ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

«Աշխարհը փոքրացել է ...», - ասում են սովորաբար՝ նկատի ունենալով հաղորդակցութեան ժամանակակից միջոցները: Ես միշտ հակուած եմ մտածելու, թէ աշխարհը փոքր է եղել ի սկզբանէ ... Այդ հայն է մնացել աշխարհացրիւ վիճակով: Սակայն մենք ուզում, երազում ենք թողնել աշխարհը ու խմբուել մեր փոքրիկ, շատ փոքրիկ, բայց մեզ համար աշխարհածաւալ Հայաստան աշխարհում, միայն թէ հանգի՛ստ թողնեն մեզ, հանգի՛ստ»։

Հենրիկ Անասեան

 

Տարբեր են մարդկային ճակատագրերը, ոչ միօրինակ ու խրթին՝ կեանքի յարափոփոխ ընթացքի հետ համերաշխ ապրելու համակերպութեամբ:
Գրաւի՛ր մարդուն, եղի՛ր փարոս, որը կը լուսաւորի նրա հոգին ու կը ցրի մտքի խաւարը. սա է արուեստագէտի խնդիրը:

Հենց այսպիսին է Լոս Անճելըսի «Սիփան» երգչախմբի հիմնադիր Հենրիկ Անասեանը: Կարճ՝ մեր փնտռած արուեստագէտը։
Իմաստաւորելով ապրած կեանքը՝ նա իր խոհերը, հոգու տագնապն ու բերկրանքը կիսում է ներաշխարհի գաղտնիքները բացայայտող երկու տարերքների՝ գրականութեան եւ երաժշտութեան միջոցով:

«Հենրիկ Անասեանը քաջածանօթ դէմք է հայաշխարհում. նրան ճանաչում են Հայաստանում, Միացեալ Նահանգներում, Թուրքիայում, Եւրոպայում, անգամ Աուստրալիայում: Նրան բարձր են գնահատում արուեստագէտները, քանի որ երաժշտագէտ, երգահան, խմբավար Անասեանին ճանաչում են աշխարհի միջօրէականներում՝ դասական իր խաղացկուն ոճով, ազգայինի խորունկ զգացողութեամբ։

Դեռ անցեալ դարի 60 - ականներին նա Հայաստանում սիմֆոնիկ նուագախմբի հետ իր ճպոտի տակ առաջին անգամ մեկնաբանեց Բրամսի Չորրորդ Համանուագի դժուարին ելեւէջները, ինչը երաժշտական աշխարհում դիտուել է մշակութային խոշոր իրադարձութիւն, արուեստագէտի կենսագրութեան նշանակալի փաստ», - գրում է Ս. Դանիէլեանը:
Երեւանից նա մեկնել է 1978 - ին, երբ քառասունն անց էր:
Հ. Անասեանը «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի ուսանողութեանը աջակցում է յատկապէս գիտական հետազօտական աշխատանքների ոլորտում:
Նա միշտ հետաքրքրւում է աւարտաշարադրանք գրող ուսանողների ընտրած նիւթերի, հեղինակների, գրական ու գիտական ընկալումների սկզբունքների մասին եւ անակնկալ խորհուրդներով հաճելիօրէն զարմացնում նրանց։

2006 թ. շրջանաւարտ Հայարփի Խաչատրեանն, օրինակ, չգիտէր, որ Պրն. Հենրիկը Յովհ. Թումանեանի բառերով բազմաթիւ երգեր է գրել, խորացել է Մեծ Լոռեցու երգային զգացողութեան ու արեւմտահայ բանաստեղծութեան ներքին շերտերի կապերի մէջ։ «Անգնահատելի էր նրա խորհուրդն ինձ համար. այն դարձաւ աւարտաշարադրանքիս առանցքային քննութեան նիւթ։ Հենրիկ Անասեանը ուսանողի, առ հասարակ մարդու ներքին մղումները նկատելու զարմանալի շնորհ ունի։ Բարի է, անմիջական, ջերմ, ինչու չէ, նկատել եմ՝ նաեւ տաքարիւն՝ պատրաստ հոգում ամբարած բարիքները շռայլելու կրտսեր բարեկամներին», խոստովանում է Հայարփին։