Նորութիւններ

ՀԻՒՍՈՒԱԾ ԱՌԱՍՏԱՂ ՌՈՊԷՐ ՀԱՏՏԷՃԵԱՆԻ ՀԱՄԱՐ

25 Հունվար 2018

 

Մանկավարժական Համալսարանի երեք ուսանողների շնորհաւորանքը Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ, արձակագիր Ռոպէր Հատտէճեանի ծննդեան օրուայ առթիւ, որը մի քանի ամիս առաջ նշել է նաեւ իր խմբագրապետութեան 50 ամեակը:
Շնորհաւորանքը լոյս է տեսել օրաթերթի 2018 թ. Յունուարի 22-ի համարում:

  Համարձակւում ենք դիմել Ձեզ հենց այսպէս՝ սիրելի՛ Պրն. Ռոպէր,
Դրա իրաւունքը տալիս են Ձեր «Յուշատետր»ի ծովածաւալ հատորները, Ձեր ստեղծագործութիւնների գրութեան հաղորդական ոճը, որ երկխօսութեան գրաւիչ դաշտ է, իմացական անսպառ աղբիւր մեզ պէս ընթերցողների համար։ Վերջապէս դրա իրաւունքը մենք ակամայ ստացանք մեր սիրելի դասախօս, Պրօֆեսոր Սուրէն Դանիէլեանից, որի շնորհիւ մեզ համար բացուեց գրական նոր սահման-«առաստաղ»՝ Ձեր երկհատոր «Առաստաղ» վէպի հմայքը։ Այն անցագիր է դէպի Ձեր ներաշխարհը, այն Ձեր ու մեր ընթերցող, ստեղծագործող սերունդների միջեւ վստահելի կապի յուսալի կամուրջ է, որի վրայով մենք հասնում ենք Ձեր անհատականութեան, Ձեր փիլիսոփայութեան, այսինքն՝ Ձեր գրական միջնաբերդի մատոյցները։
  Եւ մենք, սիրելի՛ Պրն. Ռոպէր, անմնացորդ սիրահարուած ենք Ձեր գրականութեան հոգեվերլուծութեան բարձր շնորհին, աշխարհատեսութեանը, մասնաւորապէս Ձեր վէպի հերոսների յոյզերին, գործողութիւններին, մտածողութեան ծալքերին, ինչու չէ, նաեւ նրանց վիպական քայլերին, թէկուզ երբեմն անսպասելի կամ անմեկնելի արարքներին տրուած Ձեր բնութագրող, կողմնորոշիչ գնահատականներին։
  Նախ, ովքե՞ր ենք մենք. երեք պարզ, բայց ուսումնատենչ ուսանողուհիներ՝ Հայաստանի տարբեր շրջաններից, սովորում ենք Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի բանասիրական բաժանմունքի մագիստրոսական երկրորդ լսարանում։ Մէկ տարի անց աւարտելու ենք ու ստանալու մագիստրոսի գիտական առաջին աստիճանով բարձրագոյն վկայագրեր։ Սիրում ենք գրականութիւնը, սիրում ենք մեր լեզուն, որը Դուք արեւմտահայ աւանդոյթի ուժով կոչում էք Մեծասքանչ։
  Գրականութեան ու լեզուի թովչանքի մէջ մենք սիրում ենք այն, ինչն անծանօթ է, այն, ինչը բարձրերում է, թերեւս՝ անհպելին։ Մեր դասախօսի շնորհիւ գրական բարձրերում գտել ենք Ձեր ներաշխարհը, Պրն. Ռոպէր, որը չափանիշի առաստաղ է դարձել մեզ համար ու ուղեկցելու է մեզ ողջ կեանքում, ուր էլ որ լինենք։ Այդ առաստաղը թոյլ չենք տայ որ փշրուի, ինչպէս որ ձգտում ենք մեր հոգու անձաւներում եւ լեզուի քիմքերի վրայ պահել Սփիւռքի եւ մեզ համար սրտի դող դարձած Արեւմտահայերէնը, ինչպէս որ յուշել էք Դուք «Առաստաղը» վէպում։
  Միանգամից ասենք, որ մեզ համար ուսանելի են Ձեր վէպի երեք առանցքային տիպարները, երեք սերունդ՝ անանուն ծերունին, որը մեր անցեալն է խորհրդանշում, դուստրը՝ Սաթենիկը, մեր ծնողների խորհրդանիշը, եւ օտարանալու շեմն արդէն անցած, հայաշխարհից մէկընդմիշտ փրթած, բայց դեռ մերը մնացած Ռուբիկը, մե՛ր սերնդակիցը։ Նրանք ամբողջացնում են նոր ժամանակների տխրամած աշխարհընկալումը, բացայայտում ազգային կեցութեան եռափեղկ պատուհանները։
  Ու այսօր, սիրելի՛ Պրն. Ռոպէր, Ձեր ծննդեան այս հրաշալի օրը, կարող ենք վստահաբար հաստատել, խաղարկելով Ձեր խորապէս մշակած խորհրդանիշները, որ ամէնից պայծառ շողում է Ձեր աստղը, բայց ոչ իբրեւ «ապրելու դատապարտուածութիւն», որը մենութեան ցաւի վկայութիւն է թւում, այլ իբրեւ գոյապաշտութիւն, ապրելու բերկրանքի իմաստաւորում։
  Շնորհակալութի՛ւն, որ Դուք կաք։ Մեր գրող-ընթերցող երկխօսութիւնը, Պրն. Ռոպէր, հաւատացէք, սկսուած է ու յարատեւելու է, դառնալու է շարունակական՝ լինի մեծ քաղաքներում ու գիւղերում, Պոլսում, Կանադայում թէ Հայաստանում, որտեղ ճամբայ է հարթում Ձեր գիրքը, որտեղ ԱՌԱՍՏԱՂԸ երբեք չի անհետանում, որքան էլ, ինչպէս դիպուկ նկատել էիք Դուք, ամէն մէկս մենութեան կսկիծ, այնուհանդերձ, ունենում է։
  Դուք Ձեր գրքով վերամիաւորում էք մեզ։
  Դուք պարզում էք մեզ բոլորիս համար ազգային մեր միասնական առաստաղը։
  Մենք տեղաւորւում ենք այնտեղ, ինչպէս որ կանք՝ կեանքում թէ մեր այս նկարում, որ ներկայացնում ենք Ձեզ։
  Եւ տեղաւորւում ենք Ձեզ հետ, Ձեր կողքին։
  Սիրելի՛ Պրն. Ռոպէր, այս ամէնն ընդունէք իբրեւ սիրոյ խոստովանութիւն եւ ծննդեան օրուայ անակնկալ, բայց անպաճոյճ շնորհաւորանք։

                                  Երէկ դեռ անծանօթ, իսկ այսօր արդէն Ձեր առաստաղի տակ բոլորուած՝
                                  Նելլի Թադէոսեան, Լիանա Մերիխանեան, Անահիտ Միքայէլեան

                                  Երեւան, 20 Յունուար, 2018