Հայաստան - 2003


Փոքրիկ, բայց անհրաժեշտ նախաբան

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը 2003 թ. Յուլիսի 31-ից մինչեւ Օգոստոս 28ը ձեռնամուխ եղաւ եւ չորրորդ տարին անընդմէջ իրագործեց ՀՀ ԿԳ Նախարարութեան պետական պատուէրը՝ կազմակերպելով սփիւռքահայ ուսուցիչների մեկամսեայ դասընթացներ։
Նախորդ տարիներին դասընթացների բացումը կատարւում էր ԵՊՀ հիւրատան սրահում. մեր յարմարութիւնները բաւարար ու ներկայանալի չէին։ Առաջին անգամ սփիւռքահայերի համար վերապատրաստութիւնն ընթացաւ «Հայաստան» Համահայկական Հիմ-նադրամի կառուցած եւ կահաւորած, սարքաւորումներով յագեցած Կենտրոնի նորաբաց յարկաբաժնում։
Այսինքն՝ նորոգուած, կառուցուած տանը։
Մինչ այդ, Յունիս ամսին, Կենտրոնի տնօրէն Սուրէն Դանիէլեանը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսեանի հրաւէրով մեկնել էր Թեհրան ու Սպահան, մասնակցել կրթական նշանակութեան խորհրդակցութիւնների, որոնց արդիւնքում Կենտ-րոնի անունից ստանձնել էր Թեհրանի, Սպահանի, Ահվազի եւ տեղի հայաշատ այլ վարժարանների տարրական եւ ուղեցոյց դասարանների համար «Մայրենի»ի ութ դասագրքերի պատրաստութիւնը՝ Հայաստանի ու Իրանի հայ մասնագէտների մասնակցութեամբ։
Աւելի վաղ, գարնանը, Ս. Դանիէլեանը եղել էր Պէյրութում, ծանօթացել տեղի հայկական կրթական ենթակառուցուածքներին։

 

Բացման հանդիսութիւն նորակառոյց տանը

Յուլիսի 31-ին կայացած բացման հանդիսութեանը մասնակցում էին բազմաթիւ հիւրեր Սփիւռքից եւ հայրենիքից։ Հետաքրքրութիւնը մեծ էր. բոլորին տանտիրոջ իրաւունքով դիմաւորում էր «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի նորաբաց հիւրընկալ յարկը։
Հանդիսութիւնը բացեց եւ վարում էր «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն, Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնները Ս. Էջմիածնից հաղորդեց Ներսէս Արք. Պոզապալեանը։
Ելոյթներ ունեցան՝ ՀՀ ԿԳ նորանշանակ նախարար Սերգօ Երիցեանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ԳԱԱ Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարեանը, Երեւանի Պետական Համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսեանը, ՀԳՄ Վարչութեան նախագահ Լեւոն Անանեանը, ՀՀ ԿԳՆ Լեզուի պետական տեսչութեան պետ Լեւոն Գալստեանը, վերա-պատրաստուելու եկած ուսուցչուհի Անժէլ Մինասեանը (Իրանի Իսլամական Հանրապետութիւն), որը ընթերցեց Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսեանի ողջոյնի խօսքը, «Տաթեւ» Կրթահամալիրի տնօրէն Սօկրատ Մկրտչեանը։
Հանդիսութեանը ներկայ էին՝ ՀՀ ԿԳ նախկին նախարար Եդուարդ Ղազարեանը, ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզեանը, ՀՀ ԿԳՆ Սփիւռքի բաժնի նախկին եւ ներկայ ղեկավարներ Եուրի Նաւոյեանը եւ Հրաչ Թադէոսեանը, բաժնի աշխատակիցները, Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի փոխնախագահ, Պրօֆ. Մեժլում Երիցեանը, «Համազգային»-ի Հայաստանի գրասենեակի տնօրէն Լիլիթ Գալստեանը, Իրանի Հայոց Թեմի Կրթական Խորհրդի անդամ Նորայր Մեհրաբեանը եւ շատ ուրիշներ։ Հոգեպարար երգով հանդիսութիւնը եւ դրանից յետոյ շտկուած սիրոյ սեղանը զարդարեցին երգիչներ Սեդա Ամիրկարայեանը եւ Հենրիկ Սիմոնեանը։

 

Դասընթացները եւ մասնագէտները

Յաջորդ օրն արդէն աշխատանքային եռուզեռ էր։ Նախապէս ստացուած յայտերի հիման վրայ կազմուեցին արեւելահայ երկու եւ արեւմտահայ մէկ խմբեր։ Արեւելահայ երկու խմբերի մասնագիտացումն ընթացաւ տարրական եւ միջին կարգի դասարանների ծրագրերին համապատասխան՝ առանձին առանձին, իսկ երրորդ՝ արեւմտահայ խմբի ուսուցումն ընթացաւ տարրական եւ միջին կարգերի կրթական համադրուած ծրագրով։
Առաջին երկու խմբերում ընդգրկուեցին Իրանի Իսլամական Հանրապետութիւնից (13), Ռուսաստանի Դաշնութիւնից (3), Էստոնիայից (1) եւ Լիտվայից (1) եկած 18 արե-ւելահայ, իսկ երրորդում՝ Աուստրալիայի (1), Բուլղարիայի (1), Արաբական Էմիրութիւնների (2), Լիբանանի (2), Սուրիայի (3) վարժարաններից ժամանած 9 արեւմտահայ ուսուցիչներ։ Կենտրոնում, ընդհանուր առմամբ, վերապատրաստուեցին եւ վկայագրեր ստացան 27 ուսուցիչներ, թէեւ մասնակիցների թիւը մի փոքր աւելին էր: Տարբեր պատճառներով չորս ուսուցիչներ՝ Ռուսաստանից, Իրանից, Կանադայից, ԱՄՆից չկարողացան հատել վերջնագիծը։

Դասերն սկսւում էին առ. 9.00ին, տեւում մինչեւ 14.00ը, ինչին յաջորդում էին կրթամշակութային տարբեր նախաձեռնութիւններ։ Բոլոր խմբերում մասնագիտական առարկաների թիւը 14 էր, մէկ խմբում ընդհանուր ժամաքանակը կազմում էր 120 ժամ։

Ուսումնական ընթացքը վարեցին հրաւիրուած 16 առաջատար հայագէտ մասնագէտներ՝ ինչպէս Սփիւռքից լեզուաբաններ Պրօֆ. Հիլդա Գալֆայեան Փանոսեանը (Փարիզ), Կարօ Առաքելեանը (Պէյրութ), այնպէս էլ Հայաստանի գիտական եւ կրթական հաստատութիւնների հայագիտական եւ մանկավարժական ոլորտի գիտնական դասախօսներ (ՀՀ ԳԱԱ համակարգից՝ ԳԱԱ Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարեան, Պրօֆ. Վազգէն Համբարձումեան, Ս. Էջմիածնի Գէորգեան Ճեմարանից՝ Ներսէս Արք. Պոզապալեան, Երեւանի Պետական Համալսարանից՝ Պրօֆ.Նազիկ Յարութիւնեան, Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանից՝ Պրօֆ. Պրօֆ. Սուրէն Դանիէլեան, Եուրի Իւզբաշեան, դոկտոր Ջուլիէտա Գիւլամիրեան, դոցենտ Եուրի Դաւթեան, դոցենտ Սվետլանա Մարութեան, աւագ դասախօս Հռիփսիմէ Պիկիչեան, Երեւանի Ժողովրդական Տնտեսութեան Պետական Ինստիտուտից՝ Պրօֆ. Սուրէն Օհանեան, ՀՀ ԳԱԱ Արուեստի Ինստիտուտից՝ դոցենտ Մարգարիտ Սարգսեան, Նորվեգական կենտրոնից՝ դոցենտ Անահիտ Մկրտչեան, «Տաթեւ» կրթահամալիրից՝ դոցենտ Վազգէն Պօղոսեան)։

