ԿՐԹԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԷՊԻ ՍՓԻՒՌՔ

 

ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ.

ԸՆԿԱԼՄԱՆ ԵՒ ԻՒՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

... ՄԻ ՓՈՔՐ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹԻՒՆ «ՈՒՐԻՇ» ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

Արեւմտահայ կրթամշակութային աշխարհի մասին խորհրդային ժամանակների Հայաստանում միջնորդաւորուած գնահատականներ կային։ Շատ պաշտօնեաների թւում էր, թէ «նրանք»՝ սփիւռքահայերը, բուրժուական կամ «ազգայնական» իրենց մտայնութեամբ իբր կարող էին խաթարել մեր երազը, խանգարել մեզ «համայնավար երջանկութեան» հասարակարգ կառուցելիս։ Դրա համար, իրենց կարծիքով, դրուած էին յուսալի գաղափարական արգելափակոցներ լեզուի, գրի, գրականութեան, պատմութեան ընկալումների ճանապարհին, որ ընդգծուէր մէկընդմիշտ հեռացումը ազգային «խոտոր» անցեալից։ Տարանջատուած էին «մեր» ու «նրանց» մշակոյթները եւ, ի հա՛րկէ, կրթութիւնը։ Անգամ անուանումների մէջ էր դա նկատւում՝ «դպրոց» եւ «վարժարան»։ Վերաձեւուեց նաեւ հայոց պատմութիւնը. Արաքսից այս կողմ լռեցին տարագիր ու եղերական ճշմարիտ արձագանգները, արտաքսուեց «անլռելին» զանգակատներից, քանդուեցին եկեղեցիները, խարխլուեց միջնադարից ձգուող մշակութային ամրոցների ոգին։
Այդ նոյն շրջանում Սփիւռքն սկսեց ապրել իր ինքնուրոյն ընդհատ կեանքով, յիշողութեամբ կամ անցեալով, բայց ոչ ապագայի հանդէպ հայեցի կենսունակութեամբ, քանի որ ներկան նրան, ուզէր թէ չուզէր, նետում էր օտար «պարտէզներ»։ Որքան սփիւռքահայը «դժգունանում էր» իբրեւ հայ, այնքան փայլում էր օտար միջավայրում՝ իբրեւ յաջողակ անհատ, իբրեւ ամերիկացի կամ ֆրանսիացի։ Դժգունանալը յարաբերական էր, անշուշտ. պարզապէս յուշերը, յիշատակները կարող էին ակամայ կտրել նրան առօրէական հեւքից, եւ նա փախչում էր նաեւ յուշերից, որ մնայ ալիքների վրայ օրօրուող լաստերին։

 

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՁՆՀԱԼ Է.
ԿՐԹՈՒԹԵԱՆ ԿԻՍԱԲԱՑ ԴՌՆԵՐ, ՎԱԽՎՈՐԱԾ ԾԻԿՐԱԿՈՒՄՆԵՐ

Հեռաւոր 1962-ին Խորհրդային Հայաստանը կիսով չափ բացեց կրթական համակարգի իր դռները, եւ սփիւռքահայ ուսուցիչները քաղաքական ձնհալի առաջին ծիծեռնակներ դարձան. տարիներ շարունակ եկան օգոստոսեան խորհրդակցութիւնների։ Եկան ճանաչելու Հայաստանը, եկան երազի երկիր, այն երկիրը, որը, սակայն, ուրիշ շնչառութիւն ունէր, ուրիշ խնդիրներ։
Բանաստեղծ, խմբագիր, բայց եւ ուսուցիչ Մուշեղ Իշխանը, որ համարձակուել էր գալ ուսուցչի հանգամանքով վերապատրաստուելու, յիշում էր երկաթեայ ճաղերով համակարգը, որին բախուել էին իր հարազատները՝ մայրը, եղբայրը, քոյրը, երբ 1947ի ներգաղթի գայթակղութիւնը շրջուեց հենց ներգաղթողների դէմ։ «Լաւ որ եկաւ, - յուզմունքով ասում էր հայրենիքում եղբօր երգերի յամառ ջատագով քոյրը՝ Յուշիկ Ճենտերէճեանը, - չէ՞ որ 37 տարի մայրիկին չէր տեսած։ Դիւրին է ըսելը ... Բայց մե՜ղք որ իր հետ չկրցաւ սահմանէն ներս բերել բանաստեղծական հատորները։ Ինք փարեցաւ մօրը եւ մայր հողին, սակայն իր երգը մայր հայրենիքին փարելու դեռ ունէր սպասումի երեք տասնեակ տանջալի միջոց՝ ճիշդ իր «Սպասում սիրոյ» վիպակին խորագրի պէս ...»։
Այսպէս թէ այնպէս, սկսեցին հայրենիք գալ Սփիւռքի մեր ուսուցիչները։
Եկան, երբ այլեւս արիւնարբու բռնակալը չկար, եկան, երբ «անհատի պաշտամունքի» մասին թոյլ էր տրւում արդէն բարձր ձայնով խօսել։ Եկան մեր ուսուցիչները, ու որոշ իմաստով փոխուեց իրենց պատկերացումը հայրենիքի խորհրդի մասին։ Ճի՛շդ է, երազը ճեղք տուեց յաճախ, բայց սէրը, հայ լինելու հպարտութիւնը մնաց գերիվեր։
Եւ Հայաստանն էլ աստիճանաբար ջերմութեամբ էր լցւում «ուրիշ» հոգեբանութեամբ, «ուրիշ» տրամաբանութեամբ առաջնորդուող հայերի հանդէպ։
Իսկ այդ «ուրիշը» ուրիշ բան չէր, եթէ ոչ ազգային ինքնութեան նախապատուութիւն։
Սփիւռքի վարժարանների ուսուցիչը խորհրդային ցուցադրական բնոյթի դասընթացներին գուցէ շատ բան առաւել կռահեց, քան իւրացրեց, մասնագիտութեան առումով քիչ ու միչ սովորեց, ձեռք բերեց մեթոդական որոշ փորձառութիւն, շփումները զանազան օջախների հետ հարստացրին նրա ազգային հոգեաշխարհը։ Սակայն կարեւորը նրա համար իրական Հայաստանը ներքնապէս ճանաչելու ձգտումն էր։

ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ ...

Պէտք է ընդունել, սակայն, որ հիմնականում արեւմտահայութեան զանգուածի ձգտումն այդպէս էլ մնաց որպէս ձգտում, քանի որ Խորհրդային Հայաստանի կրթամշակութային դռները վախվորած բացուեցին արտասահմանից եկած հայ ուսուցիչների առջեւ։ Գաղափարի սահմանագիծը բաւական ընդգծուած էր, ըստ էութեան՝ վիհ կար բացուած ժողովրդի երկու հատուածների միջեւ։ Այդ վիհը խորացել էր խորհրդային կայսերապաշտ նկրտումներից։
Դասընթացները ցոյց պիտի տային համայնավար կրթական համակարգի առաւելութիւնները միւսների համեմատութեամբ։ Եթէ մի կողմ դնենք ազգային գաղափարների ու մտածողութեան դէմ յայտնի սահմանափակումները, որոնք խնամքով գործադրւում էին հայրենի դպրոցներում, կրթական որակական յատկանիշները իսկապէս մրցունակ դուրս եկան՝ ի մասնաւորի ճշգրիտ գիտութիւնների համակարգում։
Հակասութիւնները խորն էին. նախ, նշենք հայութեան երկու հատուածների լեզուամշակութային համակարգերի անընտելութիւնը, որը միայն երկտակ ուղղագրութեան սահմաններում չէր։ Կար նաեւ դրանից բխող գրամշակութային բարդոյթը, որ չէր կարող անդրադարձ չձգել Հայրենիք - Սփիւռք յարաբերութիւնների եւ համայնքների հայեցի ուսումնառութեան անվերջանալի խնդիրների վրայ։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՌՈՅՑԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆ

Երկար սպասուած անկախութիւնը տասնամեայ ժամկէտով ընդհատեց կրթական միասնական աշխատանքի սիրողական, բայց անպայմանօրէն դրական փորձը։ Դա անակնկալ էր, բայց՝ բացատրելի։
Միասնութեան կրթական դաշտի ըղձանքը թերեւս ունէինք, սակայն իրականում անպատրաստ էինք համակարգի ձեւափոխումներին, իսկ կայացման եղանակները մնում էին դեռեւս մշուշոտ։
Բոլորս գիտենք, թէ ինչ ծանրագոյն շրջան էր ապրում հայրենիքը։ Նորանկախ յարաբերութիւնները բոլորովին նոր պահանջներ էին բերում, որը գիտակցում էին ժամանակի մտաւորական առաջաւոր ուժերը ե՛ւ Սփիւռքում, ե՛ւ այստեղ։ Փորձարկումները փորձութեան էին ենթարկում դպրոցը եւ անգամ նորաթուխ մասնաւոր համալսարանները, որոնք աճում էին ժամ առ ժամ, սակայն առանց լուրջ կրթական բազային յենքի։ Գուցէ ելքերի անյուսութիւնից էր, որ շատ արագ փոփոխւում էին կրթութեան նախարարները, սակայն յամառօրէն շարժման ուղղութեան ուրուագծերը դեռ չէին երեւում։
Ինչեւէ, գաղափարը չէր կարող կորսուել մանրախնդիր առօրեայի մէջ։
Անհրաժեշտ էր ստեղծել պետական, բայց եւ միաժամանակ համահայկական կրթական զօրեղ կառոյց, որը կարողանար գաղափարի շուրջ համախմբել Սփիւռքի եւ Հայրենիքի գիտամանկավարժական ներոյժը։

ԵՒ ԱՐԴԻՒՆՔՈՒՄ ...

Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան եւ Գիտութեան Նախարարութեան համակարգում իննսունականների կէսերին կեանքի կոչուեց «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը՝ որպէս Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնական առանձին ստորաբաժանում։ Այն ձեւաւորուեց որպէս սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստութեան հիմնական կրթական օղակ, որն իր աշխատանքները համակարգեց Սփիւռքի կրթօջախների առջեւ ծառացած ռազմավարական խնդիրների ու Հայաստանի կրթական համակարգի ուսանելի հարուստ փորձի լոյսի տակ։
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը մինչեւ 2000 թուականը պատրաստեց գործունէութեան կանոնադրական փաստաթղթեր, որոնք, որպէս գործունէութեան ուղենիշներ, հաստատուեցին ՀՀ ԿԳՆ Կոլեգիայի նիստերում։

ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ, ԱՐԴԻՒՆԱՒՈՐ ՄԵԿՆԱՐԿ, ՆԿԱՏԵԼԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

Կենտրոնը տարիների ընթացքում կազմել է վերապատրաստութեան ուսումնական մի շարք յատուկ ծրագրեր՝ առարկայական մասնաւորուած ցանկերով, որոնք մի քանի տարի շարունակ Սփիւռքի կրթական տարբեր հաստատութիւններում եւ Երեւանում ենթարկուել են մասնագիտական շահագրգիռ քննութեան, անցել անհրաժեշտ փորձաշրջան։ Ուսումնական ծրագրի կազմումին իրենց մասնակցութիւնն են բերել Սփիւռքի կրթական եւ գրամշակութային համակարգի ճանաչուած գործիչներ։ Ժամանակի ընթացքին կատարուել են իրատես շտկումներ։ Կենտրոնի համար կողմնորոշիչ են եղել դեռ 1996 թ. Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած սփիւռքահայ ուսուցիչների առաջին համագումարի հիմնադրոյթները։
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի յետագայ աշխատանքների նպատակասլացութեան առումով սկզբունքային նշանակութիւն ստացաւ 1999 թ. Դեկտեմբերի վերջին Հայրենիք Սփիւռք կառավարական յանձնաժողովի խորհրդակցութիւնը, որտեղ Հանրապետութեան Նախագահ Ռոբերտ Քոչարեանը հաւանութիւն տուեց ԿԳ Նախարարութեան ներկայացրած սփիւռքահայ ուսուցիչների՝ ուսումնաառարկայական նոր բովանդակութեամբ վերապատրաստութեան ծրագրին։ Մենք խորութեամբ ենք ընկալում Նախագահի ծրագրային խօսքը՝ ուղղուած «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում մեկտեղուած ուսուցչութեանը՝ «Հայաստանի Երրորդ Հանրապետութիւնը վճռականօրէն յայտարարում է, որ ինքը ոչ միայն հայաստանաբնակ, այլեւ աշխարհասփիւռ ողջ հայութեան պետութիւնն է»։
Եւ իսկապէս, մեր դասընթացները կազմուեցին Սփիւռքի ամենօրեայ վարժարանների տարրական, միջին կարգի եւ աւագ դպրոցի ուսուցիչների համար՝ առանձին - առանձին, մշակուեց նաեւ յատուկ ծրագիր շաբաթօրեայ վարժարանների ուսուցիչների համար՝ իրենց իսկ նախանձախնդիր մասնակցութեամբ։
Սկզբից եւեթ մեր ուշադրութեան կենտրոնում են եղել նաեւ ԱՊՀ եւ Բալթեան երկրների ամենօրեայ եւ կիրակնօրեայ վարժարանների ուսումնական խնդիրները, որոնց համար 2000 թ. սկսած՝ ծաւալել ենք առանձին ուսումնամեթոդական աշխատանք։
Դասընթացները պայմանագրային սկզբունքներով վարել են Հայաստանի Հանրապետութեան, ինչպէս նաեւ ԱՄՆի, Արգենտինայի, Թուրքիայի, Իսրայէլի, Իտալիայի, Լիբանանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ճանաչուած հայ գիտնական - մանկավարժները:
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը շատ արագ ձեռք բերեց միջազգային համբաւ։ Բաւական է ասել, որ 2008-ի շեմին Հայաստանում դասընթացների բովով անցել են միայն Սփիւռքի 31 երկրների շուրջ 120 վարժարանների 285 ուսուցիչներ եւ հայագէտներ։ Դա բաւական յուսադրող ցուցանիշ է։ Դասաւանդող մասնագէտների քանակը մօտենում է 150-ի, որոնցից միայն 14ը ակադեմիկոսներ են։ Կարելի է ասել, որ մենք ստեղծել ենք միասնական մէկ թիմ, որ հանդէս է գալիս մշակուած յատուկ ծրագրերով, մանկավարժական, մեթոդական խոր պատրաստուածութեամբ։

