Նորութիւններ

ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ԴԵՍՊԱՆՆԵՐ

31 Հուլիս 2017

  Յուլիսի-ին Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցաւ սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստութեան դասընթացի փակման հանդիսութիւնը, որի ընթացքում տրուեցին վկայագրեր:
Աշխատակազմի եւ միջազգային համագործակցութեան գծով պրօռեկտոր Արա Երեմեանը շնորհակալութիւն յայտնեց ուսուցիչներին վերապատրաստման ծրագրին մասնակցելու եւ Սփիւռքում ազգապահպան առաքելութեան համար:
  Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան արտաքին կապերի եւ Սփիւռքի վարչութեան պետ Արկադի Պապոյեանը նկատեց, որ ուսուցիչների առաջարկները հնարավորութիւն տուեցին նախանշել խնդիրների լուծման նոր ուղիներ, ամենամեայ վերապատրաստումները կատարելագործելու նոր եղանակներ: Արկադի Պապոյեանը յոյս յայտնեց, որ վերապատրաստուող ուսուցիչների շարքերը գնալով կ'աւելանան՝ ի նպաստ Հայաստան-Սփիւռք կապի ամրապնդման:
  «Սփիւռք» Գիտաուսումնական կենտրոնի տնօրէն եւ դասընթացի համակարգող պրօֆ. Սուրէն Դանիէլեանը իր ելոյթում նշեց, որ, ճիշտ է, կազմակերպիչները ջանացել են, որ դասընթացը անցնի հնարաւորինս արդիւնաւէտ, բայց եթէ չլինէին ուսուցիչների պատրաստակամութիւնն ու առաքելութեան բարձր գիտակցութիւնը դժուար կլիներ խօսել անցած միասնական հրաշալի ճանապարհի մասին: Նա յուզումով խնդրեց չմոռանալ այս ուսումնական գործընթացում ամենից կարեւոր օղակի՝ աշակերտի մասին. մեր բոլոր ջանքերը ուղղուած են լինելու աշակերտներին հրամցնելու բանալիները, որոնցով պիտի ազգայինի ու մարդկայինի դռները:
  Պրօֆեսորը վստահեցրեց, որ բուհի դռները բաց են սփիւռքահայ ուսուցիչների առջեւ եւ այս աւարտով ցտեսութիւն չեն ասում, այլ ողջունում նրանց յարատեւ ներկայութիւնը Մանկավարժական համալսարանում:
  Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստեանն յաւելեց, որ մէկամսեայ դասընթացները նշան են առ հայրենիք եւ մայրենի լեզու ունեցած սիրոյ. «Բացէք հայրենիքի դռները հայոց լեզուով, այն միակ բանալին է»:
  Մոսկուաբնակ ուսուցչուհի Թամարա Մատթէոսեանը մասնակիցների անունից շնորհակալութիւն յայտնեց կազմակերպիչներին եւ վերապատրաստող դասախօսներին: Նա այն կարծիքին է, որ Սփիւռքում ուսուցիչ լինելը հայրենասիրութեան դրսեւորում է, քանի որ որտեղ էլ ապրեն, նրանց հայացքն ուղղուած է առ հայրենիք:
  Ֆրանսահայ ուսուցիչ Մկրտիչ Պասման իր ելոյթում նկատեց, որ եթէ աշխարհի 16 երկրներից հավաքուած ուսուցիչներին մտահոգում է հայ աշակերտն ու նրա ճակատագիրը, ուրեմն պէտք է ձեռք ձեռքի տալ եւ արթնացնել ամեն հայ մանուկի մեջ քնած առիւծին, սնել, որ նա էլ թեւ ու թռիչք առնի:
«Ինձ համար հաճելի էր ապրել Հայաստանում եւ սովորել հայերէն: Համոզուած եմ, որ հայերն ու Հայաստանը միշտ կը լինեն»,- հայաբառ խօսեց օտարազգի ուսանող   Վալերի Մալիշեւը եւ շնորհակալութիւն յայտնեց ծրագրի կազմակերպիչներին ու վերապատրաստող դասախօսներին:
  Նշենք, որ մեկամսեայ վերապատրաստումների ընթացքում սփիւռքահայ ուսուցիչների համար կազմակերպուել են գրամշակութային տարաբնոյթ միջոցառումներ, այցելութիւններ թանգարաններ եւ ճամբորդութիւններ Հայաստանի պատմամշակութային վայրեր: