Հարցազրոյցներ Հիմնադրամի ղեկաւար կազմի հետ

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ ՊՐՆ. ՎԱՀԱՆ ՏԷՐ - ՂԵՒՈՆԴԵԱՆԻ ՀԵՏ


Գրետա Մնացականեան.
Պրն. Տէր - Ղեւոնդեան, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը ստեղծուեց նորոգ Հայաստանի համար ծայրայեղ բարդ իրավիճակում, անկախութեան հռչակումից յետոյ, երբ արմատական փոփոխութեան էին ենթարկւում երկրի տնտեսական, ընկերային, քաղաքական ոլորտները: Կային բազմաթիւ խնդիրներ, որոնց լուծումը անպայման միասնական ջանքերով պէտք է իրականանար: Հիմնադրամը ստեղծուեց, փաստօրէն, այդ միասնականութեան կարմիր գօտին դառնալու, Հայաստանը, Սփիռքն ու Ղարաբաղը միաբանելու նպատակով:
Դուք երկար ժամանակ ղեկավարել էք «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի աշխատանքները. ինչպէ՞ս էք գնահատում նրա դերը, նշանակութիւնն ու կարեւորութիւնը մեր երկրի համար:
Վահան Տէր-Ղեւոնդեան. «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը նախկինում գոյութիւն ունեցած տարբեր ազգային, հասարակական կառոյցների տրամաբանական շարունակութիւնն է:
Մեր ժողովուրդը երկար տարիներ ապրել է ազգային պետականութիւնից զուրկ երկրում: Նրա եւ յատկապէս հայրենիքից դուրս գտնուած հայ զանգուածների համար համահայկական կառոյցների ստեղծման անհրաժեշտութիւնը որպէս գերագոյն նպատակ միշտ գոյութիւն է ունեցել: Ցաւօք, ժամանակներն այնպիսին են եղել, որ այդ կառոյցները մեզ բոլորիս յայտնի պատճառներով իրապէս համահայկական դառնալու հնարաւորութիւն չեն ստացել:
Երբ փլուզուեց Խորհրդային Միութինը, երբ Հայաստանի Հանրապետութիւնը ձեռք բերեց իր անկախութիւնը, այնպիսի պահ ստեղծուեց, որ բոլոր երազանքները, ձգտումները կարծես հնարաւոր էր արդէն իրականութիւն դարձնել:
Անկախութիւնը ոգեւորել էր մարդկանց: Եւ նրանք, ովքեր այս պահին ի վիճակի էին սառը դատելու, հասկանում էին, որ Հայաստանը կանգնած է այնպիսի բարդ խնդիրների առաջ, որ միայն ուժերի գերագոյն լարման առկայութեան դէպքում դրանք կարող է յաղթահարել: Դրա համար անհրաժեշտ էր ստեղծել մի հզօր համակարգ, որը, պահպանելով միասնականութիւնը, կը կարողանար բոլոր խնդիրներին ճանապարհ ցոյց տալ:
Բացի ֆինանսական կողմից, ես շատ եմ կարեւորում հարցի հոգեբանաբարոյական կողմը: Կառոյցը, լուծելով մի շարք տնտեսական, սոցիալական եւ այլ խնդիրներ, իր գոյութեամբ էապէս նպաստեց նաեւ պետական մտածելակերպի ձեւաւորմանը: Ի հարկէ, շատ աւելի հեշտ է փոխել երկրի դրօշը, օրհներգը, խորհրդանիշերը, քան մարդկանց աւանդական մտածելակերպը: Սա տասնամեակների խնդիր է, եւ այս առումով Հիմնադրամն իր բացառիկ դերը կատարեց:
Գուցէ աւելին էին սպասելիքները, բայց կառոյցի բացակայութեան դէպքում մեր ազգային մտածելակերպը կը տուժէր, աւելի քիչ կը լինէին այն զարգացումները, որ կատարուել են Հայաստանում եւ Սփիւռքում, զարգացումներ, որոնք, վստահ եմ, միայն պետական միջոցներով երբեք հնարաւոր չէր լինելու իրականացնել:
