ՕՇԻՆ ՔԷՇԻՇԵԱՆ

«ԱՄԷՆՈՒՆ» ՕՇԻՆԸ...

Ֆրանսիացի յայտնի փիլիսոփայ Մոնտեսքիւն իմաստուն մի միտք ունի՝ «Գեղեցիկ է այն արարքը, որը բարօրութիւն է բերում»:
Լաւ է ասուած ... Ո՜ւր էր թէ խառնաշփոթ ամէն քայլում կարողանայինք մեր արարքներին այսօրինակ նշանաբան որդեգրել: Դա լայն հնարաւորութիւն կը տար արժեւորելու ապրած իւրաքանչիւր վայրկեանը:
Ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաեւան ձայնակցում է՝ «Բարեկամը գործողութիւն է»։

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի անձնակազմը բազմիցս համոզուել է դրանում. հանդիպել է մարդկանց, որոնք բարերար լինելուց առաջ բարեկամ են։ Այդ մարդկանց անշահախնդիր նուիրումը ոգեւորութեան ծիլեր է նետել իրական կեանքի շեմը դեռ նոր հատող ուսանողների մէջ։
Խօսքը Լոս Անճելըսի Գլենդէյլի հումանիտար համալսարանի Պրօֆ. "The Armenian Observer" շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր, գրականագէտ Օշին Քէշիշեանի մասին է, որին բարձր են գնահատել ե՛ւ Սփիւռքում, ե՛ւ մեզանում:

«Զարմանքն ու հեգնանքը աչքերուն մէջ, ժպիտը շրթներուն, սրամտութիւն մը լեզուին վրայ՝ միշտ պատրաստ անակնկալ մը դիմագրաւելու: - Այսպէս է նրան բնութագրել «Շիրակ» հանդէսի երկարամեայ խմբագիր, ծանրախոհ ու գովեստների մէջ «ժլատ» Օննիկ Սարգիսեանը։ - Ըստ երեւոյթին՝ անհոգ ու թափթփուած. իրականութեան մէջ կարգ ու կանոնի սիրահար, ժամանակի յարգը գիտցող բոլորանուէր աշխատող է թէ՛ իրեն եւ թէ՛ իր օգնութեան դիմողներուն համար»։

Բնութագրումը առաւել քան դիպուկ է, «տեսողական»։ Յիրաւի, այդպիսին է անհանգիստ այս մարդը՝ «ամէնուն» Օշինը։
Օշին Քէշիշեանը ծնուել է 1934 թուականին Երուսաղէմում: Սովորել է տեղի Ս. Թարգմանչաց վարժարանում: 1948ին Պաղեստինի կռիւների ժամանակ փոխադրուել է ապահով վայր՝ Յորդանանի Ամման քաղաքը: Օշինն ինքն իրեն հեգնել գիտի եւ այն էլ ինչպէս՝ «Քրիստոսի ջուրերը ինծի ալ փրկեցին»։ Ընդամէնը մէկ տարի յաճախեց տեղի Հեթումեան ազգային վարժարան, յետոյ անցաւ Պէյրութ՝ Վիէննական Մխիթարեանների վարժարան: Դա 1949 ին էր։
Այստեղ ամբողջացաւ Օ. Քէշիշեանի նկարագիրը, այստեղ նա իմացական սիրով փարուեց գրականութեանն ու լեզուին։ Այստեղ զգաց խմբագրի որակների լոյսն ու ստուերը, տառապանքն ու բերկրանքը։ Աւարտելով Հ.Բ.Ը.Մ Յովակիմեան- Մանուկեան երկրորդական վարժարանը՝ ուսումը շարունակեց Պէյրութի Ամերիկեան Համալսարանում։

Դեռեւս Պէյրութում դրսեւորուեցին նրա ունակութիւնները, երբ դարձաւ «Զարթօնք» թերթի մարզական յաւելուածի հիմնադիր ու մաս կազմեց Յովակիմեան - Մանուկեան վարժարանի «Նուիրում» պարբերաթերթի խմբագրական կազմին։

Ուղիղ կէս դար առաջ, 1956ին, քրոջ ու եղբօր հետ անցնում է Լոս Անճելըս, ուր եւ աւարտում է Կալիֆորնիայի Նահանգային, աւելի ուշ՝ Լա Վերնի համալսարանների երկու կրթական աստիճանները: Ամերիկան ճանապարհ հարթեց նաեւ քրոջ՝ Անգինէի համար, որը երաժշտական եւ երաժշտագիտական ասպարէզներում հասաւ նկատելի յաջողութիւնների, իսկ եղբայրը՝ Օննիկը, այսօր էլ ծառայում է հայ վարժարաններում՝ իբրեւ ուսուցիչ, իբրեւ կազմակերպիչ։

Ամերիկան արագ նկատեց անուղղայ լրագրողի սուր աչքն ու կազմակերպական անհանգիստ ջիղը. 1968 - 1970 թթ. նրան վստահուեց Լոս Անճելըսի «Նոր օր» եռօրեայի խմբագրի պաշտօնը: Իսկ 1970-ի Դեկտեմբեր ամսից մինչ օրս նա խոշոր տպաքանակ ունեցող «The Armenian Observer» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիրն է: Մէկ մարդ ընդամէնը թերթում, բայց լուսաբանումը՝ բազմաշերտ, բազմանկիւն, մտքերի բախում, ճշմարտութեան վերհանում, ահա՛ նրա աշխատանքի արդիւնաւորութեան երաշխիքները։ Թերթը փնտռուած ամբիոն է եւ ոչ միայն ամերիկացիների համար։

Ամերիկահայ «Նոր Հայաստան» թերթի խմբագիր Վահան Ճանսըզեանը, նկատելով շաբաթաթերթի տարածուածութիւնը, լաւագոյնս գնահատելով Օ. Քէշիշեանի գործունէութեան «բազմահատուած» երեսները, հպարտութեամբ եւ ակնածանքով ընդգծում է. «Եթէ չըլլար Օշինը, Լոս Անճելըսի հայ մամուլին մթնոլորտը կ'ըլլա՞ր արդեօք այսքան համերաշխ ու միակամ ...»:

Օշինի դերը լրագրական աշխարհում, թւում է, չի երկրորդուած։ Նշենք, որ նա արժանացել է մրցանակների, ինչը վկայում է գնահատութեան, ուշադրութեան այն աստիճանը, որին հասել է: Այսպէս, 1989-ին թէքէեանցիների՝ Չիկագոյի համաժողովի ժամանակ ստացել է ԹՄՄ լրագրութեան՝ Ռիթա եւ Վարդգէս Պալեանների սահմանած մրցանակը: Նրա աշխատանքային գործունէութիւնը արժեւորել են ազգային հաստատութիւններ Հայկական Համագումարը, Թէքէեան Մշակութային Միութիւնը, Համազգային Մշակութային Միութիւնը, Լոս Անճելըսի Մխիթարեան Վարժարանը եւ Պոլսահայ Միութիւնը։

Օշին Քէշիշեանը ամենահաս է։
Երկար տարիներ Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական բաժանմունքում հանդիսաւոր պայմաններում ամփոփւում են սփիւռքահայ գրականութեան՝ երկու կիսամեակ ընթացող դասընթացի (126 ժամ) արդիւնքները: Աւանդոյթը նրա շնորհիւ ձեւաւորում է գնահատութեան, փոխադարձ արժեւորումների հետաքրքիր վիճակագրութիւն:

2006ի վերջին Օ. Քէշիշեանն արժանացել է «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի Պատուոգրին՝ ուսանողութեան շրջանում հայ գրականութեան նորագոյն պատմութիւնը արժանապատիւ ներկայացնելու, նրանց առաջադիմութիւնը մշտապէս խրախուսելու, գիտական նստաշրջաններում կարդացած բարձրորակ զեկուցումների համար։

