ՅՈՎՍԷՓ ԵՈՒՍԷՖԵԱՆ

ՅՈՎՍԷՓ ԵՈՒՍԷՖԵԱՆ (1922-2008)

«Հայրենիքին միշտ պիտի տաս, երբեք չպահանջես»

Օտարութի՛ւն, հազար հազարներին «օթեւա՛ն» դարձած օտարութիւն: Դո՛ւ, որ քո գիրկն ընդունեցիր մահից մազապուրծ հայ զաւակներին, միեւնոյն է, ինչքան էլ հիւրընկալ ու տաք, չես կարող սպեղանի դառնալ բոլոր նրանց, որոնք պարտադրուած գաղթեցին ու սփռուեցին աշխարհի ամենատարբեր անկիւններ:

Քաղցր են հայրենիքն ու ծննդավայրը, թանկ են յիշողութիւնները: Հայրենիքի հանդէպ ունեցած կարօտն ու ձգտումը չունի չափման որեւէ սահման: Օտարութեան արեւը, որքան էլ այրող, չի ջերմացնում, մանաւանդ Արգենտինայում:
Ովքեր եղել են Հայաստանում, ցանկանում են նպաստել նրա դժուարին վերել-քին: Հայրենիքում ենք թէ Սփիւռքում, կարեւոր չէ, պիտի կարողանանք միասնութիւն պահել փոքր թուացող բռունցքներում:
«

Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը վաղուայ համար մտահոգ բարեկամ ընկերների մեծ խումբ ունի, որոնց շնորհիւ համոզւում ենք, որ Սփիւռքը հզօր ուժ է, յենարան: Յովսէփ Եուսէֆեանը նրանց մէջ առաջիններից է՝ նուիրական բարեկամ, որն առաջին իսկ օրից ի յայտ է բերել բնաբուխ պատրաստակամութիւն՝ սատարելու Հայաստանում արեւմտահայ կրթութեան մեր նախագծերին։
Բարեկիրթ, համակրելի, աշխոյժ եւ զրուցասէր՝ նա երբեք չի զլացել կարելին տալ։ Կենսախնդութիւն, կրակ կայ նրա երակներում։ Անսահման է դէպի Հայաստանը իր գիտակից ծառայութիւնից բխած ջերմութիւնը:

Ծնուել է 1921 թուականին Ուրֆայում: Երկու տարեկան էլ չկար ինքը, երբ ըն-տանիքը, փախչելով ազգամիջեան նոր բախումներից, պատսպարւում է Հալէպում։ Մանուկ Յովսէփն այստեղ յաճախում է Հայկազեան վարժարան, մի որոշ շրջան էլ՝ ֆրանսական Մարիսթների միջնակարգ դպրոց։ Ուսման փափաք կար, ու թէեւ չկարողացաւ շարունակել, սակայն հօր շնորհիւ գիտակցեց կրթութեան յարգը:

Վաղ հասակից ընտանիքով անցաւ Արգենտինա: Մօրեղբայրները վաղուց էին այստեղ հաստատուած։ Սկզբնական շրջանում մասնակցում էր տեղի նորակազմ «Կոմիտաս» երգչախմբի ելոյթներին, դարձաւ եկեղեցու «պայծառութեան յանձնախումբի» անդամ։ Եղբայրը՝ Սուրէնը, վկայում է, թէ «...Կիրակի օրերը պնակին առջեւը կը կենար՝ մեր հօրը տեղը զբաղեցնելով յաճախ։ Իր գործունէութեան համար, ուշ ատենին, տասնամեակներ ետք, երբ արժանացաւ հայրապետական բարձր ուշադրութեան՝ Վազգէն Ա.ի կոնդակներուն, ինչպէս նաեւ Ս.Գրիգոր Լուսաւորիչ շքանշանի, կը յիշէ՞ր իրեն մանուկ շրջանին, երբ պնակին առջեւը կը դողար»։

Պուէնոս Այրէսում Յ. Եուսէֆեանն իր աշխատանքն սկսեց ընտանեկան խանու-թից։ Լցուած լինելով եռանդով՝ ջանք չէր խնայում եւ վաստակում էր ըստ իր նուիրումի: Քաղաքում գործում էր ընդամէնը մէկ դպրոց: Նա յարեց ռամկավարական շրջանակին եւ նրանց հետ լծուեց հսկայական աշխատանքի՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան շէնք կառուցելուն։ Եւ կառուցեցին: Միութեանը կից բացուեց «Մարի Մանուկեան» կրթական հաստատութիւնը՝ նախակրթարանով, տարրական, միջին եւ աւագ դպրոցներով, որն անխափան գործում է արդէն 33 տարի:

Յովսէփ Եուսէֆեանը երեք անգամ ընտրուել է Բարեգործական Միութեան մասնաճիւղի նախագահ։ Նրա ղեկավարութեան շրջանում համայնքը մշակութային նոր շունչ առաւ. յաճախակի դարձան հայրենի արուեստագէտների այցելութիւնները Պուէնոս Այրէս:

Յ. Եուսէֆեանն այն բարերարներից է, որոնց ներդրումները կապւում են դպրոցների եւ եկեղեցիների վերակառուցման, ուսուցիչների վերապատրաստութեան, գրքերի հրատարակութեան հետ:

Յետագայում Յ. Եուսէֆեանը նշանակուեց Բարեգործականի Կեդրոնական Վարչութեան Հարաւային Ամերիկայի ներկայացուցիչ՝ գործօն ու աշխոյժ յարաբերութիւն հաստատելով Բարեգործականի միւս մասնաճիւղերի հետ։

Ուսանելի է մի պատմութիւն, որ Յ. Եուսէֆեանը չի մոռանում։

Երբ Բարեգործականի տեղական վարչութեան ատենապետն էր, նրան է մօտենում ծեր մի մարդ, որն ատամնաշարի հետ կապուած խնդիրներ ունէր, եւ փոխանցում երկու ոսկէ սթեռլինգ:
- Ինչո՞ւ, պարոն, - հարցնում է Եուսէֆեանը, - Դուք փողը պահեցէ՛ք, գործածցէ՛ք Ձեզ համար:
- Ո՛չ, տղա՛ս, - պատասխանում է ծերունին, - Բարեգործականը շատ աւելի կարեւոր գործեր ունի: Ես ամբողջութեամբ վստահում եմ Ձեզ։ Խնդրե՛մ, ստացէ՛ք գումարը. ես այս ձեւով ուզում եմ մասնաւոր շնորհակալութիւնս յայտնել այս կազմակերպութեան այն անդուլ հոգատարութեան դիմաց, որ ինծի համար որբանոցին մէջ օգտակար եղած են, որ չզգամ ծնողքիս բացակայութիւնը։ Ասով ես կ'ուզեմ օգտակար ըլլալ: Այն, ինչ Բարեգործականի առաջնահերթ խնդիրն է, նաեւ իմս է, գիտցած եղէ՛ք։

Այսօր էլ, երբ Բարեգործական Միութիւնը կարեւոր հարցեր է քննարկում կամ եթէ Միութիւն այցելում են պաշտօնական հիւրեր, որպէս խորհրդական, որպէս բա-նիմաց եւ խօսքաշէն մարդու, անպայման հրաւիրում են պարոն Յ. Եուսէֆեանին։

Յովսէփ Եուսէֆեանը քանի՜ - քանի անգամ այցելել է Հայաստան։ Երկի՛ր է եկել, տո՜ւն է եկել։ Սէրը Հայրենիքի նկատմամբ անբաժան է նրանից:

Դժուար է վերապատմել այն յուզմունքն ու ուրախութիւնը, որ սրտում ամբարած՝ վերադառնում է Արգենտինա, պատմում ու պատմում համայնքին հայրենիքի մասին:

Յովսէփ Եուսէֆեանն իր Մարիա կողակցի հետ միասին ունի երեք զաւակ եւ 7 թոռ, որոնց փոխանցել է իր մեծ հայրենասիրութիւնը՝ աւելի շատ գործով, քան խօսքով։ Նրանք նոյնպէս տարբեր առիթներով եղել են Հայաստանում՝ ոմանք կամաւոր աշխատանքով, ոմանք՝ գործնական ձեռնարկով:

Յովսէփը իր յոյզն ու նուիրական իղձերը կապել է երեք զաւակներից դստեր՝ Ռոսիթա Եուսէֆեանի հետ, որը, հակառակ երիտասարդ տարիքին, քաջ յայտնի մանկավարժ է ողջ Սփիւռքի տարածքում:

Բաւական է նրանց միասին տեսնել, եւ արդէն պարզ է, որ հայր ու աղջիկ են՝ նոյն անմիջական տաք խօսքը, հումորը, սուր դիտողութիւնները:
Ռոսիթան մեզ պատմեց իրենց ընտանեկան մի գեղեցիկ աւանդոյթի մասին. «Ամէն Կիրակի հաւաքւում ենք հայրիկիս տանը՝ քոյրս, եղբայրս, մեր զաւակները: Սիրում եմ այդ օրերը: Այնքան յոգնում ենք բոլորս մեր բազմազբաղ առօրեայից, որ մեզ ընձեռուած այս հնարաւորութիւնը՝ հաւաքուել հայրական օջախի ներքոյ, շփուել հարազատների հետ, ոգեւորութիւն է առաջացնում եւ լիցքաթափուելու առիթ տալիս: Սիրում եմ հօրս անհամար կատակները, պատմական, կրօնական զրոյցները, որոնք առաւել հետաքրքիր են դարձնում իր ընկերակցութեամբ անցկացրած պահերը։ Երբ ներս ենք մտնում, ասում է՝ Բարեւ, հայերէ՛ն խօսեցէք: Սա նրա համար շատ կարեւոր է, եւ, անկախ այն բանից՝ միայն մենք ենք տանը թէ հիւրեր ունենք, նա պարտադիր առաջ է քաշում ազգային խօսքուզրոյցի նիւթ, եւ տխրում ենք, որ երեկոն աննկատ մօտենում է իր աւարտին»:

Ահա այսպիսին է Յովսէփ Եուսէֆեանի դիմանկարը՝ միշտ անաւարտ, միշտ կարօտ նկարչի վրձինի գունային նոր հարուածին։

 


***

Պուէնոս Այրէսի հայ մտաւորականութեան նորագոյն սերնդի համար կենսախինդ, առոյգ Յովսէփ Եուսէֆեանը, հակառակ յառաջացած որոշ տարիքի, իրենց ազգային առօրեայի մասնիկն է, իրենց նախաձեռնութիւնների մղող ուժը, իրենց ինքնութեան բանալին։

Եթէ, պատահում է, ոմանք ճշդել են փորձում տարիքը, անմիջապէս էլ ընկրկում են՝ յախուռն Յովսէփը մի պահ շփոթի է մատնում նրանց, բայց յետոյ մեղմում՝ բացատրելով, թէ իրական տարիքը չափել պէտք է գործի հանդէպ վերաբերումով, ժամանակի հանդէպ պատասխանատուութեան գիտակցումով։

«Իւրաքանչիւր տարեշրջան իր հմայքը ունի, հարց է, թէ մենք ատենին հա՞շտ մնացած ենք մեր ապրած ժամանակի հետ։ Ղովտի ընտանիքի պատմութիւնը օղ ըրէ ականջիդ՝ եթէ ետ նայելու վարժուած ես, մե՜ղք, կը նշանակէ թէ կորսնցուցած ես վաղուայ օրդ։ Հո՛ն է Հայաստանը, վաղուայ արեւուն շողերու տակ։ Ապրի՛ր վաղուայ օրուան համար»։

Իրականութիւնն այն է, որ Յովսէփ Եուսէֆեանին տարիների նկատելի բեռը այդպէս էլ չի կորացրել նրա ուսերը. իր ողջ կեանքում սիրել է կրել ծանրութիւն եւ, որ կարեւորն է, իրական ծանրաքարեր։ Այնպէս տանել, որ կողքից քայլողը չզգայ դա։ Միշտ մտածել է՝ իսկ միւսների համար դիւրի՞ն է, ո՞վ պիտի ուրիշի բեռան տակ մտնի։

Պատահեց այնպէս, որ առաջին անգամ հանդիպեցինք իր յոբելեանի նախօրէին։ Բայց անտեղեակ էի այդ «մանրամասնին», եւ այդ պատճառով մեր տեւական զրոյցները ոչ յոբելենական էին։ Երբ իմացայ, նեղուեցի, յետոյ խորհեցի, թէ լաւը գուցէ դա էր, քանի որ տօնականութեան կնիքը կաշկանդելու էր երկուսիս։ Իսկ ինքը մանկավարժութեան կռահման շնորհով աշխատում էր տարիքը եւ մեծութիւնը զգալ չտալ։

Իսկ հանդիպեցինք Պուէնոս Այրէսում, երբ գարունը աւարտուելու վրայ էր, արդէն Նոյեմբերի վերջերն էին, ու տեղացիները աճապարում էին օր առաջ խոյս տալ քաղաքի վերահաս շոգերից։ Ոչ ոք, անգամ ամենագէտ արգենտինահայը չգիտէր, որ 96-97-ի ամառը լինելու էր ամենաշոգը երկրի պատմութեան մէջ վերջին հարիւրամեակի ընթացքին։ Ընկերներս կատակում էին, թէ ես այդ ինչ եմ բերել հետս արեւաշատ Հայաստանից, որ այդպէս ազդել է արեւմտեան կիսագնդի հարաւի երկրամասի եղանակի վրայ։ Ես նրանց, ի հարկէ, չէի ասում, որ ցանկալի կը լինէր մի պուտ տաքութիւն տանել ձմեռնամուտի Երեւան, չէ՞ որ նոյն միջոցին հայրենի գլխաւոր քաղաքը պատրաստւում է դիմագրաւելու իր հերթական դժուարին ձմեռը։

Առաջ ընկնելով ասեմ, որ վերադարձիս, Յովսէփ Եուսէֆեանը գուշակելով ցրտի նկատմամբ զգայուն տագնապներս, վերախմբագրեց իր անակնկալ, բայց արդար յիշողութիւն պահող բանաձեւով՝ «Մի՛ վախնար, տղա՛ս, ճամպրուկիդ մէջ պուտ մը արեւ դրած եմ, ոչ այս երկրի, ոչ ալ Երեւանի, այլ Եդեսիայի։ Այս արեւը ձմեռ չունի»։ Եւ ճիշդ որ. այդ տարուայ ձմեռը, հայաստանցիներիս բախտից, ինչքա՜ն մեղմ եղաւ։ Տարիներն անցնում եմ, ու հիմա էլ չգիտեմ՝ պայուսակի՞ցս էր, Եդեսիայի՞ց թէ իր սրտից ...

Առեղծուա՜ծ է, կ'ասէք, ի հա՛րկէ, բայց առեղծուածն առանց սիրոյ, առանց ծննդավայրի ու վերադարձի հաւատի չի լինում։
Պուէնոս Այրէսի հայկական համայնքոււմ տեսակարար բարձր կշիռ բռնող կի-լիկեցիները անհաշտ մտերմութեան մէջ են՝ մարաշցին, հաճընցին, ուրֆայեցին ... «Ծննդաբանական» նախապատուութիւնների մշտական ընդգծումները ոչ այնքան հակադրուելու միտում ունեն, որքան յիշողութեան ծալքերում կորսուած ծննդավայրի, հայրենի եզերքի յարատեւող կարօտը բորբոք պահելու արթմնի ցանկութիւն։ Առաւօտուայ բարի լոյսի պէս։ Երբեմն հայերէնում դժուարախօս կիլիկեցիների ջանասէր պատուախնդրութիւնը ինձ ազգային ռոմանտիկայի արտայայտութիւն էր թւում։ Միայն տունդարձին խորութեամբ հասկացայ, որ դա հայ մնալու վերջին կենսակերպն է։ Իսկ եթէ այս ռոմանտիկան էլ նոյն պատրանքի շարունակութիւնը դիտենք, ապա Սփիւռքի հայից հայկական էլ ոչինչ չի մնայ ...

Այժմ Երեւանի իմ առանձնասենեակի մէջ կարդում եմ Յովսէփ Եուսէֆեանի կենսագրական «ժլատ» տեղեկագիրը. ծնուել է 1922-ին, ծննդեան վայրը՝ բարձրիկ պարիսպներով Ուրֆան, Տիգրան Մեծից եկող նոյն պատմական Եդեսիան, որ Հայկական Միջագետքի դրոշմն ունէր, Մեսրոպեան տառերի երկնումի սրբազան աւազանն էր, Կիլիկեան Հայաստանի մշակութային երփնագիրը ...