Ուսումնառութեան համար ընդգրկուած էին լեզուի, գրականութեան, պատմութեան հանրակրթական բազմաշերտ բաժիններ՝ ուսումնամեթոդական ենթաառարկաներով, ինչպէս նաեւ դասընթացներ, որոնք, ըստ էութեան, ծանօթացնում էին մանկավարժական - հոգեբանական նորագոյն սկզբունքներին, ազգային հիմնարժէքներին, արուեստի ուսուցման գաղտնիքներին (մանկավարժութեան հիմնախնդիրներ, նախադպրոցական մանկավար-ժութիւն, ազգային հոգեբանութիւն, միջանձնային յարաբերութիւնները օտար եւ հայախօս միջավայրերում, Մանկական Աստուածաշունչ, ազգագրութիւն, ազգային պար, երաժշտութեան, հայրենագիտութեան մեթոդիկաներ)։
Հանդիպումներ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում

Դասընթացներին պարբերաբար յաջորդում էին ազգային պետական, հոգեւոր, գիտամշակութային ճանաչուած գործիչների հետ հանդիպումները եւ բազմապիսի մշակութային ձեռնարկները։
Այսպէս, սփիւռքահայ ուսուցիչներն այցելել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարեանին, ՀՀ ԱԳ Նախարար Վարդան Օսկանեանին, Սահմանադրական Դատարանի Նախագահ Գագիկ Յարութիւնեանին։

Կաթողիկոսը բարձր գնահատեց վերապատրաստութեան նշանակութիւնը ուսուցիչների մասնագիտական որակների վերականգնման ճանապարհին։ Նա խոր վստահութիւն յայտնեց, որ ԿԳ Նախարարութեան հետ կը մշակուեն դասընթացներին աջակցելու յուսալի ծրագրեր։ «Հաւատացէք Եկեղեցին ձեր կողքին է» - յայտարարեց Վեհափառ Հայրապետը Վեհարանի դահլիճում յաւարտ հանդիսութեան՝ բուռն ծափահարութիւնների ներքոյ։
ՀՀ Վարչապետը, առաջին անգամ ընդունելով սփիւռքահայ ուսուցիչներին, հետաքրքրուեց հայրենիքում նրանց կեցութեան, ուսման հիմնախնդիրներով։ Նրա խօսքի մէջ կար պետական գործչի հոգածութիւն ու համահայկական կրթական հեռանկարների իրատեսական կանխատեսում. «Ճիշդ է, պետութիւնը դեռ չի հասցնում իր ամբոջական հովանու տակ առնել վերապատրաստութիւնը, բայց մտածում է առաջիկայում կենսագործել վերապատրաստութիւնից պատրաստութեան անցնելու պետական նշանակութեան սահուն եղանակներ։ Մօտ է այն ժամանակը, երբ Հայաստանի համալսարանական համակարգում մասնագիտացումների մէջ Սփիւռքի հայ ուսուցչի պատրաստութիւնը կը դառնայ իրողութիւն եւ յարգուած, փնտռուած մասնագիտութիւն ոչ միայն արեւմտահայերի շրջանում»։

ՀՀ ԱԳ Նախարար Վարդան Օսկանեանը աւանդոյթ է դարձրել սփիւռքահայ ուսուցիչներին իր աշխատասենեակում կամ ընդունելութիւնների սրահում ողջունելը, զրուցելը։ Կարեւորելով նման անմիջական շփումները, ներկայացնելով Հայաստանի իշխանութիւնների արտաքին քաղաքական կողմնորոշումները՝ գերատեսչութեան ղեկավարն այս անգամ հանգամանալի կանգ առաւ երկքաղաքացիութեան, արեւմտահայ մշակոյթի պաշտպանութեան, կրթական ազգային շահերի ընկալման հիմնախնդիրների վրայ։ «Ես հանդիպել եմ շատերիդ հենց ձեր համայնքներում, ճանաչում եմ ոմանց նաեւ գործի մէջ, գիտեմ ձեր նուիրումի աստիճանը, զոհողութեան իսկական գինը։ Ահա՛ թէ ինչու իմ վերաբերմունքը միանշանակ է՝ խոր հիացում եւ խոնարհում ձեր աշխատանքի դիմաց։ Դրան գումարեցէք Սփիւռք Հայրենիք երկու համաժողովների որոշումների լոյսի տակ ծնուած մեր գլխաւոր խնդրառութիւնները՝ համակարգել, միասնական դարձնել ուսուցչի գործունէութեան հիմ-նական բովանդակութիւնը, դասագրքերի ազգային ու հայեցի դաստիարակութեան ուղղութիւնները։ Մենք միասին ճամբայ ելած ենք։ Մեզ հետ են մեր զաւակները։ Ձեզ վստահուած է անոնց վաղուայ օրը՝ հայակերտումը», - ամբողջացրեց իր խօսքը Պրն. Վ. Օսկանեանը։

Սահմանադրական Դատարանի Նախագահ Գագիկ Յարութիւնեանն իր խօսքում նշեց հայութեան երկու խոշորագոյն հատուածների կրթական ոլորտի անբաւարար ներհիւսման, անկատարութեան մասին՝ իրաւական տեսանկիւնից քննելով առկայ բոլոր անհարթութիւնները, պարզելով լուծման սահմանադրական հնարաւոր եղանակները։ «Մարդու իրաւունքի տեսակէտից, - պատասխանելով ուսուցիչներից մէկի հարցին՝ անկեղծացաւ պետական ականաւոր գործիչը, - լուրջ խնդիր էք բարձրացնում, եւ Հայաստանի իշխանութիւնները զգայնոտ հարցին պիտի մօտենան անհրաժեշտ պատասխանատուութեամբ։ Ժամանակն ինքը պիտի ճշդի լուծումները, եթէ, ի հարկէ, մտածում ենք»։
Յիշարժան էր այցելութիւնը Գիտութիւնների Ակադեմիա։ Այդ տարի Ազգային Ակադեմիան բոլորում էր իր 60-րդ յոբելենական տարին։ ՀՀ ԳԱԱ Նախագահ Ֆադէյ Սարգսեանին, Նախագահութեան անդամ ակադեմիկոսներ Էմիլ Գաբրիէլեանին, Եուրի Շուքուրեանին, Պատմութեան Ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանին, Գրականութեան Ինստիտուտի տնօրէն Ազատ Եղիազարեանին եւ գիտութեան շատ ուրիշ հեղինակութիւնների ու կազմակերպիչների շնորհաւորելով յոբելեանի առթիւ՝ Սփիւռքի ուսուցիչները վստահութիւն յայտնեցին, որ ազգային գիտութեան դիմագիծը հենց լեգենդ դարձած մարդիկ են, որ բարձր են պահում մեր տեսակը ոչ միայն համահայկական, այնպէս էլ համաշխարհային միջօրէականներում։ Ուսուցիչներին մասնաւորապէս հետաքրքրում էր, թէ գիտնականները ինչ չափով են իրենց հետազօտութիւններում լուսաբանում հայագիտութեան այն բաժինները, որոնք վերաբերում են արեւմտահայ ոլորտներին՝ լեզու, պատմութիւն, գրականութիւն, մշակոյթ։ Գիտութիւնների Ակադեմիայի նախագահութիւնում գտնում են, որ այս հարցադրումներն աստիճանաբար դառնալու են հայագիտութեան հիմնարար ուղղութիւնների համար կողմնորոշիչներ։

Նրանք եղան Հայաստանի Գրողների Միութիւնում, ուր ջերմ ընդունելութիւն էին կազմակերպել Վարչութեան Նախագահ Լեւոն Անանեանը, Վարչութեան քարտուղարները, Նախագահութեան անդամները։ Կայացաւ աշխոյժ երկխօսութիւն, մթնոլորտն անկեղծ էր ու լի համազգային շահագրգռութիւններով։ Առանձին հարթութեան մէջ հանդիպման մասնակիցները քննեցին դպրոց - գրականութիւն երկկողմ յարաբերութիւնը՝ որպէս ազգային մտածողութեան ձեւաւորման մայր ուղի։ Հանդիպման ժամանակ բանավէճի շահեկան եղանակով վերհանուեցին արեւմտահայ ու արեւելահայ լեզուների մերձեցման, Մեսրոպեան ուղղագրութեան առնչուող հիմնահարցերը, որոնք, ի հարկէ, այսրոպէական լուծումներ չէին կարող ստանալ, բայց անհրաժեշտ էին ընդհանուր հայեացքի, փոխզիջումների հնարաւորութիւնների տեսանկիւնից։
Այս տարի եւս Կենտրոնում ուսուցիչների առջեւ դասախօսութիւններով հանդէս են եկել ՀՀ ԿԳ Նախարար Ս. Երիցեանը, ՀՀ ԿԳ նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ Ակադեմիկոս Եդ. Ղազարեանը, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի օրուայ գործադիր տնօրէն Վ. ՏէրՂեւոնդեանը, Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասեանը։
Բանաստեղծներ Յովիկ Հովէեանը, Եուրի Սահակեանը եւ Ամալիա Գաբրիէլեանը մասնակցել են Պրօֆ. Ս. Դանիէլեանի կազմակերպած գրական բաց դասին։

 

Հայրենիքի մշակոյթը հայրենաբաղձ ուսուցչի աչքերում

Սփիւռքահայ ուսուցիչները կարօտ են հայրենիքի բարձր մշակոյթին։ Երբեմն հայրենիքի սէրը նրանք ուղղակիօրէն մարմնաւորում են պատմամշակութային յուշարձանների, երգի ու երաժշտութեան, պարի կամ ասմունքի մէջ։
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը մէկ ամսուայ ընթացքում կազմակերպել էր գերյագեցած ծրագիր՝ Երեւանի մէջ ուշագրաւ այցելութիւններ եւ վեց շրջապտոյտներ դէպի Հայաստանի նշանակալի տեսարժան վայրերը։ Ուսուցիչները անջնջելի տպաւորութիւններ ստացան նախ, Ս. Էջմիածնի Մայր Տաճարից եւ Վեհարանից, Ծիծեռնակաբերդից, Մատենադարանից, Ս. Փարաջանովի, Ա. Խաչատրեանի, Մ. Սարեանի, Ա. Բակունցի տուն - թանգարաններից, ապա եղան Ամբերդում, Աշտարակում, Գառնի - Գեղարդում, Գորիսում, Դիլիջանում, Զօրաց Քարերում, Խոր Վիրապում, Ծաղկաձորում, Կեչառիսում, Հաղարծինում, Սաղմոսավանքում, Սեւանում, Սիսիանում, Օշականում, Տաթեւի վանահամալիրում եւ այլուր։
Նրանք եղան ամենատարբեր ներկայացումների եւ համերգների Ալ. Սպենդիարեանի ան. օպերայի ու բալետի ակադեմիական, Հայհամերգի «Արամ Խաչատրեան» մեծ, Գ. Սունդուկեանի ան. ակադեմիական թատրոնի սրահներում։
Կենտրոում սւսուցիչների առջեւ «Ազգային երգի ակունքների մօտ» դասախօսութիւն - համերգով հանդէս եկան «Գեղարդ» երգչախումբի անդամներ Անահիտ Պապայեանը եւ Լուսինէ Ղազարեանը՝ գեղարուեստական ղեկավար, դոցենտ Մհեր Նաւոյեանի ղեկավարութեամբ։ Տրուեցին շարականների, ժողովրդական խաղիկների, հոգեւոր երգերի համառոտ բնութագրերը, պատմական տեղաշարժերը։ Հմայիչ կատարումները յաջորդում էին գիտաճանաչողական խօսքին եւ պարուրում ուսուցիչների սիրտը անհուն ջերմութեամբ։

«ԱՄԵՆԱ ... ԱՄԵՆԱ ...» աւանդական մրցոյթը

Սփիւռքահայ ուսուցիչների 2003 թ. օգոստոսեան դասընթացների «Ամենա... ամենա...» մրցոյթը անցկացուեց երկու փուլով՝ բանաւոր (Օգոստոս 22) եւ գրաւոր (եզրափակիչ փուլ՝ Օգոստոս 26)։ Արդիւնքները ամփոփուեցին Օգոստոս 28ին։ Յանձնախմբի նախագահ Սուրէն Դանիէլեանը, անդամներ Յովհաննէս Եղոյեանը եւ Սամուէլ Պօղոսեանը Սփիւռքից ժամանած վերապատրաստուող ուսուցիչներին քննեցին հայոց լեզուից, գրականութիւնից եւ պատմութիւնից։ Եզրափակիչ մտած ուսուցիչների միջեւ մի քանի օր յետոյ յամառ պայքար ծաւալուեց։
Յանձնախումբը, ամփոփելով մրցոյթին մասնակցութիւն բերած ուսուցիչների արդիւնքները, հրապարակեց յաղթողների անունները։ Առաջին մրցանակ այս տարի չշնորհուեց, ինչը մասնագիտական որակների պակասի հետեւանք է եւ առաջացնում է խոր մտահոգութիւն վաղուայ դպրոցի հանդէպ մեր պահանջների չափանիշների դիմաց։
Երկու երկրորդ մրցանակներին տիրացան թեհրանահայ ուսուցչուհիներ Մինասեան Անժէլը («Մարի Մանուկեան» վարժարան) եւ Սինանեան Արմենուհին («Մարիամ» հաս-տատութիւն)։ Նրանցից իւրաքանչիւրին շնորհուեցին Արա Գէորգեանի «Խոր Վիրապ» եւ «Անի» խտասալիկները եւ Վազգէն Սարգսեանի «Ոգու փորձութիւն» գիրքը:
Երրորդ մրցանակները նոյնպէս երկուսն էին եւ շնորհուեցին՝ Էմիկ Ալեքսանդրիին (Թեհրան, «Մարիամ» հաստատութիւն) ու Մացակեան Կարինէին (Մոսկուա, թիւ 264 դպրոց): Ուսուցչուհիներն արժանացան Կենտրոնի սահմանած թանկարժէք պարգեւներին:
Իրանահայ ուսուցիչ Նորայր Ղարաբեկեանը ազգային երգի լաւագոյն դեսպանն էր խմբերում եւ արժանացաւ յատուկ մրցանակի։

 

Փակման հանդիսութիւնը. թախիծ եւ հպարտութիւն

Դասընթացների արդիւնքներն ամփոփուեցին Օգոստոսի 28-ին, երբ Կենտրոնում կազմակերպուած փակման հանդիսութեանը հայրենիքում վերապատրաստուած 27 սփիւռքահայ ուսուցիչներ ստացան պետականօրէն վաւերացուած վկայագրեր՝ ՀՀ ԿԳ Նախարարի, Համալսարանի Նախագահի, Կենտրոնի տնօրէնի ստորագրութիւններով ու կնիքով։ Ողջերթի մաղթանքներով սփիւռքահայ ուսուցիչներին դիմեցին ՀՀ ԿԳՆ Սփիւռքի բաժնի պետ Հ. Թադէոսեանը, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրէն Վ. ՏէրՂեւոնդեանը, Ն. Արք. Պոզապալեանը, Մանկավարժական Համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասեանը, Կենտրոնի տնօրէն Ս. Դանիէլեանը։
Նրանց գրքեր էին նուիրել պետական գործիչներ Վարդան Օսկանեանը եւ Գագիկ Յարութիւնեանը, գրականագէտ Ֆելիքս Բախչինեանը, հոգեբան Անահիտ Մկրտչեանը, բանաստեղծներ Լեւոն Միրիջանեանը, Սեպուհ Արք. Սարգսեանը, Ներէս Արք. Պոզապալեանը, Շուշիկ Տասնապետեանը (Պէյրութ), «Երկիր Նաիրի» զբօսաշրջային գործակալութեան տնօրէն Նարինէ Աղասարեանը եւ, ի հա՛րկէ, «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրինութիւնը։
Ուսուցիչները իրենց համեստ տուրքը նուիրաբերեցին Մայր Հիմնադրամին, որը իրականացրել էր «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի մասնաբաժնի նորոգութիւնն ու կահաւորումը։
Հանդիսաւոր փակման հանդէսին ուսուցիչները կազմեցին յանպատրաստից երգչախումբ, որը, Պրօֆ. Եու. Իւզբաշեանի եւ Ներսէս Սրբազանի ղեկավարութեամբ եւ երգիչ, դոցենտ Հենրիկ Սիմոնեանի մասնակցութեամբ կատարեց նոր սովորած ազգային եւ հոգեւոր երգեր։ Պէյրութի Հայկազեան Հայագիտական Համալսարանի ուսանողուհի Անահիտ Բաբայեանը տպաւորիչ, գունեղ տարազով ներկայացրեց ազգային պարի ոգին։

Վերջում ուսուցիչներն ու հիւրերը խմբուեցին սիրոյ սեղանի շուրջ եւ միմեանց մաղթեցին լաւագոյնը՝ ազգային ոգին պաշտպանելու իրենց առաքելութեան մէջ։

 

2003 թ. սփիւռքահայ ուսուցիչների օգոստոսեան դասընթացներից
վկայագրեր ստացած մասնակիցները.


1. Ալեքսանդրեան Էմմա (Իրան, Թեհրան, «Մարիամ» վարժարան)
2. Աւագեան Ալվարդ (Լիբանան, Պէյրութ, «Մեսրոպեան» վարժարան)
3. Աշըրեան Հայկանուշ (Սուրիա, Դամասկոս, Սուրբ Թարգմանչաց վարժարան)
4. Առաքելեան Գայիանէ (Լիտվա, Վիսագինաս, միօրեայ «Հարազատ» վարժարան)
5. Բաբայեան Արմինէ (Իրան, Թեհրան, «Նաիրի» վարժարան)
6. Բաղումեան Անժէլ (Իրան, ՇահինՇահր, «Ս. Վարդանանց» վարժարան)
7. Բեդրոսեան Արեզու (Աուստրալիա, Սիդնէյ, Թարգմանչաց միօրեայ վարժարան)
8. Գարաճեան Լիզա (Արաբական Միացեալ Էմիրութիւններ, Շարժա, «Օհաննէսեան» վարժարան)
9. Զարգարեան Ռիմա (Իրան, Թեհրան, «Մարիամ» վարժարան)
10. Իսկէնեան Աստղիկ (Սուրիա, Հալէպ, «Նաճարեան- Կիւլպենկեան» վարժարան)
11. Խանեան Անիթա (Իրան, Թեհրան, «Մարիամ» վարժարան)
12. Խնկանոսեան Գոհար (Բուլղարիա, Սոֆիա, Ուիլիամ Սարոյեանի ան. դպրոց)
13. Կարապետեան Մելինէ (Իրան, Թեհրան «Արաքս» վարժարան)
14. Ղարաբեգեան Նորայր (Իրան, Թեհրան, «Նոր Անի եւ Սահակեան» վարժարան)
15. Ղեւոնդեան Արաքս (Իրան, ՇահինՇահր, «Սուրբ Վարդանանց» վարժարան)
16. Մատթէոսեան Մարիամ (Ռուսաստանի Դաշնութիւն, Ս. Պետերբուրգ, Լազարեանների ան. Կիրակնօրեայ դպրոց)
17. Մարգարեան Մարի (Լիբանան, «Զուարթնոց» յատուկ վարժարան )
18. Մացակեան Կարինէ (Ռուսաստանի Դաշնութիւն, Մոսկուա, թիւ 264 դպրոց)
19. Մինասեան Անժէլ (Իրան, Թեհրան, «Մարի Մանուկեան» վարժարան)
20. Միքայէլեան Մարալ (Սուրիա, Հալէպ, «Նաճարեան-Կիւլպենկեան» վարժարան)
21. Մնացականեան Արեւիկ (Ռուսաստանի Դաշնութիւն, Մոսկուա, թիւ 1888 դպրոց)
22. Մովսիսեան Աստղիկ (Էստոնիա, Տալլինն, միօրեայ հայկական դպրոց)
23. Շահիջանեան Սոնա (Իրան, Թեհրան, «Մարիամ» վարժարան)
24. Սինանեան Արմենուհի (Իրան, Թեհրան, «Մարիամ» վարժարան)
25. Սուքիասեան Ժոզէֆ (Իրան, Թեհրան, «Նոր Անի եւ Սահակեան» վարժարան)
26. Քէշիշեան Մառիթա (Իրան, ՇահինՇահր, «Սուրբ Վարդանանց» վարժարան)
27. Քիւրթիւքեան Մարալ (Արաբական Միացեալ Էմիրութիւններ, Շարժա, «Օհաննէսեան» վարժարան)