Նորութիւններ

ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՀԻՒՐ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ

26 Հուլիս 2017

  Յուլիսի 23-ին Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանում վերապատրաստուող սփիւռքահայ ուսուցիչները համալսարանի ռեկտոր Ռուբէն Միրզախանեանի առաջնորդութեամբ հիւրընկալուեցին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին:
Հանդիպման ընթացքում Պրն. Միրզախանեանը նախ, շնորհակալութիւն յայտնեց Վեհափառ Հայրապետին իր հոգածու վերաբերմունքի համար, նշեց, որ շատ ամուր հիմքերի վրա է մանկավարժական համալսարանի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխյարաբերութիւնը, քանի որ հոգեւոր դաստիարակութիւնը կրթական համակարգի կարեւոր բաղադրիչներից է:
  Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր հայրապետական օրհնանքը բերեց աշխարհի 17 երկրներից հավաքուած ուսուցիչներին: Վեհափառ Հայրապետը նկատեց, որ ուսուցիչ եւ հոգեւորական լինելը մասնագիտութիւն չէ, այլ կոչում. ինչպէս հոգեւորականն է ծառայում իր ժողովրդին, այնպէս էլ հայ ուսուցիչը անվերապահօրէն ծառայում է հայ դպրոցին:
  Ամենայն Հայոց Կաթողիկոսը մանրամասնօրէն ներկայացրեց այն կրթական ծրագրերը, որոնք Մայր Աթոռը իրագործել եւ իրագործում է վերջին տարիների ընթացքում: Նա շեշտեց, որ Մայր Աթոռի եւ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան միջեւ սերտ համագործակցութիւնը բաւական արդիւնաւոր է. Մայր Աթոռի անմիջական հովանու ներքոյ Ս. Էջմիածնում աւարտին է հասցուել «Էռնեկեան» դպրոցի կառուցումը, Երեւանում գործում է Գեւորգ Էմինի անուան դպրոցը: Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ իր նախաձեռնութեամբ առաջիկայում ծրագրում է Մայր Աթոռում իրագործել նաեւ սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստութեան շարունակական դասընթացներ, թեպետ նկատեց նաեւ, որ այն որոշ չափով կարող է համընկնել ՀՀ կրթութեան եւ գիտութեան, Սփիւռքի նախարարութիւնների՝ առ այսօր գործող վերապատրաստութեան ծրագրերին:
  Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն եւ Հայորդյաց տների համակարգող Վարդան Եպիսկոպոս Նաւասարդեանը ներկայացրեց դպրոցներում եւ հայորդյաց տներում իրենց կատարած հոգեւոր-կրթական արդյունաւոր աշխատանքը:
Հանդիպման աւարտին ուսուցիչները իրենց երախտագիտութեան խօսքը ասացին Ամենայն Հայոց Հայրապետին ընդունելութեան համար: Նրանք հավաստիացրին նաեւ, որ հայրենիքից դուրս հայապահպանման գրաւականներից մէկը եկեղեցու եւ դպրոցի համագործակցութիւնն է:
  Ուսուցիչները մասնակցեցին Մայր տաճարում մատուցուող պատարագին եւ այցելեցին Մայրավանքի Գանձարան:
  Նրանք նոյն օրը եղան նաեւ Սուրբ Հռիփսիմէ եկեղեցում եւ Զուարթնոցում: