Լեւոն Մկրտչեանի խօսքը



ՀՀ ԿԳ օրուայ Նախարար Լեւոն Մկրտչեան
19 Օգոստոս, 2002


Հայաստան Սփիւռք յարաբերութիւնները բերում են կրթական նոր մոդէլների կիրառման անհրաժեշտութիւն: Անկախացումը բերեց իր հետ նոր բովանդակութիւն, բայց եւ հիմնախնդիրներ։ Գլխաւորը՝ վտանգուեց խորհրդային կրթական համակարգի արդիւնաւորութիւնը, որն իսկապէս ունէր դրական շատ յատկանիշներ:
Այսօր մեր հիմնախնդիրները բխում են հայոց լեզուի երկփեղկուած վիճակների նկատմամբ մասնագիտական եւ ազգային - քաղաքական նշանակութեան գիտակցութիւնից: Հայաստանի կրթական համակարգում արեւմտահայերէնի նկատմամբ ճանաչողական թոյլ վերաբերմունքը անցեալից մնացած ժառանգութիւն է: Մեր նպատակն է, նորօրեայ պահանջներից ելնելով, վերանայել հայոց լեզուի վիճակների հանդէպ աւանդական մօտեցումները:
Լեզուի, գրականութեան, ժողովրդի պատմութեան եւ առհասարակ հայագիտական առարկաների դասաւանդման առումներով բարձր եմ գնահատում մեթոդական աշխատանքների կազմակերպումը «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում:
Այսօր համահայկական այս հաստատութիւնը պէտք է զերծ պահել ներքին հակասութիւններից, այն աւելորդ բանավէճերից, որոնք կարող են նրան կողմնակիցների մի բանակից քշել մէկ ուրիշ ճամբար: Կարեւորն այն է, որ մենք բոլորս գիտակցենք «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի եզակի առաքելութիւնը արեւմտահայ արժէքների պաշտպանութեան գործում եւ աջակից լինենք նրան: