2004 – 2005 ուսումնական տարի

 

Տարուայ ուսուցիչներ

Գրիգորեան Թէրէզ (Արարատի մարզ, Մասիսի թիւ 3 դպրոց)
Եկմալեան Արմենուհի (Շիրակի մարզ, Գիւմրիի թիւ 20 դպրոց)
Ղումաշեան Նաիրա (Լոռու մարզ, Վանաձորի թիւ 5 դպրոց)
Մովսիսեան Յասմիկ (Լոռու մարզ, Ստեփանաւանի թիւ 2 դպրոց)
Մուրադեան Հռիփսիմէ (Արարատի մարզ, Արտաշատի թիւ 6 դպրոց)
Վարդանեան Թերէզ (Երեւան, Դաւիթաշէն, թիւ 199 դպրոց)

 

* * *

Առաջին իսկ օրերից իններորդցիներիս աչքերում ճառագող ջերմութիւն ու կարօտ տեսայ իրենցից յանիրաւի խլուած գրամշակութային արժէքների հանդէպ: Նրանք կլանում էին այն ամէնը, ինչ տալիս էի, եւ ես, իբրեւ ուսուցչուհի, անկեղծօրէն ոգեւորւում էի:
Խանդավառութիւնը զօրացաւ, երբ երեխաներին առաջարկեցի դպրոցական պարբերաթերթ հրատարակել՝ Մեսրոպեան ուղղագրութեամբ։ Այն անուանեցինք «Եղբայր եմք մեք»:
Ուսումնական տարուայ ընթացքում աշակերտուհիս՝ «Պատանի լրագրողների դպրոցի» սան Անուշ Քոչարեանը, Վանաձորի քաղաքային ռադիոյի համար երկու հաղորդում պատրաստեց, որոնց ընթացքում աշակերտները պատմում էին դասընթացի եւ իրենց ձեռքբերումների մասին: Տարբեր դպրոցներից եղան արձագանգներ. հետաքրքրուեցին, այցելեցին, ծանօթացան դասընթացի ուղղութիւններին:
Դասընթացի աւարտին երեխաները տարեգիրք պատրաստեցին, ուր ամփոփեցին իրենց մեկամեայ ձեռքբերումները: Մեր կարծիքով, պատահական չէր Անուշի, Հեղինէի եւ Անիի յաղթանակը ծրագրին մասնակցած վեց դպրոցների աշակերտների աւարտական մրցոյթում, որն անցկացուեց «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում:
Յուզիչ էր վերջին ամփոփիչ դասը, որին ներկայ էր նաեւ դպրոցի տնօրէն Լեւոն Բարոյեանը: Երեխաները պարզապէս պահանջո՛ւմ էին, որ յաջորդ ուսումնական տարում եւս շարունակուի դասընթացը: Դա ամենամեծ վարձատրութիւնն էր աշխա-տանքիս դիմաց:
Շնորհակալութի՛ւն Փարիզի «Մաշտոց» Հայ լեզուի պաշտպանութեան միութեանը եւ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնին, որոնք կարելին արեցին արեւմտահայ լեզուամշակութային այս ծրագիրը կեանքի կոչելու համար:
Ու խորհում եմ. ով, եթէ ոչ մենք, պիտի տէր կանգնենք արեւմտահայ լեզուին եւ գրական արժէքներին, որոնց հաղորդակցուելու իրաւունք ունի իւրաքանչիւր հայաստանաբնակ հայ, իւրաքանչիւր դպրոցական:


ՆԱԻՐԱ ՂՈՒՄԱՇԵԱՆ

Վանաձորի Վահան Տէրեանի ան. թիւ 5 միջն. դպրոցի

հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի

 

***

Արեւմտահայ գրական լեզուի ուսումնասիրութիւնն ընթացաւ սպասուածից աւելի դիւրին: Աշակերտներն առանց ուղղագրական շփոթի սովորեցին արեւմտահայերէնի կանոնները. կազմում էին նախադասութիւններ, գրում թելադրութիւն: Նախատեսուած երկու դասաժամը լիուլի բաւարար էր: Բայց արի ու տես արեւմտահայ եւ սփիւռքահայ գրականութիւնների համար տրուած մեկական ժամը քիչ էր:
Կազմակերպիչների շնորհիւ մօտիկից ծանօթացանք Թէքէեանի քերթողական փիլիսոփայութեանը, Իշխանի տան կարօտին ու որոնեցինք հայ լեզուն՝ «աշխարհի չորս ծագերուն»։ Համաստեղի համերկրացու` Միջոյի հետ աղօթեցինք անաղարտ սիրոյ համար եւ Մնձուրու հետ քայլեցինք Կապոյտ Երզնկայի հովիտներով: Խրախունու բանաստեղծական պատկերների միջոցով բացայայտեցինք «Լերան» գաղտնիքը եւ մրմնջացինք «Նախերգը»: Պէշիկթաշլեանական ու դուրեանական թախիծն ամենեւին չխանգարեց, որ ընկալենք մեծարենցեան բնութեան գեղեցկութիւնն ու հոգու վեհութիւնը, որ Ռուբէն Սեւակի նման ձգտենք աստուածային կեանքի, Սիամանթոյի կոչով դառնանք սրի ու գրի հերոսներ եւ վարուժանեան պաթոսով վառ պահենք «ցեղին սիրտը»:
Անչափ կ'ուզէի, որ ծրագիրը շարունակական լինէր:

ՀՌԻՓՍԻՄԷ ՄՈՒՐԱԴԵԱՆ
Արտաշատի թիւ 6 դպրոցի ուսուցչուհի

 

Նկատառումներ

Երեւանի Հենրիկ Խաչատրեանի ան. թիւ 199 դպրոցում 2004 - 2005 ուստարում «Արեւմտահայ լեզու» եւ «Արեւմտահայ ու սփիւռքահայ գրականութիւն»
մեր վարած փորձնական յատուկ ծրագրի մասին