Լինելով տարածաշրջանային ճանաչուած երկիր՝ Հայաստանը տնտեսական իր բացերը փորձում է ինչ-որ չափով լրացնել վարկերի, դրամաշնորհների միջոցով, ինչ - ինչ միջազգային կազմակերպութիւնների դիմելով, ինչպէս դա կատարւում է աշխարհի մի շարք զարգացող երկրներում: Արցախը նման հնարաւորութիւն, օրինակ, չունի. նրա յոյսն ամբողջովին Հայաստանն է:
Գրետա. Հիմնադրամի նպատակը անկախ Հայաստանի զօրացմանը, աճին նպաստելն է: Ձեր կարծիքով, որքանո՞վ է այս ընթացքում Հիմնադրամը կարողացել իրականացնել իր առջեւ ծառացած խնդիրները:
Վ. Տէր - Ղեւոնդեան. Յամենայն դէպս, երկու հարցում վստահ կարող եմ ասել, որ Հիմնադրամի դերը շօշափելի է եւ խիստ ակնառու. խօսքը աղէտի գօտու վերակառուցման աշխատանքների եւ Արցախի ճանապարհների կառուցման մասին է:
Սակայն ես կարծում եմ, որ կայ մի էական խնդիր, որ Հիմնադրամի ստեղծումից մինչ օրս չենք կարողացել իրականութիւն դարձնել։ Դա Հիմնադրամի համաժողովրդական եւ զանգուածային ընդունելութեան հարցն է: Ինքը անունը՝ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամ, ենթադրում է, որ ցանկացած հայ՝ թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում, իր կարողութիւնների սահմաններում մասնակցութիւն պէտք է ունենայ մեր երկրի վերականգման ճանապարհին՝ գումարային ներդրումներ կատարելով: Սակայն այս հարցը կարգաւորելու գործում դեռ շատ անելիքներ ունեցել ենք եւ ունենք:
Երբեմն ընդհանրական գնահատականներ են տրւում, եւ շատ դէպքերում ամէն ինչ որոշւում է միայն գումարի չափով, ինչն այս պարագայում ճիշդ չեմ համարում: Ի հարկէ, կարեւոր է գումարի քանակը, բայց աւելի կարեւոր է ներդրում կատարողների քանակը, որոնց թիւը որքան մեծ լինի, այնքան աւելի լաւ. դրանից շատ բան է կախուած:
Այս հարցում մենք ունեցել ենք յաջողութիւններ, բայց իրականում ստեղծման պահից Հիմնադրամի խորքում դրուած գաղափարները դեռեւս աննուաճ են մնում:
Գրետա. Այսօր Սփիւռքի գաղթօջախներում «Հայաստան» Համահայկական Հիմնադրամն ունի իր մասնաճիւղերը: Ինչպէ՞ս էք Դուք գնահատում նրանց գործունէութիւնը: Արդեօ՞ք նրանք փոխլրացնում են մէկը միւսին:
Վ. Տէր - Ղեւոնդեան. Պետական մտածելակերպ ասուածը մեծ կարեւորութիւն ունի նաեւ Ստեփանակերտի համար, այն առումով, որ, ըստ էութեան, Հիմնադրամի գործունէութիւնը հնարաւորութիւն է տալիս մարդկանց զգալու, որ իրենք մասնակցում են իրե՛նց հայրենիքի, պետութեան կառուցման աշխատանքներին, որ ամէն մի քայլ կատարւում է համընդհանուր համաձայնութեան արդիւնքում եւ ոչ ի հեճուկս որեւէ մէկի:
Սփիւռքահայութիւնը հսկայական դեր է կատարում. տասնամեակների ընթացքում ստեղծուել են դպրոցներ, ակումբներ, մարզական, մշակութային կառոյցներ եւ այլն, բայց հատուածայնութեան խնդիրը միշտ եղել է:
Մինչդեռ այս պարագայում նրանք մասնակցում են մի կառոյցի աշխատանքների, որի ղեկավար մարմինը՝ Հոգաբարձուների Խորհուրդը, իր մէջ ներառում է սփիւռքահայ բոլոր կառոյցները՝ ե՛ւ եկեղեցական, ե՛ւ մշակութային, ե՛ւ բարեսիրական, ե՛ւ կուսակցական, դրա հետ միասին նաեւ պետական կարեւոր պաշտօնեաներ եւ այս ամէնը՝ ՀՀ Նախագահի գլխաւորութեամբ: Սա, ըստ էութեան, կիսապետական, կիսաընկերային ձեւ ունի։
Այս գաղափարն ինքնին Սփիւռքում ապրող հային մի տեսակ վստահութիւն է ներշնչում, զգալ է տալիս, որ նա իր մասնակցութեամբ նպաստում է Հիմնադրամի գործունէութեանը: Մասնաճիւղերը կարծէք դարբնոցներ, յենարաններ են դառնում Հայաստանի համար եւ քարը քարի վրայ դնելով՝ երկիր կառուցում: Սրանք միասնութեան բջիջներն են:
Գրետա. Փաստօրէն «Հայաստան» Համահայական Հիմնադրամը գործում է որպէս առանձին կառոյց, բայց իր կատարած աշխատանքներով, անշուշտ, նպաստում է պետութեան աշխատանքներին: Որքանո՞վ է արդիւնաւէտ համագործակցութիւնը պետութեան եւ Հիմնադրամի միջեւ:
Վ. Տէր - Ղեւոնդեան. Այս համագործակցութիւնն, ի հարկէ, առաջին հերթին իրագործւում է տուեալ երկրում գործող Հիմնադրամի մասնաճիւղերի, մեր դեսպանատների միջոցով: Շատ քիչ երկրներ կան, ինչպէս՝ Աուստրալիան, Շուեդիան, որտեղ կան տեղական մասնաճիւղեր, բայց չկայ դեսպանատուն: Բոլոր տեղերում ունենք դեսպանատներ, գլխաւոր հիւպատոսութիւններ, որոնք ի պաշտօնէ ներկայացնում են Հայաստան պետութիւնը եւ պարտաւոր են իրենց գործունէութեամբ ամէն կերպ աջակցել «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին եւ ընդհանրապէս հայկական բոլոր կառոյցներին, որովհետեւ Հիմնադրամը ե՛ւ հա-մայնքային կառոյց է, ե՛ւ ընդհանուր համահայկական կառոյցի մասնաճիւղ՝ ուղիղ կապի մէջ գտնուելով Երեւանի հետ: Հետեւաբար նրանք նպաստում են Հայաստան - գաղթօջախներ կապերին:
Բացի այդ ամէն տարի տեղի է ունենում Հոգաբարձուների Խորհրդի նիստ, հրաւիրւում են նաեւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, որոնք, խանդավառուած նոր ազդակներով, գաղափարներով, վերադառնում են համայնք եւ այնտեղ մի տեսակ ազգային կեանքը նորոգում են, ինչը համայնքի համար ոգեշնչման աղբիւր է:
Ի հարկէ, կան չափազանցուած կարծիքներ Սփիւռքի համայնքների կարողութիւնների վերաբերեալ. այն մասնակցութիւնը, որ կայ այսօր, կարող էր եւ աւելին լինել: Դրա պատճառը թերեւս վստահութեան պաշարի որոշ թուլացումն է, ինչի վերադարձի դէպքում պարզ ժողովրդի մասնակցութիւնն աւելի արդիւնաւոր կը լինի։ Սա, ի հարկէ, բարդ գործընթաց է:
Հիմնադրամի աշխատանքներում առաջնային պէտք է լինեն սէրը, հարազատութիւնն ու նուիրուածութիւնը: Նման պարագայում նիւթական աջակցութիւնն աւելի մեծ արժէք է ստանում։ Վերջերս յատկապէս մեծացել է Հայաստանի բնակչութեան մասնակցութիւնը, ինչը եռապատիկ ոգեւորում է Սփիւռքի հանրութեանը:
Նշեմ, որ կայ հեռանկարային մի ուրիշ մօտեցում, որը թէկուզ այսօր չի կիրառւում, բայց մեր մտքում այն միշտ գոյութիւն պիտի ունենայ:
Այսօր Սփիւռքը օգնում է Հայաստանին: Պիտի գայ մի օր, որ Հայաստանն սկսի օգնել Սփիւռքին: Յիշենք Իսրայէլի օրինակը: Ինչպիսի՜ խղճուկ վիճակում էր այն 50-60-ական թուականներին եւ ինչպիսի վիճակում է այսօր: Ի հարկէ, որոշակի տարբերութիւններով, սակայն նման մի ճանապարհի վրայ ենք այսօր եւ մենք:
