ՅԱԿՈԲ ԱՂԱ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ

ՅԱԿՈԲ ԱՂԱ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ

Հողի հետ դաշինքի ասպետները ...

Նրանք նոյն զարմից էին՝ ուրֆացի հողագործների զաւակներ Յովսէփն ու Յակոբը։ Նրանց ծնողների՝ բնաշխարհից փրթած տարագրի ոդիսականը աստուածաշնչեան հերոսների ճակատագիր բերեց որդիներին. թէեւ հեռու էին տարածութեամբ, հոգեբանութեամբ, թէեւ առանձնանում էին սրտի տրոփի տարբեր զարկերով, սակայն իրականում նրանք համանման բնութագրեր ունէին՝ յատկանշւում էին «տարօրինակ, անհպելի» հպարտութեամբ, նպատակներին կառչուն յամառութեամբ, նախայարձակ գծերով։ Տեղը գար, կոպտութիւն, ատամ էին ցոյց տալիս, ըստ էութեան, ունէին այն, ինչ ժառանգել էին ծնողներից։ Եւ դա կողմնորոշում էր, իրենց հա՜յ էր պահում, Շ. Շահնուրը կ'ասէր՝ «խածնել սորված էին»։

Ուրեմն այդպէս կ'ապրէին։ Նաեւ այդպէ՛ս հասան դիրքի եւ ազդեցութեան։
Խորունկ էր նրանց նուիրուածութիւնը ծնողների աւանդներին, որոնց շնորհիւ պահեցին լեզու ու ազգային խորհուրդ։
Գրում եմ՝ պահեցին, ու մտածում եմ՝ գուցէ սխալ եմ։ Նրանք դիմացան միջավայրի բարքերին, կլանիչ ձայներին, ասել է թէ՝ պահեցին ինքնութի՛ւն՝ «լեզուէն ու խորհուրդէն անդին», տեսա՛կ պահեցին։ Նրանք դիմացան «հեռացող» կարօտներին։

Յովսէփը, օրինակ, հասաւ Ատլանտեանի հարաւային ափերը, եղաւ ՀԲԸՄ կարկառուն գործիչներից մէկը։ Նրանից տասնեակ տարիներ Յակոբը լուր չունէր. կապ բոլորովին չկար, թւում է՝ սառել էին ազգակցական զգացումները, ամէն մէկը իր բաժին կռուի, իր բաժին բախտի հետ էր։
Եւ եթէ խոնարհւում էին, ապա՝ միայն հողին։ Ուղի՛ղ իմաստով։ Յովսէփն ու Յակոբը նախնական սիրոյ թելադրութեամբ աշխարհի տարբեր ծայրերում շարունակեցին տոհմիկ հողագործի մասնագիտութիւնը։ Յովսէփը այսօր էլ յիշում է, օրինակ, հօր՝ Դանիէլի խօսքը՝ «Հողը չէզոք է, որդի՛ս, նրա համար կարեւոր չէ, թէ դու ով ես։ Հողը բացում է իր ընդերքը՝ գաղտնարանները միայն նրանց, ովքեր հասկանում են իր լեզուն։ Հողը սիրում է նրանց, ովքեր նուիրուել գիտեն, հողի վարձատրութիւնն անկշռելի է այլեւս... Հողը, գիտցի՛ր, Յովսէ՛փ, քեզ կը խոնարհուի, որտեղ էլ լինես»։

Հայրական խօսքը պատգամ էր. հաւատաց Յովսէփը ու ընտրեց Պուէնոս Այրէսից դէպի հիւսիս 250-300 մղոն հեռու Պերգամինօ ագարակը, իսկ Յակոբի հայր Դանիէլը Հալէպից 1920-ին հեռացաւ դէպի սուրիական ծայրամասերից Այն Արուսի դաշտը, որտեղ եւ, ի դէպ, ծնուեց ինքը սրանից ճիշդ 75 տարի առաջ, 1930-ին, որի խանձուած հողին այնուհետեւ ինքը խառնեց իր ծնողների արիւնը։
Օտար ու չէզոք հողը խոնարհուեց երկու հայորդիների առջեւ։ Լոյսից ծանրացած հասկեր աճեցին, որոնք բարձր ցօղուն ունէին, կարօտի մեծութեամբ բարձր ցօղուններ։ Հողը «չէզոք էր», անտարբեր՝ սերմնացանի երազներին, բայց հունձքը իրե՜նցն էր, ինչպէս իրենցն էին հին երազները՝ Եդեսիայի երկնքի նման կապո՜տ, կապո՜յտ ...

