«ՄԱՇՏՈՑ» Միութեան այլ ծրագրեր

Իւրաքանչիւր տարի դպրոցական աշխատանքների ստուգութեան տարբեր եղանակներ են կիրառւում։
Աւանդական ձեւերից են ուսուցիչների եւ աշակերտների պարբերական այցերը Կենտրոն, տարբեր դպրոցների միջեւ ճանաչողական մրցումների կազմակերպումը, ուսուցիչների փոխայցերը, Կենտրոնի կազմակերպած ամենամսեայ տեսչական այցերը աշակերտներին, համադպրոցական հանդիսութիւնները, յոբելենական միջոցառումները՝ նուիրուած՝ արեւմտահայ խոշորագոյն գրական դէմքերին։ Յիշարժան են յատկապէս Երեւանում, Գիւմրիում, Մասիսում, Ստեփանաւանում, Ստեփանակերտում, Մեծամօրում, Արտաշատում, ԼՂՀ Ասկերանի Խանաբադ գիւղերի դպրոցներում անցած գրական տօնախմբութիւնները, որոնց մասնակցութիւն են բերել Կենտրոնի, «Մաշտոց» Միութեան ներկայացուցիչները, մտաւորականներ, հիւրեր։
Այս տարի եւս նախատեսւում է աշակերտների հաւաք «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում: Ծրագրին մասնակից 6 դպրոցներից 6-ական աշակերտ կը մրցեն արեւմտահայ լեզուից եւ արեւմտահայ եւ սփիւռքահայ գրականութիւններից: Սիւնիքի մարզից եւ Գիւմրիից ժամանած աշակերտներին սպասւում են շրջայց Երեւանում եւ ճամբորդութիւն Օշական:


* * *
2006 թ. «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը կազմակերպել է բարեսիրական նախաձեռնութիւն՝ Լեռնային Ղարաբաղի երեք դպրոցների (Մարտունի քաղաքի թիւ 1 եւ Ասկերանի շրջանի Բադարայի, Խանաբադի դպրոցներ) գրադարանների համար ձեռք բերելով ընդհանուր առմամբ 320 կտոր գեղարուեստական եւ մեթոդական - մասնագիտական գրականութիւն։ Այս նախաձեռնութեանը մասնակից եղան նաեւ «Հայ դպրութիւն» հասարակական կազմակերպութիւնը (նախագահ՝ ԱԺ պատգամաւոր Գալուստ Սահակեան), ուսանողներ։

 


* * *
Փարիզի «Մաշտոց» Միութիւնը եւ Երեւանի «Սփիւռք» Կենտրոնը միասնաբար 2002 թ. եւ 2006 թ. կազմակերպեցին շարադրութիւնների մրցոյթ՝ նուիրուած Քրիստոնէութեան ընդունման 1700 եւ Գրերի Գիւտի 1600 ամեակներին։ Յայտարարութիւնները քանիցս տպագրուել են հանրապետական մամուլում, հնչել Հայաստանի ռադիոյով։ Ընդհանուր առմամբ՝ մրցոյթներին մասնակցել են հայաստանաբնակ շուրջ 50 ուսուցիչներ, ուսանողներ, մտաւորականներ, անգամ՝ աշակերտներ։
Մրցոյթների լեզուն՝ գրական հայերէնն էր, գրութեան ձեւը՝ Մեսրոպեան (դասական) ուղղագրութիւնը։ Երկու դէպքում էլ մրցանակաբաշխութիւնների արդիւնքներն ամփոփուել են Փարիզում, իսկ մրցանակների երկու շնորհանդէսները կայացել են Երեւանում։
Մրցանակաբաշխութեան յաղթող նիւթերը հրապարակուել են Փարիզի «Յառաջ» օրաթերթում։
Ե՛ւ 2002ին, ե՛ւ 2006ին մրցանակները յանձնել է Միութեան նախագահ Հ. Գալֆայեան Փանոսեանը։

Ա.

2002 թ. գլխաւոր մրցանակին տիրացաւ Երեւանի թիւ 163 դպրոցի հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի Սվետլանա Օշխերելին։
Երկու երկրորդ մրցանակներին արժանացան ԵՊՀ բանասիրական բաժանմունքի ուսանողուհի Անահիտ Յարութիւնեանը եւ Ս. Էջմիածնի Գէորգեան Ճեմարանի 5րդ լսարանի ուսանող Գէորգ Ալավերդեանը։
Երեք ուսանողներ նուաճեցին 3րդ կարգի մրցանակներ. նոյն ճեմարանից՝ 1-ին լսարանի ուսանող Արտակ Ղեւոնդեանը, Երեւանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտից՝ 1-ին լսարանի ուսանող Տիրայր Կարապետեանը եւ Խ. Աբովեանի ան. պետական մանկավարժական համալսարանի բանասիրական մասնաճիւղի 4-րդ լսարանի ուսանողուհի Սիրանուշ Բաղդասարեանը։
Յանձնախումբը սիրով նկատի առաւ յաւելեալ խրախուսական պարգեւ, որ տեղում շնորհուեց Երեւանի թիւ 110 դպրոցի ուսուցիչ Վիսլա Սեդրաքեանին։
Պատուաւոր հիւրերի թւում էին եւ մրցանակակիրներին սրտանց շնորհաւորել են Թեհրանի Հայոց Թեմական Խորհրդի Նախագահ, դոկտոր Աիդա Յովհաննիսեանը, Խ. Աբովեանի ան. մանկավարժական համալսարանի հայ գրականութեան ամբիոնի վարիչ, պրօֆ. Աէլիտա Դոլուխանեանը, յայտնի քաղաքական գործիչ Պարոյր Հայրիկեանը, ՀՀ ԳԱԱ Գրականութեան Ինստիտուտից՝ բանասիրութեան դոկտոր Մարգարիտ Խաչատրեանը, Մայր Աթոռից՝ Գէորգեան Ճեմարանի ուսումնական քարտուղար Անդրանիկ Յակոբեանը։

Բ.

Գրերի Գիւտին նուիրուած 2006 թ. մրցանակաբաշխութեան արդիւնքներն ամփոփուեցին նոյն տարուայ Սեպտեմբեր 5ին «Սփիւռք» Կենտրոնում։ Բազմաթիւ հիւրեր էին հաւաքուել. եւ ոչ միայն Հայաստանից, այլեւ Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացեալ Նահանգներից, Սուրիայից։
Գլխաւոր մրցանակին տիրացաւ մանկավարժական համալսարանի շրջանաւարտ Քնարիկ Աբրահամեանը (Գիւմրի)։
Երկրորդ կարգի մրցանակների արժանացան Արփի Թագոյեանը (Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի շրջանաւարտ) եւ մանկավարժական համալսարանի շրջանաւարտ լրագրող Հայարփի Խաչատրեանը (Գեղարքունիի մարզի Մադինա գիւղ)։
Երրորդ կարգի մրցանակները նոյնպէս երկուսն էին, որոնք շնորհուեցին Զարուհի Դիլանեանին (Արարատի մարզ, Զանգակատուն գիւղ, բանասիրական բաժանմունքի 3րդ լսարանի ուսանող) եւ Երեւանի թիւ 50 դպրոցի ուսուցչուհի Ովսաննա Յարութիւնեանին (Երեւան)։
«Սփիւռք» Կենտրոնի պատուոգրով պարգեւատրուեցին Սանահին Գասապեանը (Լիբանան) եւ Կասիա Ճերմակեանը (Կիպրոս), ինչպէս նաեւ Հնդկաստանում ծնուած, Մարդասիրաց ճեմարանում ուսանած ու վերջին չորս տարին Հայաստան բնակութիւն հաստատած Նարեկ Սէֆէրեանը, որը արժանացաւ նաեւ «Մաշտոց» Միութեան յուշանուէրին՝ տառազօծ շապիկին։
Սահմանուած էին նաեւ խրախուսական պարգեւներ, որոնք շնորհուեցին եօթը աշխատանքների։
Մրցանակները յանձնում էին Հ. Գալֆայեանը, Ս. Դանիէլեանը եւ մանկավար-ժական համալսարանի՝ ուսումնական գծով պրօռեկտոր Մեժլում Երիցեանը։ Նա ընթերցեց ռեկտոր Ա.Ղուկասեանի հրամանը՝ արդիւնաւոր համագործակցութեան համար Պրօֆ. Հիլդա Գալֆայեան - Փանոսեանին (Ֆրանսիա, Սորբոնի համալսարան) եւ Լոս Անճելըսի «Պոլսահայ միութիւն» կազմակերպութեան ատենապետ Սիմոն Աճըիլաճին (ԱՄՆ) Խ. Աբովեանի ան. մանկավարժական համալսարանի Պատուոգրեր շնորհելու մասին։
Հանդիսութեանը մասնակցեցին Թօմ Սամուէլեանը, Պարոյր Հայրիկեանը, Խո-րէն Պալեանը, փարիզաբնակ մտաւորականներ Տէր եւ Տիկին Կարպիս Ջրբաշեանները, մատենագէտ Մանուէլ Բաբլոյեանի զաւակները, որոնք Կենտրոնին կտակել են իրենց հօր նշանակալի գրադարանի արեւմտահայ հատուածը, համալսարանի հայ գրականութեան ամբիոնի վարիչ, Պրօֆ. Աէլիտա Դոլուխանեանը, դոցենտներ Հրանդ Ադամեանը, Եուրի Յովհաննիսեանը, երգիչներ Թովմաս Պօղո-սեանը, Թեհմինէ Գրիգորեանը, Երեւանի «Մաշտոց» խօսքի մշակոյթի կենտրոնի սաները՝ Նադիա Անտոնեանի գլխաւորութեամբ, որոնցից Գարունա Երանոսեանը հմտութեամբ վարում էր հանդիսութիւնը։ Տպաւորիչ եւ ուսանելի էին նրանցից շատերի ելոյթներն ու գնահատութիւնները։
Մէկ ամիս անց մրցանակաբաշխութեան նիւթերը «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի եւ «Մաշտոց» Միութեան ջանքերի շնորհիւ հրատարակուեցին առանձին գրքով՝ «Գիրը մեր տարագիր» ընդհանուր խորագրի տակ՝ ամերիկահայ ճանաչուած բժիշկ Վաղարշակ Փիլոսեանի հովանաւորութեամբ։

 

 

ԳԻՐԸ ՄԵՐ՝ ՏԱՐԱԳԻՐ ...

Չգիտես՝ ճակատագրի հեգնանքով թէ քմահաճութեամբ ստիպուած ենք եղել պայքարել սեփական ինքնութիւնը, հողագնդի երեսին հայօրէն յարատեւելու իրաւունքը վաստակելու համար: Թէեւ զգացել ենք միասնական լինելու անհրաժեշտութիւնը, սակայն միշտ էլ թերացել ենք ուղիների ընտրութեան ու գործադրութեան կարեւոր հարցերում: Նոյնը տեղի ունեցաւ եւ ուղղագրութեան հետ կապուած:
Ինչպէս գիտենք, մէկ ու կէս հազարամեակի ընթացքում հայերէնի ուղղագրութեան հիմքում ընկած էր Մեսրոպեան գիրը:
Յատկապէս XX դարի առաջին տասնամեակներին ուղղագրութեան հարցերը աւելի սուր դրուեցին, որոնք յանգեցրին մի շարք աննպաստ փոփոխութիւնների:
Մի քանի «հայրենասէր» անհատներ որոշեցին խելք խելքի տալ ու «բարեփոխել», «կարգի բերել» թափթփուած վիճակում գտնուող մեր ուղղագրութիւնը, որ ստացաւ «աբեղեանական» յորջորջումը:
Ի՞նչ տուեց մեզ 1922-ի Մարտ ամիսը նոր ուղղագրութեան վարչական գործադրութեամբ: Այն թանձր սահմաններ քաշեց, սեպ խրեց միասնական մշակոյթի սրտի մէջ՝ «ուղղագրական բարեփոխում» անուան տակ բեւեռելով եւ հակադրելով ազգային հիմնարար արժէքները:
Այսպէս, մի կողմի՝ արեւելահայ մշակոյթի ծանրամարս, դասակարգային գաղափարներ կրելու «պատրաստ» գրականութեան համար կարեցին կարմիր, անթափանց, ուղղագիծ, ժողովրդական, այսինքն՝ աժան նիւթից շրջազգեստ՝ «կոմունիստական» ուղղագրական զարդանախշերով:
Միւս կողմի գրականութիւնը, որ 1915-ի հարուածից յետոյ կենդանութեան նշոյլներ ցոյց չէր տալիս, մի նոր հարուածի տակ դրեցին՝ թողնելով լուսանցքում, «ինքն իր համար», միայնակ կեցութեամբ, այսինքն՝ տառապանքի ու լացի սահմանագծում՝ առանց Հայաստանի կրթամշակութային աջակցութեան:
Իսկ խորհրդային գրական քաղաքականութեան պատասխանատուների ախորժակը չափից դուրս մեծ էր: Նրանք անկեղծօրէն հաւատում էին, որ մոլորուած, հօտը կորցրած «գառնուկները», երէկուայ «դաշնակ լակոտները» (Վազգէն Շուշանեանի դիպուկ հեգնանքով), եթէ, ի հարկէ, թուրքի ու Արեւմուտքի գայլերի դրած թակարդներից ազա-տուեն, մայելով, թախանձելով եւ երկիւղած պիտի գան համայնավար ծանրանիստ դռների մօտ՝ «կարմիր» շրջազգեստներ փորձելու: Շրջազգեստ, որ ո՛չ մէկի հագով էր, ո՛չ միւսի ու չէր սազում երկուսին էլ:
Յիշենք, որ այս նոր տարազները անընդունելի էին ոչ միայն մեր մտաւորա-կանութեան փաղանգի, այլեւ օտար հայագէտների համար: Ուղղագրական բարեփոխումները չընդունեցին Ալեքսանդր Շիրվանզադէն, Յովհաննէս Յովհաննիսեանը, Յովհաննէս Թումանեանը, Աւետիք Իսահակեանը, Նիկողայոս Ադոնցը, Անտուան Մէյէն, Նիկողայոս Մառը, Հրաչեայ Աճառեանը եւ ուրիշներ:
Ամենակարեւորը, չընդունեց ողջ արեւմտահայութիւնը։ Չընդունեցին նաեւ պարսկահայերը:
«Երբ նոր տուն ես կառուցում, խրճիթից կարասիներ տուն մի՛ բեր»,- յուշում ու աւանդում է ժողովրդական իմաստնութիւնը: Բայց ոչ մի իմաստնութիւն չի յուշում հին տանը թողնել ինքնութիւնը, կենսագրութիւնն ու էութիւնը:
Մինչդեռ ժողովրդի համար մտահոգ գեղջկական ծագումով նորաթուխ մտաւորականները չափից աւելի ջանասիրութեամբ ու խնամքով էին մաքրում իրենց սոցիալիստական նորակերտ տունը:
«Մեզ պէտք չեն անկիւնաւոր մեսրոպեան տառերը, հնամա՜շ են նրանք, հազար հինգ հարիւր տարուայ», - ձայնեցին պրոլետկուլտները:
«Եկէք մաքրենք վրայի փոշին, - մէջ ընկան «ուղեկիցները», որոնք վախենում էին, թէ իրենց նոր տանը տեղ չեն տայ: - Տեսէ՛ք՝ ի՜նչ շփացած ու աղմկոտ են դարձել Հօ-ն ու Յի-ն. անընդհատ հրմշտում են, բառեր են փախցնում մէկը միւսից»:
Իսկ Ւ(ւ)-ը այնքան էլ չէր սազում մեր ուղղագրութեանը. այն ընդհանրապէս վտարուեց հայկական այբուբենից: Մինչդեռ ցանկացած գրագէտ մարդ կարող է պարզօրէն ըմբռնել, որ ւ-ը իրենից ուղղագրական մեծ կարեւորութիւն է ներկայացնում:
Ինչեւէ, օրինակներն ու ակնբախ փաստարկները շատ են: Միայն հարկաւոր է հասկանալ մի բան. արդէն տասնամեակներ շարունակ մենք բռնել ենք ինքնաոչնչացման, ինքնակորստեան ուղին:
Հասել ենք այնտեղ, որ մեզանից շատերը չեն էլ տարբերում Մեսրոպեան ուղղագրութիւնը արեւմտահայերէնից ու գնում են սին հակադրութիւնների ճանապարհով: Նրանց մի մասը նաեւ իմ դասախօսներն են եղել՝ այս ուղղագրութեամբ կենսագրութիւն հիւսած, սերունդներ կրթած ։
Երկուութիւն կայ նաեւ արեւելահայ եւ արեւմտահայ գրականութիւնների միջեւ: Մենք վատ գիտենք, աւելին՝ մեզնից շատերը ընդհանրապէս չգիտեն արեւմտահայ նոր եւ նորագոյն մշակոյթը: Մենք մեր դպրոցական դասագրքերից ու բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ծրագրերից օտարել ենք արեւմտահայ լեզուն ու գրականութիւնն այն դէպքում, երբ արեւմտահայերէնը շարունակում է մնալ սփիւռքահայութեան գերակշռող հատուածի գրական լեզուն, որով մինչեւ օրս էլ ստեղծւում է բարձրարժէք գրականութիւն:
Մեր պէտքն էլ չէ կարծես, որ պարտաւոր ենք հաւասար կերպով հաղորդակից լինել թէ՛ արեւելահայ, թէ՛ արեւմտահայ արժէքներին: Ա՜խր, ե՞րբ պիտի խոստովանենք, որ կիսատ է մեր գրագիտութիւնը, կիսատ է մշակոյթի մեր իմացութիւնը՝ ճիշդ եւ ճիշդ Արարատի պէս հատուած ... Ե՞րբ պիտի գանք միասնութեան գիտակցութեան, ե՞րբ պիտի զգանք, որ արեւմտահայն ու արեւելահայը նոյն նպատակներն ու հետաքրքրութիւնները, նոյն լեզուական միջավայրը ունեն։
Ինչքա՜ն պիտի ազնուօրէն զայրանայ արեւմտահայ գրագէտը, որ խօսքը հասցնի արտաքին տպաւորութեամբ ծայրայեղութեան։ Այսպէս, Երուանդ Ազատեանը Սփիւռքի եւ հայրենական մամուլի էջերից մտահոգութիւն է յայտնում, թէ ո՛ւր ենք հասել, ինչո՛ւ ենք այսքան օտարացել. «Իմ կարծիքով, մենք տարբեր ազգեր ենք։ Հայաստանը Կովկասին է պատկանում, Սփիւռքն իր պոլսահայ արմատով եւ զանազան ազդեցութիւններով տարբեր աշխարհ է։ Մեզանից անկախ տարբեր ազգութիւններ են ստեղծուել։ Արիւնով՝ միեւնոյնը, լեզուով՝ գրեթէ նոյնը, բայց աշխարհայեացքով՝ գրեթէ հակոտնեայ»։ Մնում է այս խօսքերին յաւելել՝ հոգեբանութեան տարբերութիւնը դեռ ոչի՛նչ. վտանգը մշակոյթի ու գրի սահմաններին է հասել՝ տարագիր մշակո՛յթ, տարագիր նաեւ՝ գի՜ր ... Ահա՛ թէ որտեղ է ցաւը։
Մեսրոպեան ուղղագրութիւնը մեր ինքնութիւնն է, իսկ մեր ինքնութեան ու ամբողջականութեան ճանաչողութիւնը նաեւ միասնական ուղղագրութիւն ունենալու անհրաժեշտութեան գիտակցութիւնն է:
Եւ եթէ կուզէք՝ նաեւ քաղաքական գիտակցութիւն։

Աբրահամեան Քնար (Հայաստան, Գիւմրի)
2006ին աւարտել է Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկա-վարժական Համալսարանի բանասիրութեան բաժանմունքը։ Այժմ աշխատում է «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում։

Աշխատանքն արժանացել է առաջին մրցանակի