Դրա առաջին ծիծեռնակը դարձաւ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի ծրագիրը, որը ժամանակին շատ ոգեւորեց մեզ եւ 2000 թ. Ապրիլին Հոգաբարձուների Խորհրդի տարեկան նստաշրջանին ընդունուեց սիրով եւ ըմբռնումով:
Կենտրոնին աջակցելու այս ծրագրի շնորհիւ մենք պարզեցինք մեզ համար, որ Հայաստանում կարող ենք ստեղծել մի կառոյց, որի նպատակը հենց Սփիւռքին օգտակար լինելն է: Նման ծրագրերի կարիք մենք շատ ունենք, բայց դեռեւս չունենք հնարաւորութիւն՝ իրագործելու դրանք: Բայց պէտք է գայ մի օր, որ նմանատիպ կառոյց ստեղծուի նաեւ Սփիւռքում, եւ, ֆիզիկայում յայտնի հաղորդակից անօթների օրէնքի օրինակով, պիտի աշխատենք լրացնել մէկմէկու, որովհետեւ ո՛չ Հայաստանը, ո՛չ Սփիւռքը միայնակ որեւէ խնդիր չեն կարող լուծել: Պիտի գործի միասնականութիւնը: Ահա այդ գաղափարն է դրուած «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի հիմքում: Գուցէ այս ամէնի արդիւնքն այն չէ, ինչ մենք իրականում կ'ուզենայինք, բայց կարծում եմ այդ պահը դեռ կը գայ:
Գրետա. Մինչ «Սփիւռք» Կենտրոնին անդրադառնալը, ներկայացրէք խնդրեմ, թէ ինչպիսի տեղ են զբաղեցնում Հիմնադրամի ծրագրերում կրթական ոլորտում կատարուող աշխատանքները:
Վ. Տէր - Ղեւոնդեան. Այս ոլորտում մեծ է Հիմնադրամի կատարած ներդրումը՝ յատկապէս երկու ուղղութիւններով՝ Աղ‎էտի գօտի եւ Արցախ: Որոշ թուով դպրոցներ կամ մասնաշէնքեր կառուցուել կամ վերակառուցուել են թէ՛ Գիւմրիում, թէ՛ Սպիտակում, թէ՛ Վանաձորում, թէ՛ Շիրակի եւ Լոռու մարզերի տարբեր գիւղերում, նման ծրագրեր իրականացուել են նաեւ Սիւնիքում, Գեղարքունիում, Արցախում եւ Երեւանում՝ թէեւ թուով քիչ, բայց, ընդգծենք եղել են:
Խոշոր ծրագիր էր Ստեփանակերտի Ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկ դպրոցի կառուցումը՝ մասնաշէնքերով, հանրակացարաններով, մարզական կենտրոնով:
Արցախի հանրակրթական դպրոցները գրեթէ բոլորը վերանորոգուած են: Այժմ Հիմնադրամը սկսել է վերանորոգել նաեւ երաժշտական, մարզական դպրոցներ: Եւ ուրախալի է, որ այս ոլորտները նոյնպէս կամաց - կամաց ընդգրկւում են Հիմնադրամի ծրագրերի մէջ:
Գրետա. «Սփիւռք» Կենտրոնի մասին արդէն մի փոքր խօսեցինք: Հիմնադրամի ծրագրերում այն իր տեսակի մէջ նորութիւն էր եւ դրանով իսկ առանձնայատուկ: Փաստօրէն, վերակառուցւում էր մի հաստատութիւն, որի գործունէութեան նպատակը Սփիւռքի կրթական շահերին աջակցելն էր: Խնդրեմ ներկայացրէք, թէ ինչպէս ընդունուեց ծրագիրը, եղա՞ն արդէօք ինչ - ինչ դժուարութիւններ, եւ ընդհանրապէս ինչպիսի՞ն էր գործընթացը:
Վ. Տէր - Ղեւոնդեան. Երբ ընդունուեց այս ծրագիրը, Հիմնադրամը ֆինանսական միջոցներ չունէր: Շուրջ մէկ ու կէս տարի սպասել ենք: Ի հարկէ, սա չի նշանակում, թէ ծրագիրը հետաքրքիր չէր. պարզապէս այն Հիմնադրամի իրականացրած միւս ծրագրերից տարբերւում էր եւ, ինչպէս արդէն նշեցի, արժանացել էր ջերմ ընդունելութեան։
