Հայաստան - 2004

 

ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ (Օգոստոս 02 26)

 

Նախ, մէկ երկու խօսք

2004 թ. Օգոստոսին Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավար-ժական Համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը արդէն հինգերորդ տարին անընդմէջ իրականացրեց ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան Նախարարութեան պետական պատուէրը՝ կազմակերպելով սփիւռքահայ ուսուցիչների մեկամսեայ դասընթացներ՝ շուրջ մէկուկէս տասնեակ առարկաների գծով: Աշխատանքները կրթութեան բովանդակութեան եւ կազմակերպական առումներով կանոնակարգել է ԿԳՆ Սփիւռքի բաժինը՝ Հրաչ Թադէոսեանի գլխաւորութեամբ։
Դասընթացներին Սուրիա (Գամիշլի եւ Հալէպ), Կանադա (Մոնրէալ), Յունաստան (Սերրէս), Ռուսաստանի Դաշնութիւն (Դոնի Ռոստով, Մոսկուա, Նովոռոսիյսկ, Պոդոլսկ, Ս. Պետերբուրգ, Սոչի) Սփիւռքի հինգ երկրներից՝ մասնակցեցին յիսուն ուսուցիչներ, ինչը նախորդ տարիների համեմատ առաւելագոյն քանակ էր: Նրանց մէջ առանձնայատուկ պէտք է նշել պատերազմական վիճակների մէջ գտնուող Իրաքի Բաղդադ եւ Բասրա քաղաքների ութ հայ ուսուցչուհիների ներկայութիւնը, ովքեր, դժուարութիւններ յաղթահարելով, Հալէպի վրայով եկել էին Երեւան՝ խանդավառութեամբ, հայրենիքից ուժ ու գիտելիք ստանալու փափաքով:

Դասընթացները տեւեցին 2004 թ. Օգոստոսի 2-ից մինչեւ 26-ը։
Նախապէս ստացուած յայտերի հիման վրայ կազմուեցին երեք խմբեր: Առաջին խմբում արեւմտահայ նախակրթարանային եւ տարրական բաժնի ուսուցիչներն էին, երկրորդում՝ արեւմտահայ միջին, երրորդում՝ արեւելահայ տարրական, միօրեայ վարժարանները՝ ԱՊՀից եւ Յունաստանից։ Ուսումնական բեռնուածութիւնը իւրաքանչիւր խմբում կազմում էր 120 ժամ։ Ընդհանուր ժամաքանակը՝ 360։

Դասընթացներին պետական աջակցութիւնն անբաւարար էր, ահա թէ ինչու այն չորրորդ տարին հովանաւորում էին Լոս Անճելըսի Պոլսահայ Միութեան անդամները՝ ատենապետ Սիմոն Աճըիլաճի համախմբումով, ուղղուած յատկապէս ճամբորդութիւնների, մրցանակների ու նուէրների վրայ, ինչպէս նաեւ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը, որը մտահոգուած էր մասնաւորապէս Իրաքից եկած ուսուցչուհիների կեցութեան ու սննդի խնդիրներով։ Անմասն չմնաց նաեւ Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ղեկավարութիւնը, որը մեծապէս հոգաց շուրջ 25 ուսուցիչների կեցութիւնը Նոր Նորքի հիւ-րատանը՝ ներառեալ նախաճաշը եւ ուսուցիչներին ամէն օր Կենտրոն բերել - տանելու փոխադրական ծախսերը։

 

Համահայկական կրթական բովանդակութեամբ

Խմբերում մասնագիտական առարկաներն ընդգրկում էին լեզուի, գրականու-թեան, պատմութեան, հայրենագիտութեան, կրօնի, ազգագրութեան հանրակրթական բազմաշերտ բաժիններ, ներկայացնում էին մանկավարժական-հոգեբանական նորագոյն սկզբունքները (մանկավարժութիւն, տարիքային եւ ազգային հոգեբանութիւն, միջանձնային յարաբերութիւններ, երաժշտութեան, ազգային պարի մեթոդիկաներ)։ Իրաքի ուսուցիչների հետ Անահիտ Մկրտչեանը լրացուցիչ անցկացրեց հոգեբանական վերականգնողական երեք պարապմունք։
Կենտրոնի դասախօսական կազմը այս տարի ունէր մասնագիտական բարձր մակարդակ. առաջին անգամ արտասահմանից դասաւանդման համար հրաւիրուած էին զգալի թւով հայագէտ մասնագէտներ (լեզուաբան, Սորբոնի համալսա-րանի Պրօֆ. Հիլդա Գալֆայեան (Փարիզ), աստուածաբան, դոկտոր Միքայէլ Եուսուֆեան (Լոս Անճելըս), մանկավարժ, դոցենտ Մանուէլ Ադամեան (Լոնդոն), լեզուաբան Կարօ Առաքելեան (Պէյրութ), գրող, փիլիսոփայ Ռոպէր Հատտէ-ճեան (Ստամբուլ), Հայաստանի գիտական եւ կրթական հաստատութիւններից (ԵՊՀ-ից՝ Պրօֆ. Պրօֆ. Նազիկ Յարութիւնեանը, Ալբերտ Ստեփանեանը, դասախօս Գուրգէն Յովհաննիսեանը, Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանից՝ Պրօֆ. Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը, Եուրի Իւզբաշեանը, Մնացական Մանուկեանը, դոկտոր Ջուլիէտա Գիւլամիրեանը, դոցենտներ Սվետլանա Մարութեանը, Հռիփսիմէ Պիկիչեանը, Վազգէն Պօղոսեանը, Ս. Էջմիածնի Գէորգեան ճեմարանից՝ Ներսէս Արք. Պոզապալեանը, ՀՀ ԳԱԱ ից՝ դոցենտ Մարգարիտ Սարգսեանը, ԿԳՆ լեզուի տեսչութիւնից՝ դոցենտ Յովհաննէս Զաքարեանը, «Անձի զարգացման եւ մարդու իրաւունքների հիմնադրամ»ից՝ Անահիտ Մկրտչեանը, «Գանձասար» Աստուածաբանական Կենտրոնի տնօրէն Մեսրոպ Քհն. Արամեանը։

 

Միշտ սկսում ենք այսպէս ...

Դասընթացների հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ Կենտրոնում: Ներկայ էին ՀՀ ԿԳՆ Նախարար Ս. Երիցեանը, փոխնախարար Մուշեղ Միքայէլեանը, Սփիւռքի բաժնի պետ Հր. Թադէոսեանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Եդ. Ղազարեանը, Գրականութեան ինստիտուտի տնօրէն Ազատ Եղիազարեանը, ՀՀ ԱԳ նախարարութեան Սփիւռքի հետ կապերի գործակալութեան պետ Ջիւան Մովսիսեանը, «Համազգային»ի Հայաստանի գրասենեակի ղեկավար Լիլիթ Գալստեանը, Թէքէեան Մշակութային Միութեան Հայաստանի գրասենեակի փոխատենապետ Սերգէյ Գալստեանը, արուեստագէտներ, գիտնականներ, դասախօսներ, մանկավարժներ, նախկին դասընթացների ունկնդիրներ, հիւրեր՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւնից, Լատվիայից, Շուեդիայից, Վրաստանից, ԶԼՄ ներկայացուցիչներ։
Հնչեցին ողջոյնի շատ խօսքեր։ Թէ՛ պաշտօնեաները, թէ՛ ուսուցիչները կամ դասախօսները յայտնում էին, որ վստահութիւն է ներշնչում Կենտրոնի գիտածրագրային հսկայական աշխատանքը՝ պատկառելի գիտամանկավարժական ներուժով, հրատարակութիւններով, առօրեայ խնդիրների հանդէպ լրջմիտ մօտեցումներով, նաեւ այն անդուլ պայքարով, որ տանում է Հայաստանում արեւմտահայ գրական ու կրթական ոլորտների, Մեսրոպեան ուղղագրութեան պաշտպանութեան համար, քանի որ դեռ շատ է «տեղական» ներքին դիմադրական պատնեշը՝ երեւութական թէ աներեւոյթ։
Վերջում, աւանդոյթի կարգով, կազմակերպուած սիրոյ սեղանին ուսուցիչները ծանօթանում էին միմեանց, աշխատանքային մթնոլորտի իւրայատկութիւններին, զրուցում դասախօսների հետ։ Հնչում էին սրտաբուխ մաղթանքներ, երգ եւ ասմունք։

 

Ուսուցիչների հանդիպումները

Ուսուցիչների հետ հանդիպել եւ շահեկան զրոյց են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ Սահմանադրական Դատարանի Նախագահ, Հայրենիք Սփիւռք պետական Յանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Յարութիւնեանը, ՀՀ ԱԳ Նախարար Վարդան Օսկանեանը, ՀՀ Ազգային ժողովի Կրթութեան, Գիտութեան եւ Երիտասարդութեան Մշտական Յանձնաժողովի նախագահ Հրանուշ Յակոբեանը, Մշակոյթի եւ Երիտասարդութեան հարցերի Նախարար Յովիկ Հովէեանը, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրէն Նաիրա Մելքումեանը, ՀՀ ԳԱԱ Նախագահ Ֆադէյ Սարգսեանը եւ Նախագահութեան անդամ ակադեմիկոսներ ու ճիւղային ինստիտուտների ղեկավարներ, ՀՀ ԳՄ նախագահ Լեւոն Անանեանը, ազգային բարերար Վահագն Յովնանեանը, Խ. Աբովեանի ան. ՀՊՄՀ ռեկտոր Արտուշ Ղուկասեանը։

Հանդիպումներին Սփիւռքի ուսուցիչները հիմնականում բարձրացնում էին Մեսրոպեան ուղղագրութեան վերադառնալու, իրենց վարժարաններում գործածութեան պիտանի դասագրքերի, մանկապատանեկան գրքերի հայրենական տպագրութեան խնդրայարոյց, հայրենիքում արեւմտահայ ուսուցչի մասնագիտական կրթութեան հեռանկարի վերաբերող եւ արմատական լուծման կարօտ այլ հիմնահարցեր, որոնք այսօր պետութեան ռազմավարական շահագրգռութիւնների ոլորտի գերխնդիրներներ են։

«Տաթեւ» կրթահամալիրը (տնօրէն Սօկրատ Մկրտչեան) Կենտրոնում կազմակերպեց գրքերի ցուցահանդէս, ներկայացրեց իր հրատարակած հայագիտական, մանկավարժական հոգեբանական մասնագիտական գրքերն ու ամսագրերը, որոնցից զգալի մաս սիրով նուիրեց ուսուցիչներին։

Ընդառաջելով խնդրանքին՝ ուսուցիչների առջեւ պոլսահայ վաղամեռիկ Մատթէոս Զարիֆեանի կեանքի եւ ստեղծագործութեան մասին դասախօսութեամբ հանդէս եկաւ Ռոպէր Հատտէճեանը: Բանաստեղծի տպագրուած եւ անտիպ նամակների ընթերցանութիւնը ներկայացնում էր Մաքրուհի Յակոբեանը (Ստամբուլ), իսկ քերթութեան ընտիր էջերը՝ ասմունքի վարպետ Սիլվա Կոմիկեանը (Ստամբուլ)։ Վերջինս, ի դէպ, Ռ. Հատտէճեանի հետ հանդիպմանը ներկայացրեց նաեւ ժամանակակից ստամբուլահայ գրականութեան գողտրիկ փունջ՝ Զահրատ, Խրախունի, Սարըասլան, սակայն առաւել բնութագրիչ եղաւ Ռ. Հատտէճեանի՝ Մաշտոցին նուիրուած արձակ խոհագրութիւնը։


Մշակութային ամառ հայրենի երկնքի տակ

Կենտրոնը ուսուցիչների համար նախաձեռնել էր բազմապիսի մշակութային ձեռնարկներ, որոնց պատասխանատուն ԵՊՀ աշխարհագրութեան բաժանմունքի փոխդեկան Գուրգէն Յովհաննիսեանն էր։ Նախ, դասերից յետոյ սփիւռքահայ ուսուցիչները շրջում էին Երեւանի մշակութային օջախներով՝ անջնջելի տպաւորութիւններ ստանալով Ծիծեռնակաբերդից, Կոմիտասի ան. Պանթէօնից, Եռաբլուրից, Ազգային Պատկերասրահից, Մատենադարանից, Ե. Չարենցի ան. Գրականութեան եւ Արուեստի, Պատմութեան Թանգարաններից, Ս. Փարաջանովի տուն - թանգարանից։
Դասընթացների ընթացքում գեղանկարիչ Շմաւոն Շմաւոնեանը ուսուցիչներին սիրով հրաւիրեց իր արուեստանոց, ուր նրանց համար բացեց գոյների նոր աշխարհ։ Նա երկրորդ ճանաչուած գեղանկարիչն է, որի արուեստանոցում լինում են Սփիւռքի հայ ուսուցիչները։ Շ. Շմաւոնեանի արուեստը քաջածանօթ է Միացեալ Նահանգներում, ուր նա բացել է մի քանի ցուցահանդէսներ։
Ուսումնական աշխատանքներին զուգընթաց մեր Կենտրոնը եւ ուսուցիչները մասնակցեցին «Մէկ ազգ - մէկ մշակոյթ» համահայկական փառատօնի բացման եւ փակումի հանդիսութիւններին, տարբեր միջոցառումների, հանդէս եկան ռադիօ եւ հեռուստակայաններից։
Անմոռանալի էին սփիւռքահայ ուսուցիչների եւ Կենտրոնի անձնակազմի եօթը շրջապտոյտները Հայաստանի տեսարժան պատմամշակութային յուշարձաններով։ Նրանցից շատերն առաջին անգամ էին հայրենիքում եւ անխառն հիացում ապրեցին՝ տեսնելով Էջմիածնի Մայր Տաճարը, Զուարթնոցը, Սարդարապատի յուշահամալիրը, Դսեղում՝ Յովհ. Թումանեանի տուն թանգարանային համալիրը։ Նրանք եղան Ալավերդիում, Ամբերդում, Աշտարակում, Գառնի - Գեղարդում, Գօշավանքում, Դիլիջանում, Խոր Վիրապում, Ծաղկաձորում, Կարմրաւորում, Հաղարծինում, Սաղմոսավանքում, Սեւանում, Օշականում, Հաղպատում, Սանահինում եւ այլուր։


Կրթական ամփոփիչ արդիւնքներ

Դասընթացների արդիւնքներն ամփոփուեցին Օգոստորի 26-ին. Կենտրոնի կազմակերպած փակման հանդիսութեանը վերապատրաստման եզրագծին հասած սփիւռքահայ 50 ուսուցիչների Կենտրոնը շնորհեց պետական վկայագրեր, որոնք վաւերացրել էին ՀՀ ԿԳ նախարարը, մանկավարժական մայր դարբնոցի ռեկտորը եւ Կենտրոնի տնօրէնը։
Փակման հանդիսութեանը ուսուցիչներն ու մասնագէտ մանկավարժները գտնում էին, որ Կենտրոնը ճիշդ մօտեցումներ է որդեգրել՝ արեւմտահայ լեզուն «վստահելով» արեւմտահայ մասնագէտներին։ Դա կարեւոր է լեզուական հնչիւնային անաղարտութիւնը պահպանելու իմաստներով եւս։ Եւ եթէ կայ մտահոգութիւն, ապա դա վերաբերում է առաջին հերթին հայրենի լեզուաբաններին, պետական գործիչներին, որոնք արեւմտահայերէնի ծիւրումի ընթացքներին նայում են, այսպէս ասած, ողիմպիական հանգստութեամբ, դիտորդի կարգավիճակով։

Այնուհանդերձ, ուրախ տօնական տրամադրութիւն էր իշխում Կենտրոնում։ Մի փոքր էլ՝ թախծոտ։
Մի՞թէ այսպէս շուտ աւարտուեց հայրենական կրթական համախմբումը, զարմացած հարցնում էին Բաղդադից եկած ուսուցչուհիներ Սիմոնեան Աշխէնն ու Վարդանեան Մանեակը իրենց աւագ գործընկերուհուն՝ Ծովինար Իշխանեանին, որն այդ օրերին երջանկութեան հազուագիւտ պահեր էր ապրում. չէ՞ որ ազգային դպրոցը, որի երկարամեայ տնօրէնն է ինքը, պետական կարգավիճակ էր ստացել։ Ներկաների մէջ էին դասաւանդած մասնագէտները, ուսուցչուհիները, բազմաթիւ հիւրեր՝ արուեստագէտ Հենրիկ Անասեանը (Լոս Անճելըս), խմբագիրներ Ռ. Հատտէճեանը եւ Մ. Յակոբեանը (Ստամբուլ), սփիւռքահայ կրթօջախների տնօրէններ Մարգար Շարապխանեանը (Մոնրէալ, ՀՕՄ), Ռոսիթա Եուսէֆեանը (Պուէնոս Այրէս, «Մարի Մանուկեան» վարժարան), Արմաւենի Միրօղլուն (Ստամբուլ, «Կարագէօզեան» որբանոց), Զարմինէ Պօղոսեանը (Նիւ Եորք, Սուրբ Նահատակաց Ազգային Վարժարան), Գայիանէ Առաքելեանը (Լիտվա, Վիսագինաս, «Հարազատ» միօրեայ վարժարան), ինչպէս նաեւ ուսուցիչներ՝ նախորդ տարիներից, սաներ, ուսանողներ, Կենտրոնի բարեկամներ։

Հանդէսը վարում էր Կենտրոնի տնօրէն Ս. Դանիէլեանը: Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի ուղերձն ընթերցեց Ն. Արք. Պոզապալեանը։ Ողջերթի մաղթանքներով սփիւռքահայ ուսուցիչներին դիմեցին Համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասեանը, արձակագիր Ռ. Հատտէճեանը (Ստամբուլ), ՀԳՄ Նախագահ Լեւոն Անանեանը, դասախօսներից՝ դոկտոր Ջ. Գիւլամիրեանը, ունկնդիր ուսուցչուհիներից՝ Երան Զէյթունցեանը (Հալէպ), Ծովինար Իշխանեանը (Բաղդադ, Ազգային վարժարանի տնօրէն), Տիրանուհի Մարգարեանը (Հալէպ), Լուսին Փալանճեանը (Կանադա)։

Նոյն օրն ամփոփուեցին «Ամենա ... ամենա ...» աւանդական մրցոյթի արդիւնքները, եւ մրցանակակիրներ դարձած Գայիանէ Նալբանդեանը (Հալէպ), Մարալ - Մարիամ Գալուստեանը (Հալէպ), Շուշանիկ Շարոյեանը (Գամիշլի) պարգեւատրուեցին սահմանուած մրցանակներով ու յուշանուէրներով, որոնք տրամադրել էր Լոս Անճելըսի Պոլսահայ Միութեան ատենապետ Սիմոն Աճըիլաճը։

Իրենց բարձր կատարումներով աչքի ընկան Ս. Պետերբուրգի հայեցի դաս-տիարակութեան Կենտրոնի սաները, ջութակահար Նունէ Ղորխմազեանը, մեներգիչ, Մանկավարժական Համալսարանի դոցենտ Հենրիկ Սիմոնեանը եւ հենց իրենք՝ ուսուցիչները, որոնք Եու. Իւզբաշեանի եւ Ն. Արք. Պոզապալեանի ճիպոտի տակ կազմեցին յանպատրաստից քառաձայն երգչախումբ՝ ջերմացնելով սրահը երգերով ու շարականներով։
Ուսուցիչներն իրենց ներդրումն էին բերել «Հայաստան» Հիմնադրամին, ինչը հաճելի աւանդոյթ է Կենտրոնի դասընթացի մասնակիցների համար:

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը բոլոր ուսուցիչներին նուիրեց իր հրատարակած գրքերից՝ Զարեհ Խրախունու «Ազատերգութիւն», «Դարապատում», Վարուժան Աճէմեանի «Ուրիշ առաւօտ մը», Չամրասի «Տո՛ւն դարձիր, որդի՛ս», Խաչիկ Ամիրեանի «Հայերէնից փոխառեալ բառեր արդի թուրքերէնում», ինչպէս նաեւ վերջերս մահացած Յակոբ Ասատուրեանի՝ Կենտրոնին կտակած «Մխացող սերունդներ» ժողովածուներից օրինակներ։
Աւելացնենք, որ ուսուցիչներին արժեքաւոր գրականութիւն էին յատկացրել ՀՀ Սահմանադրական Դատարանի Նախագահ Գագիկ Յարութիւնեանը, նախարարներ Վարդան Օսկանեանը, Յովիկ Հովէեանը, հրատարակիչ Սօկրատ Մկրտչեանը, գրականագէտ Ֆելիքս Բախչինեանը, բանաստեղծ Լեւոն Միրիջանեանը, արուեստագէտ Հենրիկ Անասեանը (ԱՄՆ), ասմունքող Սիլվա Իւզբաշեանը, դասախօս Անահիտ Մկրտչեանը։

 

Յ Ա Ւ Ե Լ Ո Ւ Ա Ծ

2004 թ. օգոստոսեան դասընթացներին
վկայագրեր ստացած սփիւռքահայ ուսուցիչների ցանկ

1. Աբիկեան Մանուշակ (Սուրիա, Հալէպ, «Կիլիկեան» ճեմարան)
2. Աբրահամեան Սօսի (Սուրիա, Հալէպ, «Համազգային» Հայագիտական)
3. Ազիզեան Շաքէ (Իրաք, Բաղդադ, «Ալ - Դաֆար» վարժարան)
4. Ամիրխանեան Աիդա (Իրաք, Բաղդադ, «Ալ - Զանաբք» վարժարան)
5. Առաքելեան Բելլա (ՌԴ, Ս. Պետերբուրգ, Լազարեանների ան. հայեցի դաստիարակութեան կենտրոն)
6. Արսլանեան Սեդա (Սուրիա, Հալէպ, «Կրթասիրաց» վարժարան)
7. Աւագեան Անի (Սուրիա, Հալէպ, «Համազգային» Հայագիտական)
8. Աւագեան Շաքէ (Իրաք, Բաղդադ, «Ալ - Շարքիէ» վարժարան)
9. Աւոյեան Ալվարդ (ՌԴ, Դոլգոպրուդնի, կիրակնօրեայ դպրոց)
10. Բանոյեան Ալին (Սուրիա, Հալէպ, «Մխիթարեան» վարժարան)
11. Գաբրիէլեան Սուսան (ՌԴ, Ս. Պետերբուրգ, Լազարեանների ան. հայեցի դաստիարակութեան կենտրոն)
12. Գալուստեան Մարիամ - Մարալ (Սուրիա, Հալէպ, «Համազգային» Հայագիտական)
13. Գասպարեան Սիլվա (Սուրիա, Հալէպ, «Համազգային» Հայագիտական)
14. Դարմոյեան Վարդիթեր (Իրաք, Բասրա, «Սինա» եւ «Ալ-Շունու» վարժարաններ)
15. Եղիայեան Թամար (Սուրիա, Հալէպ, «Լազար Նաճարեան - Գալուստ Կիւլպենկեան» Կեդրոնական վարժարան)
16. Զէյթունցեան Երան (Սուրիա, Հալէպ, Ազգային «Մեսրոպեան» վարժարան)
17. Զէյթունցեան Նուշիկ (Սուրիա, Հալէպ, «Լազար Նաճարեան - Գալուստ Գիւլպենկեան» Կեդրոնական վարժարան)
18. Թոփչեան Գայիանէ (ՌԴ, Սոչի, թիւ 88 դպրոց)
19. Թօփալեան Անժէլ (ՌԴ, Սոչի, թիւ 88 դպրոց)
20. Կուրղինեան Ռուզան (ՌԴ, Ս. Պետերբուրգ, Լազարեանների ան. հայեցի դաստիարակութեան կենտրոն)
21. Ղազարեան - Իշխանեան Ծովինար (Իրաք, Բաղդադ, «Ալ-Դաֆար» վարժարան)
22. Ղարիբեան Կարինէ (ՌԴ, Նովոռոսիյսկ, հայ մշակութալուսաւորչական «Լոյս» ընկերութեան կիրակնօրեայ դպրոց)
23. Մալխասեան Էլիզապէթ (Սուրիա, Հալէպ, «Համազգային» Հայագիտական)
24. Մանուկեան Զուարթ (Իրաք, Բաղդադ, «Ալ - Խամայէլ» վարժարան)
25. Մարգարեան Տիրանուհի (Սուրիա, Հալէպ, «Համազգային» Հայագիտական)
26. Մելքոնեան Հելէն (Կանադա, Մոնրէալ, «Արմէն Քէպէք - Ալէք Մանուկեան» վարժարան)
27. Յարութիւնեան Սիլվա (ՌԴ, Դոնի Ռոստով, Ղրիմ, թիւ 5 դպրոց)
28. Նալբանդեան Գայիանէ (Սուրիա, Հալէպ, «Զաւէն Եկաւեան» մատենադարան)
29. Նիկողոսեան Քնարիկ (ՌԴ, Դոնի Ռոստով, Չալդր, թիւ 1 դպրոց)
30. Շարոյեան Շուշանիկ (Սուրիա, Հալէպ, Ազգային «Եփրատ» մանկապարտէզ)
31. Շարոյեան Սոնա (Սուրիա, Հալէպ, Ազգային «Եփրատ» մանկապարտէզ)
32. Պէրպէրեան Մարիա (Սուրիա, Հալէպ, «Համազգային» Հայագիտական)
33. Սարգիս Նանոր (Սուրիա, Գամիշլի, Ազգային «Եփրատ» վարժարան)
34. Սարգիս Սոնա (Սուրիա, Հալէպ, Ազգային «Եփրատ» մանկապարտէզ)
35. Սարգսեան Գոհար (Յունաստան, Սերրէս, «Համազգայինի» մասնաճիւղ, Պ. Սեւակի ան. կիրակնօրեայ դպրոց)
36. Սիմոնեան Աշխէն (Իրաք, Բաղդադ, «Ալ - Խամայէլ» վարժարան)
37. Սողոմոնեան Լալա (ՌԴ, Մոսկուայի մարզ, Պոդոլսկ, կիրակնօրեայ դպրոց)
38. Սունգուրտեան Ոսկի (ՌԴ, Սոչի, գ. Սերգէյ - Պոլէ, թիւ 85 միջն. դպրոց)
39. Վարդանեան Մանեակ (Իրաք, Բաղդադ, «Ալ - Խամայէլ» վարժարան)
40. Տօլմաճեան Թալին (Սուրիա, Հալէպ, «Համազգային» Հայագիտական)
41. Փալանճեան Լուսին (Կանադա, Մոնրէալ, «Վ. եւ Ա. Սաֆարեան» նախակրթարան)
42. Փահլեւանեան Շողիկ (ՌԴ, Մոսկուա, «Վերածնունդ» կիրակնօրեայ դպրոց)
43. Փիլաւճեան Սօսէ (Սուրիա, Հալէպ, «Զմմառու Միաբանութեան» դպրեվանք)
44. Քահքէճեան Դալար - Երան (Սուրիա, Հալէպ, «Համազգային» Հայագիտական)
45. Քաղքիճեան Հրանդ (ՌԴ, Դոնի Ռոստով, Չալդր, թիւ 1 դպրոց)
46. Քոչարեան Աստղիկ (ՌԴ, Ս. Պետերբուրգ, Լազարեանների ան. հայեցի դաստիարակութեան կենտրոն)
47. Օհանեան Թագուհի (ՌԴ, Ս. Պետերբուրգ, Լազարեանների ան. հայեցի դաստիարակութեան կենտրոն)
48. Օհանեան Թամար (Սուրիա, Հալէպ, «Համազգային» Հայագիտական)
49. Օսսօ Իզապէլ (Սուրիա, Գամիշլի, Ազգային «Եփրատ» մանկապարտէզ)
50. Օսսօ Սիրուն (Սուրիա, Գամիշլի, Ազգային «Միացեալ» վարժարան)