1918-ին հերոսական Ուրֆայի անկումից յետոյ 6 հազար գաղթականներ վերադարձան ծննդավայր, ուր մնացին մինչեւ 1922 թուականի աշունը։ Նրանց թւում էր Դանիէլը՝ հայրը։ Մէկ տարին չբոլորած Յովսէփն ընտանիքի հետ գալիս է Հալէպ։ Նախ, կարգում են հայկական նախակրթարան՝ լեզու ու պատմութեան դասեր ուսանելու համար։ Դա Յովսէփի համար բաւարար էր թւում ազգային ոգի պահելու ու յատկապէս Սուրէն եղբօր հետ«բաժնելու» համար։

Երեւի թէ ճիշդ էր այդ տպաւորութիւնը, քանի որ մինչ այդ մի ուրիշ դպրոց էլ հասցրին անցնել՝ մայրական անմնացորդ սիրոյ ճանապարհով ռազմի երգօրօրների, հերոսական դրուագների պատմութեամբ դաստիարակութեան դպրոցը։ Ա՜խ որքան պիտի ուզէին աննկատ յայտնուել Օսման պէյի սրահի մէջ ու ազատել հայորդի աղջիկներին, ա՜խ որքան պիտի ուզէին համբուրել այն հերոսուհու ձեռքը, որն առանց դողալու թաքցրած ատրճանակով դիմահար կրակեց դահճի վրայ, ու չթողնել, որ ընկնի ժանդարմների պատասխան կրակից ...

Մօր պատմութիւնները Յովսէփի նկարագիրն էին հիւսել այլեւս ամբողջ կեանքի համար ... Աստուածաշնչային Յովսէփին յար եւ նմա՛ն կենսագրութիւն։ Արդիւնաւո՛ր կենսագրութիւն։ Նման ճանապարհով, բայց ուրիշ մի բովանդակութեամբ կեանք նոյն նախակրթարանի նոյն նստարանից սկսեց Հովսէփի դասընկերը՝ մանկութիւնն աչքերում ծուարած վաղուայ բարձրաստիճան հոգեւորական, արդէն երջանկայիշատակ Շահէ Արք. Աճէմեանը, որը տասնամեակներ անց Երեւանի Պետական Համալսարանի համակարգում պիտի հիմնէր Աստուածաբանական բաժանմունքը։

Երազների հետ նրանք վառ պահեցին նաեւ իրենց ընկերութիւնը։

Հալէպում փոքրիկ Յովսէփը յաճախել սկսեց Մարիսթ եղբայրների հոգեւոր վարժարան։
1938-ին տասնվեցամեայ պատանին եղբօր հետ կտրեց ովկիանոսը եւ յայտնուեց Արգենտինայում։ Ի՞նչը բերեց նրան այստեղ՝ կամքը թրծելու վճռականութի՞ւնը թէ՞ անծանօթ, էկզօտիկ երկրի ձգողութիւնը։ Իսկ գուցէ նաեւ նոր երկրի՝ Ուրֆային բնակլիմայօրէն հոգեհարազատութիւնը, ինչի մասին շարունակ վստահեցնում էին աշխարհատես հայրենակիցները։

Դժուար է ասել։ Այսօր, տարիների հեռուութիւնից նա աւելի շատ հակուած է այն կոչել ճակատագրի քմահաճոյք, բայց անպայմանօրէն՝ բախտաւորութիւն։

Սիրեց նա այստեղի հողն ու ժողովրդին, կապուեց նրանց։ Իսկ քանի որ արդար երկրագործ էր նախնիների պէս, հողն էլ շռայլօրէն նուիրաբերուեց իրեն։ Հողի ու հողագործի աւանդական պատմութիւն՝ շաղախուած սիրով։

Շուրջ եօթը տասնեակ տարի այդ սէրը լցնում էր Յովսէփի ազգային էութեան ծալքերը։ Մեծ քաղաքից հիւսիս ընկած Պերգամինօ սեւահողային շրջանում նա ստեղծեց իր ագարակը, իր դաշտը, որտեղ հողը անձկութեամբ է սպասում փորձառու մշակին. «Հողը, երկիրն ալ կրնան խլել, բայց աշխատելուս բերկրանքը իմս է, ան ոչ մէկը կրնայ ինձմէ խլել։ Յաջորդ պահուն կը մեռնեմ։ Ճաշակի՛ր, խնդրեմ, այս միրգերը Հայաստանի համն ունեն», - ասում է նա, երբ անցնում էինք գիւղաքաղաքի կենտրոնական Հայկական կոչուող փողոցով, ու արքենի խնձորը՝ «Եդեսիայի կարմիր», մեկնում ինձ։

Յիրաւի, Աստուած վկայ՝ այդպէս էր. իր անծայրածիր դաշտում կանգնած՝ համտեսում էի Յովսէփի մշակած ու աճեցրած բարիքները՝ ժխորային անհանգիստ քաղաքից բաւական հեռու, ու մտքումս արագ կնքում, աւելի ճիշդ վերակնքում ագարակի անունը՝ Յովսէփաւան։

Պուէնոս Այրէսում քաջ գիտեն, թէ ի՜նչ հողագործ է Յովսէփը։ «Առաջինն է մեր մէջ, թէեւ ես իրմէ մեծ ըլլալով՝ թոյլ չպիտի տայի, - հպարտանում էր բանաստեղծ ու թարգմանիչ Խորխէ Սարաֆեանը, որը Չարենցին բարձրակարգ հնչեցրել է իսպաներէնով, - երկրորդը կարծես ես եմ ...Չգիտեմ՝ տխրեմ թէ՞ հպարտանամ։ Չէ, անկեղծ, հպարտանանք. ծննդավայրի մէջ հայրենական դաշտը անտէր է, հոս խնամուած է, տէ՛ր ունի, հրաշալի՛ »։
Միայն հողապաշտ չէ Յովսէփ Եուսէֆեանը. գրապա՜շտ է նաեւ ու ձեւակերպում է այսպէս՝ «Հայուն երկրորդ «հիւանդութիւնը» գիրքն է։ Ես ալ ունիմ այդ հիւանդութենէն։ Հայաստանի որդիներէն եմ»։ Պուէնոս Այրէսի իր ընդարձակ տանը նա իրեն շրջապատել է հայ գրոյ յիշատակներով՝ գրքե՜ր, գրքե՜ր ու նկարներ։ Առատութիւնն անգամ ճնշող է, քանի որ խճողում է բերել, սենեակի կանոնաւոր դասաւորումը դարձրել գրեթէ անհնարին։ Ասում եմ գրեթէ, որովհետեւ տիկնոջ՝ Մարիի ուշադիր աչքը միշտ Յովսէփից աննկատ ինչ-որ բան փորձում է յամենայն դէպս շտկել։
Յովսէփ Եուսէֆեանի հայաշունչ գործունէութիւնը սկզբից եւէթ եւ մէկընդմիշտ կապուել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան ծրագրերի ու իրագործումների հետ։ Այսօր նա առանձին յուզմունքով է յիշում հօրը, որի շնորհիւ իր համար յայտնագործեց համահայկական վիթխարի այս կառոյցը՝ իր «ծառայական կերպ»ի գլխաւոր ու միակ ցուցիչը։ Ժամանակին հայրը՝ Դանիէլ Յովսէփեանը Արաբունարի Հ.Բ.Ը.Մ.-ի հիմնադիրներից էր եւ ներգաղթի վարչութեան գործուն անդամ։ Յովսէփ որդին գնաց հօր երաշխաւորած ճանապարհով։ Տարիների ընդմէջէն Ալեք Մանուկեանի կազմակերպութիւնը դարձաւ հօրենական տուն, դարձաւ հայրենիքի մանրակերտ։ Այստեղ ամբողջական իր նուիրումը իրաւունք պիտի տար հպարտ յայտարաութեան՝ «Ես Հայաստանի՜ որդին եմ»։

Նա քաջ գիտակցում էր՝ Հայաստանը ծով էր, հայրը՝ գետ, որ հոսում էր դէպի ծով ու չէր հասնում, Հայաստանը ովկիան էր Հ.Բ.Ը.Մ.-ն՝ ծով, որ լցւում էր անհուն դարձնելով այն, ու չէր յագենում։ Հայաստանը հեռաւոր երկիրն էր, որ շունչ էր առնում այս ամէնով։

Փոքրիկ Հայաստան էր նաեւ իր ընտանիքը՝ հայախօս ու հայանուէր զաւակներով։ Հայաստան էր նաեւ իր մեծ ընտանիքը՝ «Մարի Մանուկեան» վարժարանը, որի կրթական ծրագրերը կեանքի կոչելու համար չխնայեց ուժեր, միջոցներ, հնարաւորութիւնների առաւելագոյնը։ Նա իր փայփայած մշակութային Հայաստանի կրթութեան ու մշակոյթի աշխարհին նուիրաբերեց Ռոսիթա դստերը, որն այսօր Սփիւռքի լաւագոյն ուսուցիչներից է՝ հայրենիքի հետ մշտարթուն կապերով, սիրով, անձանձիր ծառայութեամբ։ Նա այսօր «Մարի Մանուկեան» վարժարանի կրթական սիւնն է՝ գիտելիքներով, կազմակերպական ընդունակութիւններով, աշակերտների եւ իր ղեկավարած ուսուցչական անձնակազմի կայունացած սիրով։ Արդէն քանի տարի Ռոսիթա Եուսէֆեանը դասաւանդում է նաեւ Երեւանի Խ. Աբովեանի ան. Պետական Մանկավարժական Համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում վերապատրաստուող հայրենի ու սփիւռքահայ ուսուցիչներին։

1976 թ. Յովսէփ Եուսէֆեանին վստահեցին Հ.Բ.Ը.Մ.-ի շրջանային Վարչութեան ղեկավարութիւնը։ Իմաստուն ընտրութիւն էր դա. Պուէնոս Այրէսի մասնաճիւղի ատենապետը լաւագոյնս արտայայտեց արգենտինահայութեան հայրենաբաղձ ձգտումները՝ տասը տարի շարունակ կազմակերպութեան գործունէութիւնը շրջելով դէպի կրթամշակութային ածուները, դէպի հայեցի լինելութիւն, հնարաւորինս զերծ պահելով այն ներկուսակցական շահերի եւ շահարկումների յաճախանքից։

Նկատեցի՞ն իր ջանքերը ազգային համախմբման կոչող, մղող իր հանապազ ճիգերը։ Այո՛, նկատեցին, նաեւ արժանւոյնս գնահատեցին։ Յովսէփ Եուսէֆեանը դարձաւ նաեւ կամրջող օղակ արգենտինահայութեան եւ Սփիւռքի համայնքների միջեւ, արգենտինահայութեան եւ մայր հայրենիքի միջեւ։ Հպանցիկ նշենք, որ Հայաստան եկել է կառավարութեան եւ Վեհափառ Հայրապետի հրաւէրներով եօթը անգամ, ընդ որում՝ երեք անգամ արժանացել է երջանկայիշատակ Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նուիրական կոնդակներին՝ գաղութային բարձր ծառայութիւնների համար։ Ալեք Մանուկեանի առաջարկով եւ յորդորով 16 տարի անընդմէջ եղել է Հ.Բ.Ը.Մ.-ի Կեդրոնական Վարչութեան անդամ, մէկը այն եզակիներից, որոնք երեք անգամ անընդմէջ վերընտրուել են Վարչութեան խորհրդի կազմում։

Բարեգործականի՝ նրա տնօրինութեան տարիներին վեր խոյացաւ շինարարական մեծածաւալ համալիրը՝ հաստատութեան կրթական, մարզական, մշակութային ու ընկերային Կեդրոնը, որը հոյակերտ եւ ծանրանիստ շինութիւն է՝ այսօր արդէն ութ յարկից բաղկացած։

