Այց Սուրբ Մեսրոպ Մաշտոցին, 2005թ.

ԴԷՊԻ ՕՇԱԿԱՆ, ԴԷՊԻ «ԱՆՆԻՒԹԱԿԱՆ» ԵԿԵՂԵՑԻ ...


Ընդամէնը մէկ օր առաջ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում պատուոյ դասախօս Հայր Յարութիւն Պզտիկեանը՝ Վենետիկի Մխիթարեան Միաբանութիւնից, իմանալով, որ բանասէր ուսանողները մեկնելու են Օշական, ուշագրաւ միտք յայտնեց՝ «Մենք ամբողջ կեանքին մէջ բոլորս կը մնանք աշակերտներ՝ Ս. Մեսրոպի աշակերտներ, անկախ այն բանէ, ուղղափառ ենք, առաքելական թէ կաթողիկէ»։
2005 թ. Մայիս 8-ը Երեւանի Պետական եւ մանկավարժական համալսարանների, պետական երաժշտանոցի շուրջ 150 ուսանողների համար ուխտագնացութեան օր էր՝ նրանք այցելեցին Ս. Մեսրոպի շիրմին։ Եւ դա, անտարակո՛յս, իրադարձութիւն էր նրանց կեանքում։
Այդ իրադարձութեանը նրանց նախապատրաստել էին «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը եւ Արագածոտնի թեմը։ Երկու նախանձախնդիր այրեր՝ Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը եւ թեմի առաջնորդական բարեխնամ տեղապահ Թորգոմ Աբեղայ Տօնիկեանը, ուսանողներին սիրով առաջնորդեցին Ս. Մաշտոց եկեղեցի՝ կիրակնօրեայ պատարագի՝ հաղորդուելու անցեալ դարերի եւ մեր ժամանակի հոգեւոր միասնութեան խորհրդին։
Պատարագից յետոյ ուսանողները մեկիկ մեկիկ ծնկի իջան շիրմաքարին։ Այդ իւրատեսակ հաղորդութիւնը փորձեց զգացմունքայնութեամբ բացատրել ապագայ մանկավարժ Աւետիք Այվազեանը.
- Ես, գիտէք, Աստծուն այնքան էլ չեմ հաւատում, գուցէ դա իմ մեղքը չէ, սակայն երբ շրթունքներս դիպան Մեսրոպեան քարին, ինձ թուաց, թէ Ս. Վարդապետի մրմունջն եմ լսում՝ «Խրատ ստացել ես, Աւետի՛ք, իմաստութիւն՝ որոշ չափով, քեզ մնացել է հաւատն ու նուիրումը Խօսքի ուժի հանդէպ, որ ուրուագծես քո ճանապարհի առաքելութիւնը»։
Կատակը՝ կատակ, սակայն բարձր լսարանների ուսանողները այդ պահին գիտակցում էին իրենց վաղուայ ճանապարհի առաքելութիւնը, որ սկսւում է հենց այս վայրկեանից, այս «աննիւթական» եկեղեցուց։
Արդէն Օշական գիտակրթական համալիրի դպրատանը՝ նիստերի դահլիճում, տեղի ունեցաւ միջհամալսարանական գիտաժողով՝ նուիրուած հայ գրերի փառապանծ 1600 ամեայ յոբելեանին։ Այն բացեց Հայաստանի ուսանողութեան վրայ նորանշանակ հովիւ Զօհրապ Կոստանեանը, որ խօսեց հանդիպման նշանակութեան եւ աւանդոյթի ձեւաւորման մասին։
Արագածոտնի թեմի առաջնորդ Հայր Թորգոմը տառերի գիւտի մէջ կարեւորում էր մշակոյթի սկզբնաւորումը եւ թարգմանչաց գործունէութիւնը՝ որպէս ազգային պատմութեան եւ գրականութեան ոգի ու ժամանակագրութիւն։
Ս. Դանիէլեանը իր խօսքում Ս. Մեսրոպի շիրիմը դիտեց ոչ առարկայացուած գերեզման, այլ ինքնամաքրման շարունակական աւազան անցած 16 երկար ու ձիգ դարերի մէջ։ Չէ՞ որ մեր աշխարհիկ կեանքում բոլորս էլ ենթակայ ենք օտար հրապոյրների, որոնցից ձերբազատուելը պիտի լինի, ինչու չէ, հենց Օշականին հաղորդուելու միջոցով։ Մէջբերելով Գարեգին Ա. երջանկայիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատականը, թէ գիւտը Հայոց Մեծասքանչի Արարատեան բարձունքն է, յորդորեց կեանքի շեմին գտնուող ուսանողներին զգալ այդ բարձունքում գտնուելու դժուարութիւնն ու հպարտանքը։
ԵՊՀ պատմութեան գծով մագիստրատուրայի ուսանող Հայկ Յակոբեանը խօսեց գրերի գիւտի խորհրդի ժամանակակից ընկալման մասին։
Մանկավարժական Համալսարանի ուսանողուհի Վիկտորիա Ռուբէնեանը ներշնչանքով արտասանեց հայ արձակի վարպետներից Ռոպէր Հատտէճեանի «Մեսրոպ Մաշտոց» խոհագրութիւնը, որ մագնիսացրեց հանդիսականներին՝ առաջին հերթին թարմ մտածողութեամբ, փիլիսոփայական խորքով։
Ընթերցումից յետոյ միջանցքում խռնուած ուսանողները՝ Պետական Համալսարանից, Վիկտորիային հաճելիօրէն «նեղեցին», քանի որ նրանց համար գրեթէ անծանօթ անուն էր Հատտէճեանը։ Մանկավարժականները հաճոյքով էին ներկայացնում իրենց իմացութիւնը, արժեւորում էին նրան եւ պոլսահայ ժամանակակից այլ գրողների, որոնց ճանաչում ու սիրում էին։
Պետական երաժշտանոցի սաները Պատարագի «ծանրութիւնը» տարան իրենց ուսերին՝ խմբավար դասախօս Գրիգոր Առաքելեանի ղեկավարութեամբ, իսկ հանդիսութիւնը եզրափակեցին Մաշտոցեան շարականներով ու Կոմիտասի «Սոնա եար»ով։
Վերջում արդէն Օշականի թովիչ բնութեան գրկում, սիրոյ սեղանների շուրջ, երկար ժամանակ ուսանողները, դասախօսներն ու հոգեւորականները ամփոփում էին անցած հարուստ ու յիշարժան օրը։


ՀԱՅԱՐՓԻ ԽԱՉԱՏՐԵԱՆ