Նախ, Պրօֆ. Օ. Քէշիշեանը կարդում է դասախօսութիւններ. արտիստիկ է, նման չէ մեր «կոճկուած» դասախօսներին։ Կարելի է ասել, նրա խօսքն ունի գեղարուեստական որոշ «անփութութիւն», որն առաւել գրաւիչ է դարձնում խօսքը։ Շատերին այսօր էլ զարմացնում է այն հանգամանքը, թէ ինչպէս կարող է նա նոյն օրը դասաւանդել համալսարանում, կանոնաւորել շաբաթաթերթի նիւթերը, իսկ երեկոյան հագուստ կապուստը փոխած՝ արդէն լինել ազգային մշակութային նախաձեռնութեան հանդիսավար, ցուցաբերել խորագիտակ վերաբերմունք տարբեր մակարդակների գրական լսարաններում։ Գուցէ այստեղ նրան օգնում է իր բառով՝ «աչքըբաց» մօտեցումը։ Իրականում, եթէ խորքով մօտենանք, իր՝ օշինեան խօսքի իւրայատկութիւնն է աչք շոյում՝ անմիջականութիւն, հմայք, անկեղծութիւն։ Դի՛ր այս երեք յատկանիշները եւ վստահ եղի՛ր՝ սրահը կը մագնիսանայ, մարդկանց «սիրտերն ու միտքերը» նուաճուած կը լինեն, ինչպէս, ի պատիւ խմբագրի, նկատել է Հայաստանի Գրողների տանը կազմակերպուած յոբելենական երեկոյի գլխաւոր բանախօս Ս. Դանիէլեանը։

Մանկավարժականի ուսանողների առջեւ նախընտրում է դասախօսութիւններ կարդալ ամերիկահայ գրականութեան սկզբնաւորման շրջան, հեղինակներից՝ Յակոբ Կարապենց, Յակոբ Ասատուրեան, նորագոյն շրջանի օտարագիր գրողներ, որոնց բնագրերին տիրապետում է համադրական փորձառութեամբ։ Սիրում է պատմել իր ճանաչած գրողներից՝ Ուիլեամ Սարոյեան եւ յատկապէս Լեւոն - Զաւէն Սիւրմէլեան, որոնց մարդկային խառնուածքին իր քաջածանօթ լինելը ուսանողի համար ամբողջացնում է հեղինակի դիմանկարը։

Դասընթացների աւարտին ուսանողներին, ըստ առաջադիմութեան ցուցանիշների, հանդիսաւորութեամբ տրւում են Պրօֆ. Օ. Քէշիշեանի սահմանած մրցանակները, խրախուսական զանազան պարգեւներ։ Եւ դա՝ ութ տարի շարունակ (2003-2007, 2009, 2010)։

Պարգեւների յանձնման օրը տօնական ու անմոռաց է այս կամ այն ուսանողի հնգամեայ առօրեայի մէջ: Սա իսկապէս իւրատեսակ տօնախմբութիւն է, որ ուղեկցում է նրանց ոչ միայն այս պահին, այլեւ ընդերկար, քանի որ պահպանելու է մասնագիտական լիարժէք իմացութիւնից բխած ոգեւորութիւն յետագայ աշխատանքային ինքնուրոյն գործունէութեան շրջանում։ Տօնախմբութիւն, որն իրենց ներկայութեամբ պատւում են ԿԳ Նախարարութիւնը, համալսարանը, ՀԳ Միութիւնը, Ս. Էջմիածնի միաբանները, մտաւորականներ արտերկրից։

Յիրաւի, աննկարագրելի է ուսանողների յուզմունքն ու բերկրանքը, մանաւանդ նրանք ճանաչում են իրենց բարերարին, գիտեն նրա անհուն սէրը կրթական գործի, հաւատը երկրի վաղուայ օրուայ հանդէպ։

Պատահական չէր, որ 2005 թ., երբ Հայաստանի Գրողների Միութիւնը նշում էր Օշին Քէշիշեանի 70 ամեակը, դահլիճում ամէնից աշխոյժը մեր բանասէր ուսանողներն էին, որոնք արտայայտուելու առիթներ ունեցան։