Յակոբն առանձին հպարտութիւն ապրեց 2004-ին, երբ Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրաւէրով իրեն Սփիւռքի լաւագոյն գիւղատնտեսների շարքում հրաւիրեցին համաժողովի, փորձի փոխանակման։ Իսկ հպարտանալ արժէր՝ իրեն գնահատում են հայրենիքում, իր կարծիքի հետ հաշուի նստում։ Ասելու բան քչախօս Յակոբը Երեւանում, յամենայն դէպս, կ'ունենար։ Ամենակարեւորը՝ իր հետ հայրենիք տարաւ Թել Աբիաթի՝ գիւղի շուրջ յիսուն հայ ընտանիքների, իր ջանքերով գործող Խորէնեան տարրական վարժարանի ուսուցիչ-աշակերտների մաղթանքները։ Չէ՞ որ վաղը նրանց պիտի վստահի իր մշակած հողը ...

Հալէպցի ճանաչուած մանկաբոյժ Պետրոս Դարակճեանը 2004-ի Սեպտեմբեր ամսին ընդառաջեց իմ ցանկութեանը՝ լինելու Թել Աբիաթում։ Երբ հասնում էինք գիւղ, որոշեցինք անմիջապէս դպրոց ու Ս. Խաչ եկեղեցի մտնել, ուր մեզ արդէն սպասում էին։
Դիմաւորելիս՝ երեխաները ջանասիրաբար երգեցին «Հայր մեր»ն ու Հայաստա-նի օրհներգը ու անթաքոյց, ծաւի աչքերով ծիկրակում էին հիւրին։ Ինչ-որ բանի էին սպասում։ «Այնքա՜ն քիչ են Հայաստանից հիւրեր գալիս», - զսպուած, բայց արդար դժգոհութեամբ նկատեց Յակոբ աղան։ Գոհ էր, որ գոնէ ես եկե՜լ եմ ...
Միայարկ փոքրիկ դպրոցն այսօր ղեկավարում է կորովի երիտասարդ Արմէն Արամեանը։ Ուսուցչուհի կինն էլ է իր հետ։ Տնօրէնը պատմում էր Յակոբ աղայի անվերջանալի նախաձեռնութիւնների մասին, իսկ վերջինս յաճախ անգամ չոր ձեւով ընդմիջում էր ու խօսքը տանում տարրականի հինգ կարգերի յարուցած հոգսերի ուղղութեամբ։

Իսկապէս որ, արժէր ունկնդրել. դպրոցը ուսուցիչ չունի, էլ ո՜ւր մնաց որակեալի մասին մտածեն։ Դպրոցը դասագրքի պակաս է զգում, մեթոդական ձեռնարկներ չունի, միջոցները, եթէ կան էլ, միջին կարգի դասարանների համար որակ չեն ապահովում։ Տարրականի աւարտին, երբ երեխաները հայերէնի նրբութիւններին նորնոր են հասու դառնալ փորձում, Յակոբի հոգին դառնանում է՝ աչքերը արցունքով են լցւում, քանի որ գիւղում սրանով աւարտւում է ամենայն հայկականը, այսուհետ այս երեխաները լաւագոյն դէպքում պիտի գնան արաբական վարժա-րանններ։ «Նայի՛ր սա պայծառ աղջիկներուն՝ Փաթիլը, Նաիրին, Մեղրիկը Մարալը, - դիմեց ինձ, - այս տարի կ'աւարտեն Ե. կարգը, ի՞նչ կ'ըլլայ ասոնց վիճակը։ Ես չեմ կրնար փրկել անոնց վաղուայ հայեցի օրը»։

