Այց Անի, 2006թ.

ԵՐԵՒԱՆԻՑ ԱՆԻ.
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՎ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ


Անմոռանալի էր 2006-ի ամրան այդ օրը Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում հաւաքուած ուսանողութեան համար: Վաղ առաւօտից մենք՝ շրջանաւարտ բանասէրներս, աշխոյժ եռուզեռ էինք ապրում։
Մենք Պրօֆ. Սուրէն Դանիէլեանի գլխաւորութեամբ մեկնեցինք պատմական Անի:
Այնքան խանդավառ էինք, որ չզգացինք՝ ինչպէս անցաւ բաւական երկար ու յաճախ խորդուբորդ ճանապարհը:
Երբ հասանք պետական սահմանին, առանց ժամանակ կորցնելու աճապարեցինք դէպի մերձակայ բլուրը, որպէսզի ըմբոշխնենք մեր բնաշխարհի երբեմնի մի մասնիկը: Բայց հանդիպելով սարսուռ առաջացնող փշալարերի՝ ցաւով ու տխրութեամբ ընկրկեցինք. դիմացը սահմանապահ ուղեկալի ծանր, երկաթէ դարպասադուռն էր:
Ցաւ կայ եւ մոգական ներքին թելադրանք, երբ հայերը մի մայրաքաղաքից միւս մայրաքաղաք անցնում են՝ կարծես պատմութեան անտես մեքենան նստած։ Հազարամեայ մի ճամբորդութիւն։ Ի՜նչ դիպուկ է թումանեանական տողը՝ «Հազար տարի էս կողմ, էն կողմ, ինչ կայ որ ...»։
... Անցանք պաշտօնէական արգելքները, եւ մեր առջեւ բացուեց մի հրաշալի տեսարան: Խոր ձորի միջով գալարուող Ախուրեան գետն էր այցելուներիս բաժանում պատմական Անիից: Հեռադիտակով դիտելիս ափիդ մէջ էր Տրդատի ճարտարապետական անզուգական, անճառ կոթողը, բայց՝ այնքան անհաս, այնքան անպատմելի: Նրա եկեղեցիների ամէն մի քարը, անգամ գետնի տակ բացուող ժայռափոր կացարաններն ու գաղտնակորոյս ճանապարհները առեղծուած ու վեհութիւն են հաղորդում Ծաղկոցաձորից Իգաձոր փռուող պատկերին: Եւ սա Վահան Թէքէեանի յայտնի բանաստեղծութեան ազդեցութեամբ չէ, որ գրում ենք, այլ՝ իրականութիւն եւ աւելին՝ քան իրականութիւնը։ Գուցէ մենք ընդհանուր համայնապատկերի մէջ լաւ չենք տարբերում Սմբատեան դարպասները, դէպի կիրճը բացուող Աւագ, Շախմատաձեւ եւ Գայլաձոր դռները, որոնց ուղղութեամբ պարզուած են մեր դասախօսի ձեռքը եւ յուշող խօսքը, թէ աշխարհում միայն Անիի եկեղեցիների պարիսպներն են սրբատաշ։
Կարօտավառ ու թախծոտ աչքերով հրաժեշտ տուեցինք Անիին՝ վերադառնալով 21րդ դար՝ թախծոտ ու տխուր, որ արդէն քանի տասնեակ տարիներ է՝ մոմ չի թափւում հայոց եկեղեցիների տրբատաշ քարերի վրայ։
Անիպեմզայի գիւղապետ Յարութիւն Թառլանեանի եւ նոյն գիւղացի՝ մեր համակուրսեցիներ Մարինէի ու Յասմիկի հայրիկի՝ Գագիկ Սեդրակեանի ուղեկցութեամբ այցելեցինք Երերոյքի կիսաքանդ եռանաւ բազիլիկ տիպի եկեղեցին, որը կառուցուել է 4-5-րդ դարերում, գտնւում է Ախուրեան գետի աջ ափին: Փորձեցինք այդտեղ էլ պատրաստել խնջոյքի սեղանը, սակայն Պրօֆ. Սուրէն Դանիէլեանի առաջարկով այցելեցինք Անիպեմզայի միջն. դպրոց, որը հիմնադրուել էր 1926 թ.: Թէ՛ գիւղի եւ թէ՛ դպրոցի նախագծերի հեղինակը Ալեքսանդր Թամանեանն է եղել: Ի հարկէ, արժէ՛ր գնալ։ Այնպիսի տպաւորութիւն ստեղծուեց, որ դպրոցը այս կիսաւեր գիւղում կենդանութիւն ներշնչող միակ կառոյցն է:
Մեզ ջերմօրէն դիմաւորեց դպրոցի տնօրէն Յասմիկ Նազարեանը:
Հայկական համառօտ հանրագիտարանը 1990ին վկայում է, թէ գիւղն ունի երկու միջնակարգ դպրոց։ Ասել է թէ՝ շէն էր ոչ այնքան հեռու անցեալում երկրի հիւսիսային սահմանը։ Մնացել է այս մէկը՝ կոկիկ, ակնահաճոյ, նորոգուած (կեցցէ՜ն օտար հայանպաստ կազմակերպութիւնները)։
Սահմանը գծւում է դպրոցից բառացիօրէն մետրերի վրայ։ Եթէ երեւանցի ես, այսինքն՝ անսովոր ներքին անցուդարձին, սարսուռ ես ապրում, եթէ գիւղաբնակ ես՝ բռնում ես ճանաչելի ցաւը հոգուդ մէջ, որ քո համագիւղացիները անխնայ լքում են բնօրրանը՝ տանելով իրենց երեխաներին, իրենց հոգիները, անապատացնելով մնացողների սրտերն ու ճաքճքած հողը։
Արդէն կէսօր էր, եւ մեզ թուաց, դպրոցականների մի մասը տուն է գնացել, մինչդեռ պարզուեց նրանք դպրոցում են։ Իսկ անսպասելին մեզ համար այն էր, որ Անիպեմզայի այս տարուայ շրջանաւարտները ընդամէնը ... վեցն են։ Նրանք վերջին զանգի հանդիսութեան առթիւ փորձեր էին անում՝ պատանեկան խանդա-վառութեան, ուրախութեան ու թախծի իրենց չափաբաժնով։
Սովորական եւ նաեւ անսովոր 10րդ դասարանցիները կարծես յուշում են՝ սա՜ է լքուող Հայաստանը։ Տնօրէնը ցաւով փաստեց, որ ամբողջ դպրոցն արդէն ունի ընդամէնը 43 աշակերտ: Կազմակերպիչ Արուսեակ Մուրադեանը նշեց, որ դպրոցը մասնագէտ - ուսուցիչների պակաս այնքան էլ չի զգում:
Կիսաւեր գիւղ, մարմրող դպրոց։
Մի բան պարզ էր. պահել, պահպանել էին դպրոցը, վաղն էլ պէտք է դա անել: Ի գին ամէն զոհողութեան, մինչեւ հայի մէջ գիտակցութիւնը գայ յաջորդելու բնազդներին։
Չնայած գրադարանը 15 տարի շարունակ նոր գրքեր չէր ստացել, սակայն զգացւում էր աշխատողների եւ աշակերտների հոգատար վերաբերմունքը: Ս. Դանիէլեանը խոստացաւ «Սփիւռք» Կենտրոնի անունից աջակցութիւն եւ մէկ ամիս անց 70 կտոր գիրք ուղարկեց գրադարանին: Նա նաեւ կանադացի թատերագիր Դաւիթ Էվերեկլեանի հաճութամբ 50 ԱՄՆ դոլար նուիրաբերեց դպրոցին:
Հենց աշակերտական ճաշարանում էլ կազմակերպուեց հիւրասիրութիւն: Յասմիկ Նազարեանն ասաց, որ Սեպտեմբերից դպրոցներում աշխատանքի անցնող ուսանողների համար կեանքի ճանաչողութեան իւրատեսակ դաս է այս այցը։
Երեկոյեան, հոգեւոր մեծ լիցք ստացած ու հաճելիօրէն յոգնած, վերադարձանք Երեւան։ Լուռ էինք անցնում ճանապարհների ոլորանները։ Մեր աչքերում այսօ-րուայ կորուստների բերած թախիծն ու անցեալի առթած հպարտութիւնը շաղախուել էին։
Մենք ե՛ւ անցեալոււմ, ե՛ւ հիմա ապրում ենք պատմութեան նոյն հետագծում։ Մնում է նրա դասերից արդար հետեւութիւններ անել։
Այդ օրը մենք փոքր ինչ մեծացած զգացինք մեզ։ Եւ դա էր անսովորը։