Հայաստան - 2001

ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՄԱՐՆԱՅԻՆ
ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - 2001

Պատրաստւում ենք ‎երկրորդ դասընթացներին ...

Երեւանի Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը երկրորդ տարին անընդմէջ 2001 թ. ամրանը կատարեց Հայաստանի Կրթութեան եւ Գիտութեան Նախարարութեան պետական պատուէրը՝ կազմակերպելով սփիւռքահայ ուսուցիչների մեկամսեայ դասընթացներ՝ հաստատուած առարկայական ցանկով եւ ծրագրերով։ Աշխատանքները կրթութեան կազմակերպական առումներով կանոնակարգում էր ԿԳՆ Սփիւռքի բաժինը՝ վարիչ Եուրի Նաւոյեանի գլխաւորութեամբ։
Երկրորդ դասընթացների նկատմամբ Սփիւռքի ուշադրութիւնը, կարելի է ասել, վիթխարի էր։ Նախ, Կենտրոնի տնօրէն Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը Մայիս ամսին շահեկան հանդիպումներ ունեցաւ Լոս Անճելըսում հայ վարժարանների ուսուցիչների եւ աշակերտութեան հետ, քննեց արեւմտահայերէնի ու սփիւռքահայ գրականութեան պահպանման ու զարգացման հեռանկարները։
Կրթամշակութային նոր կենտրոնի գործունէութեան հիմնախնդիրների մասին նրա ղեկավարի հետ ծաւալուն հարցազրոյց ունեցաւ Լոս Անճելըսի «Նոր Կեանք» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Գրիգոր Շէնեանը 2001 թ. Յուլիս 5ի համարի էջերում։
Յայտերի հիման վրայ Օգոստոսի սկզբին կազմուեցին եւ հրամանագրման առաջադրուեցին դասընթացների արեւելահայ եւ արեւմտահայ 22 ուսուցիչներ՝ երկու խմբերով։ Առաջին խմբում ընդգրկուեցին Իրանի Իսլամական Հանրապետութիւնից, Ռուսաստանի Դաշնութիւնից եւ Վրաստանից ժամանած 17, իսկ երկրորդում՝ Արգենտինայի, Բուլղարիայի, Եգիպտոսի եւ Սուրիայի վարժարաններից՝ 5 ուսուցիչներ։
Առանձնապէս արդիւնաւէտ էին տեղի «Պոլսահայ Միութեան» կազմակերպիչների հետ մայիսեան հանդիպումները, որոնց ընթացքում ճշդուեցին երկճիւղ դասընթացների հովանաւորութեան հիմնարար սկզբունքները։
Իսկ ահա Օգոստոսի սկզբին առանձնակի յուզումով դիմաւորեցին դասընթացները հովանաւորող «Պոլսահայ Միութեան» կրթամշակութային յանձնաժողովի անդամներին՝ Սիմոն Աճըիլաճի (ԱՄՆ, Լոս Անճելըս) գլխաւորութեամբ, որի շուրջ համախմբուած 40 պոլսահայեր տէր այսուհետ տէր կանգնեցին «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի կրթական նախաձեռնութիւններին։ Նրանք բարձր մղումներով, ի նպաստ արեւմտահայ մշակութային արժէքների եւ Մեսրոպեան ուղղագրութեան պաշտպանութեան ջանքերի, կազմակերպեցին 2001 ե՛ւ յետագայ թթ. ամառային դասընթացների, ե՛ւ ուսումնական աշխատանքների նիւթական նպատակաուղղուած աջակցութիւն՝ հոգալով Հայաստանի մեջ ուսուցիչների ճամբորդությունների, վկայագրերի տպագրութեան, դասընթացների հանդիսաւոր բացման, փակման, հիւրընկալութիւնների, ինչպէս նաեւ ուսումնաօժանդակ ծառայութիւնների հետ կապուած ծախսերը։

 

Աստուածային նախախնամութեամբ ...

Դասընթացների աշխատանքների ուղղութիւններին եւ ուսումնական բովանդակութեանը ծանօթանալու համար դասընթացների նախօրէին՝ Օգոստոս 2ին, «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոն այցելեցին Կոստանդնուպոլսի եւ Երուսաղէմի հայոց Պատրիարքներ Ամենապատիւ Տէր Մեսրոպ Արք. Մութաֆեանը եւ Ամենապատիւ Տէր Թորգոմ Արք. Մանուկեանը, ինչը պատմական մեծ իրադարձութիւն է հայրենի կրթական համակարգի պատմութեան մէջ։ Նրանք յոյս ներշնչեցին, որ Աստծոյ Աջը մի՛շտ կը լինի այս Կենտրոնի բոլոր նախաձեռնութիւնների հիմքոււմ, եւ խոստացան աջակից լինել կազմակերպական հարցերում։ Մասնաւորապէս Պոլսոյ Պատրիարք Ամեն. Հայրը հայրենիքում սովորող պոլսահայ ուսանողութեան համար լրացուցիչ հայագիտական աշխատանքների ծրագրեր առաջարկեց Կենտրոնին, որոնք իրական համագործակցութեան քայլեր են ենթադրում։ Իր հերթին Երուսաղէմի հայոց Պատրիարք Հայրը նկատեց, որ Կենտրոնը, իբրեւ համահայկական կառոյց, աստիճանաբար գալիս է փոխարինելու Խորհրդային Հայաստանի մէջ Սփիւռքի Մշակութային Կոմիտէին, եւ հաւանաբար, մի դրական տարբերութեամբ՝ այն թելադրուած կախումներ չպիտի ունենայ «իշխանական այլազան կեդրոններէ»։ Ջերմօրէն ողջունելով բարձրաստիճան հոգեւորականներին՝ տնօրէն Ս. Դանիէլեանը, կրկնելով դասընթացների վերաբացման առթիւ Հանրապետութեան Նախագահ Ռ. Քոչարեանի խօսքերը, հաւաստիացրեց, որ Հայաստանը բոլոր սփիւռքահայերի տունն է, առաւել՝ հայրենի պետութիւն բոլորի հայերի համար, ուստի կրթական ու մշակութային հարցերը միշտ նրա ռազմավարական օրակարգի մէջ են ու կը լինեն։
Դասընթացները իր հայրական օրհնութեամբ ողջունեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը։ Մասնաւորապէս նա իր ուղերձում գնահատում էր կատարուած աշխատանքը եւ շեշտը դնում ուսումնական ծրագրերի ու ազգային համախմբումի հեռանկարի վրայ. «Բարձր գնահատանքով կ'ողջունենք «Սփիւռք» Կեդրոնի գործունէութիւնը, որուն նպատակն է հայագիտական դասընթացքներու ու համագումարներու ճամբով նպաստել հայեցի դաստիարակութեան, ինչպէս նաեւ հայագիտական ուսմանց առաւել կազմակերպման ու ծաւալման: Վստահ ենք, որ «Սփիւռք» Կեդրոնը իր աշ-խատանքներուն ճամբով կարեւոր ներդրում մը պիտի կատարէ Հայաստան - Սփիւռք գործունէութեան առաւել խորացման: «Սփիւռք» Կեդրոնը պիտի դառնայ ժամադրավայրը հայ ուսուցիչներու, որոնք Սփիւռքի զանազան անկիւններէն պիտի գան հոս՝ նորէն տեղեակ դառնալու հայերէնի իրականութեան ու հաղորդուելու հայրենի շունչով ու ոգիով: Հայ ուսուցչին նկատմամբ «Սփիւռք» Կեդրոնի ցուցաբերած նախանձախնդրութիւնը արժանի է խոր գնահատանքի: Հետեւաբար, պէտք է թիկունք կանգնիլ հայ ուսուցչին, պէտք է վերակազմաւորել հայ ուսուցիչը, որպէսզի անոր ճամբով կանգուն մնայ հայ դպրոցը իր նուի-րական առաքելութեամբ»:

 

Երկրորդ դասընթացների հանդիսաւոր բացումը

2001թ. Օգոստոսի 3-ին Երեւանի Պետական Համալսարանի հիւրատանը տօն էր. սփիւռքահայ ուսուցիչների ամարնային մեկամսեայ վերապատրաստութեան երկրորդ դասընթացների հանդիսաւոր բացման արարողութիւնն էր, որին մասնակցում էին՝ ՀՀ ԿԳ նախարար Եդուարդ Ղազարեանը, փոխնախարարներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Վահան Տէր Ղեւոնդեանը, ԱԳՆ Սփիւռքի գործակալութեան պետ Ջիւան Մովսիսեանը, Մշակոյթի նախարարութեան Սփիւռքի վարչութեան պետ Սպարտակ Ղարաբաղցեանը, Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Միսաք Դաւթեանը, Երեւանի Պետական Համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսեանը, ազգային կրթական կազմակերպիչ Վարդան Օզինեանը (Ֆրանսիա), պաշտօնատար ուրիշ անձինք, բազմաթիւ հիւրեր արտասահմանից:
Բացման արարողութիւնը վերապահուեց Ս. Էջմիածնից Ներսէս Արք. Պոզապալեանին, որը մասնակիցներին հաղորդեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կա-թողիկոսի ողջոյնները, Մասնակիցներին ողջերթի խօսքերով դիմեցին ՀՀ ԳԱԱ Փոխնա-խագահ Վլադիմիր Բարխուդարեանը, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսեանը, ԿԳ Նախարար Եդուարդ Ղազարեանը, Կիպրոսի Մելգոնեան վարժարանի փոխտնօրէն Կարապետ Դաքէսեանը, ՀՀ ԿԳՆ փոխնախարար Աիդա Թոփուզեանը, ՀՀ ԿԳՆ Սփիւռքի բաժնի վարիչ Եուրի Նաւոյեանը, «Սփիւռք» Կենտրոնի տնօրէն Սուրէն Դանիէլեանը, Թեհրանի թեմի կրթական խորհրդի փոխատենապետ Պրն. Նորայր Մեհրաբեանը, Արգենտինայի «Մարի Մանուկեան» վարժարանի հայերէն բաժնի պատասխանատու Ռոսիթա Եուսէ‎ֆեանը։
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը կազմակերպել էր ուսուցիչների եւ հիւրերի համար հիւրասիրութիւն, որի ընթացքում շփումները դարձան անմիջական ու անկաշկանդ։

 

Ուսուցման կազմակերպումը

Ուսումնական ծրագրերը պայմանագրային սկզբունքներով իրագործեցին հրաւի-րուած տասնվեց առաջատար հայագէտ մասնագէտներ՝ ինչպէս Սփիւռքից՝ Սորբոնի համալսարանի դոկտոր Հիլդա Գալֆայեանը (Ֆրանսիա) եւ լեզուաբան Կարօ Առաքելեանը (Լիբանան), այնպէս էլ Հայաստանի առաջատար հաստատութիւններից. ԵՊՀից՝ ՌԴ ՄԳԱ ակադեմիկոս Լեմուէլ Վալէսեանը, դոցենտներ Նազիկ Յարութիւնեանը, Պետրոս Յովհաննիսեանը, աշխարհագրութեան բաժանմունքի փոխդեկան Գուրգէն Յովհաննիսեանը, Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանից՝ պրօֆ. պրօֆ. Սերգէյ Արզումանեանը, Մարտին Գիլաւեանը, Սուրէն Դանիէլեանը, Եուրի Իզբաշեանը, Լեմս Ներսիսեանը, դոկտոր Ջուլիէտա Գիւլամիրեանը, դոցենտ Եուրի Դաւթեանը, ԳԱԱ համակարգից՝ ազգագրագէտ Հռիփսիմէ Պիկիչեանը, Կոմիտասի անուան պետական Երաժշտանոցից՝ դոցենտ Արուսեակ Սահակեանը, Ս. Էջմիածնի Գէորգեան Ճեմարանից՝ Ներսէս Արք. Պոզապալեանը։
Դասաժամերը օրական տեւում էին վեց ժամ՝ առ. ժ. 9ից մինչեւ 14ը։
Արեւելահայ խմբի դասընթացների համար նախատեսուած հանրակրթական առարկաների թիւը 15ն էր, իսկ արեւմտահայ խմբում դրանք 13ն էին։ Չորս շաբաթուայ մէջ ընդհանուր ժամաքանակը կազմել էր 240 ժամ։
Ընդգծենք, որ արեւելահայ խմբի վերաորակաւորումն ընթանում էր տարրական եւ միջին կարգի դասարանների համակցուված ծրագրերին համապատասխան, իսկ երկրորդ խմբի ուսուցումը միայն տարրական կրթութեան խնդիրների շրջանակում էր։
Դասերն ընթանում էին մանկավարժական համալսարանի բանասիրական բաժանմունքի մասնաշէնքում։

 

«Հայաստան՝ երկիր դրախավայր ...»

մեր մշակութային ճանաչողական ծրագրերը

Ուսուցիչների մշակութային ծրագրի պատասխանատուն ԵՊՀ աշխարհագրութեան մասնաճիւղի փոխդեկան Գուրգէն Յովհաննիսեանն էր. նա մէկ ամսուայ համար կազմակերպել էր յագեցած ծրագիր՝ ուշագրաւ այցելութիւններ Երեւանի մէջ եւ շրջապտոյտներ դէպի Հայաստանի տեսարժան վայրերն ու պատմամշակութային յուշարձանները։ Ունեցել ենք ամենօրեայ տարաբնոյթ հանդիպումներ պետական եւ գիտամշակութային ականաւոր գործիչների հետ։
Նշենք, որ մեր ուսուցիչներին սիրով հանդիպեցին, իսկ շատ դէպքերում հանգամանալի դասախօսութիւններով հանդէս եկան ՀՀ ԿԳ եւ ԱԳ նախարարներ Եդուարդ Ղազարեանը, Վարդան Օսկանեանը, ՀՀ Ազգային Ժողովի փոխխօսնակ Գագիկ Ասլանեանը, ՀՀ ակադեմիկոսներ՝ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանը, Գրիգոր Աւագեանը, ՀՀ Գրողների Միութեան Նախագահ Լեւոն Անանեանը, գրողներ Նորայր Ադալեանը, Լեւոն Միրիջանեանը, Ամալիա Գաբրիէլեանը, Երուանդ Պետրոսեանը, Եուրի Սահակեանը, ՀՀ ԳԱԱ Գրականութեան Ինստիտուտի տնօրէն Ազատ Եղիազարեանը, Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ Եպս. Սարգսեանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին յարաբերությունների վարչութեան պետ Զօրիկ Մնացականեանը եւ շատ ուրիշներ։
Երկրորդ տարին անընդմէջ մեր ուսուցիչներին սիրով տուն հրաւիրեց, հիւրասիրեց եւ անմոռաց մտերմիկ երեկոյ պարգեւեց աւագագոյն արձակագիր Անահիտ Սահինեանը, որը դեռ 60ական թթ. իր յարկը դարձրել է սփիւռքահայ ուսուցիչների մշտական հանդիպավայր։ Այդ յիշարժան հանդիպմանը ներկայ էին Ս. Կապուտիկեանը, սփիւռքագէտ Կառլէն Դալլաքեանը, ԳԱԱ Գրականութեան Ինստիտուտի տնօրէն Ազատ Եղիազարեանը, ասմունքող Սվետլանա Խանումեանը։
Մշակութային ծրագրերն ու փոխայցելությունները պարբերաբար յաջորդում էին դասերին։ Ճամբորդութիւնները նախաձեռնել էր «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը՝ Ամերիկայում ապրող պոլսահայերի կազմակերպութեան անդամների նիւթական ջանքերի շնորհիւ։
Ուսուցիչներն անհամբերութեամբ էին սպասում Շաբաթ ու Կիրակի օրերին, երբ գալիս էր հեռաւոր ճամբորդութիւնների ժամը։
Սփիւռքահայ ուսուցիչների շրջապտոյտներից անմոռաց էին Ամբերդում, Գառնիում, Գեղարդում, Գիւմրիում, Դիլիջանում, Կարմրաւորում, Հաղարծինում, Սարդարապատում, Սաղմոսավանքում, Սեւանում, Ս. Էջմիածնում, Օշականում, անցկացրած օրերը, իսկ Երեւանում նրանք այցելել են Մատենադարան, Կոնեակի գործարան, Յովհ. Թումանեանի, Ս. Փարաջանովի Տուն Թանգարաններ, Յաղթանակի թանգարան, Կոմիտասի զբօսայգի, ուր հանգչոմ են Հայոց մեծերը, Ծիծեռնակաբերդի համալիր եւ այլուր, Հանրապետական մարզադաշտում մասնակցել են Համահայկական երկրորդ խաղերի հանդիսաւոր բացումին ու փակմանը, յաճախել են թատերական ներկայացումների եւ համերգների։
Մեր ուսուցիչները եղել են նաեւ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի թուային գրադարանում (տնօրէն՝ Մերուժան Կարապետեան), ՀՀ ԿԳՆ Բարեփոխումների Կենտ-րոնում (տնօրեն՝ Վիկտոր Մարտիրոսեան)։
Օգոստոս 17ին սփյուռքահայ ուսուցիչները այցելեցին են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, պատեհ առիթ ունեցան շնորհաւորելու նրա ծննդյան յիսնամեակը, արժանացան նրա օրհնութեան խօսքին։ Վեհափառ Հայրապետը բարձր գնահատանքի արժանացրեց «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի գործունէութիւնը՝ ընդգծելով տնօրէն Ս. Դանիէլեանի դերը, որին ճանաչել է Գէորգեան ճեմարանում աշխատած տարիներից։
Ուսումնական աշխատանքներին զուգընթաց՝ Կենտրոնի աշխատակիցները եւ ուսուցիչները բազմիցս հանդէս են եկել տարբեր ռադիօ եւ հեռուստակայաններից։ Նրանց ուսումնառութիւնը սկզբից եւեթ մնացել է զանգուածային լրատուական միջոցների ուշադրութեան կենտրոնում։

 

Ընտրում ենք լաւագոյնին. «Ամենա-ամենա ...» մրցոյթը

2001 թ. Օգոստոսի 21-ին Կենտրոնում դասընթացների մասնակից ուսուցիչների երկու խմբերում անցկացուեց ճանաչողական, խրախուսիչ նպատակ հետապնդող «Ամենա-ամենա ...» մրցոյթը: Մրցոյթի հարցերն ընդգրկում էին ազգային գրականութեան, պատմութեան, լեզուի եւ աշխարհագրութեան բազմաբնոյթ նիւթեր: Յանձնախմբի անդամներն էին Ս. Դանիէլեանը, Կ. Առաքելեանը եւ Գ. Յովհաննիսեանը։
Ամփոփիչ արդիւնքներով գլխաւոր մրցանակը շնորհուեց Մոսկուայի դեսպանատանը կից կիրակնօրեայ վարժարանի ուսուցչուհի Շողիկ Փահլեւանեանին, որն արժանացաւ Ստ. Մալխասեանի նշանաւոր բացատրական քառահատոր բառարանին (բարերար՝ Լեւոն Ահարոնեան, Իրանի Իսլամական Հանրապետութիւն)։
Մրցոյթում երկրորդ եւ երրորդ տեղերը գրաւեցին Ռուբէն Քէշիշեանը (Թեհրան, «Մարիամ» հաստատութիւն) եւ Անահիտ Եահիան (Թեհրան, «Թունեան» նախակրթարան), որոնց համար նախապէս բարեհաճ Սեդա եւ Սարգիս Դէմիրճեանները (Դիտրոյթ, ԱՄՆ) տրամադրել էին իրենց կազմած «Սփիւռքահայ գրականութիւն» երկհատոր ալմանախը։

 

Հրաժեշտից առաջ ...

Դասընթացների արդիւնքներն ամփոփուեցին Օգոստորի 25-ին. Կենտրոնի կազմակերպած փակման հանդիսութեանը վերապատրաստուած 22 սփիւռքահայ ուսուցիչներ ստացան պետականօրէն վաւերացուած վկայագրեր՝ ՀՀ ԿԳ նախարարի, մանկավարժական համալսարանի ռեկտորի, Կենտրոնի տնօրէնի ստորագրութիւններով։
Ներկայ էին դասաւանդած մասնագէտները, ուսուցիչները, հիւրեր, ԱԺ պատգամաւորներ, մշակութային գործիչներ:
Հանդէսը վարում էր տնօրէն Ս. Դանիէլեանը: ՀՀ ԿԳ նախարարի, համալսարանի եւ Կենտրոնի ղեկավարութեան ստորագրութիւններով վկայագրերը ուսուցիչներին պաշտօնապէս յանձնեց ռեկտոր Մ. Դաւթեանը: Նրանց շնորհաւորեցին նաեւ դասախօսներ Ն. Յարութիւնեանը, Ջ. Գիւլամիրեանը, հրատարակիչ Սօկրատ Մկրտչեանը: «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը եւ «Զանգակ - 97» հրատարակչութիւնը բոլորին նուիրեցին գեղարուեստական եւ ուսումնամեթոդական արժեքաւոր գրքեր։
Շնորհակալութիւն յայտնած ուսուցիչներ Ռուբէն Քէշիշեանը (Թեհրան), Շողիկ Փահլեւանեանը (Մոսկուա), Անահիտ Կիրակոսեանը (Սպահան) ընդգծեցին հայրենի պատասխանատու բոլոր օղակների անդուլ ուշադրութիւնը իրենց հանդէպ, կիրառուած մանկավարժական մեթոդների բարձր, արդիւնաւոր մակարդակը։ «Կենտրոնն այլեւս տուն է մեզ համար», - յայտարարեց Ա. Կիրակոսեանը։
Շնորհաւորանքները շարունակուեցին սիրոյ սեղանի շուրջ: «Մնաք բարով»ի ողջ երեկոյի ընթացքում թեւածում էին երգն ու բանաստեղծութիւնը։

 

Յ Ա Ւ Ե Լ Ո Ւ Ա Ծ

2001 թ. սփիւռքահայ ուսուցիչների օգոստոսեան դասընթացներից
վկայագրեր ստացած մասնակիցները.


1. Աղազարեան Ժուլիէթ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Սպահան, «Արմէն» նախակրթարան)
2. Ասլանեան Քնարիկ (ՌԴ, Կրասնոդար, Կիրակնօրեայ վարժարան)
3. Արթինեան Ասպետ (Եգիպտոս, Գահիրէ, «Գալուստեան» ազգային վարժարան)
4. Աւասափեան Սիլվանա (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Շանթ» նախակրթարան)
5. Դիլանչեան Քարոլին (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Սպահան, Նոր Ջուղայի մանկապարտէզ)
6. Եահիա Անահիտ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Թունեան» նախակրթարան)
7. Զօհրապեան Ռոզա (Վրաստան, Թբիլիսի, կրթութեան քաղաքային վարչութեան աւագ մեթոդիստ)
8. Թահմազեան Սեդիկ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Սահակեան» նախակրթարան)
9. Խաչիկեան Քարմէլա (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Սահակեան» նախակրթարան)
10. Խնկանոսեան Գոհար (Բուլղարիա, Սոֆիա, Ուիլեամ Սարոյեանի անուան թիւ 76 վարժարան)
11. Կիրակոսեան Անահիտ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Սպահան, «Արմէն» նախակրթարան)
12. Մեհրաբեան Անոմէ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Թունեան» նախակրթարան)
13. Մինասեան Ժասմէն (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Քուշէշ» մանկապարտէզ)
14. Մովսիսեան Վարուժան (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Սպահան, «Կատարինեան» վարժարան)
15. Նազարեան Անահիտ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Քուշէշ» մանկապարտէզ)
16. Պաղտասարեան Ռոմինա (Արգենտինա, Պուէնոս Այրէս, ՀԲԸՄ «Մարի Մանու-կեան» վարժարան)
17. Պասմաճեան Ռոզմարի (Սուրիա, Հալէպ, «Լազար Նաճարեան - Գալուստ Կիւլպենկեան» Կեդրոնական վարժարան)
18. Սապունճեան Սիլվա (Սուրիա, Հալէպ, «Կրթասիրաց» վարժարան)
19. Սիմոնեան Արմինէ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Սպահան, «Արմէն» նախակրթարան)
20. Տէր - Մարտիրոսեան Միգանոյշ (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Սպա-հան, «Արմէն» նախակրթարան)
21. Փահլեւանեան Շողիկ (ՌԴ, Մոսկուա, դեսպանատանը կից Կիրակնօրեայ վարժարան)
22. Քէշիշեան Ռուբէն (Իրանի Իսլամական Հանրապետութիւն, Թեհրան, «Մարիամ» հաստատութիւն):