ՍԵԴԱ ԵՒ ՍԱՐԳԻՍ ԴԷՄԻՐՃԵԱՆՆԵՐ

ՍԵԴԱ ԵՒ ՍԱՐԳԻՍ ԴԷՄԻՐՃԵԱՆՆԵՐ

Բանասէր Սեդա Ծաղիկեան - Դէմիրճեան. փոքրամարմին, զարմա-նալիօրէն աշխոյժ հրաշալի անձնաւորութիւն՝ հակառակ առաջացած տարիքի:

Ծնուել է 1924 թուականին Պոլսում, սովորել է Եսայեան եւ Կեդրոնական վարժարաններում:
Նուիրումի բացառիկ օրինակ դարձաւ իր դասընկեր Կարպիս Ճանճիկեանի ստեղծագործական աշխարհի համակողմանի ներկայացման բանասիրական ջանքը, որը գնահատուեց ոչ միայն համայնքում, այլեւ Սփիւռքի այլ օջախներում։

Պոլսից յետոյ Դիտրոյթ քաղաքը նրան դիմաւորեց ամերիկեան «հաշուեկշիռ» սառնութեամբ, բայց իր գործօն մասնակցութեամբ 60-ական թթ. Սեդա Դէմիրճեանը տաքուկ ոգի բերեց համայնքի գործունէութեանը: Այստեղ աւելի քան 22 տարի խմբագրեց «Միութիւն» հանդէսը եւ հրապարակ նետեց տասնեակ տարիների իր տքնանքը՝ «Սփիւռքահայ գրականութիւն» երկհատոր ժողովածուն։

Այդ ամէնն անելու հնարաւորութիւնը, ի հարկէ, պիտի ընձեռէր ամուսինը, որի իմացութիւնը, խմբագրական հսկայական փորձը նպաստեցին տարաբնոյթ կնճռոտ հարցերի յստակեցման, փաստական ճշգրտումների պրպտումներին։

Սարգիս Դէմիրճեանը ծնուել է 1915 թուականին Շապին Գարահիսարում՝ հերոսամարտի ծանրագոյն օրերին: «Հենց հերոսամարտը փրկեց իմ կեանքս՝ ո՛չ աւելի, ո՛չ պակաս»։ Իսկ աա արդէն շատ բան է ասում նրա ձեռք բերած յամառութեան, տոկունութեան մասին։ «Մէկ մէկ կը ճկիմ, սակայն ան ալ տիկնոջս կամքին ու գրական նուիրումին առջեւ», կատակում է Սարգիսը։

Սեդա եւ Սարգիս ԴԷմիրճեանները 2000 թ. Միչիգանում տպագրում են իրենց բանաստեղծութիւնների միասնական «Կեանք եւ սէր» ընտրանին։


ԴԷՄԻՐՃԵԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԿՈՒ ԿԱՆԳԱՌՆԵՐԸ՝
«ԿԵԱՆՔ ԵՒ ՍԷՐ»

«Ո՞վ է լարել ժամացոյցը կեանքին» , - իր իսկ քերթուածի տողերով է սկսում մեզ հետ զրոյցը Տիկին Սեդան՝ անուշ ժպիտը դէմքին։ Նրա յիշողութեան կծիկը գլորւում է դէպի անցեալ՝ պեղելով արտասովոր ճակատագիր, հետաքրքիր կենսագրութիւն:

Բարեկամի տանը հաւաքուած՝ շահեկան զրոյցի ենք բռնուել՝ շաղախուած զեղումներով, պոլսական յուզախառն յիշողութիւններով ու պարտադիր ոգեւորութիւններով:

Նկատում ենք, որ նրա համար կենսագրութիւնը միայն բանաստեղծութեան, միայն յիշատակների թերթիկ է, իսկ ներանձնականը, առօրեան նա դուրս է մղում զարմանալի թեթեւութեամբ: Բայց չէ՞ որ լուսանցքին եղածը նոյնքան թանկ է այսօր: Ի՛ր ապրածն է, ի՛ր բաժին կեանքը:

Ընդամէնը 12 տարեկան աղջնակ էր, երբ Եսայեանի միջանցքներում կամ ա-զատ դասասենեակներում սկսեց իր գրական առաջին երկչոտ քայլերը. «Տետրակ մը լեցուցի, տղայական էին անոնք», - ասում է նա, եւ առաջին պահ չես հասկանում՝ գորո՞վն է յիշողութիւնը քշում առաջ, թէ բանաստեղծական փորձերին տուած յետահայեաց գնահատականը: Տետրակը տալիս է հօրը՝ ջութակահար Վահրամ Ծաղիկեանին՝ խմբագրատուն տանելու: Բայց վերջինս «ձեռնունայն» է վերադառնում. տպագրութեան առաջին փորձը ձախողւում է՝ շա՜տ էին ուղղագրական սխալները: Մերժել էին:

Ներումնահայց ժպիտով լռում է Տիկին Սեդան:

Լռութեան մէջ կենսագրութեան լի էջեր կան. մի փոքր աւելի ուշ նա դպրոցի պատերին փակցնում է «Հանդէս» աշակերտական թերթը: Ֆրանսիական վարժարան յաճախելով՝ տրւում է ֆ‎‎‎‎‎րանսերէն ստեղծագործելու հմայքին, որից, սակայն, շուտ է հրաժարւում՝ ազգային խորհրդի արթնութեան շնորհիւ: Նոյն արթնութիւնը նրան ստիպում է դիմել Կեդրոնական վարժարան: Թէեւ շատ էր սիրում մաթեմատիկան ու ֆիզիկան, այնուհանդերձ նախախնամութիւն կար արդէն այն բանում, որ գրական հետաքրքրութիւնները գերիվեր դարձան:

«Իսկ ինչո՞ւ», - զուտ հետաքրքրասիրութիւնից ծնուած հարցիս Տիկին Սեդան տալիս է անակնկալ պատասխան՝ «մեղաւորը» Կարպիս Ճանճիկեանն էր:

Պոլսահայ նորագոյն բանաստեղծութեան առեղծուածն է վերջինս՝ վաղամեռ բանաստեղծ, որի սկիզբը, աւա՜ղ, Դուրեանի բառերով, եղաւ եւ վախճանը: Նրան գուշակում էին փայլուն ապագայ, նա նոր շարժման առաջնորդն էր լինելու, ուրուագծում էր նորուղղութիւն, որով անցան այսօրուայ բանաստեղծական մեծերը՝ Զահրատն ու Զ. Խրախունին: Կ. Ճանճիկեանը Ս. Դէմիրճեանի դասընկերն էր Կեդրոնականում: Նա՛ շրջեց իր ուղին դէպի բանաստեղծութեան տիրոյթները:

Տարիներ անց Սեդան ամուսնու հետ նախընտրեց արտագաղթը դէպի Ամերիկա: Այստեղ արդէն նրանք ամբողջութեամբ նուիրուեցին ազգային մշակութային կեանքի նորոգման աշխատանքին։

Սփիւռքահայ գրականութեան երկհատոր ձեռնարկ պատրաստելն ամէն մէկի տանելի ծանրութիւնը չէր. իմացական ներուժ էր անհրաժեշտ, գնահատութիւնների որոշակի համակարգ, Սփիւռքի գրական շարժման քաջատեղեակութիւն։ Նիւթերի ընտրութեան որոշ սկզբունքներ իսկապէս հետաքրքիր էին. առաջին հերթին՝ մատչելիութիւն արեւմտահայ զանգուածին, որակաւոր, բայց մանուածապատ խճողումներից ձերբազատ շարադրանք, բանաստեղծութեան արձակունակ ընտրութիւն։
Վիթխարի գործը գլուխ բերուեց տարիների ընթացքում. մնում էր «թէքնիք» խնդիրը՝ տպագրութեան նախաձեռնութիւնը, որը միայնակ գլուխ բերել հնարաւոր չէր: Սփիւռքահայ թերթերին տուած ծանուցումների արձագանգը լիացրեց Դէմիրճեան ամոլի սիրտը. բազում մարդիկ արձագանգեցին։
Գիրքը լոյս տեսնելուց յետոյ չուշացաւ Յակոբ Կարապենցի ոգեշնչող ջերմ խօսքը՝ «Սիրելի՛ Սեդա, շատ աղուոր, շնորհակալ գործ ես արել, կեցցե՛ս»:
Այս ամէնը պատմելիս տիկնոջ աչքերում հրճուանք տեսանք։

Զրոյցին ներկայ էր ամուսինը՝ Սարգիս Դէմիրճեանը՝ 1915ի ծնունդ, շապին-գարահիսարցի, ինչն արդէն շատ բան է ասում տոկուն, անմիջական բնաւորութեամբ, յստակ դատողութիւններով, մեզ համար այլեւս լեգենդ դարձած մարդու մասին։ էրգրից ու պատմութիւնից պոկուած ծուէն է ինքը, ու մտածում ենք՝ ինչքա՜ն հարուստ ենք, քանի դեռ կան մեր հաւաքական կենսագրութիւնը խտացնող նման անհատականութիւններ։
Անկասկած նրա մտորումները հեռուն էին, ինչպէս հայրենակից նշանաւոր արձակագիր Արամ Հայկազը կþասէր, կապոյտի մշուշի մեջ թաղուած լեռներում։ Երբ մենք խնդրում ենք խօսել իր մասին, անմիջապէս անակնկալ է մատուցում՝ «Տեսէ՛ք, աղջիկնե՛ր, ես խօսելու կարիքը չունիմ, ահա՛ մեր խօսքը, նոր բերեցինք մեզ հետ, Սեդայի եւ իմ միացեալ տպագրած բանաստեղծութիւններու գիրքը՝ «Կեանք եւ սէր»։ Դուք կրնա՞ք ըսել կեանքը որո՞ւնս է, հապա սէ՞րը»։

Սարգիս Դէմիրճեանը խօսում է հատ հատ, հետեւում խօսքի թողած տպաւորութեանը, վստահ է, որ մենք հաւատով ենք մօտենում իր մտքին։
Ծնուել է Կիրասոնում։ Հայրը եւ հօրեղբայրը «մաքրած էին»։ Յիշողութիւնները լուսաւոր են. Հայկանուշ մայրը խելացի կին էր. Զինադադարի ծանր տարիներին եւ շատ աւելի յետոյ նպարավաճառից թղթեր էր բերում, որոնց վրայ ինքը գրոտում էր։ Չի մոռանում, թէ մօրը ինչպէս էր յուզել իր մէկ պատառիկը՝ նուիրած նահատակ եղբօրը։ Որբանոցի դաժան բարքին չի յարմարւում փխրուն հոգին։ Յիշում է՝ ինչպէս ընկերները, անգամ տնօրէնը ծաղրած էին իր առաջին երգերը. «Սրտիս նոր վէրք մըն էր ատիկա, կը յիշեմ՝ ինչպէս պատռեցի գրածներս անոր քով։ Ինքզի՛նքս կը պատռէի»։
Ծերունին ընդհատում է տխուր տպաւորութիւնների շղթան, զգում, որ փոխել է պէտք տրամադրութեան հունը։ Ժպիտ է փայլում դէմքին, խորը շնչում է եւ համեստօրէն աւելացնում. «Նայեցէ՛ք, կնոջս հետ միասին կրցանք մեր մշակոյթի ծառին փոքրիկ տերեւ մը աւելցնել, ոմանք պիտի սիրեն, ոմանք՝ ոչ, բայց այլեւս գիրքը մեզմէ յուշարձան մըն է»։

Ինչպէ՜ս կարելի է չսիրել կեանքը, ինչպէ՜ս կարելի է չապրել նրանց համակած սիրով։ Մեր սէրը պատասխանն է իրենց ջերմութեան, հայրենիքի հանդէպ անմնացորդ նուիրումի։

Արդէն մէկ օր անց մանկավարժական մայր համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում մենք իմացանք նրանց նուիրումի նոր բարձր վկայութիւնը. «Հայաստան» համահայկական հիմնադրամին նրանք տրամադրել են Կենտրոնի շինարարութեան նախագծերի փաթեթի կանխավճարը՝ հաւատով, որ սիւն են կանգնեցնում, հաւատով, որ իրենց գործը շարունակողներ պիտի լինեն։

Նրանց կեանքը արշալոյսից է ձգւում ու գնում է դէպի արշալոյս։

Արշալոյսը ողողուած է Սեդա եւ Սարգիս Դէմիրճեանների անանձնական սիրով։

ԴԱՒԹԵԱՆ Վարդուհի
ՍԱՐԳՍԵԱՆ Արմինէ


Սեդա եւ Սարգիս Դէմիրճեանները «Սփիւռք» ԳԻտաուսումնական Կենտրոնի ստեղծման օրից աջակցել են նրա աշխատանքներին:
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամին նրանք առաջինը տրամադրեցին Կենտրոնի շինարարության նախագծերի փաթեթի կանխավճարը՝ հաւատով, որ սիւն են կանգնեցնում, հաւատով, որ իրենց գործը շարունակողներ պիտի լինեն։