«Իմ գլխաւոր աշխատանքս մէկ անուն ոը միայն ունի՝ հայանուիրում», - անկեղծանում է նա։ Դա փոխել է կեանքի կշռոյթը, դարձրել նրան անուղղայ ռոմանտիկ։ Զաւակները՝ Դանիէլը, Ռոսիթան եւ Մարթան, եօթը թոռները ոչ միայն «հաշտուել են» նման «խենթ», բայց խստավարժ կեանքի սկզբունքներին, այլ նաեւ իրենք իրենց ապրելակերպի տարրերի մէջ այն դիտում են գերիշխող ու անհրաժեշտ։ Եւ պատահական չէ, որ թոռնուհիներից՝ Ագաթան, աւարտելով գիւղատնտեսական համալսարան, որոշեց իրագործել մեծհօր մեծ երազներից մէկը. «Պզտիկ ցանկութիւն մը ունէի, որ Հայաստանի մէջ տեսնէի թոռներս՝ ուսման ասպարէզի մը մէջ յառաջդիմելիս։ Չեղաւ, բայց անակնկալ մը պահուած էր ինծի համար՝ Ագաթան՝ Ռոսիթայի դուստրը, օր մը ըսաւ, որ Հայաստան աշխատելու պիտի երթայ։ Չէի կրնար հաւատալ։ Առաւ տեղացի ամուսինը ու հիմա հայ հողերու վրայ կ'աշխատի։ Աւելի երջանիկ բան, քան դա է, չեմ խորհեր թէ կայ։ Կ'ուզէի երիտասարդ ըլլալ, կ'ուզէի քովն ըլլալ, կ'ուզէի պարզ մշակ մը ըլլալ անկախ Հայաստանի մէջ», - եւ աչքերը թրջւում են։

Յովսէփ Եուսէֆեանի անանձնական երազները ժամանակի ընթացքին իրա-կանութիւն են դարձել։ Այժմ նա մի ուրիշ փափաք ունի. Հայաստանը բարձրագոյն կրթական խոշոր ձգողական կենտրոն լինի աշխարհասփիւռ արեւմտահայութեան համար։

Դիմացինիս հպարտ ցանկութիւնը, կարծում եմ, մեր սերնդի խոր պատասխանատուութեան զգացողութեամբ պիտի կեանքի կոչուի, որպէսզի Հայաստանը, յիրաւի, լինի հայեցի կրթութեան կենտրոն Սփիւռքի նորահաս հայութեան համար, որպէսզի մեր կրթական այրերը խորապէս հասկանան, որ Սփիւռքի առայսօր վիրաւոր մարմինը ապաքինելը ժամանակի՛ հրամայականն է, հայեցի կրթութիւնը, արեւմտահայի տեսակի, նրա գրական հարուստ լեզուամշակոյթի պաշտպանութիւնը առաջին հերթին հայապահպանում է խորհրդանշում։ Չի կարելի հանդուրժել հայրենի մտաւորականի այն վա՛յ-իրատեսութիւնը, թէ Սփիւռքն ու նրա գիրը յարաբերական են, թէ մեռնում է արեւմտահայերէնը, ուրեմն պէտք է «փրկել» մեր գիրը, փրկել մեր «լեզուն», փրկել ա՛յս ուղղագրութիւնը։

Հապա էլ ինչո՞ւ է այս երկրի վրայ ապրել այսքան տարիներ Յովսէփ Եուսէֆեանը։ Հապա էլ ինչո՞ւ է նա յորդորում արգենտինահայերին, որ զօրավիգ կանգնեն «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին, որը Ղարաբաղ ոտքի կանգնեցրեց, ճանապարհներ կառուցեց։
Երբ ես լսում էի արգենտինահայերի առջեւ Յովսէփ Եուսէֆեանի կրակոտ ելոյթը դեռ տասը տարի առաջ Վաղուհաս գիւղի 64 տան վերաշինութեան համար, մտածում էի՝ այս մարդը սպեղանի է դնում մեզնից իւրաքանչիւրի վէրքին, իսկ մենք նրա զաւակների ու թոռների հայերէնը պաշտպանելու փոխարէն «մեր» ու «ձեր» ենք առաջ քշում։

Նա ցաւում է, որ արեւմտահայ ուսուցչի համալսարանական որակաւորում դեռ չկայ Երեւանում, բայց հաւատում է, որ կայծը յուսալի խթան է լինելու։ Նա նկատի ունի հենց «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը, որը վերապատրաստութեան հսկայական իր փորձով կարելի ի վիճակի կը լինի արմատական բեկում բերել այս խնդրում։

Գուցէ եւ այդ պատճառով Յովսէփ Եուսէֆեանը որոշեց լինել Կենտրոնի այս տարեգրքի հովանաւորը։ Ով, եթէ ոչ ինքը, որը ականատեսն է մեր գործունէութեան սկզբին ու այսօրին, որը համակ սիրտ ու ոգի է եղել նրա առաջին իսկ քայլերին։

Դեկտեմբեր 31, 2006