Վերջապէս գտնուեց ֆինանսաւորումը։ ԱՄՆ Արեւելեան ափի մասնաճիւղը, որը ստացել էր բարերար Ջէք Հէքիմեանի կտակը, յատկացրեց մեզ այնքան գումար, որքան նախատեսուած էր այս ծրագիրն իրագործելու համար: Եւ ուրախալին այն էր, որ մասնաճիւղը իր վրայ վերցրեց ոչ միայն ծրագրի զուտ շինարարական մասը, այլեւ ամբողջական կահաւորումը եւ այլ, արդէն ուսումնական բովանդակային աջակցութիւններ ուսուցիչների վերապատրաստութիւնն իրականացնելու համար:
Շատ կարեւոր է, որ Կենտրոնը մշտապէս ուշադրութեան, հոգածութեան կենտրոնում լինի, որովհետեւ այսօր այն Հայաստան - Սփիւռք կապերի մէջ շատ կարեւոր օղակի է վերածուել:
Այստեղ մի խնդիր էլ կայ. դպրոցը բոլորիս համար առաջնահերթ նշանակութիւն ունի, եւ նրանք, ովքեր քիչ թէ շատ ծանօթ են Սփիւռքի պայմաններին կամ ապրել են, գիտեն, որ ուսուցիչներն այնտեղ առաջամարտիկներ են: Եթէ այստեղ մենք ասում ենք՝ յարգենք ուսուցչի աշխատանքը, ուսուցիչը պէտք է բարձր մակարդակ ունենայ, լաւ վարձատրուի եւ այլն, ապա Սփիւռքում ուսուցիչը առաջին հերթին համայնքների գոյութեան պահապանն է: Հետեւաբար օգնել Սփիւռքի ուսուցիչներին, նշանակում է օգնել Սփիւռքի գոյատեւմանը:
Կենտրոնի գործունէութիւնը մի կողմից, եթէ կարելի է այսպէս ասել, Հիմնադրամի գործունէութեան ջատագովութիւնն է, միւս կողմից պարզ երեւում է, որ Հայաստանի կառավարութիւնն իսկապէս գիտակցում է Սփիւռքի ուսուցչական կազմի վերապատրաստութեան, որակաւորման կարեւորութիւնը: Մի կարեւոր հանգամանք եւս, որը չէր հասցնում անել սփիւռքահայութեան մշակութային կոմիտէն խորհրդային շրջանում։
Սփիւռքահայ ուսուցիչը ծանօթանում է հայաստանեան իրականութեանը, հայ մշակոյթին, մանկավարժութեանը, ստանում գիտելիքներ, որոնք այլ ճանապարհով նրանք երբեք չէին կարող ձեռք բերել: Նրանք տանում են դա Սփիւռք։
Մինչդեռ հայրենի ուսուցիչն այստեղ ստանում է գիտելիքների այնպիսի պաշար, որ, ամենայն հաւանականութեամբ, գուցէ աւելի նուազ չափով, կարող էր ճանաչել իր ուսումնական հաստատութիւնում, քանի որ խորհրդային ժամանակներից եկող ծրագրերը դեռ ամբողջապէս չեն յաղթահարել նախկին գնահատութիւնների, արգելքների դրոշմը:
Հայրենի ուսուցիչն այստեղ վերականգնում է այն, ինչ չի ստացել ժամանակին համալսարանական ուսումնառութեան ընթացքում։ Սա, փաստօրէն, երկկողմանի վերապատրաստութիւն է:
Հայաստանի ուսուցիչները վերապատրաստուելով՝ ստանում են խոր գիտելիքներ արեւմտահայերէնի, արեւմտահայ, արեւելահայ եւ սփիւռքահայ գրականութեան, ժողովրդի պատմութեան, մշակոյթի, մանկավարժական հմտութիւնների մասին, որոնք ժամանակին, ուսումնառութեան ընթացքին, չկային, եւ այս ամէնը տանում են իրենց դպրոցները՝ թէ՛ Երեւանում, թէ՛ Հայաստանի հեռաւոր գիւղերում։
Սա է տխուր իրականութիւնը։
Կենտրոնի «գիտաուսումնական» անուանումը իզուր չէ: Վերապատրաստութեան կողքին ծավալւում են գիտական աշխատանքներ, տպագրւում են գրքեր, մշտապէս եւ ծանրաբեռնուած գործում է արեւմտահայ գրամշակութային, բնոյթով եզակի ընթերցասրահը։
