Նորութիւններ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԱ ԿԻՒԼԷՐԻ ՏԵՍՈՂՈՒԹԵԱՄԲ

12 Նոյեմբեր 2012

 Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 100 ամեակի շրջանակներում Հայաստանի Մշակոյթի Նախարարութիւնը` Սերժ Սարգսեանի բարձր հովանաւորութեասմբ եւ հոգեւոր դասի օրհնութեամբ Երեւանի «Ակադեմիա-պատկերասրահում» Նոյեմբերի 10-ին բացեց աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Կիւլէրի հայրենական ցուցահանդէսը, ուր ընդգրկուած էին հայաստանեան պատկերներ: Դեռեւս կէս դար առաջ անգլիական լուսանկարչական տարեգիրքը նրան դասեց աշխարհի եօթ խոշորագոյն վարպետների շարքը: Նոյն տարին նա ընդունուել է ամերիկեան հանդէսների նկարչական միութեան անդամ: Այս ցուցահանդէսը որոշ իմաստով կրկնում է 2009 թ. Մայիսի վերջին Պոլսոյ Պատրիարքարանում բացուած մէկօրեայ հայաստանեան պատկերների ցուցադրութիւնը` նոյնպէս «Ժամանակ»ի նախաձեռնութեամբ:
  Բացման խօսքով հանդէս եկաւ Մշակոյթի Նախարար Յասմիկ Պօղոսեանը, որը բարձր գնահատեց Արա Կիւլէր արուեստագէտին:
«Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գօչը իր ելոյթում ընդգծեց այս ցուցահանդէսի համահայկական բնոյթը, այն կամուրջը, որ բացում է Կիւլէրը Հայաստանի ու աշխարհի միջեւ:
  Ելոյթ ունեցաւ նաեւ Ռօմէն Կոզմոյեանը, որն իր խօսքում ծանրացաւ Արա Կիւլէր մարդու նկարագրի քիչ ծանօթ յատկանիշների վրայ:
  Վեհափառ Հայրապետի օրհնութիւնները ցուցահանդէսի բացման առթիւ փոխանցեց Ս. Էջմիածնի Մայրավանքի միաբան Արք. Նաթան Յովհաննիսեանը:

***

  Արա Կիւլէրը աւարտել է Պոլսի Մխիթարեան վարժարանի միջնակարգ բաժինը, այնուհետեւ անցել Կեդրոնական: Թէեւ յաճախել է Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական բաժանմունքը, սակայն իր ողջ կեանքում առաջնորդուել է բարձր արուեստի սկզբունքներով: Այստեղ էլ երկփեղկուած է նրա ներաշխարհը. ճիշդ է, որ առաջինը լուսանկարչութիւնն է, սակայն նա իր պատմուածքներով մաս կազմեց նաեւ ստամբուլահայ նորագոյն գրականութեան` տպագրուելով Ստամբուլի «Մարմարա», «Ժամանակ» թերթերում, «Սան», «Ճառագայթ», «Հանդէս Մշակոյթի» ամսագրերում:
  Դեռ 1995 թ. «Արաս» հրատակաչատունը լոյս ընծայեց Արա Կիւլէրի` դեռ երիտասարդ շրջանում գրուած պատմուածքների «Բաբելոնէն վերջի պիտի ապրինք» ժողովածուն, որտեղ Բաբելոնը խորհրդանշական իմաստ էր ձեռք բերել եւ նշանաւորում էր չարը, սատանան, մեր ժողովրդին քաջ յայտնի աղէտը: Խորագրի նման սրութիւնը երեւան էր հանում արուեստագէտի նաեւ ներքին տեսողութիւնը: Յետագայում , ի հարկէ, Արա Կիւլէրի ոսպնեակը աւելի մեծ աշխարհ ընդգրկեց, քան գրչի ծայրը, սակայն պէտք է ընդգծել, որ նրանք իրար միշտ համալրել են, եւ դրա վկայութիւններից մէկն էլ լուսանկարների տակ դրուած հեղինակային մակագրութիւններն են:
  Վերջում մենք կ'ուզենայինք ընդգծել Արա Կիւլէրի լուսանկարչական արուեստի կարեւորագոյն ուղղութիւնը, որը խոր փիլիսոփայական, թախծոտ հայեացքն է խոնարհ մարդու , անցեալի արժէքների նկատմամբ: Այսօր էլ անգերազանցելի է Արա Կիւլէրը   20-րդ դարակէսի պոլսական իր լուսանկարներով: Նա դարի կենսագիրն է, հայկական յիշատակների կրողը, ու դրանից խորանում է թախիծը, որն ամբողջացնում է պոլսահայ մարդու ապրած դարաշրջանը:
  Պատահական չէ այն հանգամանքը, որ Նոբելեան մրցանակի դափնեկիր արձակագիր Օրհան Փամուկը իր «Իսթանպուլ» նշանաւոր վէպում իր գրչի վարպետութիւնը զօրացնում է հենց Արա Կիւլէրի բարձր տեսողութեամբ:

ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