Հայաստան - 2000

 

Մենք այլ ենք տասը տարի անց ...

Շուրջ երեսուն տարի, 1962ից սկսած, սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստութեան դասընթացները ծառայում էին խորհրդային կայսրութեան գաղափարական ցուցանակներին, իսկ ազգային կրթական բուն խնդիրները մնացել էին երկրորդական գծի վրայ։ Երբ վրայ հասաւ անկախութիւնը, անհնար եղաւ աշխատանքները տանել հին մեթոդներով, հին ծրագրերով։
ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան Նախարարութեան համահայկական ռազմավարական հիմնախնդիրների իրագործման համար կեանքի կոչուած «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը սկսել է գործել Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնական համակարգում։
Նպատակը խորապէս ազգային է. չքաղաքականացնելով երեւոյթը՝ վերապատրաստութիւնը ծառայեցնել ուսուցչի մասնագիտական կայացման գերխնդրին, ծառայեցնել համահայկական մշակութային շահերին, կրթութեան ազգային միասնութեան տեսիլին։ Տասը տարուայ խզումից յետոյ այն յիրաւի դարձել է արտասահմանի հայ մանկավարժների վերաորակաւորման հայրենի հիմնական կառոյց՝ ազգային կրթական բովանդակութեամբ մշակուած ծրագրերով։
1999 թ. Դեկտեմբերի 29ին Հանրապետութեան Նախագահ Ռոբերտ Քոչարեանը Հայրենիք - Սփիւռք պետական կառավարական յանձնաժողովի նիստին հաւանութիւն տուեց սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստութեան նոր ծրագրերին՝ կանաչ լոյս վառելով հայրենիքում դասընթացների անցկացման համար։
2000 թ. Յունուարի 11ին ԿԳ Նախարարութիւնում գումարուեց խորհրդակցութիւն, ուր քննութեան առնուեց «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում յառաջիկայ ամրանը վերապատրաստութեան դասընթացների նախապատրաստական աշխատանքների ըն-թացքը։ Խորհրդակցութիւնը վարում էր ԿԳ նախարար Եդուարդ Ղազարեանը։ Մասնակ-ցում էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Վահան Տէր Ղեւոնդեանը, Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալ-սարանի ռեկտոր Միսաք Դաւթեանը, ԿԳ նախարարութեան Սփիւռքի բաժնի պետ Եուրի Նաւոյեանը եւ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն Սուրէն Դանիէլեանը։ Նիստին ներկայ էր ՀՀ նախագահի ներկայացուցիչը։
Խորհդակցութեան մասնակիցները գտան, որ նախապատրաստական աշխատանքների ընթացքն առաջանցիկ է եւ բաւարարում է ընդհանուր պահանջներին։ Տրուեցին ան-հրաժեշտ յանձնարարականներ՝ Կենտրոնի կազմած ուսումնական ծրագրերը եւ կանոնադրական փաստաթղթերը նախարարութեան համապատասխան բաժիններում փորձարարական գնահատութեան ենթարկելու համար։ Վ. ՏէրՂեւոնդեանը յայտնեց, որ նախատե-սուած է Կենտրոնի շինարարութեան, կահաւորման եւ սարքաւորումների ներդրման ծրագիր՝ հիմնադրամի շրջանակներում, որը դրուելու է հոգաբարձուների տարեկան ժողովին։
Իսկ ահա երեք շաբաթ անց ներկայացուած փաստաթղթերը հաստատուեցին ԿԳՆ Կոլեգիայի երկու նիստերում (28 Յունուար եւ 04 Փետրուար)։
2000 թ. Ապրիլի 17ին կայացաւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգա-բարձուների տարեկան նիստը, որը միաձայն ընդունեց «Սփիւռք» յատուկ ծրագիրը իր յառաջիկայ աշխատանքային հեռանկարներում։ Ընդունուեց ի գիտութիւն, որ արդէն կազմուած է «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի շինարարութեան նախագծային փաթեթը, որի ֆինանսաւորումը (1300 USD) ապահովել են դիթրոյթաբնակ բարերարներ Սեդա եւ Սարգիս Դէմիրճեանները։
ՀՀ ԱԳ եւ ԿԳ նախարարութիւնների հետ համագործակցաբար ամրան առաջին ամիսներին ճշդուեցին եւ կազմուեցին դասընթացներին մասնակցութեան յայտեր ներկայացրած սփիւռքահայ ուսուցիչներն ու վարժարանները:

 

Բա՛րեւ, չէի՞ք սպասում, մենք եկանք ...

Յուլիսի 17-ին ԵՊՀ հիւրատանը կայացաւ սփիւռքահայ ուսուցիչների առաջին դասընթացների բացման հանդիսութիւնը, որը իրենց մասնակցութեամբ պատուել էին՝ Հայրենիք - Սփիւռք պետական յանձնաժողովի փոխնախագահ, Սահմանադրական Դատարանի Նախագահ Պրն. Գագիկ Յարութիւնեանը, ՀՀ ԿԳ Նախարար Եդ. Ղազարեանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Վ. Տէր Ղեւոնդեանը, Երեւանի Պետական Համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսեանը, Ս. Էջմիածնի միաբան Ներսէս Արք. Պոզապալեանը, Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Մ. Դաւթեանը, փոխնախարարներ, ԱԺ պատգամաւորներ, մշակոյթի եւ գիտութեան գործիչներ, արտասահմանից ժամանած բազմաթիւ հիւրեր:
Հանդէսն սկսուեց տերունական աղօթքով։ Այն վարում էր ԿԳ Նախարար Եդ. Ղազարեանը, որն էլ ընթերցեց Հանրապետութեան Նախագահ Ռոբերտ Քոչարեանի ուղերձը, ուր կարմիր թելի պէս անցնում էր կարեւորագոյն այն միտքը, թէ Հայաստանի Հանրապետութիւնը պետութիւն է նաեւ սփիւռքահայութեան համար եւ գիտակցում է իր պարտաւորութիւնները՝ մասնաւորապէս կրթամշակութային ասպարէզում:
Հայրենիք - Սփիւռք կառավարական յանձնաժողովի փոխնախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Գագիկ Յարութիւնեանը, որ մեծապէս նպաստել է «Սփիւռք» Կենտրոնի կայացման ընթացքներին, խօսեց նորագոյն կրթութեան ռազմավարական հիմնախնդիրների մասին, որոնք ընկած են արդէն մեր պետականութեան առջեւ։ Բնականաբար, նա կարեւորեց համահայկական բազում հարցերի կողքին ազգային ինքնութեան առաջնահերթութիւնը, ինչի լուծումներից խուսափել հնարաւոր չէ։ Ուսուցիչների վերապատրաստութիւնը հայրենիքում նպատակ ունի մեղմելու Սփիւռքի հայ վարժարանի մէջ հայերէնի նահանջի առթած ցաւը օտար լեզուի խօլ արշաւի դիմաց։ Իսկ գլխաւոր խնդիրը այն զօրացնելն է՝ ե՛ւ բազային ամուր հիմքով, ե՛ւ մեթոդական այն հարուստ ժառանգութեամբ, որին տիրապետում է հայրենի մանկա-վարժական ու գիտական ներուժը։
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Մ. Դաւթեանը յայտնեց իր անսահման ուրախութիւնը, որ մայր դարբնոցին առաջին անգամ հայրենի կրթութեան պատմութեան մէջ վստահուել է Սփիւռքի ուսուցիչների վերապատրաստութեան գործընթաց, ինչը Կենտրոնի շուրջ համախմբուած մասնագէտները կը կատարեն պատուով. «Մենք ունենք ներուժ, մենք ունենք համահայկական կրթութեան անհրաժեշտութեան խոր գիտակցութիւն, մենք գիտակցում ենք նոր ժամանակներին մեզ վերապահուած դերակատարութիւնը»։
Այդ օրը յուզուած էր Կենտրոնի տնօրէն Ս. Դանիէլեանը, եւ դա բնական էր։ «Մենք, - յայտարարեց նա, - կրթական գործունէութեան մէկ միասնական դաշտ ենք մտնում սփիւռքահայ ուսուցիչների հետ՝ նոր ծրագրերով, ազգային նոր բովանդակութեամբ։ Առաջին քայլերը վկայում են, որ Հայաստանում ձեւաւորուել է համահայկական նոր, այս անգամ կրթական կառոյց, որի գերխնդիրն է միասնական կրթական ճանապարհ ապահովել հայութեան բոլոր հատուածների համար։ Սա մեր պետութեան ռազմավարական հիմնախնդիրներից է»։
Այդ օրը ելոյթ ունեցան շատերը՝ գիտնականներ, մասնագէտներ, հիւրեր։ Բայց թերեւս բոլորից առաւել տպաւորուեց Կանադայից ժամանած ուսուցչուհի Սօսի Նագգաշեանի ելոյթի ամէնից դիպուկ ու միասնական աշխատանքի կոչող պատգամը՝ «Մեզ չէի՞ք սպասեր։ Մենք հոս ենք այլեւս՝ Հայաստան։ Եկած ենք՝ միասին աշխատելու, միասին խորհելու մեր բոլորիս վաղուան օրը»։

 

Մեր աշխատանքային առօրեան. ինչ եւ ովքեր

Լայն ու բազմաշերտ էր մատուցուած առարկայացանկը՝ արեւմտահայ ու արեւելահայ լեզուների, դասաւանդման մեթոդական հիմունքների, հեղինակային լեզուական դասընթացի, գրականութեան, պատմութեան, հայրենագիտութեան, սփիւռքագիտութեան ոլորտների, մանկավարժութեան եւ հոգեբանութեան, Աստուածաշնչեան լսումների, ազգագրութեան, պարի առանձնայատկութիւնների, երաժշտութեան ու կերպարուեստի մեթոդիկաների ընդգրկումով։
Մասնագիտական եւ լեզուական ընկալչական հանգամանքի թելադրութեամբ կազմուեցին երկու խմբեր, որոնցից առաջինում ընդգրկուեցին սփիւռքահայ նախակրթարանների ուսուցիչները՝ առանձին ծրագրով եւ առարկայական ցանկով, իսկ երկրորդ խմբում՝ ԱՊՀ երկրներից ժամանած միօրեայ վարժարանների մեր ուսուցիչները։ Կենտրոնի յարկի տակ հիւրընկալուել էին Աուստրալիայի, Բելգիայի Թագաւորութեան, Գերմանիայի Դաշնութեան, Եգիպտոսի, Թուրքիայի, Կանադայի, Լատվիայի, Յունաստանի, Ռուսաստանի Դաշնութեան, Սուրիայի, Վրաստանի եւ Ուկրաինայի 21 ուսուցիչներ:
Կենտրոնում դասերը յագեցած էին. առաւօտից օրական վեց ժամ բեռնուածութիւն, յետճաշին արդէն յաջորդում էին մշակութային ծրագրերը, զանազան նշանակութեան հանդիպումները պետական - քաղաքական, հոգեւոր - մշակութային գործիչների հետ։
Դասընթացները վարում էին Սփիւռքի եւ Հայաստանի ճանաչուած 15 գիտնական մանկավարժներ՝ Ֆրանսիայից՝ Սորբոնի Համալսարանի դոկտոր Հիլդա Գալֆայեան Փանոսեանը, Հայաստանի ԳԱԱ համակարգից՝ բանասիրութեան դոկտորներ Կառլէն Դալլաքեանը, Վազգէն Համբարձումեանը, գիտութեան թեկնածուներ Եդուարդ Մելքոնեանը, Ռուդիկ Հարոյեանը, ազգագրագէտ Հռիփսիմէ Պիկիչեանը, ԵՊՀից՝ ՌԴ ՄԳԱ անդամ Լեմուէլ Վալէսեանը, գիտութիւնների թեկնածու Նազիկ Յարութիւնեանը, ԵՊՀ աշխարհագրութեան բաժնի փոխդեկան Գուրգէն Յովհաննիսեանը, մանկավարժական համալսարանից՝ պրօֆ. պրօֆ. Սուրէն Դանիէլեանը, Եուրի Իւզբաշեանը, Լեմս Ներսիսեանը, Բարեփոխումների Կենտրոնից՝ գիտութեան թեկնածու Ալբերտ Նալչաճեանը, մեթոդիստ Կարինէ Թորոսեանը, Ս. Էջմիածնի Մայրավանքից՝ Սերժ Մայիլեանը։

 

Հայաստանի երկնքի տակ ...

Դասընթացների շրջանում, Շաբաթ եւ Կիրակի օրերին, ԿԳՆ Սփիւռքի բաժինը եւ Կենտրոնը կազմակերպում էին շրջապտոյտներ Հայաստանի տեսարժան վայրերով, ինչը ճանաչողական վիթխարի նշանակութիւն ունէր, եթէ նկատի ունենանք, որ ուսուցիչների մի մասն առաջին անգամ էր լինում Հայաստանում։
Ուսուցիչների մշակութային ծրագիրը վարում էր Հայկական Հանրագիտարանի աշխատակից Նաիրա Խլղաթեանը։ Մէկ ամսուայ ընթացքում Երեւանի մէջ եւ դէպի Հայաստանի տեսարժան վայրերն ու պատմամշակութային յուշարձանները կազմակերպուեցին յիշարժան այցելութիւններ։ Սփիւռքի ուսուցիչները եղան Ամբերդում, Աշտարակում, Գառնի - Գեղարդում, Դիլիջանում, Խոր Վիրապում, Ծաղկաձորում, Կեչառիսի վանահամալիրում, Հաղարծինում, Սաղմոսավանքում, Սարդարապատում, Սեւանում, Օհանավանքում, Օշականում եւ այլուր, անջնջելի տպաւորութիւններ ստացան Ս. Էջմիածնի Մայր Տաճա-րից եւ Վեհարանից, Ծիծեռնակաբերդից, Մատենադարանից, Ս. Փարաջանովի, Ա. Խաչա-տրեանի, Մ. Սարեանի, Յովհ. Թումանեանի, Աւ. Իսահակեանի տուն - թանգարաններից։
Սփիւռքահայ ուսուցիչներն այդ օրերին այցելեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ՀՀ ԱԳ Նախարար Վարդան Օսկանեանին, Սահմանադրական Դատարանի Նախագահ Գագիկ Յարութիւնեանին։
Սրտառուչ էր Հայաստանի Գրողների Միութիւնում նրանց հանդիպումը գրողների հետ։ Ինչպէս դիպուկ նկատեց Վարչութեան Նախագահ Լեւոն Անանեանը, Սփիւռքի ուսուցիչներն այսօր հայ ժամանակակից գրողների իրակա՛ն դեսպանն են նորահաս սերնդի առջեւ, այստեղից՝ կայացած զրոյց երկխօսութեան անկեղծութիւնն ու շահագրգռութիւնները։ Գրողներից ելոյթներ ունեցան Սիլվա Կապուտիկեանը, Անահիտ Սահինեանը, «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Անուշ Վարդանեանը, բանաստեղծներ Մետաքսէն, Եուրի Սահակեանը, Երուանդ Պետրոսեանը, գրականագէտ Շաւիղ Գրիգորեանը։
Սփիւռքահայ ուսուցիչների մեկնումից առաջ նրանց իր տուն հրաւիրեց մեր արձակի աւագագոյն ներկայացուցիչներից Անահիտ Սահինեանը։ Աղանդեր սեղանի շուրջ հաւաքուած բանաստեղծներ Սիլվա Կապուտիկեանը, Ֆրունզիկ Կիրակոսեանը, գրականագէտներ Կառլէն Դալլաքեանը, Ազատ Եղիազարեանը, ասմունքի վարպետ Սվետլանա Խանումեանը ուսուցիչների հետ խօսում էին հայ դպրոցի, հայ գրականութեան, լեզուի երկու ճիւղերի սերտացման հարցերի շուրջ, վերհանուեցին գրական յայտնի եւ «ծածուկ» պատմութիւններ հայ մեծերի կեանքից։ Գրական հանդիպման նոր ձեւաչափ էր սա, անկեղծութեան, նուիրումի, երկխօսութեան նոր որակ, ինչն անմոռաց կը մնայ ուսուցիչների, յատկապէս երիտասարդ մանկավարժների կեանքում։
Իսկ մինչ այդ Կենտրոն՝ ուսուցիչների հետ շահեկան հանդիպումների, սիրով այցելել եւ դասախօսութիւններով հանդէս էին եկել ՀՀ ԿԳ Նախարար, ԳԱԱ Ակադեմիկոս Եդուարդ Ղազարեանը, ՀՀ ԳԱԱ Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարեանը, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրէն Վ. Տէր-Ղեւոնդեանը, Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ռեկտոր Մ. Դաւթեանը։ Բանաստեղծներ Յովիկ Հովէեանը, Եուրի Սահակեանը եւ Ամալիա Գաբրիէլեանը մասնակցեցին Պրօֆ. Ս. Դանիէլեանի կազմակերպած գրական բաց դասին։

 

Ցտեսութի՛ւն, բայց ոչ հրաժեշտ ...

Դասընթացների արդիւնքներն ամփոփուեցին Օգոստոսի 18-ին։ Կենտրոնի կազմակերպած փակման հանդիսութեանը վերապատրաստուած 21 սփիւռքահայ ուսուցիչներ ստացան պետականօրէն վաւերացուած վկայագրեր՝ ԿԳ Նախարարի, Մանկավարժա-կան Համալսարանի ռեկտորի, Կենտրոնի տնօրէնի ստորագրութիւններով։
Հանդիսութեանը ներկայ էին բարձրաստիճան պաշտօնեաներ, ԱԺ պատգամաւորներ, գրողներ, դասաւանդած մասնագէտները, ուսուցիչները, բազմաթիւ հիւրեր:
Հանդէսը վարում էր տնօրէն Ս. Դանիէլեանը: Վեհափառ Հայրապետի ուղերձն ընթերցեց Ն. Արք. Պոզապալեանը։ Ողջերթի մաղթանքներով սփիւռքահայ ուսուցիչներին դիմեցին ՀՀ ԿԳ նախարար Եդ. Ղազարեանը, Համալսարանի ռեկտոր Մ. Դաւթեանը, ՀԳՄ Նախագահ Լ. Անանեանը, դասախօսներից՝ Հիլդա Գալֆայեան Փանոսեանը, Կառլէն Դալլաքեանը, Վազգէն Համբարձումեանը, ունկնդիր ուսուցչուհիներից՝ Ա. Բանոյեանը (Հալէպ), Թ. Ազնաւուրեանը (Կահիրէ), Թ. Մինասեանը (Աթէնք), Ս. Կարապետեանը (Բրիւսէլ) եւ Ո. Սունգուրտեանը (Սոչի)։
2000 թ. Օգոստոսի 2-ին երկու խմբերում անցկացուած «Ամենա-Ամենա...» իմացական մրցոյթը, որը ճանաչողական խրախուսիչ նպատակ էր հետապնդում, ընդգրկում էր գրականութեան, պատմութեան, լեզուի եւ աշխարհագրութեան հետաքրքրաշարժ նիւթեր: Եզրափակիչ հանդիսոււթեան օրն ամփոփուեցին մրցոյթի արդիւնքները. պարզ դարձաւ, որ առաջին մրցանակին՝ Թեհրանում տպագրուած Ստ. Մալխասեանի փառաբանուած քառահատոր բառարանին, արժանացել է Հալէպի Մխիթարեան վարժարանի ուսուցչուհի Ալին Բանոյեանը (Սուրիա): Այն սահմանել էր բարերար Լեւոն Ահարոնեանը (Իրան), որը գրքի հրատարակիչներից է:

Մրցոյթում 2րդ եւ 3րդ տեղերը գրաւեցին Եգիպտոսից վերապատրաստութեան եկած ուսուցիչներ Աւետիս Դիպանը (Ալեքսանդրիայի «Պօղոսեան» վարժարան) եւ Շաքէ Արթինեանը (Գահիրէի «Գալուստեան» վարժարան): Նրանց բաժին հասան դիտրոյթաբնակ Սեդա եւ Սարգիս Դէմիրճեանների սահմանած մրցանակները՝ (ԱՄՆ) իրենց իսկ կազմած «Սփիւռքահայ արդի գրականութիւն» երկհատոր ալմանախ գրքերը:

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը բոլոր ուսուցիչներին նուիրեց իր հրատարակած գրքերից՝ Զարեհ Խրախունի՝ «Ազատերգութիւն», Վարուժան Աճէմեան՝ «Ուրիշ առաւօտ մը», Խաչիկ Ամիրեան՝ «Հայերէնից փոխառեալ բառեր արդի թուրքերէնում»։ Ուսուցիչներին նախապէս դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ եւ գրքեր էին յատկացրել ՀՀ ԿԳ Նախարարութիւնը, ՀՀ Սահմանադրական Դատարանի Նախագահ Գագիկ Յարութիւնեանը, բանաստեղծ Լեւոն Միրիջանեանը, արուեստագէտ Հենրիկ Անասեանը (ԱՄՆ)։
Հարազատ դարձած երդիքի տակ բացուած «մնաք բարովի» սիրոյ սեղանին երկար ժամանակ թեւածում էին երգն ու ասմունքը։ Բոլորը յուզուած էին, բայց գիտակցում էին՝ սա բաժանում չէ, վաղը՝ վերամուտին, նոյն գործն են անելու իրենց համայնքներում, իրենց դպրոցներում, իրենց աշակերտների համար, որոնք սպասում են հայրենիքից բերած իրենց տպաւորութիւններին, իրենց խօսքին։

Այժմ Սփիւռքի 21 ուսուցիչներ աւելի ուժեղ են զգում իրենց ոչ միայն ձեռք բերած գիտելիքներով, այլեւ միմեանց սատար կանգնելու վստահութեամբ։ Այս երդիքը չեն մոռանալու։ «Մենք դեռ կը գանք։ Կը գանք մեր յաջողութիւններով, կը գանք մեր աշակերտներով։ Ահա թէ ինչու հիմա իրար հրաժեշտ չենք ասում, այլ միայն‎՝ ցտեսութիւն»։
Ժամանակը ցոյց տուեց, որ իրենք ճիշդ էին։
Ժամանակը սկսել է աշխատել իրենց օգտին։

 

2000 թ. առաջին դասընթացներին մասնակցած եւ վկայագիր ստացած
սփիւռքահայ ուսուցիչների ցանկ


1. Արթինեան Շաքէ (Եգիպտոս, Գահիրէ, «Գալուստեան» ազգային վարժարան)
2. Ազնաւուրեան Թամար - Դանիէլա (Եգիպտոս, Ալեքսանդրիա, «Պօղոսեան» ազգային վարժարան)
3. Բանոյեան Ալին (Սուրիա, Հալէպ, «Մխիթարեան» վարժարան)
4. Դիպան Աւետիս (Եգիպտոս, Ալեքսանդրիա, «Պօղոսեան» ազգային վարժարան)
5. Զաքարեան Ալիս (Եգիպտոս, Գահիրէ, «Նուպարեան» ազգային վարժարան)
6. Զօհրապեան Լիանա (Վրաստան, Թբիլիսի, թիւ 95 հայկական միջն. դպրոց)
7. Թումաղայեան Կարինէ (Ուկրաինա, Կիեւ, Կիրակնօրեայ վարժարան)
8. Կարապետեան Սիմա (Բելգիա, Բրիւսէլ, «Սեւան» վարժարան)
9. Մինասեան Թագուհի (Յունաստան, Աթէնք, «Զաւարեան» վարժարան)
10. Միշոյեան Սօսի (Սուրիա, Հալէպ, «Հայկազեան» վարժարան)
11. Միրզոյեան Էլզա (Լատվիա, Ռիգա, Կիրակնօրեայ վարժարան)
12. Մովսիսեան Լիւսի (Յունաստան, Աթէնք, «Զաւարեան» վարժարան)
13. Նագգաշեան Սօսի (Կանադա, Մոնրէալ, «Նարեկ» վարժարան)
14. Նայիր Թալին (Թուրքիա, Ստամբուլ, «Սահակեան - Նունեան» վարժարան)
15. Սաբրիչեան Արշալոյս (Յունաստան, Աթէնք, «Զաւարեան» վարժարան)
16. Սաֆարեան Թերէզ (Վրաստան, Թբիլիսի, թիւ 109 հայկական միջն. դպրոց)
17. Ստեփանեան Ազնիւ (Սուրիա, Հալէպ, Հայագիտական դասընթացներ)
18. Սունգուրտեան Ոսկի (Ռուսաստանի Դաշնութիւն, Սոչի, թիւ 85 հայկական դպրոց)
19. Վարդումեան Լուսինէ (Գերմանիա, Հեսսէն, Մշակոյթի Միութեան վարժարան)
20. Տէր - Աւետիսեան Գրիգոր (Աուստրալիա, Մելբուրն, «Ակինեան» վարժարան)
21. Տէր - Աւետիսեան Սիրարփի (Աուստրալիա, Մելբուրն, «Ակինեան» վարժարան)