ԴՈՆ - ՔԻՇՈԹԻ ՅԱՄԱՌՈՒԹԻՒՆ՝ ՈՒԾԱՑՈՒՄԻ ԴԷՄ

Մենք գիտակցում ենք, որ վերջին իննսուն տարին արեւմտահայերէնը եւ արեւմտահայ գրականութիւնը շարունակական նահանջի, մարումի, վայրէջքի սուր ոլորաններում են։
Մենք աշխատում ենք այն բարձր գիտակցութեամբ, որ սատարում ենք ամենակուլ նահանջի, ուծացման դէմ Դոն - Քիշոթի յամառութեամբ կռուող Սփիւռքի հայ ուսուցչին։ Մեր գերագոյն նպատակը նրան ժամանակակից կրթութեան բովանդակութեամբ զինելն է, ուսուցչի մասնագիտացումին տէր դարձնելը։ Ահա թէ ինչու այժմ ձեռնամուխ ենք զարկել միասնական դասագրքերի, մեթոդական անհրաժեշտ ձեռնարկների պատրաստութիւնը։ Մենք նրա համար ապահովում ենք ոչ միայն արեւմտահայ եւ արեւելահայ բազային առանձին մակարդակներ, այլ նաեւ դասաւանդման արդիւնաւորութեան տեսակէտից բխող ուղղագրական գրալեզուային միջավայր։
Լեզուն մտածողութիւն է։ Այն պաշտպանել նշանակում է ապահովել հայ մարդու վաղուայ հայեցի օրը։ Եթէ հայի ազգային մայր կրթութիւնը ապահովուի, նա տասնամեակներ անց այլեւս չի ունենայ լինելութեան երկուութեան բարդոյթներ, որ կարճ ճանապարհով ամերիկահային զուտ ամերիկացի է դարձնելու, արգենտինահային՝ արգենտինացի։
Նման պարագային մենք սփիւռքահային ենք կորցնում։ Հայրենիքը թուլա-նում է իր ազգային մարդկային պաշարների, հաւաքական ամբողջութեան մասնատման արդիւնքում։ Իր ինքնութիւնը կորցնելու ճանապարհին է արեւմտահայը։ Նրա մշակոյթի առկայ վիճակը միասնական ժողովրդի ջլատման առաջին ցուցիչն է։ Հայրենիք ունենալով՝ մենք հոգու միջնաբերդ ենք կորցնում։
Ահա թէ ինչու է կեանքի կոչուել «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը, որը արեւմտահայ մշակութային պաշտպանութեան թիւ առաջին օջախն է նորանկախ Հայաստանում։
Ահա թէ ինչու պարզ, բայց տարողունակ նշանառութեամբ, խանդով ենք մօտենում մեր ընտրած կարգախօսին՝ «Միասնական կրթական ճանապարհ»։
Միասնակա՛ն, այսինքն՝ հայութիւնը համախմբող կրթական արժէքների ճանապարհ։ Այն ընդգրկում է մեր առօրեան եւ գործօն նպատակները։ Սպասման մէջ գտնուողի եւ կորուստներ արձանագրողի վիճակը առաջին հերթին պիտի յաղթահարենք ինքներս մեր մէջ։
Արեւմտահայն ու չերկրորդուած հայ լեզուն պիտի շարունակեն վերելքի ճամբան մեր ունկերում: Չթողնե՛նք, որ թանգարանային արժէք դառնան արեւմտահայ եւ սփիւռքահայ գրականութեան ածուները, յիշե՛նք շահնուրեան ահազանգը՝ կը նահանջէ՜ լեզուն: Չթողնենք, քանի որ այս ամէնը մե՛ր հարստութիւնն է:
Մե՛րն է արեւմտահայ մշակոյթը, մե՛րն է արեւմտահայերէնը, մե՛րն են Սփիւռքի պատմութիւնն ու բարդոյթները։
Իսկ սա նշանակում է, որ մե՛նք պիտի տէր կանգնենք մեր միասնական գրականութեանն ու լեզուին, որպէսզի արեւմտահայն ու արեւելահայը գիտակցեն, թէ ինչ իրաւունքներ ունեն իրենց ինքնութեան պաշտպանութեան համար, քանի որ ինքնութիւնը ծաւալւում է մշակոյթից։
Սիրելի՛ ընթերցող, թերթի՛ր այս տարեգիրքը եւ խորհի՛ր, թէ ինչպէս պէտք է հայրենիքում առաւել նպատակային ուղղութիւն հաղորդել Սփիւռքին վերաբերող կրթամշակութային աշխատանքներին, որոնք անցած տասնամեակում Կենտրոնը ընտանի են դարձրել արտերկրի բոլոր գաղթօջախներում։


Սուրէն Դանիէլեան

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի հիմնադիր տնօրէն