Հայրենի ուսուցիչների վերապատրաստութիւն

 


Գաղտնիք չէ, մեր ուսուցիչները յարաբերականօրէն թոյլ են տիրապետում արեւմտահայերէնին եւ նրա գրական աշխարհին։ Դա վերաբերում է դասական ու նորագոյն շրջանների գրական երկերի մակերեսային, հպանցիկ իւրացմանը։
Իսկապէս, յաճախ ուսուցիչը իրեն բռնում է այն բանում, որ վատ է մատուցում Պետրոս Դուրեան, Երուանդ Օտեան, Դանիէլ Վարուժան, Միսաք Մեծարենց, Շահան Շահնուր, արեւմտահայ այլ հեղինակներ. չգիտի միջավայրը, գրական շարժման ուրուագիծը։ Կայ աւելի տխուր բան. զգում է լեզուի քերականական ու շարահիւսական ճանաչողութեան իր սահմանափակութիւնը, արեւմտահայ բառապաշարի թերի իմացութեան պատճառով գեղարուեստական պատկերի, նոր մտածողութեան ընկալումների նկատելի կորուստը։
Աւելի շիտակ՝ հայրենի ուսուցիչը պարզապէս չգիտի սփիւռքահայ նորագոյն շրջանի հեղինակներին, - այս ամէնը բարձրագոյն դպրոցի՝ խորհրդային շրջանից եկած տխուր աւանդոյթի շարունակականութեան հետեւանքն է։ Մեղաւորը ուսուցիչը չէ։ Ընդհակառակը, ունենք հրաշալի ուսուցիչներ, որոնք յաղթահարել են մասնագիտական երկփեղկ այս սահմանները, բայց՝ ինքնակրթութեամբ, յաղթահարել են միայն իրե՛նց ջանքի, իրե՛նց տքնանքի շնորհիւ։ Նրանք հաւասարապէս սէր են ներարկել արեւելահայ ու արեւմտահայ գրողների հանդէպ, առանձնակի ջերմութեամբ բացել արեւմտահայ գրական աշխարհի հարստութիւնները։ Ափսոս որ դրանց թիւն այնքան էլ մեծ չէ։
Երեւոյթի արմատները գալիս են խորհրդային ժամանակներից. համալսարանական մասնագիտական կրթութեան ուսումնական ծրագրերում տասնամեակներ ի վեր կարեւորութիւն չի տրուել արեւելահայերէնին։ Հայոց լեզուի չորս - հինգ տարուայ տեւական, մանրակրկիտ ուսուցման պարագայում արեւմտահայերէնը համեմատաբար «թշուառ ազգականի» վիճակում է մնացել։ Նրան լեզուական «չինովնիկները» յատկացրել են ընդամէնը մէկ կիսամեակ՝ շաբաթական մէկ մուտքով, ինչն անում է միջին հաշուով 2836 ժամ։ Նորանկախ Հայաստանում ծրագրերը եւ վերաբերմունքը առանձնապէս չեն փոխուել, եւ բանը հասել է այնտեղ, որ խոստովանում ենք բարձրաձայն՝ ունենք մասնագէտների սակաւութիւն։
Փաստօրէն համալսարանում այսօր էլ բանասէր ուսանողը, լեզուին չտիրապետած, գրական բնագրեր, թէկուզ լեզուական առումով, բացելու մասնագիտական կարողութիւնը այդպէս էլ չի ստանում։
Կրթութեան նախարարութիւնում գիտակցում են հայութեան երկու հատուածների լեզուամշակութային ուսուցման միջեւ առաջ եկած հսկայական վիհը յաղթահարելու պահանջի հրամայականը։
Ահա թէ ինչու «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը ձեռնամուխ եղաւ հայրենի ուսուցիչների մասնագիտական վերազինման՝ արեւմտահայ հանրակրթական առարկաներից։ Հարցադրումը նախ մտաւ Կենտրոնի գործունէութեան կանոնադրութեան ենթակէ-տերի մէջ, որը հաստատեց ՀՀ Կրթութեան ու Գիտութեան նախարարութեան Կոլեգիան 2000 թ. Յունուար Փետրուար ամիսներին։

2001 թ. Միացեալ Նահանգներ այցի ժամանակ Կենտրոնի տնօրէն Ս. Դանիէլեանը Լոս Անճելըսի «Պոլսահայ Միութիւն» կազմակերպութեանը առաջարկեց նիւթապէս ապահովել նման դասընթացների իրականացումը մեր հաստատութեան մէջ 2002 թուականից սկսած։ Առաջարկն ընդունուեց, եւ առ այսօր աջակցութիւնը շարունակական բնոյթ ունի։ Վերջին՝ ութերորդ դասընթացներն աւարտուեցին

2007թ.։ Ընդհանուր թուով «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում վերապատրաստուել են Երեւանի, ՀՀ մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի բոլոր հինգ շրջանների 380-ից աւելի ուսուցիչներ:
Նշենք նաեւ, որ Լոս Անճելըսի պոլսահայ բարեկամների կողքին են «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը եւ Սուրիայի Թել Աբիաթ սահմանային գիւղի համայնքապետ Յակոբ Աղայ Սաղաթելեանը, որոնք հովանաւորել են հայրենի ուսուցիչների մեկական դասընթաց։ Ընդ որում վերջինս՝ 2007 թ. Յունուարին։

«Նպատակը, - հիմնաւորում է իր խօսքը հայրենի վերապատրաստութեան պատասխանատուն, - մեր օրերում հենց խորհրդային ժամանակներից մնացած բացը շտկելն է։ Մեր ձեռքին է արեւմտահայ մշակոյթը մեզանում զօրացնելու հնարաւորութիւնը։ Ջանքը կայ, մասնագէտներն ունենք։ Քաջ գիտենք, որ պետութիւնը դեռեւս չի կարողանում միջոցներ յատկացնել կրթական հիմնախնդրի կարգաւորման համար, բայց ժամանակը չի սպասում, ուստի մենք նախընտրում ենք բարեսիրական ճանապարհը՝ ուսուցիչ եւ գիտելիք շահելու տեսակէտից։

Սփիւռքում վստահում են ծրագրին, հաւատում մեր ուժերին, տէր կանգնում գաղափարին՝ օգտակար լինելով հայաստանաբնակ ուսուցչին ու գիտնականին»։

Վերապատրաստութեան ճանապարհով Կենտրոնն իր նպաստն է բերում ետբուհական վերապատրաստութեան բարձիթողի վիճակների յաղթահարմանն ուղղուած պետական քաղաքականութեան իրականացմանը։
Այդ մասին են վկայում հայրենի ուսուցիչների՝ հարցախոյզերին տուած անկեղծ պատասխանները։ Իրենց տպաւորութիւնները վերապատրաստուող ուսուցիչները ամփոփում են 14 ենթակէտերից բաղկացած հարցաթերթիկներում։ Դրանք յուշել են յետագայ տարիներին մեր աշխատանքների վերատեսութիւնը, ինչը էապէս նպաստել է Կենտրոնի գործունէութեան որակների յստակեցմանն ու բարելաւմանը:
Սփիւռքահայ գրականութեան լաւագոյն գիտակներից Պրօֆ. Վազգէն Գաբրիէլեանը, նկատելով աշխատանքային մեթոդական նորարար սկզբունքներ, ընդգծում է. «Նորու-թիւններն այստեղ շատ են։ Հաճելին այն է, որ մեր ուսուցիչները, որոնք յոգնել են ձեւական բնոյթի դասընթացներից, այժմ պատրաստակամ են աշխատում։ Կարող եմ ասել, որ այս երկու ամիսներին նրանք տանը եւ Կենտրոնում աւելի լաւ եւ աւելի շատ ճգնեցին սփիւռքահայ ու արեւմտահայ հեղինակների վրայ, քան արել էին իրենց ուսանողութեան շրջանում»։
Անշո՛ւշտ, դա գալիս էր բաւարար ժամաքանակից. մէկ ամսուայ ընթացքում լեզուի դասերի համար յատկացւում է 48 ժամ, նոյն շրջանում կրկնակի ժամաքանակ (96 ժամ) «խլում են» գրականութեան զոյգ դասընթացները, որոնք լուսաբանում են արեւմտահայ դասական շրջանը եւ նորագոյն սփիւռքահայ հեղինակներին՝ գերակշիռ մասով անծանօթ մեր ուսուցչին։

 

* * *
Հայրենի ուսուցիչների վերապատրաստութիւնը միշտ եղել է Հանրապետութեան իշխանութիւնների ուշադրութեան եւ հոգածութեան կենտրոնում։ Ուսուցիչների հետ այդ տարիներին հանդիպումները կարեւորել են՝
ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանը,
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրէններ Վահան Տէր-Ղեւոնդեանը, Նաիրա Մելքումեանը,
ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան Նախարարներ Եդուարդ Ղազարեանը, Լեւոն Մկրտչեանը, Սերգօ Երիցեանը, Մշակոյթի Նախարար Յովիկ Հովէեանը,
ԼՂՀ Կրթութեան, Մշակոյթի, Երիտասարդութեան, Մարզանքի Նախարար Կամօ Աթայեանը, փոխնախարարներ, Երեւանի եւ մարզերի կրթութեան վարչութիւնների պատասխանատուներ,
ԱԺ պատգամաւորներ Հրանուշ Յակոբեանը, Գալուստ Սահակեանը, Շաւարշ Քոչարեանը, Վազգէն Խաչիկեանը։


* * *

Կենտրոնում հայրենի ուսուցիչների համար կազմակերպուել են գրամշակութային հանդիպումներ, որոնց նպատակը եղել է բացայայտել արեւմտահայ եւ սփիւռքահայ բանաստեղծութեան բնագրական ճանաչողական աւազանը, վերհանել գրականութեան ու երաժշտութեան ներքին առնչութիւնները։

• «Արեւմտահայերէնի արտայայտչական եւ հնչերանգային իւրայատկութիւնները. ինչպէ՞ս կարդալ Շ. Շահնուրի պատմուածքը» (2003 2004)։Դասախօս՝ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսեան։
• «Արեւմտահայերէնի արտայայտչական եւ հնչերանգային իւրայատկութիւնները. ինչպէ՞ս մեկնել արեւմտահայ բանաստեղծութիւնը (Ռուբէն Սեւակ եւ Վահան Թէքէեան» (2004 2005)։Դասախօս՝ ասմունքող Կամօ Տէր Պետրոսեան (Հայաստան)։
• «Արեւմտահայերէնի արտայայտչական եւ հնչերանգային իւրայատկութիւնները. արեւմտահայ բանաստեղծութեան իմաստային ներքին շերտերի բացայայտումը. (Դ. Վարուժան, Ռ. Սեւակ, Մ. Զարիֆեան եւ Վ. Թէքէեան» (2004 2006)։Դասախօս՝ ասմունքող Սալբի Դարակչեան (Հալէպ, Սուրիա)։
• Համերգ - դասախօսութիւնների շարք՝ «Հայ երգի հոգեւոր եւ ժողովրդական ակունքները» (2002 2004)։Դասախօս՝ Երեւանի Կոմիտասի ան. Երաժշտանոցի դոցենտ Մհեր Նաւոյեան՝ ընկերակցութեամբ երգչուհիներ Անահիտ Պապայեանի եւ Լուսինէ Ղազարեանի:
• Համերգ - դասախօսութիւնների շարք՝ «Աւագագոյն երգահան Սիրվարդ Գարամանուկի (Ստամբուլ, Թուրքիա) երգերը սփիւռքահայ բանաստեղծների խօսքերով (Վ. Թէքէեան, Զոհական, Կ. Ճանճիկեան, Զահրատ, Զ. Խրախունի, Ի. Սարըասլան)» (2003 2004, 2007)։ Դասախօս՝ Ազգային օպերայի մեներգիչ Կարէն Միրզոյեան՝ ընկերակցութեամբ Ազգային օպերայի մեներգչուհի Լիլիթ Սողոմոնեանի։։
• Համերգ - դասախօսութիւն՝ «Սփիւռքահայ նորագոյն բանաստեղծութիւնը. Ա. Նագգաշեանի «Եթէ յանկարծ տեսնես իրեն» ժողովածուն եւ խտասալիկը»։
Դասախօս՝ Սուրէն Դանիէլեան։ Բանաստեղծութիւններն ու երգերը կատարում են Անուշ Նագգաշեանն ու Կարօ Դէմիրճեանը (Երուսաղէմ, Իսրայէլ)։
• Օտարագիր Մայքլ Առլէնի «Կանաչ գլխարկ» վէպի հիման վրայ անցեալ դարի 20ական թթ. ամերիկեան արտադրութեան շարժանկարի (գլխաւոր դերում՝ Գրէտ Գարբօ) ցուցադրութիւն՝ հայագէտ դոկտոր Ալ‎‎ֆրէդ Միւլլէրի (ԱՄՆ, Պենսիլվանիայի համալսարան) մեկնաբանութիւններով (2005)։
• Դասախօսութիւն՝ «Օշականի տեսիլքը» խտասալիկի ցուցադրութեամբ։
Դասախօս՝ Ստամբուլի (Թուրքիա) «Գարակէօզեան» վարժարանի տնօրինուհի Արմաւենի Միրօղլու (2007)։

* * *
Դասընթացների մասնակիցներին եւ Կենտրոնի աշխատակիցներին 2002 եւ 2003 թթ. հաճելի անակնկալ է մատուցել "World Vision" համաշխարհային եկեղեցական կազմակերպութեան Հայաստանի գրասենեակը (տնօրէն՝ Կարինէ Յարութիւնեան)՝ նուիրելով 240 կտոր ամերիկեան կանադական արտադրութեան ճաշակաւոր հագուստի համալիր՝ փէշ, վերնազգեստ եւ զուգագուլպա։

 

ՀԱՅՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԱՆՑԱԾ ՈՒԹ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԱՍԱՒԱՆԴԱԾ ՄԱՍՆԱԳԷՏՆԵՐԻ ՑԱՆԿ

Կենտրոնը հայրենի ուսուցիչների վերապատրաստութեան բոլոր դասընթացներին ներգրաւել է Սփիւռքի եւ Հանրապետութեան գիտամանկավարժական առաջատար 46 մասնագէտների։

Սփիւռքից (8 մասնագէտ)՝

Հիլդա Գալֆայեան Փանոսեան (Պրօֆ., դոկտոր, Ֆրանսիա, Սորբոնի համալսարան, 2002)
Հայր Լեւոն Պօղոս Զէքիեան (ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ, Իտալիա, Կա-Ֆոսկարի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ, 2002, 2004)
Պէպօ Սիմոնեան (գրող, ուսուցիչ, Լիբանան, 2002)
Հայր Յարութիւն Պզտիկեան (Իտալիա, 2005, 2006)
Գրիգոր Պըլտեան (գրականագէտ, Ֆրանսիա, 2005)
Արամ Սեփեթճեան (արձակագիր, ուսուցիչ, Լիբանան, 2005)
Ռոսիթա Եուսէֆեան (ուսուցչուհի, Արգենտինա, 2006)
Երուանդ Ազատեան (դոկտոր, գրականագէտ, ԱՄՆ, Դիտրոյթ, 2007)

Հայաստանի Հանրապետութիւնից (38 մասնագէտ)՝

ԳԱԱ Համակարգ (14 մասնագէտ)՝

Ազատ Եղիազարեան (դոկտոր, Գրականութեան Ինստիտուտի տնօրէն, 2002, 2003, 2005 - 2007)
Մարգարիտ Խաչատրեան (դոկտոր, Գրականութեան Ինստիտուտ, 2002 -2005)
Վլադիմիր Կիրակոսեան (դոկտոր, Գրականութեան Ինստիտուտի փոխտնօրէն 2002, 2003, 2005, 2006)
Վարդան Փարթամեան (գիտ. թեկնածու, Գրականութեան Ինստիտուտ, 2002 2003)
Նելլի Անանեան (դոկտոր, Գրականութեան Ինստիտուտ, 2003 2004)
Վազգէն Համբարձումեան (դոկտոր, Լեզուի Ինստիտուտ, 2003, 2004, 2007)
Լաուրա Մուրադեան (դոկտոր, Պրօֆ., Գրականութեան Ինստիտուտ, 2003 2007)
Արտէմ Սարգսեան (դոկտոր, Լեզուի Ինստիտուտ, 2003, 2005, 2006)
Վլադիմիր Բարխուդարեան (ԳԱԱ փոխնախագահ, 2004)
Ալբերտ Խառատեան (դոկտոր, Պատմութեան Ինստիտուտ, 2004)
Ղամբարեան Արմենուհի (գիտ. թեկնածու, Պատմութեան Ինստիտուտ, 2004)
Վահան Մելիքեան (գիտ. թեկնածու, Պատմութեան Ինստիտուտ, 2004)
Աշոտ Մելքոնեան (դոկտոր, Պատմութեան Ինստիտուտի տնօրէն, 2004)
Սերգէյ Սարինեան (ակադեմիկոս, Գրականութեան Ինստիտուտ, 2005)

Երեւանի Պետական Համալսարան (11 մասնագէտ)՝

Արծրուն Աւագեան (դոկտոր, Պրօֆ., բանասիրական բաժանմունքի դեկան, 2002 2009)
Վազգէն Գաբրիէլեան (դոկտոր, Պրօֆ., նորագոյն գրականութեան ամբիոնի վարիչ, 2002 2009)
Սիրանուշ Դւոյեան (գիտ. թեկնածու, նորագոյն գրականութեան ամբիոն, 2002)
Սամուէլ Մուրադեան (դոկտոր, Պրօֆ., նոր գրականութեան ամբիոնի վարիչ, 2002 2007)
Արտաշէս Սարգսեան (գիտ. թեկնածու, փոխդեկան, հայոց լեզուի ամբիոն, 2002 2004)
Ռուբէն Սաքապետոյեան (գիտ. թեկնածու, դոցենտ, հայոց լեզուի ամբիոն, 2002)
Լիլիթ Սէյրանեան (գիտ. թեկնածու, նորագոյն գրականութեան ամբիոն, 2002)
Կիմ Աղաբեկեան (դոկտոր, Պրօֆ., նոր գրականութեան ամբիոն, 2003, 2005 2009)
Եուրի Աւետիսեան (դոկտոր, հայոց լեզուի ամբիոն, 2003 2005, 2007)
Բաբկէն Յարութիւնեան (դոկտոր, Պրօֆ., հայոց պատմութեան ամբիոնի վարիչ, 2004)
Սերժ Սրապիօնեան (դոցենտ, նոր գրականութեան ամբիոն, 2004 2009)

Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարան (13 մասնագէտ)՝

Սեւակ Արզումանեան (ԳԱԱ թղթակից-անդամ, հայ գրականութեան ամբիոն, 2002 2003)
Սուրէն Դանիէլեան (դոկտոր, Պրօֆ., հայ գրականութեան ամբիոն, 2002 2009)
Ներսէս Մկրտչեան (դոկտոր, Պրօֆ., հայոց լեզուի ամբիոն, 2002, 2005)
Յովհաննէս Եղոյեան (2003 - 2009)
Մանուէլ Զուլալեան (ԳԱԱ ակադեմիկոս, 2004)
Գէորգ Թոսունեան (դոկտոր, Պրօֆ., հայոց լեզուի ամբիոն, 2004)
Մհեր Կարապետեան (դոկտոր, Պրօֆ., հայոց պատմութեան ամբիոն, 2004)
Աւետիս Յարութիւնեան (դոցենտ, հայոց պատմութեան ամբիոն, 2004)
Սամուէլ Պօղոսեան (գիտ. թեկնածու, հայոց պատմութեան ամբիոն, 2004)
Պօղոս Սիմոնեան (դոցենտ, հայոց պատմութեան ամբիոն, 2004)
Եդուարդ Մկրտչեան (դոկտոր, Պրօֆ., հայոց լեզուի ամբիոն, 2005 2006)
Սուսան Ղարիբեան (թեկնածու, հայոց լեզուի ամբիոն, 2009)
Քնարիկ Աբրահամեան (մեթոդիստ, 2008-2009)

կրթական այլ հաստատութիւններ (3 մասնագէտ)՝

Դաւիթ Գիւրճինեան (դոցենտ, Վ. Բրիւսովի ան. ռուս եւ օտար լեզուների պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզուի ամբիոն, 2002)
Վարդուհի Դաւթեան (թեկնածու, «Հիւսիսային համալսարան», 2008-2009)
Արմէն Կարապետեան (Երեւանի պատմութեան թանգարան, 2004)