ՊՈԼՍԱՀԱՅ «ՉՈՐՍ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՊՈԼՍԱՀԱՅ «ՉՈՐՍ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ՝ ... ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍԷՆ

2005-2006 եւ 2006-2007 ուսումնառութեան տարիներին «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնին ձեռք մեկնեցին քաջածանօթ «հնաբնակ» լոսանճելըսցիների շրջանից մեր բարեկամներ Կարօ Գուրեանը, Սարգիս Սէթեանը, Եդուարդ Նիզամեանը եւ Ժիրայր Շահնազեանը։
Մտերիմ այս չորս ընկերները որոշել են հոգածութեան կենտրոնում պահել ուսանողական առաջադիմութիւնը, կենցաղը, առողջական խնդիրները։
Նրանց ջանքերով մենք հնարաւորութիւն ունեցանք 2005 թ. Հոկտեմբեր ամսին 21 առաջատար ուսանողների չորս օրով ուղարկելու Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետութիւն՝ Գրերի Գիւտի 1600 ամեակին նուիրուած գիտարշաւի։ Արցախի Պետական Համալսարանում նրանք հանդիպեցին իրենց հասակակից ուսանողներին, յատուկ գիտական նստաշրջանում կարդացին ուշագրաւ զեկուցումներ հայագիտական նիւթերի շուրջ, որին համալսարանի ղեկավարութեան հետ մասնակցութիւն բերեց նաեւ ԼՂՀ Կրթութեան նախարար Կամօ Աթայեանը։
Ուսանողներն այդ օրերին եղան Գանձասարում եւ Շուշիում։

2006 թ. Ապրիլին Կենտրոնի պատուիրակութիւնը՝ Պրօֆ. Սուրէն Դանիէլեանի գլխաւորութեամբ (պատուիրակութեան ութ անդամներ՝ ԵՊՀ ամբիոնի վարիչ, Պրօֆ. Սամուէլ Մուրադեան, Պրօֆ. Պրօֆ. Կիմ Աղաբեկեան, Ներսէս Մկրտչեան, թարգմանիչ - բանաստեղծ Ֆրունզիկ Կիրակոսեան, Կենտրոնի աշխատակիցներ, ուսուցիչներ) մեկնեց Լեռնային Ղարաբաղ՝ արեւմտահայ գրական հանդիսութեան Ստեփանակերտի թիւ 2 դպրոցում (ուսոււցչուհի Անահիտ Մեսրոպեան)։

«Չորս բարեկամներ» հիմնադրամը 2006 թ. Մանկավարժական Համալսարանի երկու լաւագոյն ուսանողների համար սահմանեց կրթաթօշակներ, որոնց արժանացան Մարիէտա Մանգասարեանը եւ Սէրինէ Մելիքսէթեանը։
2007 թ. հիմնադրամի ծրագիրը համալսարանական շրջանում շարունակական էր. Մայիսին նրա կրթաթօշակներին տիրացան Թամար Մուրադեանը եւ Սիւզան Մարգարեանը։ 2006 թ. Հոկտեմբերից ի վեր Հիմնադրամը որոշ չափով նպաստում է համակարգչային աշխատանքների պատասխանատուի աշխատավարձի կանոնակարգմանը, որը պետականօրէն դեռեւս չի հաստատագրուած։

Մայիս ամսին Կենտրոնի ծրագրերով արեւմտահայ լեզու եւ սփիւռքահայ գրականութիւն մէկ տարի ուսանած արցախեան հանրակրթական երեք դպրոցների աւագ դպրոցի աւելի քան 50 սաներ՝ Ասկերանի Բադարա, Խնապատ գիւղերից, ինչպէս նաեւ Մարտունու թիւ 1 դպրոցից, հիմնադրամի շրջանակում եղան Երեւանում, «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում մասնակցեցին «Արեւմտահայերէնը մեր շուրթերին» ուսումնական եզրափակիչ փառատօնին, ուր նրանց միացան նոյն ծրագրով սովորող երեւանեան չորս դպրոցների աշակերտներ։ Իններորդցիներից շատերը առաջին անգամ էին լինում Հայաստանում։ Նրանց կեցութիւնը, ճանապարհածախսը եւ սնունդը հոգացին մեր չորս բարեկամները՝ Կարօ Գուրեանը, Սարգիս Սէթեանը, Եդուարդ Նիզամեանը եւ Ժիրայր Շահնազեանը։

Նրանց ծրագիրը գործելու է նաեւ յաջորդ ուսումնական տարում։