւ գրականութեան արեւմտեան ճիւղի գանձերը, առաւել խնամքով եւ խանդաղատանքով վերաբերուեցին մեր հոգեւոր-մշակութային հարստութեանը` արեւմտահայ լեզուին եւ ազգային դասական ուղղագրութեանը:

ՅԱՒԵԼՈՒԱԾ

***

Դասընթացներին վկայագիր ստացած ուսուցիչների ցանկ

 

Ազգանուն, անուն                             դպրոց

 

1.                      Ադամեան Եւա                                  Ներքին Գետաշէնի թիւ 1 հիմն. դպրոց

2.                      Ալէեան Արմինէ                                Վարդենիսի աւագ դպրոց

3.                      Ամիրաղեան Սիրուշ                        Վարդենիսի թիւ 2 հիմն. դպրոց

4.                      Ասատրեան Մարի                           Ծակքարի հիմն. դպրոց

5.                      Ասատրեան Սեդա                            Կարմիր գիւղի թիւ 1 հիմն. դպրոց

6.                      Ասլանեան Սուսան                          Գաւառի աւագ դպրոց

7.                      Ասոյեան Իրինա                               Ակունքի հիմն. դպրոց

8.                      Աւագեան Սուսան                            Ճամբարակի թիւ 3 հիմն. դպրոց

9.                      Աւետիսեան Գոհար                         Արարատ, Արագաւանդի հիմն. դպրոց

10.                  Բաղդասարեան Նադիա                  Գաւառի թիւ 2 հիմն. դպրոց

11.                  Գաբրիէլեան Յասմիկ                       Ճամբարակի թիւ 4 հիմն. դպրոց

12.                  Գաբրիէլեան Սուսան                       Գաւառի թիւ 4 հիմն. դպրոց

13.                  Գասպարեան Աննա                         Մեծ Մասրիկի հիմն. դպրոց

14.                  Գրիգորեան Ամալիա                                   Վարդենիսի թիւ 3 հիմն. դպրոց

15.                  Դաւթեան Օլգա                                Վարդենիկի կրթահամալիր

16.                  Ենգիբարեան Սուսան                      համակարգող

17.                  Թալալեան Սոֆիա                           Երեւանի թիւ 91 հիմն. դպրոց

18.                  Համբարձումեան Աննա                   Վարդենիսի թիւ 4 հիմն. դպրոց

19.                  Յովհաննիսեան Կարինէ                  Լճաշէնի հիմն. դպրոց

20.                  Ղալէչեան Յասմիկ                           Ճամբարակի թիւ 1 հիմն. դպրոց

21.                  Մանուկեան Գայիանէ                      Արմաւիր, Սամաղարի հիմն. դպրոց

22.                  Մարգարեան Լուսինէ                      Ծովագիւղի հիմն. Դպրոց

23.                  Մելիքեան Արմինէ                           Մարտունու թիւ 1 հիմն. դպրոց

24.                  Մելիքեան Սոֆիա                            Կոտայք, Հրազդանի թիւ 1 աւագ դպրոց

25.                  Մելոյեան Գոհար                              Երեւանի թիւ 136 հիմն. դպրոց

26.                  Մելքոնեան Տիրուհի                         Սեւանի աւագ դպրոց

27.                  Մկրտչեան Մարինէ                         Արծուանիստի հիմն. դպրոց

28.                  Պետրոսեան Լիլիթ                           Երեւանի թիւ 57 հիմն. դպրոց

29.                  Պետրոսեան Մարիէտ                      Ձորագիւղի թիւ 1 հիմն. դպրոց

30.                  Սամուէլեան Ռուզան                      Մարտունու թիւ 3 հիմն. դպրոց

31.                  Օհանեան Փառանձէմ                      Ճամբարակի թիւ 2 աւագ դպրոց