Ն.Ս.Օ.Տ.Տ ԳԱՐԵԳԻՆ Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ  ԳԱՐԵԳԻՆ Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ԱՄԵՆԱՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ...

Համահայկական կրթական երկու համաժողովներին Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մասնակցեց պատասխանատուութեան խոր գիտակցութեամբ։ Արդէն հայրենի հանրակրթական դպրոցներում կրօնի դասերին պատշաճ տեղ է յատկացուած, արդէն հրապարակի վրայ են տարբեր դասարանների համար կազմուած կրօնական դասագրքերը, ողջ հանրապետութիւնով մէկ ուսուցիչների եկեղեցական վերապատրաստութիւն է ընթանում։
Բայց դրանք կրթական բարեփոխումների մէկ մասն են միայն։ Իսկ ի՞նչ է անում եկեղեցին համահայկական կրթական խնդիրների լուծման ճանապարհին։

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնն ահազանգում է՝ պէտք է պաշտպանել արեւմտահայ ուսուցչին, պէտք է ապահովել արեւմտահայ աշակերտի վաղուայ հայեցի կրթութիւնը։ Կազմակերպիչները սկսե՞լ են արեւմտահայ ուսուցչի վերապատրաստութիւնից։ Հրաշալի՛։ Նրանց պէ՛տք է մեր աջակցութիւնը։ Այստեղից է ծաւալում հանդարտաբարոյ իր խօսքը Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը։

«Յիրաւի, անփոխարինելի է վերապատրաստութեան դերը արեւմտահայութեան կրթութեան նորօրեայ հիմնախնդիրների շուրջ միասնութիւն ստեղծելու հարցում։ Ես միշտ զարմանում եմ, չէ՞ որ թւում է, արեւմտահայութեան այս ոչ այնքան լաւ օրերի մէջ վաղուայ յուսոյ շող գտնելը գրեթէ անբնական պիտի դիտուէր։ Առաւել Հայաստանում շատ եմ լսել, թէ մօտենում ենք տխուր սահմանագծի՝ արեւմտահայութեա՜ն մայրամուտն է։ Միշտ չեմ հաշտուել դրա հետ։ Եւ դա ոչ այն պատճառով, թէ Ամենայն Հայոց Կաթողիկոսն եմ, դա՝ ինքնին, այլ առաջին հերթին այն տպաւորութիւնն եմ իմ մէջ զօրացրել, թէ հայ ժողովուրդը վերջին պահին ներքնապէս համախմբուել գիտի ու սեւ ամպերը ցրել։

Արեւմտահայ իմ զաւակունք լաւ օրեր չեն ապրում, անշո՛ւշտ։ Մասնաւորապէս գրագիտութեան խնդիրներն այսօր էլ օրակարգի հարց են։ Ես համաձայն եմ Պրօ‎ֆ. Սուրէն Դանիէլեանի հետ. նա սկսել է վերապատրաստատութիւնից, բայց իր նպատակը արեւմտահայ ուսուցչի պատրաստութիւնն է։ Դա, կևասէք, Հայաստանի պետական իշխանութիւնների առաջնահերթ խնդիրն է։ Գիտեմ, իրենք նոյնպէս քայլեր են ձեռնարկում։ 2006-ին ես յայտարարեցի Ս. Էջմիածնում արեւմտահայ երկամեայ պատրաստութեան իմ որոշումի մասին։ Սկսում ենք, ժամանակը չի սպասում։ Ժամանակը չի ներելու մեզ։

Ինչ վերաբերում է վերապատրաստութեան ներկայ փուլին մեր աջակցութեանը, կարելի է նաեւ համագործակցութիւն կոչել։ Հանդիպումներից գիտենք, որ ութ տարի շարունակ «Սփիւռք» գիտակրթական այս հաստատութեան մէջ աշխատել են՝ Մայր Եկեղեցւոյ շնչին համաշունչ, աչքը՝ մեր գործերին, ականջը՝ մեր ձայնին։ Ու ես՝ իբրեւ Ծայրագոյն Պատրիարք Հայոց, չէի կարող թիկունք չկանգնել նրան, չէի կարող չլինել սփիւռքահայ ուսուցիչների կողքին, որոնք ամէն տարի այցելում են Վեհարան՝ հաւատի ճշմարտութիւնը զօրացնելու։
Պատահական չէ, որ 2005 թուականին ՀՀ Կրթութեան նախարարութեան հետ խորամուխ եղանք աշխատանքները Կենտրոնի վերապատրաստութեան ծրագրի հետ համակարգելու, ճշգրտելու մե՛ր ծառայութեան օգտակարութիւնը»։

Եւ երիցս ճիշդ է Վեհափառ Հայրապետը. սփիւռքահայ ուսուցիչների վերջին երկու դասընթացները՝ 2005 եւ 2006 թթ. ամրան ամիսներին, անցել են Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանաւորութեամբ։

Նա ապահովել է Մայրավանքում ուսուցիչների կեցութիւնը, սնունդը։ Նրա կարգադրութեամբ էին կազմակերպւում ճամբորդութիւնները։ Դասերն անցկացնելու համար ուսուցիչներին եւ կազմակերպիչներին տրամադրուած էր Գէորգեան փառաբանուած ճեմարանի շէնքը։

Մասնագէտների դասախօսական աշխատանքը ու դրանց կազմակերպումը նոյնպէս Վեհափառ Տիրոջ հոգածութեան Կենտրոնում էին։