Իմ մասին կարճ ասեմ. անցել եմ աշխատանքային փորձառութիւն, նախ, Արագածոտնի մարզի Սասունիկ աւանի, իսկ 1997ից՝ Երեւանի թիւ 199 դպրոցում:
Ծրագրին մասնակցելու հնարաւորութիւն ընձեռուեց «Սփիւռք» Կենտրոնում երկփուլ վերապատրաստում անցնելուց յետոյ: Դասարանում ունէի 20 աշակերտ։
Ծրագրի իրականացումը բովանդակային հարստութիւն էր ենթադրում։ Աշակերտների համար բացւում էր արեւմտահայ եւ սփիւռքահայ ստեղծագործութիւնների անծանօթ աշխարհը, որին գրեթէ անհաղորդ էինք եւ մենք՝ ուսուցիչներս (Վ. Թէքէեան, Վ. Շուշանեան, Մ. Իշխան, Յ. Կարապենց, Զ. Խրախունի, Ռ. Հատտէճեան, Զահրատ եւ ուրիշներ):
Աշխատանքի սկիզբը մեր դպրոցում դժուար էր կազմակերպական առումով։ Բանն այն է, որ արդէն կատարուած էր տարեկան ժամաբաշխումը, կազմուած կիսամեակային դասացուցակ, տնօրինուած էին նոյնիսկ պահուստային ժամերը: Յիշում եմ, մեծ ջանքերի գնով կարողացանք դասացուցակում տեղաւորել ծրագրով նախատեսուած չորս ժամը:
Խոչընդոտ դարձաւ վերջին 100 տարիների ամէնից խստաշունչ Ձմեռը. կազմալուծուեցին, խանգարուեցին դասերը։ Մեզ մօտ ընդունուած չէ տարուայ այդ եղանակը գրել մեծատառով, բայց այս պարագային տեղին է։ Հիմա էլ որ գրում եմ՝ մարմնովս սարսուռ է անցնում։
Հոգեբանական դժուարութիւններ եւս առաջացան.
ա/ աշակերտների եւ ուսուցիչների մեծ մասի համար անհասկանալի էր թւում սկսուած դասընթացը, որը յաղթահարելու համար ժամանակ էր անհրաժեշտ,
բ/ ես եւս մտավախութիւն ունէի, որ աշակերտների համար առարկան դժուարմատչելի կը լինի, այն էլ մեր ժամանակներում, երբ գիրք չեն կարդում, երբ նիւթը պարզապէս խեղդում է։
Բայց մի քանի դաս յետոյ աշակերտների մէջ զգացի հետաքրքրութեան ներքին աճ արեւմտահայ լեզուի նկատմամբ: Հարցերի տարափ էր տեղում իմ գլխին. ամէն ինչ ուզում էին միանգամից իմանալ:
Նոյն ոգեւորութիւնը, սակայն, չկար արեւմտահայ սփիւռքահայ գրականութեան դասերին, զգալ էր տալիս նաեւ մեր երեխաների քիչ կարդացածութիւնը:
Սակայն աստիճանաբար վիճակը փոխուեց։ Դրան նպաստեց նաեւ արեւմտահայ ստեղծագործութիւնների թատերական ներկայացումների յաճախելը, ինչին յաջորդում էին աշխոյժ քննարկումներ (Յ. Պարոնեան, Լ. Շանթ, Եր. Օտեան)։ Երեխաներն առանձնապէս տպաւորուած էին չարի ու բարու, սիրոյ ռոմանտիկայի սուր բախումներից:
Նրանց հետ աշխատելը դարձաւ հետաքրքիր։ Ես նոր ուսուցիչ էի, բայց մենք շուտ իրար «հասկացանք»: Ձեւաւորեցինք արեւմտահայ գրականութեան ու լեզուի ինքնատիպ դասասենեակ. ամրացրինք ծաւալուն ցուցափեղկ, որը խորհրդանշում է երկու հատուածների գրականութեան եւ ընդհանրապէս ողջ հոգեւոր մշակոյթի միասնականութիւնը:
Դասասենեակի միւս պատն զբաղեցրեց «Հայ խոշոր գաղթօջախները» ցուցափեղկը։ Նպատակը աշակերտներին Սփիւռքի ձեւաւորման, ինչպէս նաեւ ներկայումս աչքի ընկած 20 համայնքների կեանքի մասին մօտաւոր պատկերացում տալն է։
Աշակերտների մեծ մասը պատրաստակամ էր, ուշիմ, ցուցաբերում էր լուրջ հետաքրքրութիւն:
Այնուհանդերձ, ես կատարել եմ որոշ եզրայանգումներ.
1. Լաւ կը լինի, որ դասընթացն ուսումնասիրուի ոչ միայն այս, այլ նաեւ 7-8-րդ դասարաններում՝ թէկուզ 2-ական ժամով, որովհետեւ առանց այն էլ 9-րդցիների գրականութեան ծրագիրը գերխիտ է։
2. Նպատակի կը ծառայեն, հաւանաբար, արեւմտահայ եւ սփիւռքահայ գրականութեան, ինչու չէ, նաեւ լեզուի, հանրակրթական դասագրքերը, որոնք չկան հրապարակի վրայ, բայց որոնց կարիքը մենք՝ ուսուցիչներս, շատ ենք զգում։
3. Կարելի է ուսուցիչների համար կազմել արեւմտահայերէնից գործնական աշխատանքների նոր ձեռնարկ, քանի որ հրապարակում եղած «Արեւմտահայերէնի գործնական աշխատանքների եւ վարժութիւնների ձեռնարկը» մասնագիտական առումով անբաւարար է թւում:
4. Ցանկալի է, որ դպրոցում լայն տեղ գրաւի դասական ուղղագրութիւնը, որպէսզի երեխայի աչքը վարժուի հին ու նոր Գրին, որին իրաւամբ Մեսրոպեան են կոչում։
5. Անհրաժեշտ ենք գտնում, որ դպրոցներում յաճախ կազմակերպուեն հանդիպումներ սփիւռքահայ մշակութային գործիչների հետ:

ԹԵՐԷԶ ՎԱՐԴԱՆԵԱՆ
Երեւանի թիւ 199 դպրոցի ուսուցչուհի
07. 21. 2005թ.