Հայաստան - 2006


ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՕԹՆԵՐՈՐԴ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - 2006
(Յուլիս 17 Օգոստոս 14, 2006)


Մենք վերադարձանք ...

Հայաստանի կրթական դաշտում իր երեքամեայ աշխատանքային փորձաշրջանն անփառունակ աւարտեց նախարար Սերգօ Երիցեանը։ Նրա հեռացումից յետոյ ԿԱԻ տնօրէնի պաշտօնից ազատուեց նաեւ Վ. Մարտիրոսեանը։ Իշխանութեան եկաւ ՀՀ ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչեանը, որը անմիջապէս սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստութեան ոլորտը վերայանձնեց Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնին։

Մինչ այդ Կրթութեան Ազգային Ինստիտուտը նախապատրաստական լայն աշխատանք էր կատարել Մայր Աթոռի պատասխանատուների հետ։ Կենտրոնը միացաւ այդ աշխատանքին՝ դառնալով այդպիսով երրորդ պատասխանատու օղակը, որն ստանձնեց իրագործելու ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան Նախարարութեան պետական պատուէրը՝ կազմակերպելով սփիւռքահայ ուսուցիչների մեկամսեայ նոր դասընթացներ։


Համագործակցութիւն տարաձայնութեան ընդմէջէն

Դասընթացներն ընթացան 2006 թ. Յուլիս - Օգոստոս ամիսներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա-րեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանաւորութեամբ Ս. Էջմիածնի Գէորգեան ճեմարանում։ Ուսուցիչները երկրորդ տարին է՝ վայելում են Վեհափառ Հայրապետի հիւրընկալութիւնը, իսկ դա նշանակում է՝ դասընթացներ, կեցութիւն, սնունդ, ճամբորդութիւններ։ Ամէն առաւօտ յատուկ մեքենան Երեւանից Ճեմարան էր առաջնորդում դասախօսներին, ուր ընդարձակ, լուսաւոր լսարաններում ուսումնական գործունէութիւն էր ծաւալուած չորս խմբերում։

Աշխատանքները կանոնակարգում էին ԿԳՆ Սփիւռքի բաժինը՝ Հրաչ Թադէոսեանի գլխաւորութեամբ, եւ Մայրավանքից՝ Հ. Ղուկաս Զաքարեանը։ Նախապէս ստացուած յայտերի հիման վրայ կատարուեց աշխատանքային ոլորտների յստակ բաժանում. իրանահայ եւ արեւմտահայ ուսուցիչների վերապատրաստութիւնը մեր առաջարկով վստահուեց «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնին (պատասխանատուներ՝ Սուրէն Դանիէլեան, Յովհաննէս Եղոյեան), իսկ ԱՊՀ երկրների ուսուցիչների վերապատրաստութիւնը՝ Կրթութեան Ազգային Ինստիտուտին (Վարդան Ղանդիլեան, Վարդան Պարսամեան):

Երբեմն ծագում էին աշխատանքային, կազմակերպական, ուսումնամեթոդական կարգի տարաձայնութիւններ, որոնք, սակայն, հարթւում էին փոխզիջումային համաձայնութիւններով։ Դա վերաբերում էր՝
ա) խմբերի ընտրութեան սկզբունքներին ու քանակին. Կենտրոնը գտնում էր, որ յայտ ներկայացրած 64 ուսուցիչներին իրենց մասնագիտական պատրաստութեան առումով պէտք է բաշխել վեց ուսումնական խմբերում, սակայն Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչը, նկատի ունենալով իրեն տրուած յանձնարարականը՝ թոյլ չտալու նախորդ տարուայ «շռայլութիւնները», խնայողութեան թելադրութեամբ այն իջեցրեց չորսի,
բ) ընդհանուր ժամերի յարաբերակցութեանը. տրամադրուած 120 ժամերի քանակը խնայողութեան նոյն նկատառումներով իջաւ 100ի (մնացեալ 20ը տրամադրուեց ընդհանուր տիպի դասախօսութիւններին՝ բոլոր խմբերի համար միասին եւ առանց վճարի),
գ) կրօնական առարկաների ժամերի յաւելումի խնդրին (եթէ գումարւում է ուսուցիչների հայագիտական ժամերի հաշուին, քանի որ վերջիններիս մասնագիտական մակարդակը արդէն բաւարար չէ։ Անտեսելու չէ յատկապէս արեւմտահայերի եւ իրանահայ խմբերի պարագան՝ չէ՞ որ դասական Սփիւռքը կրօնական բովանդակային պատրաստուածութիւն ունի),
դ) Երեւանի մշակութային օջախներ երեկոները այցելելու գրեթէ անհնարինութեանը, ինչպէս նաեւ ճամբորդութիւնների կիսով չափ սահմանափակումներին (առաջին դէպքում երկու հանրակառքեր լրացուցիչ տրամադրելու խնդիր էր սա՝ Ս. Էջմիածնից Երեւան եւ ետադարձ՝ դէպի Ս. Էջմիածին, ինչի բացակայութիւնը զգալիօրէն կտրել էր ուսուցիչներին երեւանեան մշակութային եւ ճանաչողական առօրեայ շփումներից, առաջացրել որոշ տատամսութիւն եւ նեղսրտութիւն, յատկապէս երեկոները, երբ Մայրավանքում չգիտէին ինչով լցնել պարապը։

Մանաւանդ Կիրակի օրերը արեւմտահայ ուսուցիչների գտած արտայայտութեամբ՝ «պարապի կ'երթային», մինչդեռ կարելի էր եւ անհրաժեշտ էր կազմակերպել նաեւ երկօրեայ ճամբորդութիւններ դէպի հեռաւոր մարզեր՝ Սիւնեաց աշխարհ, Լեռնային Ղարաբաղ, որոնք հայագիտական հայրենասիրական անփոխարինելի բաց դասեր կը լինէին։ Չէ՞ որ ուսուցիչները կը լինէին Տաթեւի համալիրում, Շուշիում, գուցէ կարելի էր նրանց համար կազմակերպել անմոռաց արշաւներ դէպի Գանձասար կամ Ամարաս, մանաւանդ Գրերի 1600 ամեակի յիշարժան տարին էր։
Սա նշանակում է, որ եկեղեցին այս իմաստով իր նախաձեռնութիւնների մէջ որոշ առումով թերացաւ, մինչդեռ «Սփիւռք»
Կենտրոնի՝ անցեալ տարիների կազմակերպած ճամբորդութիւնների փորձը հրաշալի նախադէպ պիտի լինէր այս տարին առաւել շքեղ ու տպաւորիչ դարձնելու համար։ Այս խորքի վրայ, ի դէպ, անբացատրելի պիտի դիտել, թէ ինչպէս մշակութային այցերի պատասխանատու Հայր Սուրբը մերժում էր սակաւ ճամբորդութիւններին ինչ - ինչ զոհողութիւնների գնով Հայաստան ժամանած մէկ - երկու ուսուցիչների երեխաներին ներգրաւելու հնարաւորութիւնն անգամ, երբ երկու մեծ հանրակառքերում միշտ ազատ տեղեր էին լինում. արդեօք դա քրիստոնէակա՞ն մօտեցում էր),
ե) «հնաբնակ» ուսուցիչների յայտերի վերանայմանը (ԿԳ Նախարարութիւնը եւ Մայր Աթոռը, նիւթական հանգամանքից ելնելով, ստիպուած մերժել էին Սուրիայի Համազգայինի կրթական խորհրդի ենթակայութեամբ ութ ուսուցիչների դասընթացներում ընդգրկելու խնդրանքը, երբ նոյն այդ դասընթացներին մասնակցեցին երկու, երեք, նոյնիսկ չորս անգամ մասնակցութիւն բերած ուսուցիչներ, որոնք պարզապէս օգտւում էին բարեհոգի վերաբերմունքից, այսինքն՝ հայրենիքում հանգստեան անվճար հնարաւորութիւնից, քան աշխատում էին իրենց մասնագիտական որակների բարձրացման ուղղութեամբ)։


Խմբերի ենթակառուցուածքը. մասնագէտների ընտրութեան երկու սկզբունք

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի ծրագրերով ու առարկայական բովանդակութեամբ կազմակերպուած սփիւռքահայ ուսուցիչների մեկամսեայ դասընթացներն ընդգրկեցին շուրջ երեք տասնեակ առարկաներ՝ չորս խմբերի համար։ Կազմաւորուած ա) արեւմտահայ տարրական եւ միջին կարգի դասարանների ուսուցիչների, բ) իրանահայ, գ) ԱՊՀ երկրների դ) վիրահայ ու աբխազահայ խմբերի համար ներկայացուեցին՝ գործնական արեւմտահայերէն եւ արեւելահայերէն (բառագիտութիւն բնագրերի վրայ, շարահիւսութիւն, խօսքի մասեր), հեղինակային լսատեսողական յատուկ դասընթաց, մայրենին՝ իբրեւ օտար լեզու, լեզուի ուսուցման կազմակերպման եղանակներ, գրական նիւթերի համակարգում, հայոց եկեղեցու պատմութիւն, հայ ժողովրդի պատմութեան հիմնահարցեր, գաղթավայրերի պատմութիւն, ցեղասպանութեան պատմութեան հարցեր, հայրենագիտութիւն, մանկավարժութեան եւ հոգեբանութեան հիմնախնդիրներ, դպրոցական մանկավարժութիւն, էթնօհոգեբանութիւն, միջանձնային յարաբերութիւններ, ազգագրութիւն, երաժշտութեան ու կերպարուեստի մեթոդիկաներ, ազգային պար եւ հանրակրթական նշանակութեան այլ առարկաներ։

Դասական Սփիւռքի «տեղամասում» դասընթացները վարեցին հրաւիրուած առաջատար հայագէտ մասնագէտներ ինչպէս Սփիւռքից լեզուաբան, Սորբոնի համալսարանի դոկտոր, Պրօֆ. Հիլդա Գալֆայեանը (Փարիզ), գրականագէտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Անուշ Նագգաշեանը (Երուսաղէմ), մանկավարժ, դոցենտ Ռոսիթա Եուսէֆեանը (Բուենոս Այրէս), այնպէս էլ Հայաստանի գիտական եւ կրթական հաստատութիւններից՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարեանը, ՀՀ ԳԱԱ Պատմութեան Ինստիտուտի տնօրէն, Պրօֆ. Աշոտ Մելքոնեանը, ԵՊՀ-ից Պրօֆ. Նազիկ Յարութիւնեանը, դասախօսներ Մանկավարժական Համալսարանից՝ Պրօֆ. Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը, Եուրի Իւզբաշեանը, Հրավարդ Յակոբեանը, դոկտոր Ջուլիէտա Գիւլամիրեանը, դոցենտներ Զարիկ Գրիգորեանը, Աւիկ Յարու-թիւնեանը, Սվետլանա Մարութեանը, Հռիփսիմէ Պիկիչեանը, Սուսան Փիլոսեանը, «Ուրարտու» հոգեբանութեան եւ սոցիոլոգիայի համալսարանի ռեկտոր, դոցենտ Սեդրաք Սեդրաքեանը, Մայրավանքից՝ Շիրակի թեմի առաջնորդ, Եպս. Միքայէլ Ա-ջապահեանը, ՀՀ ԳԱԱից դոցենտ Մարգարիտ Սարգսեանը, «Անձի զարգացման եւ մարդու իրաւունքների հիմնադրամ»ից Անահիտ Մկրտչեանը, ԿԳՆ ԿԱԻ - ից՝ Վարդան Պարսամեանը։

Կրթութեան Ազգային Ինստիտուտն իր հերթին ետխորհրդային տարածքի երկրների երկու խմբերում դասաւանդելու հրաւիրել էր փորձառու եւ երիտասարդ մանկավարժ մասնագէտների՝ դոկտորներ Դաւիթ Գասպարեան, Մանուկ Մկրտչեան, դոցենտներ, գիտութեան թեկնածուներ Նադիա Անտոնեան, Էլիա Զաքարեան, Աշոտ Ղուկասեան, Մարիամ Պետրոսեան, մեթոդիստներ Անահիտ Գէօդակեան, Ֆրիդա Երիցեան, Կարինէ Թորոսեան, Լուսինէ Մարգարեան, Յասմիկ Մինասեան, Ասիա Յովհաննիսեան, Յասմիկ Յովհաննիսեան, Կարինէ Ղազարեան, Կարինէ Չիբուխչեան, Նուէր Վիրաբեան։ Մեր մասնագէտների մի մասը որոշ առարկայական նիւթեր դասաւանդեց այս ենթախմբերում եւս։

Ուսումնամեթոդական բովանդակութեան եւ դասընթացների կազմակերպական խնդիրները միշտ եղել են «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տեսադաշտում։ Մենք չենք թաքցնում, եւ դասընթացներն էլ ակնբախ ցոյց են տալիս Սփիւռքի ուսուցիչների թերի մասնագիտական իմացութիւնը, արհեստավարժ ճանաչողութեան ու մանկավարժական մօտեցումների թոյլ սահմանը, որը պարզապէս համալսարանական կրթութիւն չունենալու հետեւանք է։
Դասընթացների եօթնամեայ փորձը բերում է այն ճշմարտութեան, որ այսօր Հայաստանում Սփիւռքի համար մանկավարժական բարձրագոյն կրթօջախի ստեղծման հրամայականը հայութեան երկու հատուածների միասնութեան ջանքերին ուղղուած պետական քաղաքականութեան շահերից բխող հիմնախնդիր է, որն արդէն ՀՀ կառավարութիւնը ճանաչում է որպէս օրակարգի հարց։


Օրհնեալ զանգերի ներքոյ ...

Դասընթացներին մասնակցեցին 64 ուսուցիչներ դասական Սփիւռքի վեց երկրներից՝ ԱՄՆ (Լոս Անճելըս, Նիւ Եորք, Ֆիլադելֆիա), Բրազիլիա (Սան Պաուլօ), Իրանի Իսլամական Հանրապետութիւն (Թեհրան եւ Սպահան), Լիբանան (Պէյրութ), Ռումանիա (Բուխարեստ), Սուրիա (Դամասկոս, Հալէպ), եւ ետխորհրդային տարածքների հինգ երկրներից՝ Աբխազիա, Լիտվա (Վիլնիւս), Ռուսաստանի Դաշնութիւն (Դոնի Ռոստով, Մոսկուա, Ս. Պետերբուրգ, Սոչի, Վոլգոգրադ), Վրաստան (Թբիլիսի, Մառնէուլի, Ջաւախք), Ուկրաինա (Կիեւ):
Դասընթացների հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ Յուլիսի 17ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գէորգեան Ճեմարանի մեծ սրահում: Ներկայ էին ՀՀ ԿԳՆ Նախարար Լեւոն Մկրտչեանը, Սփիւռքի բաժնի պետ Հրաչ Թադէոսեանը, Երեւանի Պետական Համալսարանի ռեկտոր, Պրօֆ. Արամ Սիմոնեանը, Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ռեկտոր, Պրօֆ. Արտուշ Ղուկասեանը, «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն, Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը, ՀՀ ԿԳՆ ԿԱԻ տնօրէն Նորայր Ղուկասեանը, ՀՀ ԱԳ նախարարութեան Սփիւռքի հետ կա-պերի գործակալութեան պետ Ջիւան Մովսիսեանը, բազմաթիւ բարձրաստիճան հոգեւորականներ, արուեստագէտներ, գիտնականներ, դասախօսներ հայրենիքից եւ Սփիւռքից, մանկավարժներ, նախկին դասընթացների ունկնդիրներ, հիւրեր Իրանի Իսլամական Հանրապետութիւնից, Վրաստանից, ԶԼՄ ներկայացուցիչներ։

Հանդիսութիւնը տերունական աղօթքով սկսած Ներսէս Արք. Պոզապալեանը ընթերցեց նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջոյնի ուղերձը։

ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան Նախարար Լ. Մկրտչեանը, շնորհաւորելով սփիւռքահայ ուսուցիչներին, շնորհակալութիւն յայտնելով Վեհափառ Տիրոջը դասընթացների բարձր հովանաւորութեան համար, շեշտեց, որ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ դադարած դասընթացները, որոնք վերականգնուեցին միայն 2000 թ. հայրենի պետութեան, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի եւ Սփիւռքի անհատների միասնական ջանքերի շնորհիւ, այսօր արդէն դարձել են Հայաստանն ու Սփիւռքը կամրջող կրթական կարեւոր ռազմավարական ծրագրերից մէկը:
Նախարարն իր խօսքում ընդգծեց, որ կարեւոր է համարում մեզանում արեւմտահայ համալսարանական բաժանմունքի ստեղծման գաղափարը։ Այդ մասին Հայաստանի կառավարութիւնն ընդունել է սկզբունքային որոշում:
Թել Ավիւի Թարգմանչաց վարժարանի (Իսրայէլ, նախաձեռնողներ Անուշ Նագգաշեան եւ Կարօ Դէմիրճեան) անմիջական հովանաւորութեամբ «Սփիւռք» Կենտրոնը ուսուցիչներին բաժանեց 100 բարձրորակ գրիչներ, որոնց մակագրութիւնը խորհրդանշում էր դասընթացները «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի երդիքի տակ։


Հայերէնի եւ հայկականի հմայքը՝ Սփիւռքի տասնմէկ անկիւններից

Նոյն օրուայ երկրորդ կէսին արդէն տօնական տրամադրութիւնն իր տեղը զիջեց աշխատանքային առօրեային։
Դասերն սկսւում էին առաւօտեան 900-ին եւ աւարտւում ժամը 1400-ին:
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը կազմակերպել է այցելութիւններ ազգային պետական ինստիտուտներ։ Այսպէս, ուսուցիչների հետ հանդիպել եւ շահեկան դասախօսութիւններ են կարդացել ՀՀ Սահմանադրական Դատարանի Նախագահ Գագիկ Յարութիւնեանը, ՀՀ ԱԳ Նախարար Վարդան Օսկանեանը, ՀՀ Ազգային Ժողովի Հանրապետական կուսակցութեան պատգամաւորական խմբակցութեան ղեկավար, ԱԺ Կրթութեան մշտական յանձնախմբի պատասխանատու, «Հայ Դպրութիւն» ընկերութեան նախագահ Գալուստ Սահակեանը, Ցեղասպանութեան Ինստիտուտի տնօրէն Լաուրենտի Բարսեղեանը, ՀԳՄ Նախագահ Լեւոն Անանեանը՝ գրողների, թարգմանիչների հետ միասին։
Յուլիսի 28ին ուսուցիչների հետ դասախօսութիւն հանդիպման ժամանակ ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան Նախարար Լեւոն Մկրտչեանը հանգամանալի բացատրութիւններ տուեց Հայաստանի բուհական համակարգի առանձնայատկութիւնների եւ առկայ դժուարութիւնների ու նրանց յաղթահարման մասին։ Նա իր բանախօսութեան մէջ շեշտադրեց հետեւեալ հիմնահարցերը.
• Հայաստան - Սփիւռք յարաբերութիւնները բերում են կրթական նոր, բազմատիպ մոդէլների կիրառութեան անհրաժեշտութիւն։
• Հայոց լեզուի նոր վիճակները պարտադրում են արեւմտահայ եւ արեւելահայ ճիւղերի նկատմամբ նրբանկատ վերաբերմունք, որը պիտի բացառի վարչարար, հապճեպ մօտեցումները։ Մենք կանգնած ենք նոր, արեւմտահայ համալսարանական մասնաճիւղ ձեւաւորելու հիմնախնդրի առաջ, որը ժամանակի հրամայականն է՝ կրթութեան պատրաստութիւն վերապատրաստութեանը զուգընթաց։
• Այս առումով նա բարձր գնահատեց անցած տարիների կրթական աշխա-տանքները «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում։ Այժմ կրթական ենթակառուցուածքների վերակազմաւորումների շրջանում տարւում են համադրական աշխատանքներ արեւմտահայ համալսարանական մասնագիտական յետագայ կրթութեան մէջ Կենտրոնի դերակատարութեան շուրջ։
• Նախարարը գտաւ, որ անցումը Խորհրդային Հայաստանից անկախ Հայաստանի կարգավիճակին բերեց իր հետ ուսումնամեթոդական նոր բովանդակութիւն, բայց եւ նոր բարդ հիմնախնդիրներ։ Դրանցից գլխաւորները նա համարեց հին համակարգից բարձրագոյն կրթական արժէքների պահպանումը եւ նոր համակարգի ձեւաւորման, համաշխարհային կրթական մակարդակներին աստիճանական համապատասխանութեան եւ ներգրաւման գերխնդիրը։
• Մեր ժամանակներում կենսական է որակի բարձրացման պահանջը։
• Մեր ռազմավարական խնդիրներից մէկն էլ պետական եւ մասնաւոր բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների խոշորացումն է, մանր համալսարաններից հրաժարումը։ Նրանց միջեւ չափանիշները միասնական ու բարձր պիտի լինեն։ Մենք Բոլոնիայի գործնթացներն ընդունել ենք. ետքայլը բացառուած է։
• Իսկ հանրակրթական դպրոցում իրատեսօրէն ձգտում ենք ուսուցիչների քանակի կրճատման՝ հանրակրթական առարկաների ներհիւսումի ճանապարհով (օրինակ, ֆիզիկան եւ մաթեմատիկան, լեզուն եւ գրականութիւնը դպրոցում, մեր կարծիքով, պէտք է դասաւանդի նոյն ուսուցիչը)։
Վերջում ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան Նախարարը պատասխանեց սփիւռքահայ ուսուցիչների բազմաբնոյթ հարցերին։

Օգոստոսի 9ին եւ 10ին ուսուցիչներին Ս. Էջմիածնում համապատասխանաբար հանդիպեցին Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասեանը եւ Կրթութեան Ազգային Ինստիտուտի տնօրէն Ն. Ղուկասեանը: Նրանք ներկայացրեցին իրենց հաստատութիւնների առջեւ ծառացած խնդիրներն ու դրանց յաղթահարման ուղիները։
Բոլոր հանդիպումներին Սփիւռքից եկած ուսուցիչները հիմնականում բարձրացնում էին Մեսրոպեան ուղղագրութեան վերադարձի, իրենց վարժարաններում գործածութեան պիտանի դասագրքերի, մանկապատանեկան գրքերի հայրենական տպագրութեան, հայրենիքում արեւմտահայ ուսուցչի մասնագիտական կրթութեան հեռանկարին վերաբերող եւ արմատական լուծման կարօտ այլ հիմնահարցեր, որոնք այսօր պետութեան ռազմավարական շահագրգռութիւնների ոլորտի գերխնդիրներ են։

Կենտրոնը ուսուցիչների համար նախաձեռնել էր նաեւ մշակութային ձեռնարկներ։
Ս. Դանիէլեանի գրական բաց դասերին քերթութեան իրենց էջերը բացեցին բանաստեղծներ Անուշ Նագգաշեանը (Երուսաղէմ) եւ Եուրի Սահակեանը (Հայաստան)։
Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովանաւորել էր սփիւռքահայ ուսուցիչ-ների չորս շրջապտոյտներ Հայաստանի տեսարժան վայրերով ու պատմամշակութային յուշարձաններով։ Նրանք անխառն հիացում ապրեցին՝ տեսնելով Էջմիածնի Մայր Տաճարը, Զուարթնոցը։ Նրանք եղան Ամբերդում, Սեւանում, Գառնի - Գեղարդում, Կարմրաւորում, Հաղարծինում, Սաղմոսավանքում, Օշականում, Խոր Վիրապում եւ Նորավանքում։


Ուսուցչական յոյզեր աւարտական հանդէսին ...

Դասընթացների արդիւնքներն ամփոփուեցին Օգոստորի 14-ին. կազմակերպուած փակման հանդիսութեանը վերապատրաստուած 64 սփիւռքահայ ուսուցիչներ ստացան պետականօրէն վաւերացուած վկայագրեր՝ ԿԳ Նախարարի, Մանկավարժական Համալսարանի ռեկտորի, Կրթութեան Ազգային Ինստիտուտի եւ Ս. Էջմիածնի Քրիստօնէական Դաստիարակութեան Կենտրոնի տնօրէնների ստորագրութիւններով։
Դեռ նախօրէին՝ արտասահմանեան ուղեւորութիւնից վերադարձին, Վեհափառ Հայրապետն ընդունել էր սփիւռքահայ ուսուցիչներին ու ջերմ զրոյց ունեցել, իսկ փակումին արդէն յղել ուղերձ, որն ընթերցեց Հ. Ղ. Զաքարեանը։
Այդ օրը ողջերթի մաղթանքներով սփիւռքահայ ուսուցիչներին դիմեցին Մանկավարժական Համալսարանի ռեկտորը, «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէնը։ Դասախօսներից ելոյթ ունեցաւ Ջ. Գիւլամիրեանը, սփիւռքահայ ունկնդիր ուսուցչուհիներից՝ Սեդա Ունճեանը (Պէյրութ)։ Սփիւռքի ուսուցիչներն աչքի ընկան նաեւ իրենց գրական - գեղարուեստական կատարումներով։
Դասընթացի մասնակիցները շնորհակալութեամբ ստացան ՀՀ ԿԳՆ եւ Մայրավանքի կողմից տարաբնոյթ գրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր։
Իր հերթին «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը ուսուցիչներին նուիրեց իր հրատարակած գրքերից Զարեհ Խրախունու «Ազատերգութիւն» ժողովածուն։
Ուսուցիչներին նախապէս գրքեր էին յատկացրել ՀՀ Սահմանադրական Դատարանի Նախագահ Գագիկ Յարութիւնեանը, Սորբոնի համալսարանի դոկտոր Տկն. Հիլդա Գալֆայեանը (Ֆրանսիա), հայագէտ Լեւոն Խաչերեանը (Լոս Անճելըս, ԱՄՆ), ՀՀ ԱԺ պատգամաւոր Գալուստ Սահակեանը, բանաստեղծներ Յովիկ Հովէեանը (Հայաստան), Չամրասը (Լոս Անճելըս, ԱՄՆ), հոգեբանութեան դասախօս Անահիտ Մկրտչեանը։ Բանաստեղծուհի Անուշ Նագգաշեանը (Իսրայէլ) իր քերթողագրքերի հետ բոլոր 64 ուսուցիչներին նուիրեց նաեւ գրական - երաժշտական խտասալիկներ։


Յ Ա Ւ Ե Լ Ո Ւ Ա Ծ

2006 թ. օգոստոսեան դասընթացներին
վկայագրեր ստացած սփիւռքահայ ուսուցիչների ցանկ

Ա. Արեւմտահայ խումբ

1. Աբիկեան Մանուշակ (Սուրիա, Հալէպ, Կիլիկեան ճեմարան)
2. Ալլահվերտեան Թալին (Սուրիա, Դամասկոս, Ազգային «Սրբոց Թարգմանչաց» ճեմարան)
3. Աշըրեան Հայկանուշ (Սուրիա, Դամասկոս, Ազգային «Սրբոց Թարգմանչաց» ճեմարան)
4. Ասադուրեան Աննի (ԱՄՆ, Կալիֆորնիա, «Արի Կիրակոս Մինասեան» Ազգային վարժարան)
5. Արսլանեան Սեդա (Սուրիա, Հալէպ, Կրթասիրաց վարժարան)
6. Բանոյեան Ալին (Սուրիա, Հալէպ, Մխիթարեան վարժարան)
7. Զատիկեան Անահիտ * (Բրազիլա, Սան Պաուլօ, «Դուրեան» վարժարան)
8. Զէյթունցեան Երան (Սուրիա, Հալէպ, Մեսրոպեան վարժարան)
9. Իպրահիմ Շողիկ (ԱՄՆ, Լոս Անջելէս, Հ.Օ.Մ. «Սրբոց Նահատակաց» նախակրթարան)
10. Պալանեան Նայիրի (ԱՄՆ, Նիւ Եորք, Ազգային Ուսումնական խորհուրդ, «Սիամանթօ» լսարան)
11. Տէր - Ղուկասեան Մատլէն (Ռումանիա, Բուխարեստ, «Միսաքեան - Գեսիմեան» վարժարան)
12. Ունճեան Սեդա (Լիբանան, Պէյրութ, Համազգայինի «Մ. եւ Գ. Արսլանեան» Հայ ճեմարան)
13. Օհանեան Թամար (Սուրիա, Հալէպ, Կրթասիրաց վարժարան)

* Ստացել է «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի վկայագիր՝ դասընթացների ունկնդրութեան (120 ժամ) մասին։

Բ. Իրանահայ խումբ

1. Դիլանչեան Սեդա (Իրան, Սպահան, «Քանանեան» վարժարան)
2. Դիլանչեան Քարոլին (Իրան, Սպահան, «Նարեկ» նախակրթարան)
3. Զարգարեան Անահիտ (Իրան, Թեհրան, «Յովհ. Թովմասեան» միջն. վարժարան)
4. Թամազեան Թինա (Իրան, Թեհրան, «Արաքս» աղջկանց վարժարան)
5. Խաչատրեան Քարոլին (Իրան, Թեհրան, «Ռոստոմ» ազգային վարժարան)
6. Մեհրաբեան Մարիտա (Իրան, Թեհրան, «Թունեան» եւ «Նաիրի» վարժարաններ)
7. Մինասեան Անժէլ (Իրան, Թեհրան, «Մարի Մանուկեան» կրթ. հաստատութիւն)
8. Մովսիսեան Նորա (Իրան, Թեհրան, «Մարիամ» կրթ. հաստատութիւն)
9. Մուշկամբարեան Անէթ (Իրան, Թեհրան, «Ահարոնեան» նախակրթարան)
10. Յարութիւնեան Մանիֆա (Իրան, Թեհրան, «Մարիամ» կրթ. հաստատութիւն)
11. Նազարբեկեան Հերմինէ (Իրան, Թեհրան, «Ահարոնեան» նախակրթարան)
12. Նորաւեան Այրինա (Իրան, Թեհրան, «Ֆերահեան» ազգային նախակրթարան)
13. Շիրւանեան Քամելիա (Իրան, Թեհրան, «Մարիամ» կրթ. հաստատութիւն)
14. Սինանեան Արմենուհի (Իրան, Թեհրան, «Մարիամ» կրթ. հաստատութիւն)
15. Սիրջանեան Յովիկ (Իրան, Թեհրան, «Քուշեշ Դաւթեան» վարժարան)
16. Սուքիասեան Ժոզէֆ (Իրան, Թեհրան, «Մարիամեան» ուղեցոյց վարժարան)
17. Վարդազարեան Ադրինէ (Իրան, Թեհրան, «Մարիամ» կրթ. հաստատութիւն)
18. Տէր - Յովհաննիսեան Ռիմա (Իրան, Թեհրան, «Նաիրի» նախակրթարան)
19. Քարամեան Էդնա (Իրան, Թեհրան, «Ռոստոմ» ազգային վարժարան)

ԱՊՀ տարրական

1. Ազիզեան Լիանա (Ռուսաստանի Դաշնութիւն, Վոլգոգրադ, Կիրակնօրեայ դպրոց)
2. Աղէկեան Լիւդմիլա (Ուկրաինա, Կիեւ, Կիրակնօրեայ դպրոց)
3. Բաղդասարեան Կարինէ (Ռուսաստանի Դաշնութիւն, Էդեսիա, Հայերէնի ուսուց-մամբ թիւ 5 միջն. դպրոց)
4. Դանիէլեան Սաթենիկ (Վրաստան, Բաթումի, թիւ 6 միջն. դպրոցի հայկական մասնաճիւղ)
5. Դաւոյեան Գայիանէ (Վրաստան, Թբիլիսի, թիւ110 միջն. դպրոց)
6. Զախարեան Վահիդա (Վրաստան, Քվէմօ Քարթլի, Աղքէօրփի միջն. դպրոց)
7. Թորոսեան Էլմաս (Աբխազիա, Սուխումի, Յովհ. Թումանեանի ան. թիւ 9 միջն. դպրոց)
8. Թումաղայեան Կարինէ (Ուկրաինա, Կիեւ, Կիրակնօրեայ հայկական դպրոց)
9. Խանգելդեան Լուսինէ (Ռուսաստանի Դաշնութիւն, Մոսկուա, Կիրակնօրեայ դպրոց)
10. Համբարձումեան Լիլիթ (Ռուսաստանի Դաշնութիւն, Ս. Պետերբուրգ, Կիրակնօրեայ դպրոց)
11. Մարկոսեան Լուսիկ (Ռուսաստանի Դաշնութիւն, Սոչի, թիւ 31 միջն. դպրոց)
12. Մարտիրոսեան Հերիքնազ (Վրաստան, Քվէմօ Քարթլի, Աղքէօրփիի միջն. դպրոց)
13. Մուշեղեան Սուսաննա (Լիտվա, Վիլնիւս, Կիրակնօրեայ հայկական դպրոց)
14. Մուրադեան Լուիզա (Վրաստան, Թբիլիսի, թիւ 10 հանրակրթական դպրոց)
15. Յովականեան Արեւհատ (Ռուսաստանի Դաշնութիւն, Մոսկուա, թիւ 264 կրթ. կենտրոն)
16. Յովականեան Ժակլին (Ռուսաստանի Դաշնութիւն, Մոսկուա, թիւ 264 կրթ. կենտ-րոն)
17. Ջաւախեան Օֆելիա (Վրաստան, Քվէմօ Քարթլի, Աղքէօրփիի միջն. դպրոց)
18. Սվազեան Արմենուհի (Ռուսաստանի Դաշնութիւն, Վոլգոգրադ, Կիրակնօրեայ դպրոց)
ԱՊՀ միջին եւ աւագ
1. Գրիգորեան Նազելի (Վրաստան, Թբիլիսի, թիւ 93 միջն. դպրոց)
2. Զօրաբեան Ռոզա (Վրաստան, Թբիլիսի, թիւ 95 հանրակրթական դպրոց)
3. Կարապետեան Մանանա (Վրաստան, Թբիլիսի, թիւ 131 միջն. դպրոց)
4. Յովհաննիսեան Ինեսա (Վրաստան, Թբիլիսի, թիւ 132 հանրակրթական դպրոց)
5. Մանուկեան Կարինէ (Վրաստան, Թբիլիսի, թիւ 104 հանրակրթական դպրոց)
6. Մարկոսեան Թամարա (Վրաստան, Թբիլիսի, թիւ 110 հանրային դպրոց)
7. Մխիթարեան Գայիանէ (Վրաստան, Թբիլիսի, թիւ 110 հանրային դպրոց)
8. Մնացականովա Նունէ (Վրաստան, Թբիլիսի, թիւ 104 հանրակրթական դպրոց)
9. Շահդինարեան Մարիէտա (Վրաստան, Թբիլիսի, թիւ 104 հանրակրթական դպրոց)
10. Սահակեան Մարինէ (Վրաստան, Քվէմօ Քարթլի, Մառնէուլի, Կարմիրի միջն. դպրոց)
11. Սարիբեկեան Աննա (Վրաստան, Թբիլիսի, թիւ 110 հանրային դպրոց)
12. Տրապիզոնեան Ամալիա (Աբխազիա, Գագրա, թիւ 3 դպրոց)
13. Քէսեան Շամիրամ (Աբխազիա, Գուդաուտ, Ագարակիի միջն. դպրոց)
14. Քոչքոնեան Երջանիկ (Աբխազիա, Գագրա, թիւ 3 դպրոց)
15. Օլքինեան Անուշ (Վրաստան, Քվէմօ Քարթլի, Մառնեուլի, Աղքէօրփիի միջն. դպրոց)