Հանդիպում Պուէնոս Այրէսի աշակերտների եւ մեր ուսանողների հետ, 1999թ

«Օլա՜, Հայաստա՛ն ...»

1999 թ. Յուլիս 29-ին Երեւանի Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական ինստիտուտի աւարտական կուրսի բանասէր ուսանողները հիւրընկալեցին առաջին անգամ Հայաստան այցելած Պուէնոս Այրէսի «Մարի Մանուկեան» վարժարանի այդ տարուայ շրջանաւարտներին՝ ուսուցչուհի Գրէյս Պասմաճեանի ղեկավարութեամբ: Հանդիպումը նախաձեռնել էր ինստիտուտի նորաբաց «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը, որի անմիջական խնդիրները Հայրենիք - Սփիւռք կրթական համագործակցութեան ոլորտում են:
Հանդիպման ժամանակ արգենտինահայ աշակերտները պատմեցին հայրենիքից իրենց տպաւորութիւնները. եղել էին Գառնիում, Սեւանում, Արցախում, Հիւսիսային Հայաստանում:
Սկզբում փոքր - ինչ կաշկանդուածութիւն կար երկուստեք՝ կապուած անծանօթ լինելու եւ լեզուն անբաւարար իմանալու հանգամանքների հետ, բայց շնորհիւ ուսանողներ Մարիայի, Սաթենիկի եւ ուրիշների ջերմ, անմիջական վերաբերմունքի՝ դա արագ յաղթահարուեց:
Պաուլան, Մարտինը, Ալեսիան, Գրիսելդան, Իգնասիօն պատմեցին անձնական հետաքրքրութիւնների, փողի եւ երջանկութեան իրենց ըմբռնումների, տանգոյի, ազգայինի աւազանից պարտադրուած նահանջի եւ յետագայ ուսման հեռանկարների մասին: Ուսուցչուհի Գրէյսը նշեց, որ Երեւան այցելութեան միջոցները աւանդաբար ձեռք են բերւում իրենց՝ երեխաների մէկ տարուայ անդուլ աշխատանքի շնորհիւ: «Եթէ մինչեւ հիմա նրանք իրենց աւելի արգենտինացի էին զգում, քան հայ, ապա այսօր հայրենիքն ու այս հանդիպումը շատ բան կարող են փոխել պատկերացումներում, հայեացքներում, ինչն էլ մեր հիմնական նպատակն է, ի վերջոյ», - ամփոփեց օրիորդ Գրէյսը։
Հայրենի ուսանողները, որոնք վաղը պիտի դառնան լեզուի եւ գրականութեան ուսուցիչներ, խորապէս զգացին պատասխանատուութեան՝ իրենց ուսերին իջնող բեռը, այն, որ իրենք կրթական առաքելութիւն ունեն ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփիւռքում: Իսկ դա անչափ կարեւոր է, ինչպէս հանդիպման վերջում նշեց Գիտաուսումնական Կեդրոնի տնօրէն Սուրէն Դանիէլեանը, քանի որ Սփիւռքում մենք պարտաւոր ենք պահել - պահպանել ոչ միայն հայերէնն ու հայը, այլեւ ազգային հոգեւոր նկարագիրը:
Հանդիպմանը մասնակցում էր եւ երեխաների հետ ջերմ զրոյցի բռնուեց նաեւ ԿԳ նախարարութեան Սփիւռքի բաժնի աշխատակից Արմէն Ոսկանեանը:

Սաթենիկ ՄԱՆՈՒԿԵԱՆ