Քիչ անց եկեղեցու նստարանների վրայ մանկական աղմուկ բարձրացրած անհոգ մանուկներին ցոյց տալով՝ Յակոբ աղան անակնկալ հարցրեց.
- Ապա, սիրելի՛ պարոնս, ուշադրութիւն դարձուր առաջին շարքը նստած այս տղոց, Բալիկ, Յովհաննէս, Սեւակ, Գէորգ, նոր նոր դպրոց կ'երթան ասոնք, - տղաներն անհանգիստ շարժումներ էին անում տեղերում, իսկ դաստիարակը մեղմօրէն սաստում էր, - որքա՞ն ատեն կը պաշտպանեն իրենց Եազմաճեան, Գույումճեան, Շնոֆորեան Քէշիշեան, մականունները։ Կ'ուզես՝ դիմիր իմ ուսուցիչներուս։ Ահա Արմէնը, Սիլվան, Անին, նաեւ Նաիրին՝ պարտէզէն։ Այս խնդիրը դժուար լուծելի կ'երեւայ ինծի, ի՞նչ ընեն, ըսէ՛։ Կ'ըսեն՝ Հայաստա՜ն...։ Մեզի՝ արեւմտահայերուս Հայաստա՞ն պիտի փրկէ։ Անլուծելի՛ն աս է արդէն։ Այս վիճակներով վարժարան ու եկեղեցի կը պահենք, բայց՝ որքա՞ն ատեն։

Բժիշկ Պետրոսը փորձեց մեղմել գոյները, բայց փաստն է այդ՝ ունենք տխո՜ւր, միակտուր իրականութիւն, մի՛ տարի չէ, տա՛սը տարի չէ, քառո՛րդ դար չէ։ Ես յիշեցի Ռոպէր Հատտէճեանի յայտնի խօսքը՝ «Ծառը արմատէն փրթած է, տեսնենք՝ որքան ատեն անոր տերեւները կանանչ պիտի մնան»։
Յակոբ աղան յուզուեց, երբ ասացի, որ իրեն փնտռել եմ հենց զարմիկի՝ Յովսէփ Եուսէֆեանի յորդորով, որն իր լաւագոյն բարեկամներից ու խորհրդատուներից է։


- Այնպէս որ, Յակո՛բ աղայ, իրե՛ն պարտական ես իմ այս այցի ու քու հնհնուքի համար։ Յակո՛բ, կը յիշե՞ս, ֆրանսացի գերազանց դերասան մը կար՝ Ժան Գաբէն։ Նրա դէմքն արդէն բարութեան խորհուրդն էր։ Յովսէփը նման է իրեն։ Եւ թէեւ դու քիչ մը տարբեր ես, կարծես աւելի նիհար տեսակն ես, բայց բարութեան ուրուագիծը հասարակաց է։ Գրաւի կը գամ, որ երկուքիդ ճանչցող իւրաքանչիւր մէկը պիտի ըսէ՝ եղբայրնե՜ր են։
Սրտանց ծիծաղեցինք, բայց Յակոբ աղայի յուզմունքը խորացաւ։ Ապա բաժակն ու տեղական հինաւուրց գինին, որ ձեռքերի մէջ էր, շփոթ վիճակում վստահեց Պետրոսին, որին ինքը սիրում էր փոքր եղբօր պէս (երբ դա ասում էր, կարծես ինքն իր համար պնդում էր՝ «Ատոր իրաւունքը ունեմ, իրաւո՜ւնքը ունեմ»), ու սահեց սենեակ։ Երկար թւաց ընդմիջումը։ Վերադարձաւ՝ խունացած լուսանկարներ ձեռքին։
- Նայի՛ր, Սուրէ՛ն աղայ ...
- Դո՞ւ ես ... Իսկ այս մէկը ...
- Յովսէ՜փն է անպայման, - ժպտաց Պետրոսը։
- Երկուքդ ալ կը սխալիք։ Յովսէփին ու իմ հայրերն են։
- Ի՜նչ նմանութիւն ...
- Ապա՜... աւելին, երկուքին անունը հարցուր մէյ մը։ Երկուքին ալ Դանիէլ կը կոչէին, - յաղթականօրէն եզրափակեց խօսքը Յակոբ աղան ու պատմեց իր ու Յովսէփի վերջին հանդիպման մասին։
Ընդհանրապէս արեան վազքը Յովսէփի եւ Յակոբի ենթագիտակցութեան մէջ արթուն էր կարօտից բխած տառապանքի տեսքով, սակայն անակնկալ բան կատարուեց 2003-ից այս կողմ։ Արեան վազքը արագացաւ...
Այս անգամ խօսողը Յակոբ աղան էր, որին վարանում էի ընդհատել ասելու համար, որ Յովսէփի մասին ութ տարի առաջ Հայաստանի կենտրոնական թերթում ակնարկ եմ գրել, այսինքն՝ կարող եմ գլուխ գովել, թէ քիչ ու միչ ճանաչում եմ նրան։
Յովսէփ Եուսէֆեանը երկարատեւ ընդմիջումից յետոյ անակնկալ որոշել էր այցելել Հալէպ եւ, շատերի համար անսպասելի, հալէպցի բարեկամներից հետաքրքրուել էր Յակոբի մասին։ «Աղա՞ն կ'ուզէք, - քաղաքավարութեամբ հարցրին նրան ճանաչողները, - Յակոբ Աղայ Սաղաթելեա՞նը։ նա Թել Աբիաթ է։ Փորձէք ձեռքի հեռաձայնով»։

Փորձել էր։ Գտաւ, պայմանաւորուեցին, ու գնաց, աւելի ճիշդ, գնացին, կինը՝ Մարիան, հետն էր։ Գնացին, թէեւ Հալէպից Հարաւային Ամերիկա վերադարձի իրենց թռիչքին հաշւուած ժամեր էին մնում։ Այնուհանդերձ, նրանք կտրեցին աւելի քան 250 մղոն տարածութիւն, հասան այն սահմանը, ուր գծւում է Թուրքիայի բաժանիչ տարածքը Սուրիայից ու Իրաքից։ Այստեղ օտարականը կարող է չտարբերել արաբին քրդից ու թուրքից, բայց ո՛չ հայը, ո՛չ Յովսէփի կամ Յակոբի նման անձինք։ Խուլ ու մեկուսի Թել Աբիաթում, շատ այլ խեղճ գիւղերի նման, մաքսանենգութիւնը գոյութեան նուազագոյն, յաճախ նաեւ եզակի միջոց է, ինչպէս շատ երկրներում։

Յովսէփն ու Մարիան հասան Թել Աբիաթ՝ համեմատաբար խոշոր Այն Արուսին շատ մօտ, ուր Յակոբի ծնողները՝ իր կնոջ հարազատները, դեռ 30ական թթ. եկեղեցի են կառուցել, տէ՛ր կանգնել հայկական դպրոցի վեհերոտ քայլերին, անձնազոհ այլ քայլերով պարբերաբար առաջացրել սուրիահայութեան տարբեր շրջանակների հիացմունքը։

Սկզբում, երբ պատանի էր, Յակոբը զարմանում էր, թէ ինչու ծնողները մնացին Այն Արուսում՝ թողած հայաբոյր ու աղմկոտ Հալէպը, որը հին հռովմէական աշխարհի խաչմերուկների վրայ էր։ Յետոյ միայն տարիքն ու փորձը նրան յուշեցին, որ ծնողների համար 1920-ից ի վեր Այն Արուսը խաղաղ ու աննշմար աշխարհ էր, այնպիսի երկիր, ուր աննշան սահում անցնում է նաեւ քո կեանքը։ «Այդպէս էլ պիտի ապրես, - կարծես ունկերում լսում էր հօր պատգամը, - որ մեռնելիս էլ հեռու չմնաս, լուծուես այդ հողի մէջ, տարածուես, բոյր տաս հողին։ Այն անպայման անուշնալու է քեզնով, եթէ արդար մարդ ես եղել կեանքում, ի հա՛րկէ, եթէ սիրել ես հողը»։
Հանդիպեցին, թեյ խմեցին ու խոստովանեցին, որ ոչինչ չհասկացան հանդիպումից։ Դեռ նոր պիտի ծաւալուէր զրոյցը։ Նեղացաւ, անշո՛ւշտ, Յակոբը ժամանակի «քչութեան» համար մեղադրեց Յովսէփին։ Դժկամութեամբ ճանապարհեց «կորսուած» բարեկամներին։ Չհասցրին մեծարել երկու Դանիէլներին։

Ու բաժանուեցին Յակոբն ու Յովսէփը այն նոր գիտակցութեամբ, որ Հողն է տնօրինում իրենց ճակատագիրը, որն աւելին է, քան որեւէ այլ բան երկրի վրայ, հողը, որ լեզու է, կեցութիւն ու խորհուրդ։ Հողը, որ շաղախուած է հայրական արեամբ՝ ե՛ւ Պերգամինոյում, ե՛ւ Այն Արուսում։

... Նոյն զգացումներով հեռացայ ես Թել Աբիաթից՝ բեռնաւորուած հողի երկու ասպետների նկատմամբ սիրով։