Գրետա.Կենտրոնի ուսումնական առաջնահերթ ծրագրերից է վերապատրաստումից պատրաստութեան անցնելու գործընթացը: Որքանո՞վ էք սա կարեւորում եւ, ի՞նչ էք կարծում, հնարաւոր կը լինի՞ այն իրականացնել։
Վ. Տէր - Ղեւոնդեան. Այո՛, դա խիստ կարեւոր ծրագիր է, որը պետական մարմինների համապատասխան հոգածութեան պարագայում հնարաւոր կը լինի իրագործել եւ որքան շուտ, այնքան լաւ, որովհետեւ սփիւռքահայ իրականութեանը ծանօթ մարդիկ շատ քաջ գիտեն, որ ուծացումն այսօր գնալով աւելի մեծ ծաւալների է հասել: Հասկանալի է, որ մարդիկ ապրում են օտար հողում եւ բաւական հեռացել են իրենց ազգային արմատներից: Ճի՛շդ է, կան մշակոյթի, գիտութեան գործիչներ, որոնք թարմութիւն են հաղորդում, սակայն ընդհանուր առմամբ նրանք, ովքեր գաղթել են իրենց գոյութիւնը պահպանելու համար, իրենց հանապազ հացի փնտռտուքով, առանձնապէս ուշադրութիւն չեն դարձնում իրենց երեխաների հայեցի դաստիարակութեանը: Սա մտահոգիչ երեւոյթ է:
Ահա նման պայմաններում վերապատրաստութիւնից պատրաստութեան անցնելու ծրագիրը ողջունելի է, բայց լուրջ աջակացութիւն է հարկաւոր այն իրականութիւն դարձնելու համար:
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնն այս տասը եւ աւելի տարիների ըն-թացքում իր փոքրիկ, գրեթէ աննշան կազմով տիտանական աշխատանք է կատարել, ինչը արժանի է բարձր գնահատանքի:
Բայց, իմ կարծիքով, պակասում է նրա քարոզչութիւնը: Հասարակութիւնը լաւ պէտք է իմանայ Կենտրոնի, նրա գործունէութեան մասին: Կարծում եմ՝ շատերը ցանկութիւն կ'ունենան իրենց աջակցութիւնը ցուցաբերելու՝ մէկը գրքեր, միւսը, ասենք, մէկ-երկու սեղան նուիրելով, որովհետեւ Կենտրոնի աշխատանքն իսկապէս համահայկական է եւ Կենտրոնի կողքով ոչ մի հայ չպէտք է անտարբեր անցնի:

 

 

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ ՆԱԻՐԱ ՄԵԼՔՈՒՄԵԱՆԻ ՀԵՏ


Գրետա. Տկն. Մելքումեան, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը շուրջ 14 տարի ծաւալել է իր հայրենանուէր գործունէութիւնը՝ թէ՛ նիւթապէս, թէ՛ բարոյապէս զօրավիգ լինելով Հայաստանի եւ Սփիւռքի հայութեանը: Յայտնի է, թէ ինչպիսին է եղել Հիմնադրամի անցած ճանապարհը նախորդ տարիների ընթացքում: Դուք, որպէս «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրէն, ինչպէ՞ս կը գնահատէք Հիմնադրամի գործունեութեան արդի փուլը: Կա՞ն փոփոխութիւններ, եւ Դուք ինչպէ՞ս էք դրանց վերաբերւում:
Ն. Մելքումեան. «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը գործունէութեան 15 տարիների ընթացքում ծրագրեր է իրականացրել գրեթէ բոլոր ոլորտներում ու բնագաւառներում՝ մուտք գործելով այնտեղ, ուր եղել է իր օժանդակութեան կարիքը: Բնականաբար, երկրի տնտեսական զարգացմանը զուգընթաց, Հիմնադրամի ծրագրերի ուղղուածութիւնն էլ որոշակի փոփոխութիւններ է կրել՝ համապատասխանեցուելով ժամանակի պահանջներին: Եթէ գործունէութեան սկզբնական շրջանում՝ 1992 - 1994 թթ., Հիմնադրամն իրագործում էր գլխաւորապէս մարդասիրական օգնութեան ծրագրեր, ինչը պայմանաւորուած էր ժողովրդի տնտեսական ծանր վիճակով, ապա յաջորդող տարիներին արդէն հնարաւորութիւն կար հիմնական ներուժը կենտրոնացնելու ենթակառուցուածքների զարգացմանն ուղղուած խոշորածաւալ ծրագրերին: Կառուցուեց Գորիս Ստեփանակերտ մայրուղին, որը յուսալի կապ ապահովեց Հայաստանի եւ Արցախի միջեւ: Այնուհետեւ Հիմնադրամը սկսեց ԼՂՀ շրջանները միմեանց կապող «Հիւսիս - Հարաւ» մայրուղու կառուցումը, որին զուգընթաց՝ սկսուեց «Արցախի վերածնունդ» եռափուլ ծրագիրը, որի առաջին փուլի՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի վերականգման ու զարգացման համար մշակեցինք տնտեսական ու ռազմավարական կարեւոր մի փաստաթուղթ: Ծրագիրը ստեղծուեց Միացեալ Նահանգների ու Ֆրանսիայի, ինչպէս նաեւ Հայաստանի մասնագէտների հետ համագործակցութեան արդիւնքում: Այս ծրագրի իրագործման համար միջոցներ հաւաքելուն էր ուղղուած 2005 թ. մեր հեռուստամարաթոնը:
Հիմնադրամի արդի գործունէութիւնը գնահատում եմ ժամանակին համահունչ: Մի կողմից հաւատարիմ ենք մեր աւանդական առաքելութեանը՝ տարածաշրջանային ու ենթակառուցուածքների զարգացման խոշորածաւալ ծրագրեր իրագործելով հայրենիքում, միւս կողմից՝ իրականացրած ծրագրերի «տեսականին» ժամանակի թելադրանքով հարստացել է:
Մեր գործունէութեան էջերում շարունակում է կարեւոր տեղ զբաղեցնել մշակոյթի, ընկերային կազմակերպութիւնների, գիտութեան, սպորտի հովանաւորումը եւ այլն: Այսինքն՝ Հիմնադրամի համար օրակարգ դառնում է այն ամէնը, ինչը հրատապ է։
Գրետա. Այս ընթացքում Հիմնադրամը դարձել է, յիրաւի, համահայկական կառոյց, որի գանձանակը լցնում է ողջ ժողովուրդը՝ կազմակերպութիւններ, բարերարներ, անհատներ: Նրանց տեւական ներդրումների շնորհիւ իրագործուել են բազմաթիւ ծրագրեր թէ՛ Հայաստանում, թէ՛ Արցախում:
Հիմնադրամը շինարարական հսկայական կառոյց է: Եւ դա միայն ճանապարհի ու շէնքերի չի վերաբերում: Այն վերաշինում է նաեւ մեր հոգիները, համախմբում մեզ՝ աշխարհի չորս ծագերի հայերիս: Այս առումով նաեւ կրթական շինարարութեան առաջատար գծերում էք:
Ինչպէ՞ս էք գնահատում արեւմտահայ կրթամշակութային արժէքների պաշտպանութիւնը Հայաստանում, որին լծուել էք՝ ուսուցիչների վերապատրաստութեան դասընթացներին անդուլ աջակցութեամբ, որքանո՞վ է այն կենսունակ։
Ն. Մելքումեան. Պատմութեան բերումով հայութիւնը բաժանուել է երկու հատուածի՝ հայրենիքում եւ Սփիւռքում բնակուող: Մենք մշակութային նոյն դիմագիծն ու արմատներն ունենք, սակայն միաժամանակ չափազանց տարբեր ենք:
Անվիճելի է, որ հայրենիքն այսօր դերակատարում ունի արեւմտահայ կրթամշակութային արժէքների պահպանութեան գործում: Սփիւռքը, որպէս հայութեան հատուած, գոյատեւում է այդ արժէքներով՝ դրանք փոխանցելով նաեւ նորահաս սերնդին: Գաղտնիք չէ, որ այսօր Սփիւռքում խնդիր կայ՝ երիտասարդ սերնդի շրջանում հայկականութիւնը, ազգայինը, մայրենի լեզուն արմատաւորելու եւ պահպանելու. չէ՞ որ սա է Սփիւռքի շարունակականութեան գրաւականը: Հիմնադրամը գիտակցել է, որ Սփիւռքի մեր ուսուցիչներին պիտի օժանդակի այդ խնդրում, քանի որ հենց ուսուցիչներն են այն ուղղակի «կապը», որի միջոցով ազգայինը սերմանւում է մատաղ սերնդին: Մենք եւս, մեր հերթին, բնակուելով հայրենիքում, պիտի հետամուտ լինենք այդ արժէքների պահպանմանը, քանզի դա մեր ընդհանուրիս հարստութիւնն է: Մեր ուսուցիչները պիտի մշտական կապ պահպանեն սփիւռքահայ ուսուցիչների հետ, պիտի լինի անընդհատ ջերմ շփում՝ թէ՛ մարդկային, թէ՛ մասնագիտական: Կարծում եմ, այդ գաղափարն արդէն կարող ենք համարել իրագործուած:
Գրետա. «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում վերապատրաստուող հայրենի եւ սփիւռքահայ ուսուցիչներն ամէն տարի աւանդաբար իրենց լուման են ներդնում Հայաստանի վերակառուցման սեղանին: 2005ի վերջին նրանց միացան նաեւ Լեռնային Ղարաբաղից՝ Կենտրոնում վերապատրաստուած 24 ուսուցիչներ: Ինչպէ՞ս էք գնահատում աւանդոյթը:
Ն. Մելքումեան. Ինչ խօսք, հրաշալի աւանդոյթ է: Սա նախեւառաջ միասնականութեան դրսեւորման ակնառու փաստ է: «Սփիւռք» Կենտրոնում պարբերաբար անցկացուող վերապատրաստութիւնը միայն դասընթաց չէ. զուտ մասնագիտական նշանակութիւն չէ, որ ունի, նաեւ՝ խորհրդանշական է: Այս Կենտրոնը մի կառոյց է, որի շուրջ համախմբւում են Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի ուսուցիչները: Համախմբումը, միաւորումը ծնում է միասնականութիւն, նաեւ՝ հայրենիքին օգնելու, հայրենասիրական «պարտքը» կատարելու ցանկութիւն: Ինձ ի սրտէ ուրախացնում է ուսուցիչների նախաձեռնութիւնը:
Գրետա. Տկն. Մելքումեան, կարո՞ղ էք նշել, թէ առաջիկայում կրթական ուրիշ ի՞նչ նախաձեռնութիւններ է ծրագրելու Հիմնադրամը:
Ն. Մելքումեան. Հիմնադրամը շարունակելու է իրագործել դպրոցաշինական ծրագրեր Արցախում եւ Հայաստանում: Այժմ ընթացքի մէջ է Մատաղիս գիւղի միջնակարգ դպրոցի կառուցումը ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Հիմնադրամը դպրոցների վերանորոգման կամ վերակառուցման ծրագրեր է իրագործում Շիրակի, Արագածոտնի, Արմաւիրի մարզերում: Իսկ մայրաքաղաքում շարունակում է մարզական կրթօջախների հիմնանորոգումը:
2005 թուականը ուշագրաւ էր կրթական ոլորտին առնչուող կարեւոր մի նախաձեռնութեամբ: Հիմնուեց Հանրապետութեան Նախագահի ամենամեայ կրթական պարգեւը՝ տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի լաւագոյն ուսանողների ու աշակերտների համար: Նախաձեռնութիւնը իրագործուեց Հիմնադրամի եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերութեան համատեղ ջանքերով: Սեպտեմբերին տեղի ունեցաւ անդրանիկ պարգեւատրումը: Մրցոյթի արդիւնքում մենք մէկ անգամ եւս համոզուեցինք, որ մեզանում մեծ թիւ են կազմում տաղանդաւոր, մեծ ապագայ ունեցող երիտասարդները:
Այսպիսի երիտասարդութիւն ունենալով՝ կարող ենք վստահ լինել Հայաստանի կայուն ու բարգաւաճ ապագային: