Հայաստան - 2007

 

ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՄԱՌՆԱՅԻՆ 8-ՐԴ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

(Յուլիս 30 - Օգոստոս 25, 2007)

 

Զ Ե Կ Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

2007 Յուլիսի 30-ից Օգոստոսի 25-ը Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը ԿԳ նախարարութեան պատուէրով անցկացրեց սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստութեան ամառնային ութերորդ դասընթացը:
Միանգամից արձանագրենք ամէնից էականը. Կրթութեան եւ Գիտութեան Նա-խարարութիւնը 2007 թ. վերապատրաստութիւնն ամբողջապէս վերայանձնեց «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնին։ Իսկ երբ վերջին պահին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարուեց աջակցութեան նախնական համաձայնութիւններից՝ Մայրավանքի անյետաձգելի շինարարական ծաւալների պատճառով, Կենտրոնը յանձն առաւ նաեւ դասընթացների նիւթական պատասխանատուութիւնը՝ դիմելով արտասահմանեան անշահախնդիր բարեկամներին։
Դասընթացների նիւթատար ամբողջ ծանրութիւնը՝ դասախօս մասնագէտների ժամավճարներ, եօթը ճամբորդութիւններ, ուսուցիչների ամենօրեայ ճաշ մեկամսեայ տեւողութեան , կազմակերպական տարաբնոյթ խնդիրները հոգացել է Սուրիայի սահմանային Թել Աբիաթ գիւղի համայնքապետ Յակոբ Սաղաթելեանը իր վրայ վերցրեց դասընթացները կրում էին բարեսիրական բնոյթ` որին էլ՝ ազնիւ այդ հայորդուն, ուղղուեցին ուսուցիչների՝ առայժմ հեռակայ, սակայն ջերմ ու անմիջական շնորհակալութիւնները:

Մի փոքր դժուարութիւններ առաջացան կեցութեան հետ կապուած: Վերջին պահին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.-ն հրաժարուեց դրամական միջոցների բացակայութեան պատճառով տրամադրել հիւրատան կեցութեան վճարները: Թերեւս այդ էր պատճառը, որ նախապէս յայտագրուած 64 ուսուցիչներից միայն 28-ը մասնակցեցին դասընթացներին:
Երեք՝ արեւելահայ տարրական, արեւմտահայ տարրական եւ արեւմտահայ նա-խակրթական խմբերում ընդգրկուած էին ԱՊՀ եւ դասական Սփիւռքի 11 երկրների (ԱՄՆ, Աուստրիա, Եգիպտոս, Թուրքիա, Իսրայէլ, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա, Սուրիա, Վրաստան, Ֆրանսիա) հայկական վարժարանների 28 ուսուցիչներ:

Յուլիսի 30-ին «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի սրահում տեղի ունեցաւ դասընթացի բացման հանդիսաւոր արարողութիւնը: Ներկայ էին ՀՀ ԿԳ Նախարար Լեւոն Մկրտչեանը, մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասեանը, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրէն Վահէ Աղաբեկեանցը, ԱԺ պատգամաւոր Գալուստ Սահակեանը, ԿԳ նախկին նախարար Եդուարդ Ղազարեանը, ԿԳՆ Սփիւռքի բաժնի պետ Հրաչեայ Թադէոսեանը, համալսարանի պրօռեկտոր Միքայէլ Նադիրեանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Ներսէս Արք. Պոզապալեանը, դասախօսներ, նախորդ տարիների վերապատրաստութեան մասնակից ուսուցիչներ, հիւրեր Սփիւռքից եւ հայրենիքից:
Յաջորդ օրն արդէն տօնական տրամադրութիւնը զիջեց աշխատանքային առօրեային: Դասերն սկսւում էին առաւօտեան ժամը 9.00-ին եւ տեւում մինչեւ 14.20-ը: Իւրաքանչիւր խմբում ընդհանուր ժամաքանակը կազմել է 120 ժամ՝ օրական վեց ժամ ծանրաբեռնուածութեամբ: Առարկայական ցանկը բաւական մեծ էր՝ գրաճանաչութեան մեթոդիկա, գործնական արեւմտահայերէն (արեւելահայ խմբում՝ արեւելահայերէն), հայ գրականութիւն, մանկավարժութիւն, հոգեբանութիւն, հայոց պատմութեան հիմնահարցեր, Մանկական Աստուածաշունչ, ազգագրական ծէսեր, երգ, պար, երաժշտութիւն եւ այլն:
Դասընթացները համակարգում էին՝ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնից տնօրէն, Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը, Կրթութեան նախարարութիւնից՝ Սփիւռքի բաժնի պետ Հրաչեայ Թադէոսեանը, բաժնի գլխաւոր մասնագէտ Թամար Զալինեանը, Կենտրոնի մեթոդիստներ Յովհաննէս Եղոյեանը, Քնար Աբրահամեանը։

Ինչպէս նախորդ տարիներին, այս անգամ եւս դասախօսութիւնների հրաւիրուել էին Սփիւռքի եւ Հայաստանի շուրջ 30 լաւագոյն մասնագէտներ: Սփիւռքը ներկայացնում էին՝ լեզուաբան Կարօ Առաքելեանը (Լիբանան, Պէյրութ), Սորբոնի համալասրանի Պրօֆ. Հիլդա Գալֆայեան - Փանոսեանը (Ֆրանսիա, Փարիզ), գրող, թատերագիր, գրականագէտ Հրանդ Մարգարեանը (ԱՄՆ, Նիւ Եորք), մանկավարժ - մեթոդիստ Ռոսիթա Եուսէֆեանը (Արգենտինա, Պուէնոս Այրէս), մեթոդիստ, գրող եւ հրապարակագիր Մարգար Շարապխանեանը (Կանադա, Տորոնտօ), Թոմ Սամուէլեանը (ԱՄՆ, Լոս Անճելըս)։
Հայաստանը ներկայացնում էին. ԳԱԱ համակարգից՝ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարեանը, Պրօֆ. Ազատ Եղիազարեանը, ԳԱԱ թղթակից - անդամ Աշոտ Մելքոնեանը, մեթոդիստ Մարգարիտ Սարգսեանը, ԿԳՆ-ից՝ բարձրագոյն կրթութեան վարչութեան գլխաւոր մասնագէտ Նադիա Անտոնեանը, Երեւանի Պետական Համալսարանից՝ դոցենտ Գուրգէն Յովհաննիսեանը, մանկավարժական համալսարանից՝ Պրօֆ. Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը, Աէլիտա Դոլուխանեանը, Եուրի Իւզբաշեանը, դոկտոր Ջուլիէտա Գիւլամիրեանը, դոցենտներ Ալլա Դալլաքեանը, Սվետլանա Մարութեանը, Արուսեակ Յովհաննիսեանը, Յովհաննէս Նազարէթեանը, Աստղիկ Իսրայէլեանը, Վազգէն Պօղոսեանը, Կամօ Վարդանեանը, Կրթութեան Ազգային Ինստիտուտից՝ մեթոդիստներ Կարինէ Ղազարեանը, Մարիամ Պետրոսեանը, Համաշխարհային բանկի կրթական վերապատրաստութեան ծրագրերի կենտրոնից՝ Անահիտ Մկրտչեանը, Սուրբ Էջմիածնի Գէորգեան Ճեմարանից՝ Ներսէս Արք. Պոզապալեանը, «Գանձասար» հոգեւոր կենտրոնից՝ Արա Նալչաճեանը:

Ճաշից յետոյ ուսուցիչների համար նախատեսուած էին մշակութային տարաբնոյթ ծրագրեր: Նրանք այցելեցին Մատենադարան, Եղեռնի զոհերի յուշարձանին, եղան Ցեղասպանութեան թանգարանում, որտեղ դասախօսութեամբ հանդէս եկաւ թանգարանի տնօրէն Հայկ Դէմոյեանը, Յովհաննէս Թումանեանի, Սերգէյ Փարաջանովի տուն - թանգարաններում: Աւանդոյթի համաձայն՝ այս տարի եւս ուսուցիչներին իր արուեստանոցում հիւրընկալեց եւ նկարչական «Էլիբեկեան» դպրոցի իւրայատկութիւնների մասին խօսեց գեղանկարիչ Շմաւոն Շմաւոնեանը:
Դասընթացի մասնակիցները Հայաստան - Սփիւռք յարաբերութիւնների, կրթական դաշտում հնարաւոր համագործակցութեան, Սփիւռքում հայ ուսուցչի դերի, հայապահպանութեան դժուարին խնդիրների շուրջ նշանակալի զրոյցներ ունեցան ԿԳ Նախարար Լ. Մկրտչեանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սահմանադրական Դատարանի Նախագահ Գ. Յարութիւնեանի, ԿԳ նախկին նախարար Եդ. Ղազարեանի, ԱԺ պատգամաւոր, ՀՀԿ խմբակցութեան ղեկավար, «Հայ դպրութիւն» հասարակական կազմակերպութեան նախագահ Գալուստ Սահակեանի հետ: Ս. Դանիէլեանի գրական բաց դասին ուսուցիչների հետ մշակութային երկխօսութեան եկան բանաստեղծներ Յովիկ Հովէեանը, Եուրի Սահակեանը, ժողովրդական դերասանուհի Ժենիա Աւետիսեանը: Դասընթացները լուսաբանուեցին տարբեր հեռուստաալիքներով եւ ռադիօկայաններով:

Ուսուցիչներն առանձնակի ոգեւորութեամբ էին սպասում Շաբաթ եւ Կիրակի օրերին կազմակերպուող ճամբորդութիւններին (պատասխանատու՝ Յովհ. Եղոյեան): Նրանք հասցրին լինել Աշտարակում, Օշականում, Սաղմոսավանքում, Օհանավանքում, Ամբերդում, Դիլիջանում, Հաղարծինում, Գօշավանքում, Գառնի - Գեղարդում, Ծաղկաձորում, Կեչառիսում, Սեւանում, Ս. Էջմիածնի Մայր տաճարում, Ս. Հռիփսիմէ եւ Ս. Գայիանէ եկեղեցիներում: Անջնջելի էին տպաւորութիւնները յատկապէս դէպի Խոր Վիրապ - Նորավանք - Սիսիան - Շաքիի ջրվէժ - Զօրաց Քարեր - Սիսիանի Ս. Յովհաննէս («Սիւնի») եկեղեցի - Տաթեւ երկօրեայ ուղեւորութիւնից:

Ուսումնական աշխատանքների աւարտին ուսուցիչներին բաժանուեցին հարցախոյզներ, որոնց միջոցով նրանց հնարաւորութիւն տրուեց գնահատականներ տալ դասընթացին, նշել դրական եւ թերի կողմերը:
Օգոստոսի 25-ին տեղի ունեցաւ փակման հանդիսութիւնը, որը տերունական աղօթքով բացեց Ն. Արք. Պոզապալեանը: Այդ օրը մասնակիցներին յանձնուեցին Կրթութեան Նախարարի, մանկավարժական համալսարանի ռեկտորի եւ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէնի ստորագրութիւններով վաւերացուած վկայագրեր: Ուսուցիչների համար նուէրներ էին պատրաստել Կրթութեան նախարարութիւնը, մանկավարժական համալսարանի ռեկտորատը, «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը, ԱԺ պատգամաւոր Գ. Սահակեանը, հոգեբան Անահիտ Մկրտչեանը, սփիւռքահայ գրողներ, բանաստեղծ Զ. Խրախունին, արձակագիր Ռ. Հատտէճեանը, հայրենի բանաստեղծներ Յ. Հովէեանը, Եու. Սահակեանը, Մերուժանը եւ Յ. Սրապեանը:

Ներկաներն ընդգծում էին դասընթացի կարեւորութիւնը, որի շնորհիւ Սփիւռքի ուսուցիչը իր թիկունքում զգում է հայրենիքի շնչառութիւնը, այստեղից հեռանում աւելի զօրացած ու մանկավարժական գիտելիքների որոշակի պաշար ձեռք բերած: Իր ամփոփիչ խօսքում Պրօֆ. Ս. Դանիէլեանն ընդգծեց, որ համալսարանական կրթութիւն չունեցող արեւմտահայ ուսուցչի պարագային առաւել կենսական է նրա պատրաստութիւնը: Իրականում մանկավարժներ չունենալով՝ մենք ուսուցիչներ ենք վերապատրաստում: Կրթութեան Նախարարը շեշտեց, որ Հայաստանի համալսարանական համակարգում արեւմտահայ բաժանմունք ունենալու ուղղութեամբ քայլեր արդէն արուած են:
Ուսուցիչներից իրենց մտահոգութիւնները կիսեցին, միաժամանակ շնորհակալական խօսքով հանդէս եկան Լվովի կիրակնօրեայ եւ Գլենդէյլի «Շամլեան» վարժարանների ուսուցչուհիներ Ռուզան Մկրտչեանն ու Նունիկ Ամիրեանը:
Իսկ սրտաբուխ շնորհակալութեան հիմքերը խորն էին. այս անգամ եւս

 


Պրօֆ. Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն
6 Սեպտեմբեր, 2007