Նորութիւններ

ՄՕՏ ՈՒ ՀԵՌՈՒ ԱՆԻՆ

24 Հուլիս 2017



  Խ. Աբովեանի ան. Հայկական պետական մանկավարժական համալսարանում վերապատրաստուող սփիւռքահայ ուսուցիչները Յուլիսի 22-ին այցելեցին Շիրակի մարզում գտնուող Երերոյքի տաճար: Երբեմնի ճարտարապետական գլուխգործոցներից մէկը, յիրաւի, այսօր էլ, նոյնիսկ կիսաքանդ վիճակում, իւրատեսակ ուխտատեղի է:
  Երերոյքի տաճարից ուսուցիչների խումբը շարունակեց իր ուխտագնացութիւնը դէպի հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի: Ճանապարհը լի էր խոչընդոտներով. երկարատեւ ու տանջալի սպասում, մեր առջեւ դժուարութեամբ բացուող սահմանային «դարպասները» կարծես աւելի էին սրում Անիի մօտ լինելու, բայց միեւնոյն ժամանակ հեռաւոր ու անհասելի լինելու իրողութիւնը:
  Բոլորը խանդավառ էին. հայրենասիրական երգերով «սնուած» ուսուցիչների երեք սերունդներ Անիին ընդառաջ էին գնում հաւատով, որ մի օր սահմանները ջնջուելու են, մի օր տիրոջ իրաւունքով շենացնելու ենք աւերակների վերածուած մայրաքաղաքը:
  Սակայն սահմաններից այն կողմ բացւող տեսարանը լռեցնում է կարծես բոլորին. Անիի աւերակների վրայ ծածանուող թուրքական դրօշը մի տեսակ «չի տեղաւորւում» հայկական շնչով լցուած եկեղեցիների համապատկերում: Քանդուած եկեղեցիները, սրբատաշ քարերը, փլուած կամուրջներն եւ երբեմնի անառիկ ամրոցները խօսուն պատմիչներն են Բագրատունեաց մայրաքաղաքի փառաւոր անցեալի:
  Անին այնքան մօտ է ու այնքան հեռու. խորխորատ կայ, որ չի յաղթահարւում:
  Եւ արցունքներն են, որ խզում են դարաւոր լռութիւնը, ու հնչում է երգը՝ որպէս աղօթք, ուր աշխարհի տարբեր ծագերից ուխտի եկած հայ ուսուցիչը իր խոնարհումն է բերում հայոց ձայնին կարօտ «միայնակ քաղաքին»: Այս երգերը կարծես հասնում էին նրան եւ ետ վերադառնում ոգի եւ յոյս դարձած. Անի տեսնելն ու չմեռնելը, Անիով ապրելն ու ապրեցնելը դառնում է գոյութեան արժէք: