Հանդիպում Դաւիթ Էվերեկլեանի հետ, 2005թ.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԱՒԻԹ ԷՎԵՐԵԿԼԵԱՆԻ ՀԵՏ

Խ. Աբովեանի ան. պետական մանկավարժական համալսարանի բանասէր ուսանողները 2005 թ. Սեպտեմբերին հանդիպեցին կանադահայ բանաստեղծ, թատերագէտ, ազգային մշակոյթի մէջ հետագիծ ձգած Դաւիթ Էվերեկլեանի հետ: Այն կազմակերպել էր «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը։
Չնայած հիւրը սփիւռքահայ գրականութեան, թատրոնի անխոնջ աւագ մշակներից է, այնուհանդերձ նրա մասին շատ քիչ բան գիտէին ներկաները:
Ողջոյնի իր խօսքում սփիւռքահայ գրականութեան դասախօս, Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը ներկայացրեց կանադահայ համայնքի մէջ վաստակաշատ գործչի տասնեակ տարիներ խաղացած անուրանալի դերը, նշեց թատերագիտութեան մէջ բերած կշիռը։
Ուսանողները լաւ էին նախապատրաստուել այս հանդիսութեանը. Նոնա Ստամբոլցեանը, Գայիանէ Յակոբեանը, Սէրինէ Մելիքսէթեանը, Լուսինէ Դաւթեանը հանգամանալի ներկայացրին Էվերեկլեանին, արտասանեցին նրա բանաստեղծութիւններից:
Դաւիթ Էվերեկլեանը ծնուել է 1927 թ. Պէյրութում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1943-ին, իսկ ճիշդ 60 տարի առաջ բեմադրել իր առաջնեկ «Պատճառը ես եղայ» թատրերգութիւնը: Այժմ քչերը գիտեն, որ Դ. Էվերեկլեանն է հիմնել լիբանանահայ թատերա-խումբը, որը մինչեւ 1953 թ. կազմակերպել է 18 տարաբնոյթ ներկայացումներ:
Սանձազերծուած քաղաքացիական կռիւները ստիպել են նրան 1978-ին լքելու Պէյրութը։ Շուրջ երեք տասնամեակ է՝ Դ. Էվերեկլեանը Կանադայում է եւ գործուն մասնակցութիւն է բերում Մոնրէալի «Արմենիան» թատերախմբի աշխատանքներին։
Ուսանողներն անդրադարձան Դ. Էվերեկլեանի հրատարակած թատերական չորս ուշագրաւ գրքերին:
Հանդիպմանը ներկայ Մոնրէալի հոգեւոր հովիւ Տ. Վազգէն Պօյաճեանը, շնորհակալութիւն յայտնելով այս ուսանելի հանդիսութեան նախաձեռնողներին, գնահատեց համալսարանականների ջանքը՝ Սփիւռքի անխոնջ մշակներին արժեւորելու ուղղութեամբ, վաղուայ ազգային հոգեւոր շարունակականութիւնը ապահովելու տեսակէտից։
Հայրենի թատերագէտ Բախտիար Յովակիմեանը կարեւորեց այն միտքը, որ ազգային մշակոյթ կերտում են ե՛ւ «դրսում», ե՛ւ «ներսում», ուրեմն միասնական մշակոյթն է էականը, անձանձիր ծառայութեան մղումը, որ ունեն Էվերեկլեանի պէս անձերը։
Երախտագիտական իր խօսքում սփիւռքահայ անուանի մտաւորականն ընդգծեց, որ այս հանդիսութեան մէջ իրեն պատուած զգալով հանդերձ, վստահ է, որ մեծարւում է ոչ այնքան ինքը, որքան տարագիր, անհանգրուան սփիւռքահայը, ինչը նշանակում է, որ դեռ կարելի է հայօրէն տոկալ օտար ափերում։ Երկրորդ անգամ Հայաստան այցելած Դաւիթ Էվերեկլեանը հաւաստիացրեց, որ Հայաստանից ստացած կենարար ուժը այսպիսի հանդիպումներից է գալիս:
Հիւրը ուսանողութեանը նուիրեց տարբեր տարիների հրատարակած իր լաւագոյն գրքերը՝ ջերմ մակագրութիւններով:
Հանդիպման վերջում, ի նշան երախտագիտութեան ու յարգանքի, ուսանողները Դաւիթ Էվերեկլեանին նուիրեցին Սուրբ Էջմիածնի եկեղեցին պատկերող մանրաքանդակը եւ Քնարիկ Աբրահամեանի տպաւորիչ երգը:


Հայարփի ԽԱՉԱՏՐԵԱՆ