Հայաստան - 2005

ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ (Օգոստոս 02 26)

Ինչո՞ւ «խաղից դուրս» ...

Սփիւռքահայ ուսուցիչների դասընթացները 2005 թուականին խլուեցին «Սփյուռք» Գիտաուսումնական Կենտրոնից։
Հենց այդպէս, խլուեցին։ Ինչո՞ւ, որովհետեւ այդպէս կամեցաւ ՀՀ ԿԳ օրուայ անփառունակ նախարար Սերգօ Երիցեանը, որը, չհանդուրժելով 2004 թ. Ծաղկաձորի համահայկական կրթական առաջին համաժողովի լիագումար նիստում իր հասցէին «Սփյուռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէնի քննադատական ելոյթը, որոշեց իրեն յատուկ գաւառամիտ քինախնդրութեամբ պատժել «հանդուգնին»։

Իրականում յիշատակուած ելոյթը վեր էր հանում նախարարի ուտոպիան եւ շահախնդրութիւնները՝ կապուած դասընթացների առաքելութեան, հովանաւորչական նիւթական յենքի եւ անընդմէջ վերապատրաստական փուլերի պատկերացումների հետ։ Նրա բանաւոր համաձայնութիւնները Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.ի հետ, ճի՛շդ է, կարող էին յուսալի հիմք հանդիսանալ սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստութեան յետագայ շարունակականութեան առումով, սակայն հարցի լուծում դառնալ չէին կարող։ Վեհափառ Հայրապետի հետ պէտք էր լուծել ոչ թէ «անընդմէջ վերապատրաստութեան» առասպելը, այլ արեւմտահայ ուսուցչի բարձրագոյն, համալսարանական կրթու-թեան կայացումի՝ պատրաստութեան հովանաւորչութիւնը՝ որպէս պետական ռազմավարական հիմնախնդիր։ Իսկ այստեղ չի կարելի գնալ նաեւ ընդառաջ Սփիւռքի համար մասնաւոր համալսարան բացելու նախարարական բուռն փափաքին, քանի որ ռազմավարութիւնը չի հանդուրժում անհատական շահագրգռութիւններ։

Դրա գիտակցութիւնը, աւա՜ղ, նախարարը չունէր։
Իսկ ի՞նչ էր անհրաժեշտ. առաջին, հարկ էր, որ նախարարը գումարէր ոլորտի պատասխանատուների նախապէս ընդլայնուած խորհրդակցութիւն, լսէր մասնագէտներին ու նոր միայն, ստացուած համակողմանի եզրակացութիւնների հիման վրայ, ընդունէր արմատական որոշումներ։

Ընդ որում, Ծաղկաձորի կրթական համահայկական համաժողովը հենց լաւագոյն ամբիոնն էր նման հարցերի քննութեան համար, ինչից, ցաւօք, խուսափեց նախարարը։ Նա չգիտակցեց, որ Սփիւռքի կրթական պատասխանատուութիւնը միայն դասընթացները չեն, այլ նաեւ ծրագրերը, արեւմտահայ լեզուի, գրականութեան, պատմութեան դասագրքերի ստեղծումը։ Համալիր մօտեցում է անհրաժեշտ, մինչդեռ նախարարն իր անգիտութեամբ շրջանցում էր Նիսի սփիւռքահայ ուսուցիչների Ա. համագումարի հիմնադրոյթները։ Նա փորձեց համաժողովին փաթաթել չհիմնաւորուած պատրաստի բանաձեւեր՝ ծանօթ չլինելով Սփիւռքի կրթական ոլորտի բազմաշերտ իւրայատկութիւններին։
Արդիւնքում, տեղի տալով ՀՀ Կրթության Ազգային Ինստիտուտի (ԿԱԻ) տնօրէնի յամառ նկրտումներին՝ նա սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստութեան 6րդ դասընթացների տնօրինութիւնը կամայականօրէն յանձնեց նրա տնօրէնին՝ շրջանցելով այդ գործառոյթները հիմնած, ուսումնական ծրագրեր կազմած, տասը տարիների փորձով ամրապնդուած «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը։

Եւ քանի որ իրենք անտեղեակ էին աշխատանքային բովանդակութեանը՝ համարձակուեցին դիմել մեր կազմած ծրագրերին, առարկաներին, դասախօս մասնագէտների ընտրութեան մեր կողմնորոշումներին՝ այն վստահութեամբ, որ մեր մէջ իրենց քայլի առթած նեղսրտութիւնը երկրորդական է պետական ծրագրի անվերապահ իրագործման գիտակցութեան դիմաց։ Սա միակ կէտն էր, ուր նրանք չսխալուեցին. իսկապէս, մենք չէինք կարող այդ տարի մեր հրաւիրած հայրենի ու արտասահմանեան մասնագէտներին (այդ թւում՝ Փարիզից Հիլդա Գալֆայեանին, Պէյրութից Կարօ Առաքելեանին, Լոս Անճելըսից Արաքսեայ Թաթուլեանին), ինչպէս նաեւ մեր ծրագրերը, ամբողջութեան մէջ՝ դասընթացները կանգնեցնել տապալումի վտանգի առաջ։ Նախնական մեր աշխատանքը «նուիրելով» ԿԱԻ նորաթուխ թիմին՝ մենք հեռացանք։
Նախարարի եւ նրա կրթական քաղաքականության պատասխանատու Վ. Մարտիրոսեանի քայլերը շահագրգիռ եւ ենթակայական էին, ոչ «օրինաց», թէեւ նրանք երկուսն էլ «Օրինաց երկիր» կուսակցութեան առաջնորդներից էին։ Աւելորդ չէ նշել, որ շատ ժամա-նակ չանցած՝ կուսակցութեան համանախագահը հեռացուեց ԿԳ Նախարարի պաշ-տօնից։ Դա բաւական չէր. ողջ երկրով մէկ աղմկայարոյց պատմութիւն դարձաւ պաշտօնամոլութեան հետեւանքով նրա դաւաճանութիւնն իր կուսակցութեանը, քաղաքական պայքարի զինակիցներին։ Պաշտօնը պահելու համար նա հրաժարուեց ... իր հիմնած կուսակցութիւնից, իր «գաղափարական» ողջ զինանոցից։ Հրաժարուեց, բայց «չփրկուեց»։ Դա բացայայտում է աթոռակռուի «ազգային» իւրայատկութիւնները մեր ժամանակներում։


Իրաւունքի պաշտպանութիւն ՀՀ Նախագահի մօտ

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը սփիւռքահայ ուսուցիչների 5րդ դասընթացներից յետոյ ստիպուած եղաւ աշխատանքային իրաւունքի ոտնահարման փաստերը ներկայացնել Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմէն Գէորգեանին, ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարեանին, ԱԳ Նախարար Վարդան Օսկանեանին, Հայրենիք Սփիւռք կառավարական յանձնաժողովի փոխնագահ Գագիկ Յարութիւնեանին, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրէն Նաիրա Մելքումեանին, ԱԺ կրթութեան ու մշակոյթի մշտական յանձնաժողովի նախագահ Հրանուշ Յակոբեանին, ԱԺ խմբակցութիւնների ղեկավարներ Գալուստ Սահակեանին եւ Լեւոն Մկրտչեանին։

Գրութեան մէջ նշւում էր, որ ԿԳ նախարարը իրագործել է Կենտրոնի գործունէութեան հնարաւորին սահմանափակումներ՝
ա) ձգտելով հասնել նրան, որ սփիւռքահայ ուսուցիչների դասընթացները հետայդու կազմակերպուեն Կրթութեան Ազգային Ինստիտուտում։ Այդ նպատակով 2004-ի Յունիսի 15-ին Կենտրոնի տնօրէնին առաջարկ արուեց ԿԱԻ փոխադրվելու եւ դեպարտամենտ դեկավարելու, ինչն ընդունելն անհնար էր, քանի որ դա հակասում է պետական ռազմավարական ուղղութիւններին,
բ) ընդդիմանալով 2004 թ. Դեկտեմբերին կառավարութեան նիստում ՀՀ կառավարութեան պահուստային ֆոնդերից Մանկավարժական Համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնին՝ Սփիւռքի ուսուցիչների վերապատրաստութեան եւ պատրաս-տութեան անցնելու նպատակով յատկացում տրամադրելու Վարչապետի առաջարկին։
գ) հրաժարուելով տրամադրել Կենտրոնի համար Կանոնակարգով նախատեսուած հաստիքները, ինչի հետեւանքով առ այսօր ուսումնական հսկայածաւալ աշխատանքներն ընկած են միայն տնօրէնի եւ գործավար քարտուղարի ուսերին,
դ) փորձ անելով կասեցնել ուսումնական բովանդակութեամբ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի՝ մեզ տրուող դրամական հոսքերը, որոնք նախատեսուած են Ջէք Հէքիմեանի միջոցներից։

Հանրապետութեան Նախագահի խորհրդական Վիգէն Սարգսեանը եղաւ Կենտրոնում, ծանօթացաւ հարցի նրբութիւններին։ Նրա եզրակացութիւնը մէկն էր՝ սխալ է կատարուել, այն պէտք է շտկուի։ ԿԱԻ հաստատութիւնը հիմնականում պիտի զբաղուի ծրագրերի մշակմամբ, իսկ համալսարաններում դրանք պիտի իրագործուեն։ Այս համամասնութիւնն է խախտուած։ 2006 թ. դասընթացները կը վերականգնուեն։ Այդ մասին զեկուցուել է Հանրապետութեան Նախագահին։

Իսկապէս, այդպէս էլ եղաւ։ Միայն թէ Կենտրոնը չչարացաւ ուրիշի սխալներից։ Ընդհակառակը, 2006ի դասընթացներին ԿԱԻի ղեկավար նոր կազմին հրաւիրեց միասին աշխատելու՝ նրանց վստահելով ԱՊՀ երկու խմբերի վերապատրաստութիւնը։
Այնուհանդերձ 2005 թ. դասընթացների մասին ...

2005-ի դասընթացներում, որոնք ընթացան հիմնականում մեր ներկայացրած առարկայական ցանկով, ծրագրերով եւ դասախօսական կազմի առաջադրութեամբ, կազմուեցին երեք մասնագիտական ենթախմբեր, որոնցից մէկը՝ արեւմտահայ։ Դաընթացներին մասնակցութիւն է բերել 64 ուսուցիչ։

Ցաւօք, խմբերում չպահպանուեցին ուսումնական ժամաքանակները (120 ժամ՝ իւրաքանչիւրում), անկումը տարբեր խմբերում կազմել է մօտ 40% - 45%։ Մասնագիտական մեթոդական շատ առարկաներ դուրս են մղուել, քանի որ մեծ մասամբ դասերի հաշուին են կազմակերպուել հանդիպումները ու զբօսապտոյտները։ Սպասարկող անձնակազմը թէեւ եղել է բազմաքանակ, մասնագիտական մեթոդական բաւարար պատրաստութիւն չի ունեցել, ինչի հետեւանքով չեն ճշդուել հրապարակային դասախօսութիւնների, նիւթերի ընտրութեան նպատակայարմարութիւնն ու ծրագրային համապատասխանութիւնը, խաթարուել են դասաւանդուած որոշ առարկաների մեթոդական եւ բովանդակային ամբողջութիւնը, շատ դէպքերում թոյլ է եղել համակարգուած, պատասխանատու մօտեցումը։

Արդիւնքում ստացուել է, որ Սփիւռքից ժամանած մասնագէտին ուղարկել են վիրահայ խումբ, Սփիւռքի կրթական հայագիտական հիմնախնդիրների մասին հրապարակային զեկուցում կարդացել է մէկը, որ Սփիւռքում ընդհանրապէս չի եղել եւ հայագէտ էլ չէ ...։ Նորութիւն էր հրապարակային դասախօսութեան ձեւաչափը, երբ դասերի ժամին խմբերը միաւորւում էին ու մէկ դասախօս կարդում էր ընդհանրական բնոյթի նիւթեր, որոնք աւելի վերածւում էին հանդիպումների որակի։

Նշենք, որ դասերին չեն պահպանուել արեւմտահայերի լեզուաուղղագրական պահանջները, երեք խմբերի շաբաթական դասատախտակը չի ունեցել առարկայական կայունութիւն, լրացուել է ըստ օրի կամ ըստ ներկայ դասախօսի։ Գրագրութիւնը եւ վկայագրերի փոխարէն տրուած հաւաստագրերը եղել են սփիւռքահայերի համար անընդունելի ուղղագրութեամբ, առանց օտար լեզուով զուգագրութեան։ Հաւաստագրերը համարակալում չեն ունեցել։

Դասընթացները լուսաբանուել են Հայաստանի ԶԼՄ-ներում։ Իսկ ահա Սփիւռքի մամուլում Աշնանը եւ Ձմրանը տպագրուել են նիւթեր, որոնցում քննադատուել են ԿԳ Նախարարութեան յանձնարարականով ԿԱԻ-ի կազմակերպած 6-րդ դասընթացները։