Հանդիպում Շամիրամ Սեւակի հետ, 2005թ.

ՇԱՄԻՐԱՄ ՍԵՒԱԿ. «ՀՕՐՍ ԴԱՍԵՐՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԴԵՌ ԱՒԱՐՏՈՒԱԾ ՉԵՆ ...»

(հանդիպում «Սփիւռք » Գիտաուսումնական Կենտրոնում)

2005 թ. Ապրիլի 22-ին Խ. Աբովեանի ան. մանկավարժական համալսարանի սաներին հաճելի անակնկալ էր սպասում. նրանց հիւրն էր Ռուբէն Սեւակի դուստրը։
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը ներածական խօսքում շեշտեց. «Մենք որքան էլ հեռանում ենք 1915ից, արեւմտահայ դասական բանաստեղծութեան հետ կապի ուղիղ թելը չի փրթում գիտակցութեան ու բնազդների, պատմութեան յիշողութեան մեր ծալքերում։ Հենց նման երջանիկ պատեհ առիթներն են, որը մեզ հասանելի են դարձնում եղերականի ու յաւերժականի խորհուրդներին։ Այսօր մեզ հիւր է այն անձնաւորութիւնը, որի ճակատագրի համար կեանքի վերջին տարին եւ նոյնիսկ նահատակութեան պահին անհանգստանում էր մեծ բանաստեղծ Ռուբէն Սեւակը»։
Հօր նման դժուարին եղաւ դստեր՝ Շամիրամ Սեւակի կեանքը. գերմանուհի մայրը՝ Եանին, ամուսնու մահից յետոյ որդիների հետ հանգրուանեց Ֆրանսիայի հարաւում, աղջիկն ուշ ամուսնացաւ ու այդպէս էլ զաւակ չունեցաւ։ Սակայն տարիների ընթաց-քում ինքը, ինչպէս հասկը, լցուեց հօր կարօտով, նրա էութեամբ ու գրական վաստակի հանդէպ ներքին թրթիռով ։
Հակառակ իննսուներկուամեայ տարիքին՝ Տկն. Շամիրամն այդ օրը ուսանողների հետ աշխոյժ երկխօսութեան բռնուեց։ Հենց նրանց մէջ էլ գտնուեց նաեւ թարգմանչուհի, ինչն աւելի անկաշկանդ ու սրտառուչ դարձրեց հանդիպումը։
Ուսանողներն որսում էին պահի ոգին. ամբիոնի մօտ այդ ժիր կինը ժամանակն ու Ռուբէն Սեւակին իրենց կապող ներքին շունչն է։
Բանասիրական բաժանմունքի չորրորդ լսարանի ուսանողուհի Վիկտորիա Ռուբինեանի ողջոյնին ի պատասխան՝ բանաստեղծի դուստրն առանց նախաբանի ասաց. «Ինձ յաճախ եմ ես հարցնում՝ ո՞րն է քո չծերանալու գաղտնիքը, Շամիրա՛մ։ Պատասխանս միանշանակ է՝ հա՜յրս, նրա սիրային երգը։ Այլապէս սարսափելի է մտածել, որ ես նրանից մեծ եմ երեք անգամ եւ մի քիչ էլ աւելի։ Ո՛չ, ո՛չ, նա իմ հայրն է, եւ իր դասերն՝ ինձ ուղղուած, դեռ չեն աւարտուել»։
Տկն. Շամիրամի հետ Կենտրոն էր եկել նաեւ արդէն տասը տարի Երեւանի Ռուբէն Սեւակի անունը կրող դպրոցի տնօրէն Ջուլիա Ղազարեանը, որը դպրոցը դարձրել է ըստ էութեան՝ մշակութային ինքնատիպ օջախ։ Ամէն Փետրուարի, երբ նշւում է բանաստեղծի ծննդեան օրը, տնօրէնն ու հեռաւոր Նիսից բանաստեղծի եղբօրորդին՝ Յովհաննէս Չիլինկիրեանը, հասցնում են մրցանակներ շնորհել Ռ. Սեւակի յիշատակը վառ պահող մտաւորականներին, գիտնականներին, դպրոցի աշակերտութեանն ու ուսուցչութեանը։
Կենտրոնի տնօրէնը դահլիճի եւ Տկն. Շամիրամի համար հաճելի անակնկալ էր պատրաստել. դստեր խօսքից անմիջապէս առաջ Հալէպում նոր պատրաստուած խտասալիկից հնչեցին հօր բանաստեղծութիւնները ասմունքի վարպետ Սալբի Դարակչեանի կատարմամբ, որը յայտնութիւն էր դստեր համար՝ «Ես կարծում էի, - անկեղծացաւ նա, - միայն Անահիտ Թոփչեանն է նման վարպետութեամբ կարդում հօրս քերթուածները»։
Դահլիճում թեւածում էր բանաստեղծի անտես ոգին։
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնից այդ օրը Շամիրամ Սեւակը հեռացաւ ծաղիկների գեղեցիկ փնջով, փայտէ դրուագուած ինքնատիպ խաչքարով, յուզուած եւ, որ կարեւորն է, այն բարձր տպաւորութեամբ, որ «տրուբադուր» Ռուբէն Սեւակ հայրը մնայուն արժէք է երիտասարդութեան համար, եւ ապրող Հայաստանի շուրթերին են նրա կենսախինդ քերթուածները։

Յովհաննէս ԵՂՈՅԵԱՆ