Հայրենիք - Սփիւռք Երկրորդ Համաժողով 27-28 Մայիս, 2002

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

(զեկուցում)

Հայրենիք Սփիւռք Երկրորդ Համաժողով
27-28 Մայիս, 2002

Այնքան ցանկալի «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» կարգախօսը, մեր կարծիքով, դեռեւս նպատակ է, իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք՝ մէկ ազգ, սակայն մշակութային եւ, բնականաբար, կրթական տարամիտուած երկու արեւելահայ եւ արեւմտահայ ուղղութիւններ, ըստ էութեան՝ քաղաքակրթութեան երկու սահմաններ, որոնց յաճախ վերաբերում ենք խանդով, հակադրուելու ջիղով, առաւելականի սրուած զգացողութեամբ։

Մինչդեռ անհրաժեշտ է ամէնից պարզը՝ ազգային կրթամշակութային միասնութիւն, եւ մենք ձգտում ենք դրան։ Յոյս ունենք հունի մէջ տեսնելու ազգային - պետական կրթական միասնական ծրագրի մշակման ուղղութեամբ երկար սպասուած աշխատանքը։ Փաստօրէն մենք նոր - նոր գիտակցում ենք դրա առաջնայնութիւնը՝ որպէս ազգային կրթամշակութային հիմնարար փաստաթուղթ։

Որո՞նք են այստեղ բնագաւառի առջեւ ծառացած հիմնախնդիրները։ Ո՞րն է պետութեան դերը այս մեծ ճանապարհի սկզբին։
Առաջնային խնդիրը ազգային համախմբուածութեան կերտումն է։ Անկախացումի նախօրէին այդ համախմբուածութիւնը յուզական խորքով էր։ Այսօր պետութեան գերխնդիրը ժողովրդի երկու հատուածների միասնութեան շահն է։ Ընդ որում՝ լուծման ուղիների ընդջրեայ խութերը ակնբախ են, քանի դեռ մնում են «հին սառնութիւնները», քանի դեռ արեւմտահայ եւ արեւելահայ կրթական հիմնահարցերի շուրջ շիտակ երկխօսութիւնը ուշանում է։
Նկատենք, որ համահայկական արժէքներ կրող կառոյցների ձեւաւորման պե-տական քաղաքական ուղղութիւնները արժանանում են արդար գնահատութեան։ 90 - ական թթ. կէսերին ա՛յդ հրամայականով աշխարհ եկաւ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը։

Այն, ըստ էութեան, համահայկական պետական կառոյց է եւ ուսումնական նոր բովանդակութեամբ վերապատրաստում է Սփիւռքի եւ Հայրենիքի ուսուցիչներին։ ինչը բերել է արդիւնաւոր կրթական օջախի համբաւ։

Մեր աշխատանքը գնահատում եւ ըստ ամենայնի աջակցում են Հանրապետութեան ղեկավարութիւնը, Հայրենիք Սփիւռք կառավարական յանձնաժողովը, Կրթութեան եւ Գիտութեան, Արտաքին Գործերի նախարարութիւնները, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը։

Այժմ հայութեան կրթամշակութային դաշտերում առկայ տագնապների մասին.

  • Այսօր, ցաւալիօրէն, Սփիւռքում կրթական արժէքների համակարգը տեղատուութիւն է ապրում։ Առաջին հերթին դա վերաբերում է Սփիւռքի հայ վարժարանների ուսումնական բովանդակութեան հիմնահարցին։
  • Չկան միասնական ծրագրեր, իսկ ուսուցչի որակը եւ նախասիրութիւնները որոշում են շատ քիչ բան, որովհետեւ բացակայում է համալսարանական կրթութեամբ մասնագէտ ուսուցիչը։ Տխուր փաստ է, որ Սփիւռքի տասնամեայ վարժարանները աւարտող հայ պատանիներն այսօր դժուարութեամբ են արտայայտւում հայերէնով։ Հայոց լեզուն շատ դէպքերում սկսել են ուսուցանել որպէս երկրորդ լեզու։ Նոյնիսկ նման ծրագրի դասագրքերի պահանջը կայ այսօր։ Մեկօրեայ վարժարանները ուսման բաւարար մակարդակ եւ կայուն գիտելիքներ ապահովել չեն կարող։ Նահանջը համընդհանուր է։ Նոր սերնդին հայերէնը աւելի ու աւելի քիչ է հետաքրքրում։ Սփիւռքի լեզուակրթական դաշտում չկայ համակարգուածութիւն։ Ժամանակի հրամայականները, ըստ էութեան, մարտահրաւէրներ են ազգային արժէքներին։
    Պատասխան արձագանգը միանշանակ է. պէտք է ծրագրերի, դասագրքերի, կրթութեան միասնական պահանջների համաժամանակեայ կիրառում՝ արեւելահայ եւ արեւմտահայ մասնաւորումներով։ Այս հարցադրումները՝ լեզուի եւ կրթամշակութային պետական քաղաքականութեան նախահիմքն են այսօր, եւ դրանց լուծման առաջին հասցէն Հայաստանի Հանրապետութիւնն է։
  • Մինչդեռ հայրենի կրթական համակարգում արեւմտահայերէնը խորթ ազգականի կարգավիճակ ունի, եւ մասնագէտը՝ բանասէրն ու ուսուցիչը, օտարուած են նրա իրական ճանաչումից։ Համալսարանների մասնագիտական բաժիններում յատկացուած է անբաւարար ժամաքանակ։ Ուսուցիչը, լեզուական որեւէ պատրաստութիւն չստանալով, մտնում է դպրոց, անցնում արեւմտահայ հեղինակների։ Արդիւնքներն առաւել քան տխուր են՝ վա՜տ գիտենք այդ գրականութիւնն ու լեզուն։
    Դեռ խորհրդային ժամանակներից արեւմտահայ մշակոյթի իւրացումը մեզանում, բոլորս գիտենք, բաւարար չի եղել։ Հարցին մենք մօտեցել եւ այսօր էլ մօտենում ենք իբրեւ արեւելահայեր՝ խանդով ու մրցակցութեան հովով։
  • Ուղղագրութեան երկընտրանքի բազմաչարչար խնդրում անհանդուրժողութիւնը, թւում է, անցել է ամէն սահման, որովհետեւ Մեսրոպեանի դէմ պայքարը վերաճում է արեւմտահայ մշակոյթի դէմ ակամայ արշաւի։ Բանն այնտեղ է հասել, որ երբ դասական ուղղագրութիւն են ասում, հասկանում են արեւմտահայ լեզուական իրա-կանութիւն։ Յարմար է թւում «մոռանալ», որ այն Թումանեանի, Տէրեանի գիրն էր նաեւ, իսկ նրանք արեւելահայեր էին։

Պէտք է յարգել այն գիրը, որի պորտալարով է կապուած ազգային արմատին սփիւռքահայը։ Փրթեց այսօր այն, վաղն արդէն փրթելու է կապը Հայրենիքի հետ։
Գիրը բոլորինս է։
Ահա այս պայմաններում է, որ կրթամշակութային դաշտում մենք փորձում ենք ելքեր գտնել, գալ համազգային յայտարարների, ծառանալ արեւմտահայ կրթական, լեզուական մշակոյթի օտարման դէմ, որոնք տանում են կրթական համակարգի քայքայման, իսկ քիչ վերջ նաեւ փլուզման փաստին։
Մենք նախընտրում ենք լեզուամշակութային պաշտպանութեան աշխատանքը, երկխօսութեան ճանապարհը։
Արեւմտահայութիւնը կայ, արեւմտահայ լեզուն ու մշակոյթը՝ նոյնպէս։ Ուրեմն մեր պետութիւնը մնում է նրանց յարատեւութեան երաշխաւորը՝ ճիշդ այն բժշկի նման, որ վատթար վիճակի մէջ գտնուող հիւանդի փրկութեան համար հաւատով անում է անգամ անհնարինը։
Ի՞նչ ենք առաջարկում։
Համաժողովի սեղանին ենք դնում գործնական առաջարկութիւնների մեր տեսլականը։ Այն, մեր կարծիքով, պիտի նպաստի, որ Հայրենիքի եւ Սփիւռքի միջեւ համագործակցութիւնը վստահութեան հուն մտնի։
Կարեւոր է գիտակցել, որ կրթական այս առաջարկները բխում են համազգային պետական շահերից։

1. Պէտք է իրագործել Սփիւռքի պետական մարմին ստեղծելու նախկին մտադրութիւնները՝ ԱԳ նախարարութիւնից շատ գործառոյթներ ստանձնելով։ Արեւմտահայագիտութեան զարգացման գլխաւոր միջավայրը Հայաստանի Հանրապետութիւնն է, որը իրեն համարում է համահայկական լեզուական եւ կրթամշակութային արժէքների ժառանգորդ եւ տէր։ Պետութիւնը ապահովում է արեւմտահայագիտութեան զարգացումը, տէր կանգնում հայեցի կրթական միասնականութեան ծրագրի ստեղծման ջանքերին։

2. Առաջարկում ենք ստեղծել Արեւմտահայագիտութեան եւ Սփիւռքագիտու-թեան հետազօտական ինստիտուտ ՀՀ ԳԱԱ համակարգում, որը մշակում է ռազմավարական նշանակութեան ծրագրերը։ Տարիներ առաջ մեր այդ առաջարկը պաշտպանել է ՀՀ ԳԱԱ Նախագահութիւնը։

3. Առաջարկում ենք ստեղծել Հայաստանում Արեւմտահայ Մանկավարժական Պետական Բարձրագոյն Ինստիտուտ, որի գործունէութիւնը նպատակաուղղուած է Սփիւռքի կրթական գործունէութեան համակարգի կազմակերպման՝ գիտաուսումնական նոր, միասնական բովանդակութեամբ։ Պետական ռազմավարական առաջնային քաղաքականութիւն դիտել արեւմտահայ կրթական միասնական ծրագրի ստեղծումը։
Ինստիտուտի առաջնահերթ խնդիրն է Սփիւռքի համար ուսուցչական կադրերի պատրաստութիւնը։ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնն առաջարկում է վերապատրաստութիւնից անցնել եռամեայ պատրաստութեան, որի անհրաժեշտութիւնն այսօր զգում են Սփիւռքում եւ Հայաստանում։ Գաղափարը պաշտպանում են ՀՀ ԿԳ եւ ԱԳ նախարարութիւնները։

4. Պետութիւնը հնարաւորութիւն է տալիս ուղղագրութեան երկու տարբերակների ազատ, զուգահեռ գործածութիւն Հայաստանում։ Ուղղագրութիւնը միայն ձեւ չէ, ոճ է եւ մտածողութիւն, ուստի ուղղագրութեան գործածութեան ընտրութեան հանդէպ անհանդուրժողութիւնը պետութիւնը համարում է մարդու ազատ արտայայտման իրաւունքի ոտնահարում։

5. Ազգային մշակութային համախմբման առումով մենք առաջարկում ենք ստեղծել «Համահայկական» ելեկտրոնային շաբաթաթերթ՝ դասական ուղղագրութեամբ, որի թերթային տարբերակը միաժամանակ կարող է լոյս տեսնել Հայաստանում, Սփիւռքի հայահոծ օջախներում (համապատասխան օտարագիր ամփոփագրերով)՝ արտայայտելով հայոց պետականութեան, քաղաքական տնտեսական, մշակութային շահերը, լուսաբանելով Հայաստանի կեանքը, համախմբուածութեան մղելով հայութեան հաւաքական ուժերը։ Ժամանակակից բարձրագոյն տեխնոլոգիաների համադրմամբ, համացանցի բազմալեզու էջերի հմուտ կիրառութեան շնորհիւ՝ թերթի գոյութեան իրաւունքն ու նպատակն արդարացնելու են միջոցները։

Առաջին անգամ համայն հայութիւնը միասնական տեղեկատուական դաշտ կունենայ՝ գիտակցելով միաբան ազգային կեանքի առաւելութիւնները։ Օտարախօս թէ հայախօս՝ հայը շահագրգիռ վերաբերմունքով կը հասկանայ, որ հայակերտման մէկ օղակն է ինքը, ուստի աւելի կը կապուի երկրին՝ գործելով ազգային իրադարձութիւնների կիզակէտում։
Ըստ էութեան, թերթը կը դառնայ համազգային հզօր կառոյց, ինչը օրակարգի խնդիր է։

ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ
(ՀԱՅԱՍՏԱՆ, «Սփիւռք» գիտաուսումնական Կենտրոն)