Հանդիպում Հայր Լեւոնի հետ, 2007թ.

ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՀԱՅՐԵՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

2007 թ. Հոկտեմբերի 10-ին Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական բաժանմունքի աւարտական լսարանի հիւրն էր Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտութեան ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լեւոն Զէքիեանը: Հանդիպումը կազմակերպել էր «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը։ Պրօֆ. Սուրէն Դանիէլեանի խնդրանքով Հայր Լեւոնը սիրով համաձայնել էր դասախօսութիւն կարդալ ազգային եւ մշակութային ինքնութեան խնդիրների շուրջ:
Սփիւռքից ժամանած հիւրը հետաքրքիր վարեց դասը: Բոլորը գոհ մնացին: Հայր Լեւոնը հիացած էր ուսանողներով եւ սիրով պատասխանեց նրանց մտահոգող հարցերին: Ուսանողներն էլ, ի հարկէ՛, չմոռացան լուսանկարուել սիրելի հիւրի հետ: Շատ հարցեր քննարկուեցին, որոնք արդի ժամանակներում կարեւոր հիմնախնդիրներ են դարձել: Սփիւռքահայ գիտնականին յուզում էր հայրենիքի ներկայ վիճակը: Նրան մտահոգում էին մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում, որոնց լուծման դէպքում միայն Հայաստանը կարող էր բարձրանալ եւրոպական երկրները հաւասարակշռող կշէռքի նժարին:
Հայր Լեւոնը անկեղծօրէն անդրադարձաւ ազգի ճանաչողութեան, անհատի ինքնութեան պարզաբանմանը. «Պետութիւնն է, որ ազգ է ստեղծում ու պահում, իսկ մեզ՝ հայերիս մօտ ճիշդ հակառակն է ... Մաղթենք, որ հայկական աշխարհը, հայկական պետութիւնը յաւերժական ըլլայ: Կը կարծեմ, որ մեծագոյն նուաճում է, երբ ազգն է ծնում, ստեղծում պետութիւն եւ հենց այդ պետութիւնն էլ պիտի պահպանի ազգը: Այդ ժամանակ միայն կունենանք քաղաքակիրթ ու զարգացած երկիր: Ֆրանսիայում ամէն ինչ այլ է ...»:
Հայր Լեւոնը բարձրացրեց մեր ինքնութեան հարցը, որին մեծ կարեւորութիւն տուեց: Նա նշեց, որ հայութիւնը Սփիւռքում հոծ զանգուած է կազմում: Սակայն Հայաստանից դուրս մեր ազգակիցները հայ չեն, որովհետեւ Սփիւռքում անկենդան է հայերէն լեզուն: Հայ մնալու ամենակարեւոր նախապայմանը հայերէնն է: Նոր Ջուղայում ունենք 600 ձեռագրեր, վանքեր, դպրոցներ, սակայն ...
Ճիշդ է, լեզուի կարեւորութիւնը մեծ է, սակայն հայը, լինի Սփիւռքում թէ հայրենիքում, կարո՛ղ է հայ մնալ ... Հայր Լեւոնը շօշափեց նաեւ սփիւռքահայ գրականութեան զարգացման ընթացքները: Ունենք հրաշալի սփիւռքահայ գրողներ, որոնք մէկը միւսի ետեւից ծնունդ են տալիս սքանչելի գործեր:
Դասաժամի աւարտին ուսանողները եւ տնօրէն Սուրէն Դանիէլեանը շնորհակալութիւն յայտնեցին հիւրին գեղեցիկ ու յագեցած դասի համար: