Յառաջաբան

 

«Լալու խնդիր չունինք, պայքարի հարց է ասիկա, բոլորիս ճակատի գիրը պարզապէս»:
Հրայր Հրաչեան

Փարիզի «Մաշտոց» Հայ լեզուի պաշտպանութեան միութիւնը յայտնի է արեւմտահայ մշակոյթի հանդէպ նախանձախնդիր վերաբերմունքով: Այն համանախագահութեան սկզբունքով ղեկավարում են Սորբոնի համալսարանի Պրօֆ., դոկտոր Հիլդա Գալֆայեան-Փանոսեանը եւ «Շէն» կազմակերպութեան ղեկավար, «Թերթիկ» պարբերաթերթի խմբագիր Հրայր Հրաչեանը:

Նրանց համախմբել է արեւմտահայ լեզուի ու մշակոյթի նահանջի առթած տագնապը ինչպէս Սփիւռքում, այնպէս էլ Հայաստանում: Կազմակերպութիւնը ջանքեր է գործադրում սփիւռքահայութեանը, նոր սերնդին, յատկապէս աշակերտութեանը, հայութեան ու ոսկեղենիկ հայերէնի աւազանից հեռացողներին վերադարձնելու հայախօս միջավայր, ազգային ինքնութեան ճանաչողութիւն: «Լալու խնդիր չունինք, պայքարի հարց է ասիկա, բոլորիս ճակատի գիրը պարզապէս», իրենց աշխատանքային ուղղութիւնները փիլիսոփայական խաղաղութեամբ քննում է Հր. Հրաչեանը:
2002 թ. Ֆրանսիայում ու նրա սահմաններից դուրս համբաւ ձեռք բերած կազմակերպութիւնը, ողջունելով Երեւանի Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի գործունէութեան արեւմտահայ կրթական ուղղութիւնների արդիւնաւորութիւնը, տնօրէն, Պրօֆ. Սուրէն Դանիէլեանին առաջարկեց միասնական կրթական հեռանկարային աշխատանք, որը ներառում է.

ա) արդէն Կենտրոնում վերապատրաստուած ուսուցիչների լրացուցիչ վերապատրաստութիւն Մեսրոպեան ուղղագրութեան գծով,

բ) հանրակրթական դպրոցներում մեկամեայ փորձնական ծրագիր իրագործելու իրաւունք մրցոյթի ճանապարհով (իններորդ դասարան): Առաջին տարին, սակայն, դեռ որոնումների շրջան էր: Ահա թէ ինչու ընտրուել էր 8-րդ դասարանը: Յետագայում մօտեցումը փոխուեց, եւ 2003-ից 9-րդ դասարանը վերջնական ընտրութիւն դարձաւ:

Վերջին երկու տարիներին, կապուած հանրակրթական աւագ դպրոցների մուտքի հետ, դասընթացներ իրականացուել են 10 - րդ դասարաններում:
Նախ, Փարիզի «Մաշտոց» Միութեան հիմնադիր նախագահ Հ. Գալֆայեան-Փանոսեանը եւ «Սփիւռք» Կենտրոնի տնօրէն Ս. Դանիէլեանը միասին կազմեցին արեւմտահայ լեզուի ու գրականութեան ծրագիր շաբաթական չորս ժամ հաւասարաչափ բեռնուածութեամբ այն պատշաճեցնելով Հայաստանի կրթական ընկալումներին, հայրենի աշակերտների ճանաչողութեան իրական մակարդակին:
Փորձը ցոյց է տալիս, որ արեւմտահայերէնը լեզուական առումով դժուարհասանելի է (եթէ ոչ անհասանելի) այսօրուայ աշակերտին: Այն անցնելիս ճանաչո:ղական յայտնի դժուարութիւններ են փորձում յաղթահարել նաեւ ուսուցիչները, երբ դիմում են անգամ հանրակրթական ծրագրերի մէջ մտած, արեւմտահայերէնով գրուած այս կամ այն ստեղծագործութեանը: Արդիւնքում մի ողջ գրական հարուստ ժառանգութիւն դպրոցում մնում է վատ ուսումնասիրուած:

Բնական է, որ տուեալ նիւթը աշակերտին հանգամանօրէն հաղորդելու ուսուցչի ջանքերը արդիւնք չեն տայ, եթէ ուսուցիչն ու աշակերտը չփորձեն իւրացնել մեր գրական լեզուի արեւմտահայ շերտը: Անհրաժեշտ է, որ նրանք ազատ ու անկաշկանդ կարդան արեւմտահայերէն բնագրեր:

Առաջարկը ներկայացուեց ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան նախարարութիւն:
ՀՀ ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզեանը Ծրագիրը փորձաքննութեան ուղարկեց Կրթութեան բարեփոխումների Կենտրոն ու դրական եզրակացութիւն ստանալուց յետոյ հրաւիրեց շահագրգիռ կազմակերպութիւններին խորհրդակցութեան: Արդիւնքում նախարարութեան 2002 թ. Փետրուարի 15-ի յատուկ կարգադրութեամբ 2002 - 2003 ուսումնական տարուայ համար Երեւանի երկու դպրոցներ ստացան արեւմտահայ փորձնական ծրագիր իրականացնելու իրաւունք յիշեալ կազմակերպութիւնների գիտամեթոդական համակողմանի աջակցութեամբ եւ հովանաւորութեամբ: Առաջին համարձակները եղան Երեւանի Աւանի թիւ 170 եւ Նոր Նորքի թիւ 163 դպրոցների ուսուցչուհիներ Անուշիկ Դանիէլեանը եւ Սվետլանա Օշխերելին:

Յաջորդ տարիներին Ծրագիրը ՀՀ ԿԳ նախարարութեան առաջարկութեամբ ընդլայնուեց ընդգրկելով ոչ միայն Երեւանի, այլեւ ՀՀ մարզերը, իսկ 2006 - 2007 ուսումնական տարում արեւմտահայ լեզուի եւ գրականութեան փորձնական Ծրա:գիրը մուտք գործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան շրջաններ:

Անցած ութ տարիների ընթացքում «Մաշտոց» Միութեան եւ «Սփիւռք» Կենտրոնի ղեկավարութեամբ Հայաստանի եւ ԼՂՀ 45 դպրոցներում յաջողութեամբ են անցել այս ծրագրերը։
Աշխատանքները համակարգող Ս. Դանիէլեանն ամէն տարի «Մաշտոց» Միութեան խորհրդի հաստատմանն է ներկայացրել Ծրագիրը վերահսկող տեսուչներին։

Տեսուչները՝ ըստ տարիների՝

2002 2003 թթ. - Սուրէն Դանիէլեան
2003 2004 թթ. - Սվետլանա Օշխերելի
2004 2005 թթ. - Ալիս Յովհաննիսեան եւ Սօսի Պետրոսեան (Իրաք)
2005 2006 թթ. - Անուշիկ Դանիէլեան եւ Յովհաննէս Եղոյեան
2006 2007 թթ. - Յովհաննէս Եղոյեան, Մարօ Խաչատրեան, Յովիկ Մուսայէլեան
2007-2008 թթ. - Յովհաննէս Եղոյեան եւ Քնարիկ Աբրահամեան
2008-2009 թթ. - Յովհաննէս Եղոյեան, Քնարիկ Աբրահամեան եւ Մարօ Խաչատրեան
2009-2010 թթ. - Յովհաննէս Եղոյեան, Քնարիկ Աբրահամեան եւ Մարօ Խաչատրեան

Իսկ դա նշանակում է՝ 45 ուսուցչի ծաւալուն ու բարեբեր աշխատանք, իսկ դա նշանակում է՝ 1.000-ից աւելի հայ խանդավառ պատանիներ դեռ աշակերտական նստարանից ընտանի են դարձրել արեւմտահայերէնը, սիրել ու գնահատել են արեւմտահայ ու սփիւռքահայ նուիրական գրողներին։

Սակայն դա չի նշանակում, թէ ուսուցիչների առջեւ դժուարին խնդիրներ եւ խոչընդոտներ չկան։ Դրանք մենք բաժանել ենք չորս պայմանական խմբերի.

ա) Առաջին էական դժուարութիւնը լեզուն է, որ աշակերտները, պէտք է ընդգծել, մասամբ են յաղթահարում։

բ) Ուսուցիչները արեւելահայ են, եւ առոգանութեան հետ կապուած հարցերը ստանում են միայն մասնակի լուծում։ Իրենք վիթխարի աշխատանք են կատարում իրենց իմացական մակարդակը բարձրացնելու ուղղութեամբ, սակայն դեռ լեզուական ճանաչողական, ինչպէս նաեւ գրական բնագրերի իւրացման տեսակէտից չլուծուած էական հարցեր մնում են։

գ) Անտեսելու չէ նաեւ այն պարագան, որ դասաւանդուող հեղինակները, որոշ մասով պետական ծրագրային ցանկի մէջ չմտնելով, անպատասխանատուութեան որոշ տարր են բերում աշակերտութեան գիտակցութեան ու հոգեբանութեան մէջ, որոնք ուսուցիչները փորձում են յաղթահարել՝ սիրել տալով գրականութիւնը՝ բնագրերով, եւ ի հարկէ, իրենց նուիրումով ու ներշնչանքով։

դ) Նոյն դպրոցի միւս զուգահեռ դասարաննների համեմատութեամբ կայ չյաղթահարուած մէկ խնդիր եւս. փորձարկուող դասարանում շաբաթական լրացուցիչ չորս ժամով ծանրաբեռնուածութիւնը ազդում է աշակերտութեան հոգեբանութեան վրայ։