Նորութիւններ

ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԵՐԳԸ ՀԱՅՐԵՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՆ

14 Հունիս 2011

  Փարիզի «Մաշտոց» Հայ լեզուի պաշտպանութեան միութիւնը եւ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը 2002 թուականից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վեց տասնեակից աւելի դպրոցներում իրականացնում են արեւմտահայ մէկամեայ ծրագիր: Այս անգամ այն իրագործւում էր Գեղարքունիքի մարզի 5, Հրազդանի 1 եւ Երեւանի 2 դպրոցներում: Ծրագրի շրջանակում 8-րդ եւ 10-րդ դասարանցիները հնարաւորութիւն են ստանում մէկ տարի շարունակ հաղորդակից դառնալու արեւմտահայերէնի լեզուական իրողութիւններին եւ արեւմտահայ եւ սփիւռքահայ հեղինակների ստեղծագործութիւններին:
  Յունիսի 12-ին «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը մարդաշատ էր` աշակերտներ, ուսուցիչներ, հիւրեր: Աւանդոյթի համաձայն` տեղի ունեցաւ տարեվերջեան մրցոյթ-ստուգատեսը, որին մասնակցում էին 8 դպրոցների 48 աշակերտներ: Մրցոյթը վարում էր դասընթացի համակարգող Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը: Յանձնախմբում ընդգրկուած էին Կենտրոնի մեթոդիստներ, դասընթացի տեսուչներ Յովհաննէս Եղոյեանը, Մարօ Խաչատրեանը եւ Քնարիկ Աբրահամեանը:
  Մրցոյթն անցկացուեց 2 փուլով: Սկզբում երեխաները պատասխանեցին գրականութեան հարցերին, ապա անցկացուեց լեզուական գիտելիքների ստուգում` գրաւոր եւ բանաւոր:
  Ուրախութեամբ պէտք է նշել, որ բաւական բարդ էր յանձնախմբի աշխատանքը, քանի որ թիմերը լաւ էին պատրաստուած:
59 միաւորով լաւագոյն դասարան ճանաչուեց Գեղարքունիքի մարզի Ակունք գիւղի թիմը:
  «Լաւագոյն աշակերտ» անուանակարգում առաջին կարգի մրցանակի տիրացաւ Երեւանի թիւ 136 դպրոցի աշակերտ Ելենա Թաթոսեանը, երկու երկրորդ մրցանակները նուաճեցին Արփինէ Աղաբեկեանը (Ակունք) եւ Յասմիկ Մադէեանը (Հրազդան, թիւ 1 աւագ դպրոց):
  Ընդգծենք, որ բոլոր 48 աշակերտները Կենտրոնից նուէր ստացան Զարեհ Խրախունու «Ազատերգութիւն » երեւանեան ժողովածուն:
Մրցանակներ էին նախատեսուած նաեւ ուսուցիչների համար:
  Այստեղ արդէն չափանիշները մի փոքր այլ էին. հաշուի էր առնւում այն հանգամանքը, թէ ինչպէս է իրագործուել ծրագիրը տուեալ դպրոցում` դասատախտակի ճիշդ կազմում, հանդիսութիւնների կազմակերպում, դասարանի ձեւաւորում եւ այլն: «Լաւագոյն ուսուցիչ» անուանակարգում Սուրէն Դանիէլեանի «Միջուկի տրոհումը» գիրքը իբրեւ մրցանակ ստացան Իրինա Ասոյեանը (Ակունքի դպրոց), Սոֆիա Մելիքեանը (Հրազդանի թիւ 1 դպրոց) եւ Յասմիկ Գաբրիէլեանը (Ճամբարակի թիւ 4 դպրոց): Իրինա Ասոյեան, Յասմիկ Գաբրիէլեանը, Աննա Գասպարեանը (Մեծ Մասրիկի հիմնական), Սոֆիա Թալալեանը (Երեւան, թիւ 91), Յասմիկ Ղալէչեանը (Ճամբարակ, թիւ 1), Սոֆիա Մելիքեանը, Գոհար Մելոյեանը (Երեւան, թիւ 136) եւՄարիէտա Պետրոսեանը (Ձորագիւղի հիմնական)  պարգեւատրուեցին   «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի Պատուոգրերով:

Նշենք, որ մէկամեայ ծրագիրը, ինչպէս նաեւ ամփոփիչ մրցոյթը իրականացաւ Փարիզի «Մաշտոց» Միութեան եւ նրա նախագահ Հիլդա Գալֆայեան - Փանոսեանի հովանաւորութեամբ, ում ուսուցիչները եւ աշակերտները շնորհակալական ջերմ ու սրտաբուխ խօսքեր ուղղեցին: