Նորութիւններ

ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆՈՒՄ

18 Հուլիս 2017

  Արտալսարանային միջոցառումների շրջանակում սփիւռքահայ ուսուցիչները այցելեցին Հայաստանի Գրողների Միութիւն եւ հանդիպեցին ժամանակակից գրողների հետ: Հանդիպումը վարում էին սփիւռքահայ ուսուցիչների դասընթացը համակարգող, ՀԳՄ վարչութեան անդամ Սուրէն Դանիէլեանը եւ Հայաստանի Գրողների Միութեան նախագահ Եդուարդ Միլիտօնեանը: ՀԳՄ նախագահը նշեց, որ նման հանդիպումները աւելի են ամրացնում ընթերցող-գրող նուրբ կապը: Պրն. Միլիտօնեանը հանգամանալից ներկայացրեց այն աշխատանքները, որ կատարում է Գրողների միութիւնը՝ հրատարակչական աշխատանք, տարբեր բնոյթի միջոցառումներ, գրքերի փառատօններ: Պրն. Միլիտօնեանը նկատեց, որ մեզանում սովորաբար ժամանակակից գրողները նկատելի դժուարութեամբ են ճանաչւում հասարակութեան մէջ. տպագրւում են ընդամէնը 500-1000 օրինակով, դասականներն էլ կարծես «չեն ուզում զիջել» իրենց տեղը: Սակայն Գրողների Միութեան նախագահը հաւաստիացրեց, որ այսօր իսկապէս ստեղծւում է բարձրակարգ գրականութիւն՝ ժամանակի ոգին եւ ժամանակակից մարդու ներաշխարհը լայնօրէն, «առանց կապանքների» բացող գրականութիւն:
  ՀԳՄ քարտուղար, գրականագէտ Պետրոս Դէմիրճեանը շեշտեց, որ մշտապէս պէտք է ամուր պահել մանկավարժ-գրող երկխօսութիւնը համահայկական խաչուղիներում. մանկավարժն է, որ ապագայ սերունդներին ճանաչելի է դարձնում գրողին եւ նրա աշխարհը:
  Մանկագիր, թատերագէտ Ռուբէն Մարուխեանը շատ գործնական կառուցեց իր ելոյթը. նա, իբրեւ թատրոնի նրբութիւններին լաւատեղեակ արուեստագէտ, որոշեց փոքրիկ պրակտիկ պարապմունք իրականացնել. րոպէների ընթացքում խամաճիկ պատրաստեց եւ փոքրիկ ներկայացում բեմադրեց:
  Մանկագիր Սուրէն Մուրադեանը նախ արժեւորեց մանկավարժների դերը հայապահպանութեան գործում, ապա պատմեց Սփիւռքի հետ իր ունեցած գրողական ու խմբագրական փորձառութեան մասին: Յատկապէս յուզիչ էր իր հեղինակած յայտնի «Մայրենի լեզու» բանաստեղծութեան արտասանութիւնը:                                  
  Հանդիպմանը իրենց ելոյթներով, անմիջական երկխօսութիւններով, նաեւ ռէպլիկներով  եւ սեփական ստեղծագործութիւնների ընթերցմամբ հանդէս եկան գրող, թարգմանիչ Արամ Արսէնեանը, բանաստեղծ, թարգմանիչ Լեւոն Բլբուլեանը, գրող, գրականագէտ Սեյրանուհի Գեղամեանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի տնօրէն, գրականագէտ Վարդան Դեւրիկեանը, բանաստեղծ, սուրիահայ գրող, գրականագէտ Թորոս Թորանեանը, «Գրական թերթ»ի գլխաւոր խմբագիր Կարինէ Խոդիկեանը, արձակագիր, գրականագէտ, թարգմանչուհի Դիանա Համբարձումեանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկեանը, պետական մրցանակի դափնեկիր բանաստեղծ Յակոբ Մովսէսը, արձակագիր Ալիս Յովհաննիսեանը, գրականագէտ Արքմենիկ Նիկողոսեանը, թատերագէտ Նելլի Շահնազարեանը, երիտասարդ արձակագիր Արամ Պաչեանը, բանաստեղծուհի Նոնա Պօղոսեանը, լիբանանահայ արձակագիր Արամ Սեփէթճեանը, բանաստեղծուհի, մանկագիր, խմբագիր Անուշ Վարդանեանը, բանաստեղծ, խմբագիր Թադէոս Տօնոյեանը:
  Ուսուցիչները նոյնպէս աշխոյժ մասնակցութիւն բերեցին հանդիպմանը. Ռուսաստանի Դաշնութիւնում բնակուող Թամարա Մատթէոսեանը, նախ, շնորհակալութիւն յայտնեց սպասուած հանդիպման համար, ապա նոյն համայնքը ներկայացնող Սոնա Կարապետեանը ներկայացրեց իր գիրքը եւ ընթերցեց բանաստեղծութիւններ:
  Հանդիպման աւարտին գրողները ուսուցիչներին նուիրեցին իրենց հրատարակութիւններից: