Հայաստան - 2008

 

ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 2008
(Յուլիս 21 Օգոստոս 18)

 

Զ Ե Կ Ո Ւ Ց Ա Գ Ի Ր
Ուսուցման կազմակերպումը

2000 թուականից ի վեր Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում անցկացւում են սփիւռքահայ ուսուցիչների մեկամսեայ վերապատրաստութեան դասընթացներ, որոնց ծրագրերը իւրաքանչիւր տարի համալրում, մշակում եւ հաստատում է համալսարանի ղեկավարութիւնը։
Կրթական բովանդակային ծրագրերին զուգահեռ ուսուցիչների համար նախատեսում եւ իրագործում ենք շրջագայութիւններ, մշակութային հարուստ ծրագրեր, հանդիպումներ։

Անցած տարիների ընթացքում այս ճանապարհով վերապատրաստուել են հայագէտ աւելի քան 280 ուսուցիչներ Սփիւռքի 30 երկրներից։

2008 թ. Յուլիս-Օգոստոս ամիսներին Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը հերթական անգամ իրականացրեց ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան Նախարարութեան պետական պատուէրը՝ կազմակերպելով սփիւռքահայ ուսուցիչների մեկամսեայ վերապատրաստութիւն հանրակրթական տասներեք առարկաների գծով՝ ներառեալ մանկավարժական ու հոգեբանական ուղղութիւնների գծով տարաբնոյթ դասընթացներ:

Կրթութեան բովանդակութեան եւ կազմակերպական առումներով աշխատանքները կանոնակարգել էին «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը (տնօրէն՝ Սուրէն Դանիէլեան) եւ ԿԳՆ Սփիւռքի բաժինը (վարիչ՝ Հրաչ Թադէոսեան)։
Դասընթացներին Սփիւռքի 14 երկրներից՝ ԱՄՆ (Լոս Անճելըս), Արաբական Միացեալ Էմիրութիւններ (Շարժա), Աուստրիա (Վիեննա), Բելոռուս (Մինսկ), Բուլղարիա (Սոֆիա), Գերմանիայի Դաշնութիւն (Բեռլին), Եգիպտոս (Գահիրէ), Էստոնիա (Տալլին), Իսպանիա (Բարսելոն), Իսրայէլ (Երուսաղէմ), Իրանի Իսլամական Հանրապետութիւն (Թեհրան), Ռուսաստանի Դաշնութիւն (Կրասնոդար, Մոսկուա, Սոչի), Սուրիա (Հալէպ), Վրաստան (Թբիլիսի) մասնակցեցին քսաներկու ուսուցիչներ, որոնք եկել էին Երեւան խանդավառութեամբ, հայրենիքից ուժ ու գիտելիք ստանալու փափաքով:

Դասընթացները տեւեցին 2008 թ. Յուլիսի 21-ից մինչեւ Օգոստոսի 18-ը, ընդհանուր առմամբ՝ 18 աշխատանքային օր։
Նախապէս ստացուած յայտերի հիման վրայ կազմուեցին երկու խմբեր. առաջինում ընդգրկուեցին արեւելահայ նախակրթարանային եւ տարրական բաժինների, երկրորդում՝ արեւմտահայ տարրական եւ միջին դասարանների ուսուցիչները։
Դասընթացներն ընդմիջուեցին երեք օրով՝ Յունիսի 25ից 28ը ընկած շրջանում, քանի որ մեր ուսուցիչներն աշխոյժ մասնակցութիւն պիտի բերէին Ծաղկաձորում գումարուած կրթական համահայկական 3րդ համաժողովի նիստերին։

 

Դասախօսական կազմը

Կենտրոնի դասախօսական կազմն ունէր մասնագիտական համահայկական բարձր մակարդակ. դասաւանդման համար հրաւիրուած էին ճանաչուած հայագէտ, Սորբոնի համալսարանի Պրօֆ. Հիլդա Գալֆայեանը (Փարիզ), գրականագէտ, արձակագիր, ՀՕՄի տնօրէն Մարգար Շարաբխանեանը (Թորոնթօ), մանկավարժ Կարապետ Դաքէսեանը (Փարիզ), Արմէն Իւրնէշլեանը (Պէյրութ), այնպէս էլ Հայաստանի գիտական եւ կրթական հաստատութիւններից՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարեանը, ԵՊՀ-ից՝ Պրօֆ. Նազիկ Յարութիւնեանը, դոց. Գուրգէն Յովհաննիսեանը, Խ. Աբովեանի ան. ՀՊՄՀից՝ Պրօֆ. Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը, Աէլիտա Դոլուխանեանը, Լալիկ Խաչատրեանը, Եուրի Իւզբաշեանը, դոկտոր Ջուլիէտա Գիւլամիրեանը, դոցենտներ Սվետլանա Մարութեանը, Արուսեակ Յովհաննիսեանը, Հռիփսիմէ Պիկիչեանը, Վազգէն Պօղոսեանը, Սամուէլ Պօղոսեանը, Կամօ Վարդանեանը, Կրթութեան Ազգային ինստիտուտից՝ դոց. Մարիամ Պետրոսեանը, ՀՀ ԳԱԱ Արուեստի ինստիտուտից՝ Մարգարիտ Սարգսեանը, «Անձի զարգացման եւ մարդու իրաւունքների հիմնադրամ»ից՝ Անահիտ Մկրըտչեանը, Ղեւոնդ Աւ. Ք. Մայիլեանը (Ս. Էջմիածին, Գէորգեան ճեմարան)։
Բացման հանդիսութիւնը

Դասընթացների հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում: Այն վարում էր համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասեանը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջոյնն ու պատգամը Տերունական Աղօթքից անմիջապէս յետոյ ուսուցիչներին ներկայացրեց Ս. Էջմիածնի միաբան Ն. Արք. Պոզապալեանը։ Ելոյթներ ունեցան ԿԳՆ Սփիւռքի բաժնի պետ Հր. Թադէոսեանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, Ակադեմիկոս Վլ. Բարխուդարեանը, Խ. Աբովեանի ան. ՀՊՄՀ ռեկտոր Ա. Ղուկասեանը, Հայաստանի Գրողների Միութեան Նախագահ Լ. Անանեանը, դասախօսներ Ա. Դոլուխանեանը (Հայաստան), Մ. Շարաբխանեանը (Կանադա), նոր շրջանի ուսուցիչներ Ա. Թորոսեանը (Մոսկուա), Ա. Շաւինեանը (Բեռլին)։ Բացումին ներկայ էին տարբեր հաստատութիւնների գիտնականներ, դասախօսներ, մանկավարժներ, նախկին դասընթացների ունկնդիրներ, հիւրեր՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւնից, Գերմանիայի, Ռուսաստանի, Վրաստանի Դաշնութիւններից, ԶԼՄ ներկայացուցիչներ։
Համալսարանը կազմակերպել էր ներկայանալի հիւրասիրութիւն: Երկար ժամանակ թեւածում էին երգն ու ասմունքը, ուսուցիչները ծանօթանում էին միմեանց, խօսում գաղութներից, վարժարաններից, յառաջիկայ ծրագրերից։

 

Դասընթացները

Յուլիսի 22-ից արդէն տօնական տրամադրութիւնն իր տեղը զիջեց աշխատանքային առօրեային։ Կենտրոնի դասերը սկսւում էին 9:00-ին եւ աւարտւում 14:00-ին: Ուսումնական վերապատրաստութիւնն անցկացրին տարբեր կրթական եւ գիտական օջախներից հրաւիրուած քսաներկու առաջատար հայագէտ մասնագէտներ:
Արեւմտահայ եւ արեւելահայ խմբերում մասնագիտական առարկաներն ընդգրկում էին լեզուի, գրականութեան, պատմութեան, հայրենագիտութեան, կրօնի, մշակութային բնոյթի հանրակրթական բազմաշերտ բաժիններ։ Սփիւռքից ժամանած մեր ուսուցիչները հնարաւորութիւն ունեցան ծանօթանալու մանկավարժական - հոգեբանական նորագոյն առաջադրութիւններին, այն հիմնահարցերին, որոնք բխում են իրենց ու տարագիր սաների առջեւ ծառացած այսօրիկ ազգային պահպանութեան հրամայականներից:

Հանդիպումներ, հանդիպումներ ...

Ուսուցիչների հետ հանդիպել եւ շահեկան զրոյց են ունեցել ՀՀ Սահմանադրական Դատարանի Նախագահ Գագիկ Յարութիւնեանը, ՀՀ ԿԳ Նախարար Սպարտակ Սէյրանեանը, ՀՀ ԱԳ Նախարարութեան Սփիւռքի Կոմիտէի նախագահ Հրանուշ Յակոբեանը, համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասեանը, Ցեղասպանութեան ինստիտուտի տնօրէն Հայկ Դէմոյեանը, մանկագիրներ Եուրի Սահակեանն ու Երուանդ Պետրոսեանը Խ. Աբովեանի տուն - թանգարանի տնօրէն Յովհաննէս Զատիկեանը։
Հանդիպումներին Սփիւռքի ուսուցիչները հիմնականում բարձրացնում էին Մեսրոպեան ուղղագրութեան վերադառնալու, իրենց վարժարաններում գործածութեան պիտանի դասագրքերի, մանկապատանեկան գրքերի հայրենական տպագրութեան խնդրայարոյց, հայրենիքում արեւմտահայ ուսուցչի մասնագիտական կրթութեան հեռանկարի վերաբերող եւ արմատական լուծումների կարօտ այլ հիմնահարցեր, որոնք այսօր պետութեան ռազմավարական շահագրգռութիւնների ոլորտում են։


Ողջո՛յն, երկի՛ր հայրենի ...

Կենտրոնը ուսուցիչների համար նախաձեռնել էր բազմապիսի մշակութային ձեռնարկներ, որոնց պատասխանատուն Յովհ. Եղոյեանն էր։ Նախ, դասերից յետոյ Կենտրոնում տրւում էր ճաշ, որից յետոյ սփիւռքահայ ուսուցիչները շրջում էին Երեւանի մշակութային օջախներով։ Նրանք անջնջելի տպավորութիւններ ստացան Ծիծեռնակաբերդից, Կոմիտասի ան. Պանթէօնից, Ազգային Պատկերասրահից, Մատենադարանից, Ե. Չարենցի ան. Գրականութեան եւ Արուեստի, Պատմութեան Թանգարաններից, Ս. Փարաջանովի տունթանգարանից, մշակութային այլ օջախներից։Նրանք այցելեցին համերգների, ներկայացումների։

Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանը հովանաւորեց սփիւռքահայ ուսուցիչների եւ Կենտրոնի անձնակազմի հինգ շրջապտոյտները Հայաստանի տեսարժան վայրերով ու պատմամշակութային յուշարձաններով։ Նրանց համար բացուեց երկրի գոյների անկրկնելի աշխարհը։

Նրանցից շատերն առաջին անգամ էին հայրենիքում եւ անխառն հիացում ապրեցին՝ այցելելով Էջմիածնի Մայր Տաճար, Դսեղի Յովհ. Թումանեանի եւ Զանգակատան Պ. Սեւակի տունթանգարանային համալիրներ, Շաքիի ջրվէժ։ Նրանք եղան նաեւ Ալավերդիում, Ամբերդում, Աշտարակում, Գառնիում, Գեղարդում, Գորիսում, Գօշավանքում, Դիլիջանում, Զօրաց Քարերում, Կարմրաւորում, Հաղարծինում, Հովհաննավանքում, Խոր Վիրապում, Հաղպատում, Ծաղկաձորում, Սանահինում, Սիսիանում, Սաղմոսավանքում, Սեւանում, Տաթեւի վանահամալիրում Օշականում,եւ այլուր։
Ուսուցիչների զգալի մասը հանգրուանել էր ուսանողական «Հարաւ» հիւրատուն Նորքի 2րդ զանգուածում, ուր ստեղծուած էին մաքուր պայմաններ նրանց համար։
Մեր ուսուցիչները մասնակցեցին տարբեր հանդիսութիւնների, հանդէս եկան ռադիօ եւ հեռուստակայաններից, արտայայտեցին իրենց կարծիքները նախարարութեան եւ Կենտրոնի հարցախոյզերի շնորհիւ։
Փակման հանդիսութիւնը

Դասընթացների արդիւնքներն ամփոփուեցին Օգոստորի 18-ին. Կենտրոնի կազմակերպած փակման հանդիսութեանը վերապատրաստուած տասնութ սփիւռքահայ ուսուցիչներ ստացան պետականօրէն վաւերացուած վկայագրեր՝ ԿԳ Նախարարի, Մանկավարժական Համալսարանի Նախագահի, Կենտրոնի տնօրէնի ստորագրութիւններով, իսկ չորսը՝ տեղեկանք հաւաստագրեր։
Հանդիսութեանը ներկայ էին դասաւանդած մասնագէտները, մասնակիցները, բազմաթիւ հիւրեր՝ Սփիւռքից եւ Հայաստանից՝ Կենտրոնի բարեկամները։
Հանդէսը վարում էր տնօրէն Ս. Դանիէլեանը: Ողջերթի մաղթանքներով սփիւռքահայ ուսուցիչներին դիմեցին ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան նախարար Սպարտակ Սէյրանեանը, Համալսարանի ռեկտոր Պրօֆ. Արտուշ Ղուկասեանը, դասախօսներից՝ Վլ. Բարխուդարեանը, Ջ. Գիւլամիրեանը, Ա. Դոլուխանեանը, ուսուցիչներից՝ Նորայր Դադուրեանը (ԱՄՆ), Սուսան Միրզոյեանը (Իսրայէլ), Անահիտ Թորոսեանը (Մոսկուա), Ռոզա Կոչկա-նեանը (Սոչի), Փառքուհի Խաչիկեանը (ԱՄՆ)։
Գեղարուեստական մասին յուզական ելոյթներով հանդէս եկան երգիչ Հենրիկ Սիմոնեանը, Քնարիկ Աբրահամեանը, Անահիտ Թորոսեանի (Մոսկուա) սան Սեւակ Կիրակոսեանը եւ Թբիլիսիի թիւ 131 դպրոցի ուսուցչուհի Մանանա Կարապետեանի սաները, որոնք ներկայացրին կինտոների պարը։
Փակման հանդիսութեանը ուսուցիչներին յանձնուեցին արժեքաւոր գրքեր, որոնք նախաձեռնել էին՝ ԿԳ նախարարութեան Սփիւռքի բաժինը, մանկավարժական համալսարանը, «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը։
Մեսրոպեան ուղղագրութեամբ մանկական գրականութեան տարբեր տարիների հրա-տարակութիւնների հրաշալի փունջ ստացան (աւելի քան 100 օրինակ) յատկապէս դասական Սփիւռքի ուսուցիչները եւ դասախօսները, որոնք երախտագիտական խօսք ուղղեցին նորայայտ բարերարին՝ Աղասի Ազիզեանին։ Վերջինս արժանացաւ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի Պատուոգրին։ Նրա նուիրած գրքերը այժմ մշակւում են մեր գրադարանում։
Ուսուցիչներին իրենց գրքերը նուիրաբերեցին նաեւ՝ բանաստեղծներ Մերուժանը, Եուրի Սահակեանը, Երուանդ Պետրոսեանը, հոգեբան Անահիտ Մկրտչեանը։
Սիրոյ սեղանի շուրջ ուսուցիչները շնորհակալութեան ջերմ խօսքեր ուղղեցին ԿԳ նախարարութեանն ու համալսարանին, Կենտրոնին, որոնց նիւթական ջանքերի եւ մասնագիտական նուիրումի միասնական ճանապարհով կայացաւ անմոռանալի այս դասընթացը, որն այլեւս դարձաւ անցեալ ու հաճելի յուշ։
Յաջորդող օրերին նրանք վերադարձան գաղթօջախները՝ նոր աւիւնով, նորացած գիտելիքներով լծուելու կրթական առաքելութեանը։

 

Յ Ա Ւ Ե Լ Ո Ւ Ա Ծ

2008 թ. սփիւռքահայ ուսուցիչների ամարնային դասընթացներից
վկայագրեր ստացած մասնակիցները.

1. Կարապետեան Թամար (Իսպանիա, Բարսելոնի հայկական մշակութային միութեան շաբաթօրեայ դպրոց)
2. Մամիկոնեան Ռուզան (Բելոռուս, Մինսկ, «Հայորդեաց» կիրակնօրեայ կրթօջախ)
3. Շահբազեան Ջաննա (Էստոնիա, Տալլինն, համայնքի «Մաշտոց» միօրեայ վարժարան)
4. Շաւինեան Աննա (Գերմանիայի Դաշնութիւն, Բեռլին, արեւելահայ կիրակնօրեայ դպրոց)
5. Դէմիրճեան Սուսան (Ռուսաստանի Դաշնութիւն, Սոչի, թիւ 80 միջն. դպրոց)
6. Մարկոսեան Լուսիկ (Ռուսաստանի Դաշնութիւն, Սոչի, թիւ 31 միջն. դպրոց)
7. Դարբինեան Ասիա (Վրաստան, Թբիլիսի, պետական համալսարանի մագիստրանտ)
8. Կոչկանեան Ռոզա (Ռուսաստանի Դաշնութիւն, Սոչի, Կրթութեան զարգացման կենտրոն, մեթոդիստ)
9. Թորոսեան Անահիտ (Ռուսաստանի Դաշնութիւն, Մոսկուա, «Հայորդեաց» հոգեւոր լուսաւորչական կենտրոն)
10. Կարապետեան Մանանա (Վրաստան, Թբիլիսի, թիւ 131 հանրային դպրոց)
11. Յովհաննիսեան Անահիտ (Ռուսաստանի Դաշնութիւն, Մոսկուա, թիւ 1110 դպրոց)
12. Աղամեան Հայրիկ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Գոհար» ուղեցոյց վարժարան)
13. Միրզոյեան Սուսան (Իսրայէլ, Երուսաղէմ, «Թարգմանչաց» վարժարան)
14. Շահինեան Սերա (Սուրիա, Հալէպ, «Լ. Նաճարեան - Գ. Գիւլպենկեան» կեդրոնական վարժարան)
15. Քայայեան Մարիամ (Եգիպտոս, Գահիրէ, «Նուպարեան» ազգային վարժարան)
16. Դադուրեան Նորայր (ԱՄՆ, Լոս Անճելըս, ՀԲԸՄ «Դէմիրճեան Մանուկեան» վարժարան)
17. Խաչիկեան Փառքուհի (ԱՄՆ, Գլենդէլ, Րա‎‎ֆֆու ան. հայոց լեզուի եւ մշակոյթի կենտրոն)
18. Սուլեան Տաթեւ (Արաբական Միացեալ Էմիրութիւններ, Շարժա, Օհաննէսեան վարժարան)

Կենտրոնի տեղեկանք - հաւաստագրեր ստացան՝

1. Բարոյեան Թուջար (Բելոռուս, Մինսկ)
2. Կարապետեան Երազիկ (Ռուսաստանի Դաշնութիւն, Կրասնոդար)
3. Սահակեան Անահիտ (Աուստրիա, Վիէննա)
4. Խնկանոսեան Գոհար (Բուլղարիա, Սոֆիա)


Սուրէն Դանիէլեան
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն

Սեպտեմբեր 22. 2008