Հայաստան - 2002

 

Երրորդն անհրաժեշտութիւն է ...

Խ. Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը երրորդ տարին անընդմէջ կատարեց ՀՀ ԿԳ Նախարարութեան պետական պատուէրը՝ 2002 թ. Օգոստոսի 2-ից մինչեւ 28-ը կազմակերպելով սփիւռքահայ ուսուցիչների մեկամսեայ դասընթացներ՝ հաստատուած առարկայական ցանկով եւ ուսումնական ծրագրերով։
Աշխատանքները կրթութեան բովանդակութեան եւ կազմակերպական առումներով կանոնակարգուած էին ԿԳՆ Սփիւռքի բաժնում (վարիչ՝ Եու. Նաւոյեան)։
Նախապէս ստացուած յայտերի հիման վրայ, ելնելով ուսուցիչների առարկայական մասնագիտացումից՝ այս տարի արդէն կազմուեցին երեք խմբեր՝ արեւելահայ երկու եւ արեւմտահայ մէկ՝ նախորդ տարուայ երկու խմբերի փոխարէն։ Վերապատրաստման ուսումնական բովանդակութիւնը հիմնականում ընդգրկում էր տարրական եւ միջին կարգի կրթութիւնների այսօրուայ ընդհանուր չափանիշները։ Մասնաւորաբար, արեւելահայ առաջին ենթախմբում, հաշուի առնելով իրանահայ ուսուցիչների միջին կարգերում պատրաստուածութեան փորձառութիւնը ԱՊՀ երկրներում դասաւանդող հայ ուսուցիչների համեմատութեամբ, պատասխանատուները նպատակայարմար դիտեցին վերաորակաւորումը ուղեցոյցի դասարանների ուսուցիչների համար։
Այսպիսով, առաջին խմբում ընդգրկուեցին Իրանի Իսլամական Հանրապետութեան, երկրորդում՝ Ռուսաստանի Դաշնութեան եւ Լիտվայի ուսուցիչներ, իսկ երրորդում՝ Արաբական Միացեալ Էմիրութիւնների, Աուստրիայի, Թուրքիայի, Լիբանանի, Մեծ Բրիտանիայի վարժարանների 6 ուսուցիչներ։ Ռուսաստանի Դաշնութիւնից եւ Զուիցերիայից ժամանած երկու ուսուցիչ առողջութեան եւ կեցութեան պատճառներով ուսումը շարունակել չկարողացան եւ վերադարձան։
Երրորդ աշխատանքային տարին առաջին անգամ համախմբեց Երեւանում սփիւռքահայ ուսուցիչների ռեկորդային քանակ՝ 39 ուսուցիչ։ Դասաժամերն օրական տեւում էին վեց ժամ՝ առ. ժ. 9ից մինչեւ 14ը։ Դրանց յաջորդում էին աշխատանքային եւ մշակութային հանդիպումները։

 

Երրորդ դասընթացներ. առարկաներ եւ մասնագէտներ

Կենտրոնի դասախօսական կազմը այս տարի եւս, ինչպէս նախորդ երկու տարիներին, ունէր մասնագիտական բարձր մակարդակ. դասաւանդման համար հրաւիրուած էին ճանաչուած հայագէտ մասնագէտներ Ֆրանսիայից (Սորբոնի Համալսարանի դոկտոր Հիլդա Գալֆայեան), ՀՀ ԳԱԱ համակարգից (Ակադեմիայի փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ Ա-կադեմիկոս Վլադիմիր Բարխուդարեան, բանասիրութեան դոկտորներ, պրօֆ. պրօֆ. Վազգէն Համբարձումեան, Արտէմ Սարգսեան), Երեւանի Պետական Համալսարանից (աշխարհագրութեան մասնաճիւղի փոխդեկան Գուրգէն Յովհաննիսեան, ազգա-գրագէտ Հռիփսիմէ Պիկիչեան), Խ. Աբովեանի ան. Պետական Մանկավարժական Համալսարանից (բանասիրութեան դոկտոր, պրօֆ. Սուրէն Դանիէլեան, մանկավարժութեան դոկտորներ, պրօֆ. պրօֆ. Եուրի Իւզբաշեան, Մնացական Մանուկեան, Լեմս Ներսիսեան, մանկավարժութեան դոկտոր Ջուլիէտա Գիւլամիրեան, գիտութեան թեկնածու, դոցենտ Եուրի Դաւթեան), Երեւանի Կոմիտասի ան. Պետական Երաժշտանոցից (գիտութեան թեկնածու, դոցենտ Արուսեակ Սահակեան), «Տաթեւ» գիտակրթահամալիրից՝ (գիտութիւնների թեկնածուներ Էլդա Գրին, Կարինէ Նալչաճեան, Վազգէն Պօղոսեան), ինչպէս նաեւ Ս. Էջմիածնի Գէորգեան Ճեմարանից՝ Ղեւոնդ Քհն. Մայիլեան)։
Ի դէպ, նշենք, որ «Տաթեւ» գիտակրթահամալիրը (տնօրէն՝ Սօկրատ Մկրտչեան) «Սփիւռք» Կենտրոնի հետ մեթոդական պայմանագրային աշխատանք էր ստանձնել, ինչի արդիւնքները երկու կողմերին բաւարարել էին։
Երեք խմբերի դասընթացների մասնագիտական 14 առարկաները, իւրաքանչիւրում տարբեր ժամաչափերով, ընդգրկում էին ոչ միայն լեզուի, գրականութեան, պատմութեան հանրակրթական բազմաշերտ բաժիններ, խորացուած միջառարկայական, յարակից առնչութիւններ, ուսումնամեթոդական համակողմանի ծաւալներ, այլ նաեւ ծանօթացնում էին մանկավարժական - հոգեբանական նորագոյն սկզբունքներին (կերպարուեստի, երաժշտութեան, հայրենագիտութեան մեթոդիկաներ, Նոր Կտակարան, ազգագրութիւն, ազգային պար, մանկավարժութիւն, տարիքային եւ ազգային հոգեբանութիւն)։
Աստուած երրորդութիւն սիրում է ...

 

Երրորդ դասընթացների բացման հանդիսութիւնը

Դասընթացների բացման հանդիսութիւնը կայացաւ ԵՊՀ հիւրատանը։ Ելոյթներ ունեցան ՀՀ ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզեանը, Նախարարութեան Սփիւռքի բաժնի վարիչ Եու. Նաւոյեանը, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսեանը, ԿԳ նախկին նախարար, Ակադեմիկոս Եդուարդ Ղազարեանը, Կենտրոնի անցեալ տարուայ շրջանաւարտ Քնարիկ Ասլանեանը (Կրասնոդար), Թեհրանի կրթական ազգային խորհրդի ներկայացուցիչ Նորայր Մեհրաբեանը, Հայաստանի Գրողների Միութեան Վարչութեան քարտուղար Յովիկ Հովէեանը, Կենտրոնի տնօրէն Ս. Դանիէլեանը։
Հանդիսութիւնն ամբողջացաւ սիրոյ աւանդական սեղանով, որի շուրջ արդէն ծանօթութեան բնաբուխ զրոյցն էր, երգն ու արտասանութիւնը, ազգային կրթական միասնական խնդիրների շուրջ շահեկան երկխօսութիւնը, որին ուսուցիչների եւ դասախօսների հետ մասնակցում էին նաեւ ուսուցիչ, բանաստեղծ Մանուէլ Քէօսէեանը, (Կանադա), Պուէնոս Այ-րէսի «Մարի Մանուկեան» վարժարանի տնօրէն Ռոսիթա Եուսէֆեանը (Արգենտինա), գրող, թարգմանիչ Մարգար Շարապխանեանը (Կանադա), Սիդնէյի «Թումանեան» միօրեայ վարժարանի տնօրէն Ռոբերտ Գրիգորեանը (Աուստրալիա) եւ շատ ուրիշներ։

Յաջորդ օրն արդէն տօնական տրամադրութիւնն իր տեղը զիջեց աշխատանքային առօրեային. կենտրոնում սկսուեցին երրորդ դասընթացները՝ երեք խմբերում։

Աստուած իսկապէս երրորդութիւն է սիրում։

 

2002-ի կրթամշակութային յագեցած ծրագիրը

Օգոստոսի 19ին Կենտրոնում ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԳ Նախարար Լեւոն Մկրտչեանը հանգամանալի բացատրութիւններ տուեց Հայաստանի բուհական համակարգի առանձնայատկութիւնների, առկայ դժուարութիւնների ու նրանց յաղթահարման մասին։
Կենտրոն՝ ուսուցիչների հետ շահեկան հանդիպումների, սիրով այցելել եւ դասախօսութիւններով հանդէս են եկել նաեւ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրէն Վ. ՏէրՂեւոնդեանը, Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ռեկտոր Մ. Դաւթեանը։ Մանկագիր բանաստեղծներ Յովհաննէս Գրիգորեանը, Երուանդ Պետրոսեանը, Եուրի Սահակեանը բերեցին իրենց մասնակցութիւնը Ս. Դանիէլեանի կազմակերպած գրականութեան բաց դասին։
Ուսուցիչների մշակութային ծրագրի պատասխանատու Գուրգէն Յովհաննիսեանը մէկ ամսուայ ընթացքում կազմակերպել էր Երեւանի մեջ ուշագրաւ այցելութիւններ եւ շրջապտոյտներ դէպի Հայաստանի տեսարժան վայրերն ու պատմամշակութային յուշարձանները։ Պարապմունքներին պարբերաբար յաջորդում էին պետա - քաղաքական ինստիտուտներ փոխայցելութիւնները եւ բազմապիսի մշակութային ձեռնարկներ։
Սփիւռքի ուսուցիչները, որոնցից շատերն առաջին անգամ էին հայրենիքում, անջնջելի տպավորութիւններ ստացան Ս. Էջմիածնի Մայր Տաճարից եւ Վեհարանից, Ծի-ծեռնակաբերդից, Կոմիտասի ան. Պանթէօնից, Երեւանի Պատմութեան թանգարանից, Երեւանի Կոնեակի գործարանից, Խ. Աբովեանի, Աւ. Իսահակեանի, Ա. Խաչատրեանի, Պ. Սեւակի, Ս. Փարաջանովի տուն - թանգարաններից, եղան Զուարթնոցում, Սարդարապատում, Գառնիում, Գեղարդում, Դիլիջանում, Հաղարծինում, Սաղմոսավանքում, Ամբերդում, Օշականում, Աշտարակում, Խոր Վիրապում, Նորավանքում, Ծաղկաձորում, Կեչառիսում, Սեւանում եւ այլուր։

Այսպէս, սփիւռքահայ ուսուցիչներն ունեցել են բազմաբնոյթ հանդիպումներ պետական եւ գիտամշակութային ականաւոր գործիչների հետ. այցելել են Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ շնորհաւորելու Վեհափառ Տիրոջ ծննդեան օրը, Հայաստան Սփիւռք կառավարական յանձնախմբի փոխնախագահ, ՀՀ Սահմանադրական Դատարանի Նախագահ Գագիկ Յարութիւնեանին, Մշակոյթի, Երիտասարդութեան հարցերի եւ Մարզանքի Նախարար Ռոլանդ Շառոյեանին։ ՀՀ ԳԱԱ Նախագահութեան Կլոր սրահում նրանց ընդունել են Նախագահ Ֆադէյ Սարգսեանը եւ ՀՀ ԳԱԱ փոխնախագահներ Հրանդ Աւետիսեանը, Վլադիմիր Բարխուդարեանը, Էմիլ Գաբրիէլեանը, Եուրի Շուքուրեանը, զրուցել կենսախնդիր հարցերի շուրջ։ Ուսուցիչներն ամենուրեք ստացել են սպառիչ պատասխաններ։

Հայաստանի Գրողների Միութիւնում (Վարչութեան նախագահ Լ. Անանեան, քարտուղարներ Յ. Հովէեան եւ Դ. Մուրադեան) հիւրընկալուելիս ուսուցիչներն ապացուցեցին, որ այսօր հայ ժամանակակից գրողների իրակա՛ն դեսպանն են Սփիւռքի նորահաս սերնդի առջեւ, այստեղից՝ կայացած զրոյցի անկեղծութիւնն ու շահագրգռութիւնները։ Ծաւալուեց շահեկան երկխօսութիւն կրթութեան եւ հայապահպանման մէջ գրականութեան դերի, կրթութեան շուրջ համազգային տագնապների մասին, որին մասնակցում էին գրողներ Յովիկ Հովէեանը,Նորայր Ադալեանը, Պերճ Զէյթունցեանը, Ալիս Յով-հաննիսեանը, Նունէ Աբրահամեանը (Իրան), Մարգար Շարապխանեանը (Կանադա), ՀՀ ԳԱԱ Գրականութեան Ինստիտուտի տնօրէն Ազատ Եղիազարեանը։

Նշանակալից էր Հայաստանի առաջատար մանկավարժների եւ հոգեբանների հետ «Տաթեւ» կրթահամալիրում կայացած հանդիպումը, ուր քննուեցին ուսուցիչների համար առաջնահերթութիւն ներկայացնող հարցեր։ Այդ օրն ուսուցիչների առջեւ ելոյթներ ունեցան Ս. Դանիէլեանը («Սփիւռք» Կենտրոն), Սօկրատ Մկրտչեանը («Տաթեւ» կրթահամալիր), Ալբերտ Նալչաճեանը (Հոգեբանական կենտրոնի տնօրէն), Նազիկ Յարութիւնեանը (ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ), մեթոդիստներ Սեդիկ Նազարեանը (Մեծ Բրիտանիա), Հիլդա Գալֆայեանը (Ֆրանսիա), Վալերի Ղլէչեանը (Խ. Աբովեանի ան. Մանկավարժական Համալսարան), ուսուցիչ Ջանիկ Թահմազեանը (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Սպահան)։ «Տաթեւ» կրթահամալիրի տնօրէնը բոլոր ուսուցիչներին նուիրեց մեթոդական տարաբնոյթ գրականութիւն։
Ուսուցիչներն այցելեցին Հայաստանի Ամերիկեան Համալսարան, եղան թուային գրադարանում, ուր համակարգւում է V-XIX դ.դ. հայ մշակոյթն ու գրականութիւնը, լսեցին նրա տնօրէն Մերուժան Կարապետեանի հանգամանալի բացատրութիւնները։
Դասընթացների վերջում ուսուցիչներին գեղանկարիչ Լեմս Ներսիսեանը սիրով հրաւիրեց իր արուեստանոց, ուր նրանց համար բացուեց գոյների նոր աշխարհ։ Իսկ Ա. Սպենդիարեանի ան. երաժշտական դպրոցի դահլիճում շնորհալի երեխաների «Իզաբէլ» համոյթը (ղեկ.՝ Մարիէտ Աւագեան) բերկրանք պատճառեց իր սաների երգացանկի ընտրութեամբ ու կատարումով։
Ուսումնական աշխատանքին զուգընթաց՝ մեր Կենտրոնը եւ ուսուցիչները բազմիցս հանդէս են եկել տարբեր ռադիօ եւ հեռուստակայաններից։ Աւելորդ չի լինի ասել, որ նրանց ուսումնառութիւնը սկզբից եւեթ մնացել է Հայաստանի եւ Սփիւռքի ԶԼՄների ուշադրութեան կենտրոնում։

 

Հրաժեշտից առաջ ...

Դասընթացների կրթական գլխաւոր արդիւնքներն ամփոփուեցին Օգոստորի 28-ին, երբ վերապատրաստման շրջանը հիմնաւորապէս բոլորած սփիւռքահայ 39 ուսուցիչների Կենտրոնը շնորհեց պետական նմուշի վկայագրեր, որոնք վաւերացրել էին ՀՀ ԿԳ փոխնախարարը, մանկավարժական մայր դարբնոցի ռեկտորը եւ Կենտրոնի տնօրէնը։
Այդ օրը մրցութային յանձնախումբը (նախագահ Ս. Դանիէլեան, անդամներ Գ. Յով-հաննիսեան եւ Հռ. Պիկիչեան) ամփոփեց նաեւ «Ամենա ... Ամենա ...» աւանդական մրցոյթի արդիւնքները։ Յաղթողները՝ Մուրադեան Քլարիսը (Թեհրան, առաջին մրցանակ), Ներսիսեան Անահիտը (Թեհրան, երկրորդ մրցանակ), Մրաց - Մուրադեան Անահիտը (Վիեննա, երրորդ մրցանակ), Յարութիւնեան Վիոլէթը (Նոր Ջուղայ, երրորդ մրցանակ) պարգեւատրուեցին սահմանուած մրցանակներով՝ Ստ. Մալխասեանի քառահատոր բացատրական բառարան (առաջին մրցանակ, սահմանել են՝ նախորդ տարին վերապատրաստուած ուսուցիչները), Սեդա եւ Սարգիս Դէմիրճեանների կազմած «Սփիւռքահայ գրականութիւն» երկհատոր ստուար ծաղկաքաղը (երկրորդ մրցանակ, սահմանել են հեղինակները՝ Դիտրոյթ քաղաքից, ԱՄՆ), «Քրիստոնեայ Հայաստան» հանրագիտարանային երկու հատորները (երկու երրորդ մրցանակներ, սահմանել են՝ նախորդ տարուայ դասընթացների մասնակից, ուսուցիչ Ասպետ Արթինեանը (Կահիրէ, Եգիպտոս) եւ Լոս Անճելըսի «Պոլսահայ Միութիւն» կազմակերպութեան մշակութային յանձնախմբի ատենապետ Սիմոն Աճըիլաճը (ԱՄՆ)։ Վերջինս արդէն երկրորդ տարին է՝ հովանաւորում է Կենտրոնում վերապատրաստութիւնը՝ ինչպէս անցեալ եւ այս, այնպէս էլ հայրենի ուսուցիչների 2002 թ. գարնանային դասընթացները։
Ողջերթի մաղթանքներով սփիւռքահայ ուսուցիչներին դիմեցին ՀՀ ԿԳՆ Սփիւռքի բաժնի վարիչ Եու. Նաւոյեանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Վլ. Բարխուդարեանը, համալսարանի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ. Դաւթեանը, Կենտրոնի տնօրէն Ս. Դանիէլեանը։
Ուսուցիչները իրենց համեստ ներդրումը բերեցին «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին։
Յաջորդ օրերին նրանք վերադարձան գաղթօջախները՝ նոր աւիւնով, նորացած գիտելիքներով լծուելու կրթական առաքելութեանը։

 

Յ Ա Ւ Ե Լ Ո Ւ Ա Ծ

2002 թ. օգոստոսեան դասընթացների
վկայագրեր ստացած սփիւռքահայ ուսուցիչները.


1. Աբնուսեան Արմինէ (Մեծ Բրիտանիա, Լոնդոն, Շաբաթօրեայ հայերէն դասընթացներ)
2. Ալգոսեան Սիւզան - Թալին (Թուրքիա, Իսթանպուլ, «Սուրբ խաչ», Դպրեվանք)
3. Աղանեան Հայրիկ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Գոհար» կրթական հաստատութիւն)
4. Այվազեան Անահիտ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Շահինշահր, «Սրբոց Վարդանանց» դպրոց)
5. Ասլանեան Ստելլա (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Արարատ» դպրոց)
6. Բեգլարեան Անդրանիկ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Ահվազ, Ազգային հայոց դպրոց)
7. Գաբրիէլեան Սուսան (Ռուսաստանի Դաշնութին, Ս. Պետերբուրգ, Լազարեանների ճեմարան)
8. Թահմազեան Ջանիկ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Շահինշահր, «Սրբոց Վարդանանց» դպրոց)
9. Խաչատրեան Դարիկօ (Լիտուա, Վիլնիւս, Շաբաթօրեայ դպրոց)
10. Խաչատրեան Մարգարիտ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Թունեան» դպրոց)
11. Խաչատրեան Ռոզիկ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Շանթ» դպրոց)
12. Խուդավերդեան Ռայա (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Նոր Ջուղայ, «Արմէն» նախակրթարան)
13. Ծառուկեան Լինէթ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Նոր Ջուղայ, Մանկա-պարտէզ)
14. Ծառուկեան Հիլդա (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Նոր Ջուղայ, «Արմէն» նախակրթարան)
15. Հայրապետեան Սքարլէթ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Նոր Ջուղայ, Մանկապարտէզ)
16. Ղազարեան Արմէն (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Նոր Ջուղայ, Կատարինեան դպրոց)
17. Մատթէոսեան Լուսաբեր (Ռուսաստանի Դաշնութին, Մոսկուա, թիւ 1888 միջնակարգ դպրոց)
18. Մատթէոսեան Ծովինար (Ռուսաստանի Դաշնութին, Մոսկուա, թիւ 1110 միջնակարգ դպրոց)
19. Մատթէոսեան Քարմէն (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Շահինշահր, «Մասիս» ազգային դպրոց)
20. Մինասքանեան Կարինէ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Շահինշահր, Նախակրթարան)
21. Մինասքանեան Մարգարիտ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Շահինշահր, Նախակրթարան)
22. Մուրադեան Քլարիս (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Արարատ» դպրոց)
23. Մրաց - Մուրադեան Անահիտ (Աուստրիա, Վիեննա, «Յովհ. Շիրազ» շաբաթօրեայ դպրոց)
24. Յարութիւնեան Վիոլէթ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Շահինշահր, «Սրբոց Վարդանանց» դպրոց)
25. Յովհաննիսեան Անահիտ (Ռուսաստանի Դաշնութին, Մոսկուա, թիւ 1110 միջնակարգ դպրոց)
26. Յովհաննիսեան Անոյշ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Շանթ» դպրոց)
27. Նազարեան Քաթրին (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Վաչէ Յովսէփեան» տարրական դպրոց)
28. Նաւասարդեան Ժարմէն (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Ահվազ, «Քարուն» ազգային դպրոց)
29. Նազարեան Անահիտ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Քուշէշ» մանկապարտէզ)
30. Նահապետեան Նարինէ (Ռուսաստանի Դաշնութին, Դոնի Ռոստով, թիւ 19 միջնակարգ դպրոց)
31. Ներսիսեան Անահիտ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Մարի Մանուկեան» դպրոց)
32. Ներսէսեան Լեյլա (Մեծ Բրիտանիա, Լոնդոն, Շաբաթօրեայ հայերէն դասընթացներ)
33. Պետրոսեան Ալվարդ (Լիբանան, Պէյրութ, «Մեսրոպեան» վարժարան)
34. Պօղոսեան Վարդուհի (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Շահինշահր, «Սրբոց Վարդանանց» դպրոց)
35. Սարգսեան Գայիանէ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Նոր Ջուղայ, Մանկապարտէզ)
36. Սինանեան Արմենուհի (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Մարիամ» տարրական դպրոց)
37. Ստեփանեան Արմինէ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Ռոստոմ» օրիորդաց դպրոց)
38. Տէր - Սուքիասեան Զարեհ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Նոր Ջուղայ, Կատարինեան դպրոց)
39. Քիւրթիւքեան Մարալ (Արաբական Միացեալ Էմիրութիւններ, Շարժա, «Օհաննիսեան» վարժարան)