ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍԻ «ՊՈԼՍԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ»

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍԻ «ՊՈԼՍԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆԸ»

Աշխարհի տարբեր քաղաքներում ճակատագրի թելադրանքով հանգրուանած մեր ժողովրդի արեւմտահայ զաւակները միշտ մտահոգուել են ազգային նոր արժէքների, լեզուի եւ մշակոյթի հարուստ ժառանգութեան պաշտպանութեան խնդիրներով՝ այն դիտելով հայ մնալու նախապայման:
1976 թ. Սեպտեմբերին Լոս Անճելըսի Ս. Սարգիս Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքոյ Կ. Պոլսից արտագաղթած գաղափարապաշտ երիտասարդների մի խումբ հիմնեց «Պոլսահայ Միութիւն» կազմակերպութիւնը, որը նեցուկ պիտի կանգնէր արտագաղթած հայրենակիցներին՝ վառ պահելու համար ազգային հոգեւոր այն ներուժը, որն առանձնացնում է պոլսեցիներին առ հասարակ: Առաւել տարեցները այսօր էլ վկայում են, թէ ինչպէս էին երեկոները հաւաքւում, երգում, վերյիշում իրենց մանկութիւնն ու երազները Վոսփորի ափերին։
Առաջին ատենապետը Պերճ Մըհճեանն էր:
Օր օրի ընդարձակուեցին Միութեան գործունէութեան սահմանները: Յախուռն եւ զգացական հաւաքներին աստիճանաբար յաջորդեցին առաւել լայն ծրագրերը՝ համերգներ, գրական հանդիսութիւններ, հիւրընկալութիւններ՝ ծննդավայրից ու հայրենիքից, ուխտագնացութիւններ ...։ Եւ նրանց սկսեցին նկատել, գնահատել։ Կարօտը նրանց շնորհիւ ամերիկահայ հոծ զանգուածների շրջանում փոխեց իր «հինցած» գունային երանգները, դարձաւ պայծառ, ինչպէս նոր լուացուած պապենական գորգը։ Երէկուայ պոլսահայերը խանդավառ երակ հաղորդեցին համայնքի առօրեային։ Ուրիշ կերպ չէր էլ կարող լինել՝ Պոլի՜սն էր նոր հանդերձներում՝ միշտ իր ակունքներին փարուած գրամշակութային նուիրական ոստանը ...
«Պոլսահայ Միութեան» խնդիրները բազմաբնոյթ էին, բայց խորապէս նպատակային. հոգեւոր, մշակութային, կրթական, մարզական ասպարէզներում պահպանել ազգային աւանդոյթները, դիմագիծը, ինչու չէ, նաեւ պոլսահայ իւրայատկութիւնները։
Միութան հայանպաստ գործունէութիւնը ցոլացաւ նաեւ բարեսիրական ոլորտներում. ծագումով պոլսահայ շատ պատանիներ ու աղջիկներ Ամերիկայի հեղինակազդու համալսարաններում գիտելիքների ամուր պաշար հաւաքում են հպարտ այն գիտակցութեամբ, որ իրենց թիկունքում «Պոլսահայ Միութեան» անդուլ հոգատարութիւնն է՝ նիւթական հզօր աջակցութիւնը։
Կրթաթօշակներ ապահովելով տաղանդաւոր հայրենակիցներին՝ բարերարները յուշում են նրանց տէ՛ր մնալ հայ լեզուին, չկորսուել օտար բաւիղներում, իսկ աւելի ուշ՝ նոյնատիպ քաջալերանք ապահովել իրենցից յետոյ եկող նորահաս սերունդներին։
Այսօր Սփիւռքի օջախներում լայն ճանաչում գտած Միութիւնը կարող է հպարտութեամբ ներկայացնել իր նախաձեռնած եւ հրատարակած հայերէն եւ անգլերէն բազմաթիւ ազգաշահ գրքեր, պարբերաթերթեր, որոնցում իրենց կեանքն է, նուիրումի իրենց դաշտը:
«Պոլսահայ Միութիւնը» այսօր հզօր կառոյց է. բացի Մայր Վարչութիւնից՝ գործում են Հիմնադրամի, Տիկնանց, Մշակութային, Երիտասարդաց, Մարզական, Կրթաթօշակի, Էսայեան Սանուց, Կեդրոնական, Մխիթարեան Սանուց եւ այլ մշտական յանձնախմբեր:
Պարբերաբար լոյս է տեսնում «Ձայն» ամսաթերթը, ուր ցոլանում է կազմակերպութեան հայեցի հանրային եւ մշակութային գործունէութիւնը։
Միութեան Մայր Վարչութեան ատենապետի պաշտօնը այսօր վարում է ճարտարագէտ Սիմոն Աճըիլաճը, որի ծառայութիւնը հետապնդում է գերագոյն նպատակ՝ երեք նուիրական հասցէներով՝ Հայրենիք, Ծննդավայր, Լոս Անճելըս։
2001 - 2006 թթ. եւ 2009-2010 թթ. Միութեան անդամները` Ս. Աճըիլաճի գլխաւորութեամբ, իրենց շարունակական աջակցութիւնն են բերում «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի աշխատանքներին` կարեւորելով արեւմտահայ լեզուի եւ գրականութեան դերը, բերելով արժեքաւոր նպաստ հայրենիքում արեւմտահայ կրթամշակութային արժէքների եւ Մեսրոպեան ուղղագրութեան պաշտպանութեանը, Սփիւռքի եւ հայրենիքի ուսուցիչների, ուսանողութեան դասընթացների կազմակերպմանը:

«ՊՈԼՍԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ». ՄԵԶ ԱՋԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԸ

1. Սերճիօ Ալեքսանդր
2. Արամ Ակինեան
3. Սիմոն Աճըիլաճ
4. Հրաչ Ակինեան
5. Յովհաննէս Գուլակ - Աւետիքեան
6. Կարպիս Աֆլասօղլու
7. Օննիկ Գասապեան
8. Ստեփան Գէօզումեան
9. Կարօ Գուրեան
10. Տիգրան Գուրեան
11. Աւետիս Թէքոլեան
12. Յովսէփ Թոքաթ
13. Պէպօ Իշխանեան
14. Եդուարդ Խաչատուրեան
15. Պետօ Խաչատուրեան
16. Արթօ Էրսան - Խաչերեան
17. Ստեփան Հօրօզեան
18. Շանթ Հայթայեան
19. Րաֆֆի Մարուքեան
20. Թորոս Մկրտչեան
21. Սարօ Մարուքեան
22. Մկրտիչ Մենզիլճեան
23. Եդուարդ Նիզամեան
24. Ժիրայր Շահնազեան
25. Արէտ Շահնազօղլու
26. Յակոբ Շահնազօղլու
27. Սօսի Շէքերճեան
28. Վահան Չէթինեան
29. Բարունակ Չէլիքեան
30. Ասատուր Չիլինկիրեան
31. Ստեփան Չինօղլու
32. Պերճ Չուլհաօղլու
33. Վահան Պահարեան
34. Յակոբ Սարաֆօղլու
35. Աւետիս Սաֆարեան
36. Կարպիս Սարաֆեան
37. Հրաչ Սէթեան
38. Սարգիս Սէթեան
39. Վարուժան Սէմերճեան
40. Հրանդ Ռագըճեան
41. Եղիա Քէօսէեան

 

ՍԻՄՈՆ ԱՃԸԻԼԱՃ

Սիմոն Աճըիլաճը ծնուել է Պոլսում, 1945 թ.:
Նախնական կրթութիւնը ստացել է Կէտիկփաշայի «Ս. Մեսրոպեան» վարժարանում:
Տասը տարեկանում մտնում է Կէտիկփաշայի Ս. Յովհաննէս եկեղեցու «Հարիւր Մանկանց Երգչախումբ»ի կազմի մէջ՝ որպէս դպիր: 17 տարեկանում անդամակցում է նոյն եկեղեցու «Զուարթնոց» երգչախմբին եւ յետագայում, երկար տարիներ տնօրէնների Խորհրդի կազմի մէջ մտնելով, զբաղեցնում ատենապետի պաշտօնը մինչեւ Լոս Անճելըս գաղթելը:

Սիմոն Աճըիլաճը Ազգային Կեդրոնական Վարժարանից յետոյ (1964) ըն-դունւում է Ստամբուլի Համալսարանի Ճարտարապետութեան բաժինը, որն աւար-տում է փայլուն նիշերով 1970 - ին՝ ստանալով ճարտարագէտի մասնագիտացում:
Ութ տարի որպէս ատենադպիր պաշտօնավարել է Պոլսի Գարակէօզեան Որ-բանոցի Խնամակալութեան մէջ: 1982 - 1983 թթ. երջանկայիշատակ Ամեն. Տ. Շնորհք Պատրիարք Գալուստեանի հրաւէրով սիրայօժար ստանձնեց Պոլսոյ Պատրիարքարանի ներքին ու արտաքին մասերի վերանորոգման պատասխանատուութիւնը: Արժանացել է դպրութեան չորս աստիճանների:
1985 թ. ընտանեօք անցաւ Ամերիկա։ Անդամակցեց Ս. Սարգիս եկեղեցու մէջ հայրենակիցների կազմած «Խաչատուրեան» Երգչախմբին՝ ստանձնելով երբեմն ատենապետութեան, երբեմն ատենադպրութեան պաշտօնները:

Նոյն տարին իսկ դարձաւ Լոս Անճելըսի «Պոլսահայ Միութեան» գործօն անդամ՝ պաշտօնավարելով Կրթաթօշակի, Կեդրոնական Սանուց եւ Մշակութային Յանձնախմբերի մէջ: Երկար տարիներ ստանձնել էր «Պոլսահայ Միութեան» Մշակութային Յանձնախմբի ատենապետութիւնն ու Միութեան լուրերը ցոլացնող երկլեզու «Ձայն» պարբերաթերթի խմբագրապետութիւնը, որը շարունակում է ցայսօր:
Ներկայումս Միութեան Մայր Վարչութեան ատենապետն է։

Աշխատում է Լոս Անճելըսի «Սէնթ Վինսընթ» ոսկերչական կենտրոնի վարչութեան մէջ՝ որպէս կառավարիչ - ճարտարապետ:
Լրջմիտ, ծանրակշիռ են պահուածքն ու խօսքը, հոգատար է, կարեկիր։ Գիտէ համախմբել եւ խանդավառել։ Եւ նրա՛ խորհրդով է, որ Լոս Անճելըսի 40 բարեկամներ դէմքով շրջուել են դէպի հայրենիքի երկու հոգեւոր ասպարէզները՝ Գուգարաց եկեղեցին եւ արեւմտահայ կրթութեան հիմնախնդիրները։
2004 թ. արժանացել է «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի, իսկ 2006ին՝ Խ. Աբովեանի ան. մանկավարժական համալսարանի Պատուոգրերին։
Սակայն մեծագոյն պարգեւը նա ստացաւ բոլորովին վերջերս՝ 2006 թ. Նոյեմբերին. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան պարգեւատրեց Հայց. Առաքելական Եկեղեցու «Ներսէս Շնորհալի» բարձրագոյն շքանշանով։
1969 թ. ամուսնացել է Հիլդա Աղաւնի Ալասլանի հետ, որն աշխատում է Լոս Անճելըսի «Մարի Մանուկեան - Դէմիրճեան» վարժարանում՝ որպէս հայերէնի ուսուցիչ։

2001 - 2006 թթ. Միութեան անդամները՝ Ս. Աճըիլաճի գլխաւորութեամբ, իրենց շարունակական աջակցութիւնն են ցուցաբերում «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի աշխատանքներին՝ կարեւորելով արեւմտահայ լեզուի եւ գրականութեան դերը, բերելով արժեքաւոր նպաստ հայրենիքում արեւմտահայ կրթամշակութային արժէքների եւ Մեսրոպեան ուղղագրութեան պաշտպանութեանը։
Եւ այս ամէնը հնարաւորութիւն է տալիս մեզ տեսնելու Ս. Աճըիլաճի իրական հայրենասիրութիւնը՝ անմնացորդ ծառայութեան ու անսակարկ նուիրումի ճանապարհով: Նրա անմնացորդ ծառայութեան մէջ մենք որսում ենք հայութեան հատուածների կամուրջն աւելի զօրացնելու, համահայկական իդէալների հասնելու ազնիւ նպատակ: