Մեր անցաթուղթը

 

1995 թ. Դեկտեմբերի 18-ից Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանում իր գործունէութիւնն սկսեց «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը, որը անցած տարիներին տարել է լայնածաւալ աշխատանքներ գիտակրթական, ինչպէս նաեւ գրամշակութային ոլորտներում:
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի հիմնական կրթական ուղղութիւնը սփիւռքահայ եւ հայրենի ուսուցիչների վերապատրաստութիւնն է, իսկ առաջիկայում արդէն՝ պատրաստութիւնը։

1996-ի Յունիսին Կենտրոնն իր մասնակցութիւնն է բերել Նիսում (Ֆրանսիա) կազմակերպուած սփիւռքահայ ուսուցիչների Ա համագումարին։ Սփիւռքի կրթական կենտրոնների փորձառու մասնագէտների հետ համախոհաբար շուրջ 40 հանրակրթական առարկաների գծով մշակուել են վերապատրաստութեան ուսումնական կարճաժամկէտ ծրագրեր, որոնք սիրով հաշուի են առնուել Հայաստանի գիտակրթական շրջանակներում։

Կենտրոնը նոյն 1996-ի Նոյեմբեր - Դեկտեմբեր ամիսներին հայոց լեզուի եւ գրականութեան փորձնական յատուկ դասընթաց անցկացրեց Պուէնոս Այրէսում (Արգենտինա), որին մասնակցած տեղի 4 հայ վարժարանների 32 ուսուցիչների Հայաստանի Հանրապետութեան պետական վկայագրեր շնորհուեցին։
2000 թ. սկսած ՀՀ ԿԳ Նախարարութեան հաստատած վերապատրաստութեան առարկայական ծրագրերով անխափան կազմակերպուել են սփիւռքահայ ուսուցիչների ութ լիարժէք դասընթացներ, որոնց մինչեւ 2007 թուականը ընդգրկել են շուրջ 260 ուսուցիչ՝ քսանինը երկրներից: Նրանց հետ աշխատել են հայրենիքի եւ Սփիւռքի խոշորագոյն մասնագէտներ։

Հայրենի ուսուցիչները Կենտրոնում վերապատրաստւում են արեւմտահայ հանրակրթական առարկաներից՝ լեզու, դասական եւ նորագոյն գրականութիւն, պատմութիւն։ 2002 - 2007 թթ. ընթացքում դասընթացներն անցել եւ ՀՀ ԿԳ Նախարարութեան վկայագրերի են արժանացել աւելի քան 380 ուսուցիչ ինչպէս Երեւանից, մարզերից, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հինգ շրջաններից։

Այս դասընթացները բարեսիրական բնոյթ են ունեցել սկզբից եւեթ։ Ընդ որում Կենտրոնը հոգացել է նաեւ մարզերից եկածների ամենօրեայ ճանապարհածախսը կամ կեցութիւնը։
Նորոգ ծրագրով Մեսրոպեան ուղղագրութեան տարաբնոյթ հինգ դասընթացներ ենք իրագործել Հայաստանի ուսուցիչների, մեթոդիստների, ուսանողութեան, մտաւորականութեան շրջանում, որոնց յաջողութիւնն աւելի քան ակնառու էր եւ հիմք դարձաւ 2002 թուականից առ այսօր Փարիզի «Մաշտոց» Միութեան հետ համատեղ հայրենի հանրակրթական 29 դպրոցների իններորդ դասարաններում արեւմտահայ լեզուի ու գրականութեան փորձնական ծրագրի շարունակական իրագործման համար։

Նշենք նաեւ, որ կազմակերպել ենք նաեւ յատուկ դասընթացներ՝ գրաբարից, արեւմտահայերէնից՝ Հայաստանի համալսարաններում ուսանող արեւմտահայ երիտասարդութեան համար։

Աւելի քան երկուսուկէս տասնեակ ուսանողների եւ ուսուցիչների համար կազմակերպուել են համակարգչային երեք դասընթացներ՝ իւրաքանչիւրը 36 ժամ ծրագրով։
Անցած տարիների ընթացքում այս ամէնին զուգընթաց Կենտրոնն իրականացրել է ուսուցիչների վերապատրաստութիւն նաեւ Սփւռքի գաղթօջախներում։ Մեր յանձնարարութեամբ եւ երաշխաւորութեամբ ՀՀ ԿԳ Նախարարութիւնը Եգիպտոս, Իրան, Սուրիա է գործուղել մէկ տասնեակ հայրենի փորձառու մասնագէտների, ուր վերապատրաստութիւն են անցել շուրջ 900 ուսուցիչներ:

Մեզ մօտ պարբերաբար անցկացւում են յոբելենական երեկոներ, հանդիսութիւններ, բանավէճեր, գիտաժողովներ հայրենի եւ սփիւռքահայ մտաւորականների, ուսանողութեան հետ:

Տարիներ շարունակ Կենտրոնը լոյս է ընծայում գեղարուեստական մասնագիտական գրքեր, ձեռնարկներ, ծրագրեր։

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոն