2003 – 2004 ուսումնական տարի

 

Տարուայ ուսուցիչներ

Իդա Խաչատրեան (Երեւանի թիւ 2 դպրոց)
Աննա Մուրադեան (Արարատ, Մասիսի թիւ 4 դպրոց)
Լուսինէ Յովհաննիսեան (Երեւանի թիւ 139 դպրոց)
Բելլա Սահակեան Արմաւիր, (Մեծամօրի թիւ 2 դպրոց)



ԻԴԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Ծնուել է 1975 թուականին Աշտարակի շրջանի Կոշ գիւղում:
1982-1992 թթ. սովորել եւ գերազանցութեամբ աւարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Այնուհետեւ 1992-1997 թթ. բարձր առաջադիմութեամբ սովորել է ԵՊՀ բանասիրական բաժնում: Յետոյ աշխատանքի է անցել Երեւանի Խ. Աբովեանի անուան թիւ 2 դպրոցում որպէս հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի:
2000-2001 ուստարում համատեղ աշխատել է «Երեւանի համալսարան» թերթի խմբագրութիւնում որպէս թղթակից: Հեղինակ է մօտ 20 յօդուածների:
1998 թ. կրթութիւնը շարունակելու նպատակով հայցող է ձեւակերպուել ԵՊՀ հայ գրականութեան ամբիոնում: Յանձնել է բոլոր թեկնածուական քննութիւնները եւ պատրաստել է ատենախօսութիւն «Ղազար Փարպեցու «Հայոց պատմութեան» պատմագործառական նշանակութիւնը» խորագրով:

Երբ մրցոյթի արդիւնքներով Երեւանի Խ. Աբովեանի ան. թիւ 2 դպրոցում ինձ վստա-հեցին փորձնական այս ծրագիրը, զգում էի, որ ինքնաբուխ է լինելու նուիրումս արեւ-մտահայ արժէքներին, թէեւ, անկեղծ ասած, չէի ակնկալել իմ անպայման յաղթանակը։ Չէ՞ որ երկու ամիս եւ աւելի երկար միջոցում ես միայն դասընթացի չէ, որ մասնակցել եմ. ես վերարժեւորել եմ իմ գրական պատկերացումներն, ու ճանաչումներս ընդլայնուել են։
Արդէն դպրոցում աշխատելիս զգացի փոքր - ինչ անհանգստութիւն միւս մասնագէտների շրջանում, որ արեւմտահայերէնի ուղղագրութեան իմացութիւնը կարող է շփոթ բերել։ Շատերը համոզուած պնդում էին, որ ուղղագրական բարդոյթն աշակերտները առ հասարակ չեն կարողանայ յաղթահարել:
Բայց արդիւնքում նրանք ձեւաորեցին նոր գրական հայեացք, տոգորուեցին գրական ստեղծագործութիւնների գաղափարներով, հատեցին մայրենիի աւազանի նոր սահմանը։
Կարող եմ հաւաստել, որ նման դասընթացները հանրակրթական մեր դպրոցներում ուղղորդիչ դեր են խաղում սովորողների մայրենիի խորացման եւ մասնագիտութեան ընտրութեան հարցում:
Խորին շնորհակալութի՛ւն ծրագրի նախաձեռնողներին եւ այն իրականացնողներին:

Իդա Խաչատրեան

Երեւանի Խ. Աբովեանի ան. թիւ 2 միջն. դպրոցի
հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի


***


Արդէն քանի՜ տարի աշխատում էի Կ. Դէմիրճեանի ան. թիւ 139 դպրոցում։
Ամէն ինչ սկսուեց նրանից, որ 2002 թ. մասնակցեցի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում հայրենի ուսուցիչների համար կազմակերպուած արեւմտահայ վերապատրաստութեան առաջին դասընթացներին:
Սկզբում մի փոքր անտարբեր, իսկ յետոյ մէկ անգամ եւս լսելով արեւմտահայ եւ սփիւռքահայ գրականութեան, արեւմտահայ լեզուի լաւագոյն մասնագէտներին, մէկ անգամ եւս շփուելով այդ դիւթիչ աշխարհին՝ հասկացայ, որ չի կարելի դպրոցում շրջանցել մեր էութեան խորքը բացող հանրակրթական այս առարկաները:
Նոյն տարուայ աշնանը դպրոցում անցկացրեցի պոլսահայ նորագոյն գրական դպրոցի տաղանդաւոր ներկայացուցիչներին նուիրուած հանդիսութիւն։ Քիչ է ասել՝ անծանօթ հեղինակներ, նո՜ր աշխարհ բացուեց։ Ս. Դանիէլեանը, աշակերտների եւ ուսուցիչների աշխատանքը բարձր գնահատելով, հրաւիրեց այդ հանդիսութիւնը կրկնելու Կենտրոնում՝ փորձնական ծրագիր անցնող Երեւանի թիւ 163 եւ թիւ 170 դպրոցների 8-րդցիների առջեւ։ Հանդիսաւոր պայմաններում նրանք նուէր ստացան Զ. Խրախունու «Ազատերգութիւն» բանաստեղծութիւնների ժողովածուն: Երեխաները ոգեշնչուած էին, ես՝ նոյնպէս։ Արեւմտահայ գրական մթնոլորտի մէջ էինք:
Իւրայատուկ իրավիճակ էր ստեղծուել. այդ աշակերտները փոխադրւոմ էին 9¬րդ դասարան, իսկ ՀՀ ԿԳ նախարարութիւնը որոշել էր դասընթացները իրագործել այսուհետեւ 9-րդում։ Ուրեմն ամէն ինչում որոշիչ կը լինի իմ գերլարուած աշխատանքը։ Եթէ շահեմ ուղեգիր, նոյն աշակերտներիս հետ աւելին կը կարողանամ անել։ Երեխաները շատ բան հասկանում էին, գիտակցում իրենց շահը։ Եւ նրանք պարտադրեցին ինձ ... յաղթել։ Չորս ուղեգրերից մէկը բաժին հասաւ մեր դպրոցին։
Աշակերտների հետ նախահարձակ գտնուեցինք. ինչո՞ւ գրական դասերը չանցկացնել արեւմտահայերէն հնչերանգով: Մտածում էի՝ գուցէ դա դժուար լինի, բայց դրա դիմաց խորն էր վստահութիւնս. դասական ուղղագրութիւնը աշակերտներս դիւրութեամբ կը իւրացնեն։ Այդպէս էլ եղաւ՝ ես ինձ վարձատրուած էի զգում։ Աւելին, դասական ուղղագրութիւնն օգնում էր նրանց աւելի մատչելի ընկալելու հնչիւնափոխութիւնը, տիրապետելու բառաշերտերին, գրութեան գաղտնիքներին։
Ի դէպ, այնքան վարժ էին գրում, որ երբեմն արեւելահայերէն թելադրութեան ժամանակ սահուն ձեւով անցնում էին դասական ուղղագրութեան։ Եւ ոչ «աշակերտական» տրամաբանութեամբ իրենց ուսուցչուհուն ուզում էին «նեղը լծել» բացատրութիւնների իրենց իրաւացիութեամբ։ Մի անգամ Վարդգէսը մի յիշարժան խօսք ասաց. «Պարզւում է՝ մենք հայերէն բոլորովին չգիտէինք»:
Մեկամեայ փորձնական ծրագրի ժամանակ մենք դիմեցինք գրական դատերի եւ բանավէճերի քննական եղանակին: Նիւթն այդպէս աւելի քան խորութեամբ ամրակայուեց։ Աշակերտներս նոր ու անսպասելի տեսակէտներ առաջ քաշեցին Գր. Զօհրապի «Զաբուղոն» նովէլի եւ Վահէ Հայկի «Կաթիդ փարան չմոռնաս, մամա» պատմուածքի առիթներով։
Կենտրոնի գործուն աջակցութեամբ եղանք դասալսումների միւս երեք ուսուցիչների մօտ. մէկս միւսից փոխառելու շատ բան ունէինք։
Դասընթացի աւարտին չորս դպրոցների աշակերտները մէկտեղուեցին Կենտրոնում։ Իւրատեսակ հաշուետուութիւններ էին դրանք անցած մէկ տարուայ գործունէութեան արդիւնքների մասին։ Մենք հպարտ էինք. այդ հանդիպման ժամանակ մեր երեխաները լաւագոյնների մէջ էին։ Նրանցից շատերը խրախուսուեցին դրամական պարգեւներով, ինչը հաճելի անակնկալ էր եւ զարմացրել էր իրենց շփոթմունքի աստիճան։
Նման դասընթացներն օգնում են, որ աւելի ընդլայնուի ոչ միայն արեւմտահայերէնի, այլ նաեւ գրաբարի եւ դասական ուղղագրութեան ճանաչողութիւնը հանրակրթական ուսուցման համակարգում: Վստահ եմ, ժամանակի ընթացքում նրանք կը վայելեն պետական արժանի աջակցութիւն:

Կ. Դէմիրճեանի ան. թիւ 139 միջն. դպրոցի հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի Լուսինէ Յովհաննիսեան